Դուք այլևս իշխանութիւն չունէք, պարոնա´յք, և հարցերին պատասխանելու էք բոլորովին այլ ձևաչափում. Մարուքեան
Այս օրերին քաղաքացիները, միմեանց և մեզ հանդիպելով, մէկ հարց են տալիս՝ «էս ո՞նց սենց եղաւ», «էս ո՞ւր հասանք»։ Շատերը դեռ փնտրում են իրենց զաւակներին՝ յուսալով, որ կը գտնեն կենդանի կամ վիրաւոր, կամ գոնէ՝ մահացած, բայց կը գտնեն։ Այդ մասին ֆէյսպուքեան գրառում է արել «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:
Նա գրել է. «Պատերազմի աւարտից յետոյ ամէն ժամ Փաշինեանի ֆէյսպուքեան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երէկ Հանրային հեռուստաընկերութեան եթերում հարցազրոյցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Աւինեանը և պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը։
Իւրաքանչիւրն իր մենախօսութեամբ փորձում է բացատրել իրադրութիւնը, թէ ինչը ոնց ստացուեց և իւրաքանչիւրը փորձում է բացատրել, որ իր պաշտօնից բխող առաւելագոյնն է արել։ «Էս ո՞նց սենց եղաւ» կամ «ո՞րն է իմ մեղքը» հարցի պատասխանը տալիս են այս պարոնայք, բայց իւրաքանչիւրի խօսքը կարծես ցուցմունք լինի մէկը միւսի նկատմամբ՝ խիստ հակասական և ստով շաղախուած։
Դուք այլևս իշխանութիւն չունէք պարոնա´յք և այդ հարցերին դուք պատասխանելու էք բոլորովին այլ ձևաչափում։
Ակնյայտ է, որ այս ամօթալի էջը քննարկուելու և քննուելու է տարիներ: Մենք թոյլ չենք տայ, որ ցուցմունքի փոխարէն ժողովուրդը ստանայ միայն մենախօսութիւններ։
Հայաստանում պէտք է ստեղծուի փաստահաւաք խումբ, որը կը քննի պատերազմի նախապատրաստման շրջանը, կը քննի պատերազմի մեկնարկը, կը քննի իւրաքանչիւր գնդի, ջոկատի և զինուորի կորստի հանգամանքները։
Փաստահաւաք խումբը կը քննի բանակցային գործընթացը՝ հայկական կողմին և կողմից արուած առաջարկներն ու կայացուած որոշումների հիմնաւորուածութիւնը։ Պատմութեան այս ամօթալի էջը չի՛ կարող փակուել մակերեսային գնահատականներով և դրանից բխող մակերեսային հետևանքներով։
Դրուագ առ դրուագ պէտք է իմանանք, թէ ինչպէս տուեցինք այդքան զոհ, ինչու ունենք այդքան վիրաւորներ և անհետ կորածներ և վերջապէս՝ ինչպէս կորսուեցին Արցախի հանրապետութեան, ԼՂԻՄ հազարաւոր քառակուսի կիլոմետրեր և ինչպէս պարտաւորուեցինք Հայաստանի Հանրապետութեան տարածքով միջանցք յատկացնել Ատրպէյճանին դէպի Նախիջևան։
Այս գործընթացը պէտք է դառնայ մեր պետութեան վերականգնման անկիւնաքարը»։