Ընդդիմադիր քաղաքական ուժերի յայտարարութիւնը

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանի, ինչպէս նաև ԲՀԿ տարածքային կառոյցների շուրջ ծաւալուող իրադարձութիւնները ցաւալի վկայութիւնն են այն իրողութեան, որ իշխանութիւնը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխօսութեամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմութեան կողմից հնչող հիմնաւորուած և փաստարկուած քննադատութիւններին, ինչպէս նաև սեփական իշխանութիւնն ամէն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնոյթի բռնաճնշումների:

Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրէական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշաւը սկսուեց այն բանից յետոյ, երբ վերջինս հանդէս եկաւ Կառավարութեան ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարութեան ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայութիւնը ՀՀ գլխաւոր դատախազի միջնորդութեան քննարկումներն էին Ազգային ժողովում։

Տարուած լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինեանի բացարձակ իշխանութիւնը հաստատելու մոլուցքով, իշխանութիւնը մերժել է քաղաքական ընդդիմութեան կողմից մեր պետութեան և հասարկութեան առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնութիւն։

Բազմաթիւ ներքին և արտաքին մարտահրաւէրներ դիմագրաւող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականութեան և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականութեան ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև:

Պահանջում ենք գործող իշխանութիւններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիւ (խմբգր. ճնշիչ) գործելաոճից և անյապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթութիւն։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպէս նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբուել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհութեամբ և ներուժով յաղթահարել մեր պետականութեանն ուղղուած մարտահրաւէրները։

Կուսակցութիւններ՝

«Հայրենիք»
«Հ.Յ.
Դաշնակցութիւն»
«
Մէկ Հայաստան»

Տեղեկացում. յայտարարութիւնը բաց է այլ ուժերի միացման համար:

Leave a Comment

You must be logged in to post a comment.