Կարելի է ենթադրութիւններ անել, բայց այս պահին չպէտք է առաջնորդուենք ենթադրութիւններով

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի խօսքով՝ դժուար է ասել, թէ Արցախի նախագահի նամակից՝ ուղղուած ՌԴ նախագահին, ինչ պէտք է սպասել, կամ ինչպէս դրան կ՚արձագանքի ռուսական կողմը։

«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթէ Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կը դիմի Հայաստանին՝ Արցախի անկախութիւնը ճանաչելու համար։ Յետոյ եղավ այս նամակը, որի մէջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպէսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթէ այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից աւելին չենք կարող պատկերացնել ու եզրայանգումներ անել։ Կարելի է ենթադրութիւններ անել, բայց այս պահին չպէտք է առաջնորդուենք ենթադրութիւններով»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ՌԴ նախագահին ուղղուած նամակից յետոյ հայկական կողմն ի՞նչ պէտք է սպասի Ռուսաստանից։

Կիրօ Մանոյեանի բնորոշմամբ՝ այս պահին իրավիճակը ռազմաճակատում արագ փոփոխուող է, և քաղաքական ու դիւանագիտական բոլոր քայլերը պէտք է բխեն այդ փոփոխութիւններից։

Անդրադառնալով Թուրքիայի գործողութիւններին և Էրտողանի յայտարարութեանը, որ, եթէ Ռուսաստանը մասնակցում է Արցախի հակամարտութեանը, ապա նոյն իրաւունքով կարող է մասնակցել նաև Թուրքիան, Կիրօ Մանոյեանն ասաց, որ Ռուսաստանը՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նրա ազդեցութիւնը տարածաշրջանում այլ է։

«Թուրքիան սկսել է ամէն տեղ խօսել, և այնպիսի տպաւորութիւն է, որ աշխարհում ինքն է որոշողը, թէ որտեղ զինադադար լինի, որտեղ՝ ոչ։ Օրինակ, Լիպիայի հետ կնքած զինադադարի մասով Թուրքիան կարծես այդքան էլ գոհ չէ, այնտեղ էլ կողմերից մէկին Թուրքիան բացայայտ աջակցութիւն էր ցուցաբերում։ Այսինքն՝ Թուրքիայի դերակատարութեան դրական մասը մինչև օրս մենք որևէ տեղ չենք տեսել, տեսել ենք միայն բացասականը՝ սկսած Սիրիայից՝ մինչև Եւրոպայում դաշնակիցների հետ ունեցած խնդիրները։ Թուրքիան ինչ-ինչ նպատակներով ու պատճառներով, առաջին հերթին՝ իր ազդեցութիւնը մեծացնելու նկատառումներից ելնելով, փորձում է Ռուսաստանի հետ հաւասարը հաւասարի հետ խօսել և իրականացնել իր համաթրքական նպատակները։ Հիմա Թուրքիան փորձում է մեր տարածաշրջանում անել այնպիսի բաներ, որոնք որևէ կերպ չեն կարող օգտակար լինել տարածաշրջանի որևէ երկրի համար, դրանք կարող են միայն Թուրքիայի համար լծակներ ստեղծել իր ազդեցութիւնն ընդլայնելու համար»,- նշեց Կ. Մանոյեանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն ամէն ինչ պէտք է անի, որպէսզի Թուրքիան դուրս մղուի ոչ միայն այս պատերազմից, այլև տարածաշրջանից։ Ընդ որում, նրա կարծիքով՝ երկրորդը բաւականին բարդ է, այսինքն՝ Թուրքիային տարածաշրջանից դուրս մղելը, իսկ առաջինը բոլորը կը տեսնեն, ընդհուպ՝ միջազգային հանրութիւնը, և բոլորն էլ այդ ուղղութեամբ առնուազն հանդէս կը գան յայտարարութիւնով։

«Մենք պէտք է շարունակենք մեր աշխատանքներն այդ ուղղութեամբ, մասնաւորապէս՝ արաբական երկրների հետ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Կրկնում եմ՝ ամէն ինչ պէտք է անենք, որ Թուրքիան այս պատերազմից ու տարածաշրջանից դուրս գայ»,- եզրափակեց Կիրօ Մանոյեանը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.