Կեանքը շրջափակուած Արցախում. Փայտով կրակ ենք անում ճաշ պատրաստելու համար

Ինչպէս 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը ստիպուած է յաղթահարել Ատրպէյճանի բռնատիրական ցանկութիւնները, համամարդկային իրաւունքների խախտումներն ու արժէքների ոտնահարումները։ Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութիւնը շարունակւում է, Արցախն ամէն գնով հայաթափելու եւ էթնիկ զտման մոլուցքն ահագնանում է ամէն օր։ Բայց ինչպէս 35 տարի առաջ՝ այսօր էլ Արցախը կանգուն է։ Արցախն այսօր էլ պայքարում է շրջափակման դէմ՝ շրջափակման մէջ։ Արցախցու՝ սեփական հողում ու հայրենիքում ապրելու կամքն անկոտրում է, եւ ոչ մի սպառնալիք, ոչ մի ուժ ու ոչ մի սադրանք չի կարող ահաբեկել արցախցուն, այն արցախցուն, ով գիտի խաղաղ կեանքի գինը։ «Արցախցիները շարունակում են հերոսաբար դիմադրել` չնայած սննդամթերքի, դեղորայքի սուր պակասին: Ճիշդ է` շատ դժուարութիւններ ենք յաղթահարել եւ էլի պատրաստ ենք միայն, թէ վերջապէս դրական լուծում ստանանք եւ հանգիստ ապրենք», «Իրաւունքի» հետ զրոյցում անդրադառնլով լիակատար շրջափակման պայմաններում ապրելու եւ չկոտրուելու բանաձեւին, ասաց Արցախի Մարտունու շրջանի թիւ 1 միջնակարգ դպրոցի Հայոց լեզուի եւ գրականութեան վաստակաշատ մանկավարժ Սիլվա Արզումանեանը, ով, ի դէպ, վերջերս շրջափակուած Արցախում երկրորդ անգամ տատիկ է դարձել:

Թէ կոնկրետ ի՞նչ կենցաղային խնդիրներ են ստիպուած յաղթահարում մեր հայրենակիցները, արցախցի մանկավարժը մանրամասնում է.

– 7 ամիս է ինչ Արցախը շրջափակման մէջ է։ Բնականաբար, շատ դժուար է, օր օրի սեղմւում է օղակը, ժողովուրդը անելանելի վիճակում է՝ չկան առաջին անհրաժեշտութեան պարագաներ, մանկական, տնտեսական իրեր, բնակչութիւնը խուճապի մէջ է, բայց որովհետեւ մենք ապրում ենք մեր տանը` մեր հայրենիքում, պարտաւոր ենք այն պաշտպանել, մեր ոգին բարձր է եւ դիմակայում ենք եւ յոյս ունենք, որ աշխարհը կը տեսնի մեր անկոտրում ոգին, մայր Հայաստանը մենակ չի թողնի իր անպաշտպան զաւակին, իսկ մե՛նք` արցախցիներս, եղել ենք, կանք ու կը լինենք։ Յուսանք, լոխ լիաւա իննան։

Բառերով հեշտ է նկարագրել, բայց իրականում աւելի դժուար է, քան պատկերացնում էք։ Այս ժամանակահատուածում չի եղել կազ, պատկերացնո՞ւմ էք, 21-րդ դարում փայտով կրակ անել եւ ճաշ պատրաստել, սպասում ենք հոսանքին, (օրուայ ընթացքում 6 ժամ չի լինում), բայց չնայած դժուարութիւններին, էլի համբերում եւ ապրում ենք այստեղ, որովհետեւ սա մեր պապական հողն է, այստեղ են ծնուել ու արարել մեր նախնիները, այստեղ է թափուել նրանց արիւնը` այս մի բուռ հողը, որ հայրենիք է կոչւում, պաշտպանելու համար։

 

Comments are closed.