Ի պատիւ Հայ դատի յանձնախմբերի՝ պէտք է ասել, որ նրանք կարողանում են գործել համակարգուած եւ արդիւնաւէտ. ՀՀ նախագահ

Նոյեմբեր 9-ին Պրուքսէյլի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի դրամահաւաք, որուն ընթացքին հանգանակուեցաւ 2 400 000 տոլար:

Միջոցառման ընթացքին ԵՄ-ի եւ Պելճիքայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Թաթուլ Մարգարեանը ընթերցած է ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնած հաւաքի մասնակիցներուն ուղղուած՝ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի ողջոյնի խօսքը, որուն մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների յարգարժա՛ն ներկայացուցիչներ, տիկնա՛յք, եւ պարոնա՛յք.

Ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ, որ մէկ յարկի տակ են հաւաքուել հայ  ժողովրդի ճակատագրի հանդէպ սրտացաւ, Հայկական հարցի արդար լուծմամբ շահագրգիռ, Հայ դատը առաքելութիւն հռչակած մարդիկ՝ ազգային, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, գործարարներ ու բարերարներ տարբեր երկրներից եւ քաղաքներից:

Յարգելի՛ բարեկամներ,

Հայ դատի առաջնահերթ առաքելութիւնը եղել ու մնում է Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Դա ոչ միայն առաքելութիւն է, այլեւ՝ պարտք եւ պարտաւորութիւն:

Անշուշտ, այն ազգանպաստ գործունէութիւնը, որ ծաւալում են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները աշխարհի տարբեր երկրներում, տեսանելի չէ ամենայն մանրամասնութեամբ: Սակայն նկատի ունենանք, որ այդ գործընթացն ինչ-որ առումով նման է դիւանագիտութեանը, որտեղ ամէն ինչ չէ, որ բացայայտ է:

Ի պատիւ Հայ դատի յանձնախմբերի՝ պէտք է ասել, որ, գտնուելով տարբեր երկրներում, նրանք կարողանում են գործել համակարգուած եւ արդիւնաւէտ: Նրանց ջանքերի շնորհիւ է նաեւ, որ տարբեր պետութիւններ, խորհրդարաններ, միջազգային կառոյցներ ընդունել են Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող իրաւական ակտեր: Ամենաթարմ վկայութիւնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ վերջերս ընդունած թիւ 296 բանաձեւն է, որն արձանագրում է ՝ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պէտք է պաշտօնապէս ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանութիւնը, չմասնակցի փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանութեան հանրային ըմբռնումը:

Այդ ամէնը Հայաստանի Հանրապետութեան պետական ու դիւանագիտական կառոյցների, ինչպէս նաեւ տուեալ երկրների պատկան մարմինների, հասարակական կազմակերպութիւններ, նաեւ սփիւռքի մեր հայրենակիցների, աւանդական կուսակցութիւնների, ազգային եւ եկեղեցական կառոյցների, նրանց աջակիցների, բարեկամների, ընկերների լայն շրջանակի քրտնաջան աշխատանքի, հսկայական ջանքերի արդիւնք է:

Օգտուելով առիթից՝ խորին շնորհակալութիւն եմ յայտնում Հայ դատի գրասենեակներին ու յանձնախմբերին, Հայ դատի նուիրեալներին, անհատներին, աջակիցներին հայանպաստ գործունէութեան, հայրենասիրութեան ու համազգային բարձր գիտակցութեան համար:

Յարգելի՛ ներկաներ, ժամանակակից աշխարհն առաջ է ընթանում մեծ արագութեամբ: Ուստի անհրաժեշտութիւն կայ հռչակած նպատակները, ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը համապատասխանեցնել այսօրուան: Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքները, Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցից բացի, ընդգրկում են նաեւ այլ ոլորտներ: Հայաստանի միջազգային վարկի ամրապնդմանը, նրա տնտեսական հզօրացմանն ու առաջընթացին, Արցախի հարցի արդարացի լուծմանն ու Արցախի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչմանն աջակցելը համազգային այն առաջնահերթութիւններից են, որոնք համահունչ են Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի գործունէութեանը: Այս առումով դրուատելի է նրանց օգտակար մասնակցութիւնն այս գործընթացներին:

Անշուշտ, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները քաջատեղեակ են այն խնդիրներին, որոնք արդիական են մեր ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների, սփիւռքի հայկական գաղթօճախների համար: Համոզուած եմ, որ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները, որպէս ազգային կառոյցներ, յաջողութեան կը հասնեն իրենց ծրագրերում ՝ ջանքերի մէկտեղմամբ, համազգային շահի միասնական գիտակցումով:

Կրկին ողջունում եմ բոլորիդ, մաղթում յաջողութիւն եւ ամենյան բարիք»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.