«Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները շատ լարուած են. Իրանը չի՛ նահանջելու». Արամ Շահնազարեան
«Եթէ հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականութեանը, Սիւնիքի մարզին, դա Իրանի յստակ կարմիր գիծն է, որի կապակցութեամբ անմիջապէս պաշտօնական Թեհրանն արձագանգում է, եւ անհրաժեշտութեան դէպքում նաեւ քայլեր եւ գործողութիւններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետութեան եւ ԼՂ հակամարտութեան հետ, Իրանը չափազանց զգուշաւոր է՝ հաշուի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը:
Իրանը Լաչինի միջանցքի փակման միայն 9-րդ օրն անդրադարձաւ այդ հարցին. Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Նասեր Քանանին յոյս էր յայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կը լուծուի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխօսութեան միջոցով եւ խաղաղ ճանապարհով:
«Էթնիկ հարցերից ելնելով է, որ Իրանն ուշ է արձագանգում կամ շատ անուղղակի է արձագանգը: Բայց, այնուամենայնիւ, պէտք է հաշուի առնել, որ սա այն եզակի դէպքերից էր, որ իրենք արձագանգեցին, յայտարարութիւն արեցին, եւ յայտարարութեան բովանդակութիւնն էլ կարելի է որոշ չափով հայանպաստ համարել: Այո, երկու կողմերին կոչ են անում բանակցութիւնների միջոցով հարցը լուծել, բայց խօսւում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին: Այսինքն՝ ակնարկն Իրանի յայտարարութեան մէջ ուղղակի եւ անուղղակի կայ»:
Իրանը բազմիցս յայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանն իր համար կարմիր գիծ է: Լաչինի միջանցքի փակումը շատերը մեկնաբանում են՝ նաեւ որպէս «Զանգեզուրի միջանցք» ստանալու ճնշում՝ Ադրբեջանի կողմից: Հայաստանի փորձագիտական շրջանակները նշում են, որ Իրանը կարող է դիմել նոյնիսկ ռազմական գործողութիւնների, եթէ տեսնի, որ հայ-իրանական սահմանին վտանգ է սպառնում: Արամ Շահնազարեանը եւս այդ կարծիքին է:
«Պաշտօնական Թեհրանը բազմիցս յայտարարել է այդ մասին: Ամենակարեւոր հարցը, որ մենք պէտք է հաշուի առնենք, այն է, որ ամենաբարձր մակարդակով է այդ յայտարարութիւնը կատարուել: Չմոռանանք Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ. Ալի Խամենէիի հանդիպումները թէ՛ Ռուսաստանի նախագահի, թէ՛ Թուրքիայի նախագահի հետ, որտեղ նա առանց տողատակերի յստակ յայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանը, այդ սահմանի բաց լինելը եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, Սիւնիքի մարզը համարւում են Իրանի կարմիր գծերը: Դա Իրանի յստակ դիրքորոշումն է, եւ այդ դիրքորոշումից իրենք չեն նահանջելու: Դա կապուած է իրենց անվտանգային շահերի հետ: Իրանը շատ լաւ գիտի, որ Բերձորի միջանցքի հետ կապուած այսօր ինչ տեղի է ունենում, ուղղակի կապուած է նաեւ իրենց ազգային անվտանգութեան հետ, իրենք շատ լաւ գիտակցում են, որ Ադրբեջանի յայտարարութիւնները «Զանգեզուրի միջանցքի», Սիւնիքի հետ կապուած, նշանակում են, որ նրանք չեն բաւարարուելու լոկ այդ տարածքներով, եւ դրանց թիկունքում կան ռազմավարական նպատակներ: Թուրք-ադրբեջանական դաշինքի ցանկութիւնն է՝ վերացնել կամ հնարաւորինս թուլացնել Հայաստանը՝ որպէս պետական միաւորում»,- նշեց նա՝ շեշտելով, որ Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները հիմա շատ լարուած են:
Անդրադառնալով իրանահայ համայնքում առկայ տրամադրութիւններին, նա նշեց, որ ինչպէս 2018-ի իշխանափոխութիւնից յետոյ ՀՀ իշխանութիւնները յետոյ Հայաստանի ներսում հասարակութեանը բեւեռացրին, նոյնը փորձում են իրականացնել Սփիւռքում. «Բայց հասարակութիւնը շատ արագ այս թմբիրը յաղթահարում է: Իրանահայ հասարակութիւնը եւս շատ արագ հասկանում է՝ ինչ է կատարւում: Վերջիվերջոյ, մենք ականատես եղանք 44-օրեայ պատերազմին, Արցախի կորստին, այն քաղաքականութիւնը, որ հիմա է տարւում Ադրբեջանի հետ, երբ ձեռքերը պարզած թշնամին ինչ ուզում է՝ տալիս ենք՝ յանուն ենթադրեալ խաղաղութեան: Այն, ինչ գործող վարչապետն է ասում՝ խաղաղութեան դարաշրջան, ոչ ոք չգիտի՝ որն է դա, անգամ իրենք են նշում, որ չեն երաշխաւորում խաղաղութիւն: Իրանահայերն էլ չեն կարողանում հասկանալ, թէ այս իշխանութիւններն ինչ քաղաքականութիւն են վարում, ուր է սա տանելու: Արցախը կորցրինք, յետոյ Սիւնի՞քն ենք կորցնելու, յետո՞յ, վերջում ի՞նչ է մնալու հայկական պետականութիւնից, որի կարեւոր բաղադրիչները Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախի Հանրապետութիւնն են»:
Արամ Շահնազարեանի խօսքով՝ ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար Հայաստանում պէտք է ձեւաւորուի ազգային իշխանութիւն. «Այս իշխանութիւնները չեն կարողանում ապահովել ՀՀ շահերը: Խորհրդարանում ՔՊ-ական պատգամաւորները մէկը միւսին հերթ չտալով՝ ամպիոնից կրկնում են, որ չեն կարողանում զէնք գնել, արտաքին քաղաքականութիւն վարել, պաշտպանել մեզ: Եթէ մի իշխանութիւն իր առաջնահերթ գործառոյթները չի կարողանում կատարել, ուրեմն՝ պէտք է գնայ, եւ գայ մի իշխանութիւն, որն ունենայ ազգային հայեցակարգ, իմանայ՝ ինչ է ցանկանում, դէպի ուր ենք գնում, ինչ վիճակում ենք, այս վիճակն ինչպէս կարող ենք կայունացնել, եւ ինչպէս կարելի է ապագայ քայլերը ձեռնարկել, որպէսզի կարողանանք կորցրածը վերականգնել: Առաջաւոր Ասիայում, Մերձաւոր Արեւելքում եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան մասին խօսելը ծիծաղելի է: Տասնամեակներ, հարիւրամեակներ այս տարածաշրջանում խաղաղութիւն չի եղել: Սա պատերազմի վերջը չէր, ընդամէնը ճակատամարտերից մէկն էր, որը մենք տանուլ տւեցինք: Նոր պատերազմներ, նոր հակամարտութիւններ, ցաւօք, յաճախ լինելու են»:
Ռազմիկ Մարտիրոսեան