Գերիների վերաբերեալ յայտարարութիւնը կազմակերպուած բնոյթ է կրում ամենաբարձր ղեկավարութեան կողմից». Արծուիկ Մինասեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանի համար զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հրաժարականը պահանջելը ցաւոտ կերպով ընդունուեց։

«Ես ուզում եմ յիշեցնել, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում Ազգային ժողովի նախագահի ընտրութիւն, մենք առաջադրել էինք մեր երկու գործընկերներին՝ Մխիթար Զաքարեանին ու Արթուր Սարգսեանին, այն ժամանակ մենք դեռեւս ասել ենք՝ այն, ինչ Ազգային ժողովում կատարւում է առանց մեր երկու գործընկերների մասնակցութեան, ապօրինի է ու չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգաւորումներին, այլեւ՝ ժողովրդավարութեան արժէքներին»,- այսօր, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասեանը։

Նա նշեց, թէ ՍԴ-ի որոշմամբ արձանագրուել է, որ Արմէն Չարչեանը, Մխիթար Զաքարեանն ու Արթուր Սարգսեանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են յայտնուել կալանավայրում։

Արծուիկ Մինասեանի խօսքով՝ Ալէն Սիմոնեանը միջազգային հարթութեան մէջ կատարում է յայտարարութիւններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականութեան համար։

«Նա կատարում է յայտարարութիւններ՝ կապուած գերիների վերաբերեալ, որոնց, նախեւառաջ, պետութեան պարտականութիւնն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցաւ ու տառապանք պատճառող, այլ նաեւ Հայաստանի պաշտպանութիւնը թուլացնող յայտարարութիւն է ու չի բացառւում, որ սա կազմակերպուած բնոյթ է կրում բարձր ղեկավարութեան կողմից։ Նման յայտարարութիւնը մեր երկիրը, մեր պետականութիւնը թուլացնելուն ուղղուած գործողութիւն է»,- նշեց Արծուիկ Մինասեանը։

Նրա խօսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքը ցոյց տուեց, որ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը չի կարեւորում կարգուկանոնը, չի կարեւորում քաղաքական ճիշտ մշակոյթը։

«Նա չի փայլում պատգամաւորական վարքի կանոններով»,- նշեց Մինասեանը։

Հարցին՝ ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտօնում ընդդիմութեան թեկնածուն, Մինասեանը պատասխանեց, որ լինելու է ընդդիմադիր երկու խմբակցութիւններից մէկից։

«Հարցը քննարկուել է նաեւ «Պատիւ ունեմ» խմբակցութեան հետ միասին, ես կարծում եմ՝ առաջիկայում «Պատիւ ունեմ»-ը յայտարարութեամբ հանդէս կը գայ»,- նշեց նա։

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.