Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2023 թ. 3-րդ համարը

Ելեկտրոնային տարբերակով արդէն հասանելի է «Վէմ» համահայկական հանդէսի 2023 թ. 3-րդ համարը, որի տպագիր օրինակներն ընթերցողներին կ’առաքուեն առաջիկայ օրերին։

Մի քանի օրից լոյս է տեսնելու նաեւ մշակութաբան Արմինէ Տիգրանեանի անգլերէն մենագրութիւնը՝ «MECHANISMS FOR PROTECTION OF THE ARMENIAN CULTURAL HERITAGE OF ARTSAKH in the international system for preservation of heritage»՝ որպէս «Վէմ» մատենաշարի 6-րդ հատոր։

«Վէմ» հանդէսի 2023 թ. 3-րդ համարի հրապարակումները մեր ազգային կեանքում իրար յաջորդող ողբերգութիւնների նախնական արձագանգն են։

Խմբագրականը Արցախի հայաթափման փաստի սեփական գնահատականը տալու, նոր կորուստներից խուսափելու համար մեր ազգային մտքի մեռեալ վիճակը յաղթահարելու եւ ապագայի որոշակի հեռանկար ուրուագծելու փորձ է։

«Վէմ»ի փոխխմբագիր Ռուբինա Փիրումեանը մէկ այլ ցաւալի կորստի կապակցութեամբ ամփոփ ներկայացրել է ականաւոր պատմաբան ու հայագիտութեան երախտաոր Ռիչարդ Յովհաննիսեանի գիտական վաստակի ու Հայ Դատի պայքարում նրա ներդրումի գնահատականը։

Մեր ազգային միտքը ցնցելու նպատակով հարկ ենք համարել հրապարակել նաեւ ՀՅԴ հիմնադիր Քր. Միքայէլեանի 1885 թ. գրած առաջին քաղաքական թռուցիկի ամբողջական տեքստը, որի բնագիրը Հայաստանի ազգային արխիւում գտել ու համապատասխան ծանօթագրութիւններով ընթերցողին է ներկայացնում պատմաբան Գոհար Աւագեանը։ Ուշադիր ընթերցողը կը հասկանայ, որ «Հայ եղբայրներ եւ հայ քոյրեր» վերտառութիւնը կրող՝ դաշնակցական մտքի այդ առաջին արգասիքը կարծես մեր օրերի համար է գրուած։

«Վէմ»ի հիմնական բաժիններում հրապարակուած հիմնարար ուսումնասիրութիւնների կողքին 2023 թ. 3-րդ համարում կարեւոր տեղ է յատկացուել հայ ազատագրական շարժման ռահվիրա Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գործունէութեան վերաբերեալ նորայայտ նիւթերի փաթեթին:

Comments are closed.