Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը Եռատօնի առթիւ
- (0)

Թող այս օրը եւս մէկ առիթ լինի՝ աղօթելու մեր ժողովրդի այն զաւակների համար, ովքեր իրենց կենսագրութեամբ վկան են անցեալի փառքի
Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը Եռատօնի առթիւ․
Սիրելի՛ արցախցիներ,
Այսօր Հայոց Սրբազան եռատօնն է։ Հայրենական պատերազմի հերոսական յաղթանակի, Արցախեան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, եւ Արցախի Պաշտպանութեան Բանակի հիմնադրման նուիրական եւ պանծալի պատմական դրուագները մէկտեղուել են մայիսիննեան համազգային խորհրդի մէջ։
Ներկայիս ցաւագին իրականութիւնը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախութեան առիթներ քիչ է ընձեռում մեր ժողովրդին։ Սակայն դա չպէտք է պատճառ հանդիսանայ՝ մոռացութեան անդունդը նետելու մեր հերոսական անցեալը եւ պայծառ ապագայի յոյսի ներշնչանքը, որ բխում է անցեալ տասնամեակների մեր ունեցած ազգային ձեռքբերումներից։
Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մէջ յիշատակը յաղթանակի ու այդ յաղթանակի համար կեանք ու կռիւ տուած հերոսների։ Թող այդ յիշատակը մեզ զօրացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու, որպէսզի մեր կեանքում շարունակական լինեն հաւաքական տօները։
Սիրելինե՛ր, թող այս օրը եւս մէկ առիթ լինի՝ աղօթելու մեր ժողովրդի այն զաւակների համար, ովքեր իրենց կենսագրութեամբ վկան են անցեալի փառքի, եւ յատկապէս՝ նրանց, ովքեր կանգնած են Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կերտման ակունքներում։ Նրանցից ոմանք ի Տէր են ննջել փառքի կերտման ուղիներում. յաւերժ յիշատա՜կ արդարոց հոգիներին։ Իսկ ոմանք էլ այսօր թշնամական գերութեան մէջ են՝ կրելով անասելի տառապանքներ Արցախի պետականութեանը ծառայութիւն մատուցած լինելու պատճառով։
Արդ, յիշատակենք մեր սուրբ եռատօնը եւ վառ պահենք ոգու արիութիւնը, որովհետեւ Տէրը մեզ պատուիրեց. «Ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յովհ. 14։27)։ Որովհետեւ մեր որդիները, եղբայրները, հայրերն ու պապերը եւս չխռովուեցին ու չվախեցան։ Տիրոջով զօրացած հոգեւոր ուրախութեան ճանապարհով է, որ անցնում է յաղթանակի ու ազգային փառքի ուղին։