«Ես ինքս սուր կը վերցնեմ». Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Սուրենեանց
- (0)

«Եթէ հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթէ ի զօրու չէ փրկելու մեր սրբութիւնները, ապա ես ինքս սուր կը վերցնեմ եւ կ՛ընկնեմ Մայր Տաճարի գաւիթում, բայց չեմ հեռանայ պապերից աւանդ մնացած Սուրբ աթոռից»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Սուրենեանց
*
1918-ի մայիսեան ճգնաժամային օրերուն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. կաթողիկոս կոչով մը դիմեց ժողովուրդին, ուր կ՛ըսէր.
«Ա՛զգ հայոց, թուրքը` մեր բանական հօտի դարաւոր թշնամին, նուաճել է Ալեքսանդրապոլը, շարժւում է դէպի սիրտը մեր երկրի, մեր հաւատի, մեր կենսագրութեան: Գալիս է Արարատեան Երկրի վրայ:
«Թուրքը, կոտորած ու աւեր փռելով գալիս է, եւ մեր զօրապետերն էլ այլ ելք չեն գտնում այդ աղէտից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
«Ո՛չ եւ ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից աւանդ մնացած Մայր Աթոռը: Եթէ հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթէ ի զօրու չէ փրկելու մեր սրբութիւնները, ապա ես ինքս սուր կը վերցնեմ եւ կ՛ընկնեմ Մայր Տաճարի գաւիթում, բայց չեմ հեռանայ պապերից աւանդ մնացած Սուրբ աթոռից:
«Իսկ եթէ եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատուով ու քաջութեամբ, եւ ո՛չ թէ ողորմելի ստրուկի պէս ոսոխի առաջ սողալով: Մեր պատմութեան անցեալ դարերը լիքն են քաջութեամբ ներկուած նահատակների արեամբ: Դրանով չի սպառուել մեր արիւնը եւ ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնութեան համար պայքարելով: Դրա համար է, որ զանգուածային կոտորածներով հարուստ մեր կենսագրութիւնը չի՛ ունեցել եւ չի՛ ունենայ վերջին վերջակէտ:
Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դէմ, որը գալիս է ծարաւ մեր վերջին արիւնին»: