«Անգամ բռնի մահմետականացումից յետոյ Համշէնը շարունակում է պահպանել ազգային նկարագրի բազմաթիւ տարրեր». Փրոֆ. Աշոտ Մելքոնեան
Տեսարան Եղնովիտ (Էլեվիթ) `այժմ Եայլաքյոյ գիւղ. Լուսանկարը՝ Լուսինէ Սահակեանի
Համշէն՝ հայոց պատմութեան եւս մի թաքնուած բանալի – Ա.
Պատրաստեց Յասմիկ Պօղոսեանը
Լուսանկարը՝ Լուսինէ Սահակեանի
Հայկական բարձրաւանդակում հազարամեակներ շարունակ ապրել ու արարել է հայ ազգը՝ լինելով տեղաբնիկն այդ տարածքում: Պատմական Հայաստանն իր 15 աշխարհներով, մնացել է հայի գենետիկ յիշողութեան մէջ: Եւ այդ յիշողութեան եւ պատմութեան անբաժան մասն է Հայոց Համշէն գաւառը՝ հարուստ անցեալով ու դժուարութիւններով լի ներկայով: Հնագոյն սկզբնաղբիւրները վկայում են, որ Հայոց Համշէն գաւառը գտնուել է Խաղտիքի երկրամասի հիւսիսարեւմտեան լեռնային հատուածում, եղել է Հայոց պետականութեան պատմութեան բաղկացուցիչներից՝ իր կարեւոր տեղն ունենալով մեր պատմութեան մէջ:
Եւ ոչ միայն: Միջնադարում Համշէնն իր ուրոյն տեղն է ունեցել նաեւ հայ հոգեւոր կեանքում՝ լինելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մէկը: Այս փաստը լիարժէք ներկայացրել է Համշէնի պատմութեան հետազօտող, բանասիրական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի թուրքագիտութեան ամպիոնի դոցենտ, թուրքագէտ Լուսինէ Սահակեանը՝ իր «Համշէնը հայկական ձեռագրերում» մենագրութիւնում:
Համշէնն այսօր ընդգրկուած է Թուրքիայի Ռիզէի նահանգի լեռնագոգերում՝ վարչականօրէն բաժանուած լինելով Չամլըհէնշի, Հեմշին (Համշէն), Հազար Համշէն, Չայլէի, Իքիզդերէ գաւառների:
Համշէնի պատմութեան մասին ամենայայտնի վկայութիւնը մեզ տանում է VIII դար. արաբական հալածանքներից խուսափող Համամ եւ Շապուհ Ամատունի իշխանները 789–790 թթ.-ին, Վասպուրականի Արտազ գաւառից մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխուել եւ բնակութիւն են հաստատել բիւզանդական տիրապետութեան տակ գտնուող Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բիւզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշէն (Համշէն) աւանը, որի անունով կոչուել է գաւառակը, հայ բնակչութիւնը՝ Համշէնցիներ, Համշէնահայեր, հէմշիններ։ Քաջքար լերան հիւսիսային լանջերի եւ շրջակայ ձորերի հետ կազմել է Համշէնի կիսանկախ իշխանութեան կորիզը։
XV դարում յիշատակւում են Համշէնի իշխան (պարոն) Առաքելը, Դաւիթ Ա., Վարդը, Վեքեն, Դաւիթ Բ.։ Վերջինս 1489 թ. պարտուել է օսմանեան թուրքերից, որից յետոյ Համշէնի հայկական իշխանութիւնը դադարել է գոյութիւն ունենալ։ Համշէնում նշանակուել է թուրք կառավարիչ, բայց գաւառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարութիւնը։ Գրչութեան կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հօր, Քոշտենց, Խուժկայ վանքերը։ XIII դարի վերջին Համշէնով անցել է Հեթում պատմիչը, 1406 թ.-ին՝ իսպանացի դիւանագէտ Կլավիխօն։
XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին Համշէնի հայերի նկատմամբ իրականացուել է բռնի մահմետականացման քաղաքականութիւնը։ Համշէնն այսօր գոյատեւում է բացառապէս թուրքական միջավայրում՝ պահպանելով հայկական անցեալի մասին յիշողութիւնը:
…Սեղանիս ՀՀ ԳԱԱ (Գիտութիւնների Ազգային Ակադեմիա) Պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի արժէքաւոր ուսումնասիրութիւններից մէկն է՝ «Համշէն. պատմաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր)» յօդուածը: Գիտնականն այն ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան 90-րդ տարելիցին նուիրուած միջազգային գիտաժողովներից մէկի ժամանակ՝ Հայ Դատի եւ պահանջատիրութեան համատեքստում ներկայացնելով Համշէնի պատմութիւնը:
Եւ ուշադրութեան արժանի դրուագներից մէկը հետեւեալն է.
«Պատմական գրականութեան մէջ կայ այն թիւր կարծիքը, թէ իբրեւ հայերն այստեղ յայտնուել են 8-րդ դարում, երբ, արաբական հալածանքներից խուսափելով, 789-790 թթ. Շապուհ Ամատունի իշխանի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ 12 հազ. գաղթականներ Արտազ, Արագածոտն, Կոտայք գաւառներից տեղափոխուել են բիւզանդահպատակ Խաղտիք: Իրականում Խաղտիքը, յաճախ մաս կազմելով Տայք աշխարհին, հնագոյն ժամանակներից եղել է հայաբնակ: Պատահական չէ, որ այստեղ ապրող առաջին բնակիչներին յոյներն անուանել են արմենօխալիբներ, այսինքն՝ Խաղտիք-Խալիբ երկրի հայ բնակիչներ: Ի դէպ՝ նման հայերը կազմել են ոչ միայն Խաղտիքի, այլեւ ողջ Տայքի ու հիւսիսարեւմտեան Հայաստանի բնակչութիւնը Ք.ա. 9-3-րդ դարերում՝ Արարատեան թագաւորութեան եւ Երուանդականների ժամանակներում»:
Աշոտ Մելքոնեանն արձանագրել է մի կարեւոր փաստ. Համշէնի կիսանկախ պետութիւնը, դիմակայելով ժամանակի ռազմաքաղաքական վայրիվերումներին՝ իր գոյութիւնը պահպանել է շուրջ 7 դար:
«Նկատենք, որ միջնադարեան Հայաստանի պատմութեան մէջ նման դէպքերը հազուադէպ են», գրել է նա:
Թուրքական շրջանակներն այսօր խեղաթիւրում են նաեւ Համշէնի պատմութիւնը՝ նրանց վերագրելով թուրքական ծագում: Նրանց են միացել նաեւ ատրպէյճանցիները, ինչը Համշէնի անցեալի նենգափոխութեան նոր դրսեւորումներից է: Հայոց պատմութեան կարեւոր մասը հանդիսացող Համշէնի դէմ այս միտումնաւոր ու կեղծ «գիտական» յարձակումների եւ մեր գիտնականների կողմից տարուող ուսումնասիրութիւնների մասին զրուցել ենք ՀՀ ԳԱԱ-ի Պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի եւ Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, փրոֆեսոր, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի հետ: Նրանց զրոյցների միջոցով փորձել ենք ներկայացնել Համշէնը եւ Համշէնցիներին՝ պատմութեան քառուղիներում:
«Անգամ բռնի մահմետականացումից յետոյ Համշէնը շարունակում է պահպանել ազգային նկարագրի բազմաթիւ տարրեր»
…Փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի՝ վերը նշուած յօդուածում ընդգծուած է մի կարեւոր գաղափար, որը եւս պէտք է դրուի Հայ Դատի համար պայքարի ռազմաքաղաքական մօտեցումների հիմքում՝ «հասունացել է պայքարի յաջորդ՝ շատ աւելի վճռական՝ Թուրքիայի կողմից հայութեանը հատուցելու փուլին նպատակաուղղելու ժամանակը»: Եւ այդ իմաստով նա կարեւոր է համարել ընդգծել, որ ճանաչման գործընթացը «Հայ Դատի հետապնդման ռազմավարութեան միայն մարտավարական աստիճանն է, իսկ վերջնական նպատակը՝ կորուսեալ հայրենիքի վերադարձը»:
Մեր՝ բնիկ տիրոջից զրկուած Պատմական Հայաստանի այս կարեւոր հատուածը՝ Համշէնն ու Համշէնցին նոյնպէս չպէտք է մոռացուեն, քանի որ Համշէնի պատմութիւնն ու անցեալը ժխտելու թուրքական քարոզչութիւնը Հայոց ցեղասպանութեան հերքման եւ հայատեաց գործելակերպի շարունակութեան դրսեւորումներից է:
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ – Ելնելով ժամանակի նոր մարտահրաւէրներից եւ գիտակցելով ու իրատեսօրէն գնահատելով հայ ժողովրդի ազգային իտէալների իրականացման համար մղուող պայքարի ճանապարհին նշմարուող նոր պայմանների հեռանկարները՝ այսօր կենսական է դառնում նոր մօտեցումների, մարտավարական ձեւերի ընտրութեան խնդիրը: Այս տեսանկիւնից անհրաժեշտ է նորովի մեկնաբանել նոյնիսկ այնպիսի աքսեոմատիկ խնդիր, որպիսին 1915 թուականից յետոյ մեր հայրենիքի ի սպառ հայաջնջման հանգամանքն է: Բանն այն է, որ այդ իրողութիւնը գերազանցապէս վերաբերում է քրիստոնեայ հայութեանը: Իսկ մահմետականացուած հայութիւնը, որն օտարացման ուղի էր բռնել դեռ միջնադարում, զարմանալի կենսունակութիւն դրսեւորելով, իր ազգային դիմագծի շատ կողմերով, անգամ ազգային ինքնագիտակցութեամբ, դիմակայելով դարեր, գոյատեւեց ցայսօր: Ցաւալիօրէն մինչեւ այժմ մենք աչքաթող ենք արել Հայ Դատի համար մղուող պայքարի նոր փուլում մեծ կարեւորութիւն ներկայացնող այս բացառիկ հանգամանքը: Միայն նկատենք, որ վերջին շրջանում արուած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այսօր Թուրքիայի Հանրապետութեան արեւելեան եւ կենտրոնական նահանգներում, այսինքն՝ պատմական Արեւմտեան Հայաստանում ու յարակից գաւառներում մօտաւոր հաշուարկներով իսլամացած հայութեան շառաւիղների թիւն անցնում է մէկ միլիոնից, իրենց արմատները դեռ յիշող, երբեմն էլ՝ հայ զգացող այսպէս կոչուած «թաքուն» հայերինը՝ 750 հազարից: Դա այն դէպքում, երբ պաշտօնապէս ճանաչուած քրիստոնեայ հայերի թիւը նոյն տարածքում պակաս է 5 հազարից:
– Պարո՛ն Մելքոնեան, Հայոց Համշէն գաւառի պատմութիւնը մեր հոգեւոր ժառանգութեան եւ պետականութեան պատմութեան կարեւոր մասն է: Որպէս պատմաբան՝ կը խնդրէի Ձեզ յետադարձ հայեացքով գնահատել այս հանգամանքը:
– Առհասարակ հայոց պետականութեան պատմութեան նկատմամբ մեր մօտեցումները պէտք է վերանայել՝ այն իմաստով, որ մենք ոչ թէ դարեր շարունակ պետականութիւն չենք ունեցել, այլ՝ երբեմն չենք ունեցել: Այլ հարց է, որ թագաւորութիւնը՝ որպէս պետականութեան բարձրագոյն ձեւ, միջնադարում բացակայել է, բայց այն փոխարինուել է իշխանութիւնների պատմութեան: Այս իմաստով Համշէնը եւս Հայոց միջնադարի ժամանակաշրջանի յստակ դրսեւորումներից է՝ վաղ միջնադարից մինչեւ նորագոյն ժամանակներում: Համշէնը հանդիսանում էր հնագոյն պատմական Խաղտիք աշխարհի մի մասը՝ գտնուելով Արեւելեան Պոնտոսի լեռնաշղթայի շարունակութիւնը կազմող Պարխարի բարձրաբերձ լեռների հարաւային անտառապատ ու ջրառատ լանջերից մինչեւ Սեւ ծով՝ հիմնականում ընդգրկելով Ֆորթունա, Եւողիուտի (Եղիովիտհ, Եուղհովիտ) եւ Խաչեվանայ գետակների աւազանը: 8-րդ դարից կարողացել է պահպանել իր կիսանկախ վիճակը արաբական խալիֆայութիւնից, ապա մաս է կազմել Բագրատունեաց Հայաստանի եւ վերջինիս անկումից յետոյ պահպանել իր կիսանկախ կարգավիճակը: Սասունի, Զէյթունի, Շատախի, Սիւնիքի, Արցախի եւ լեռնային այլ համայնքների օրինակով Համշէնը եղել է ինքնաբաւ՝ որոշակի քանակութեամբ հարկեր վճարելով պահպանել է կիսանկախ կարգավիճակը սելճուքներից, թուրքմենական ցեղերից, ապա նաեւ՝ Օսմանեան կայսրութիւնից: 18-րդ դարում Օսմանեան պետութիւնը նրանց պարտադրել է իսլամ, սակայն չի կարողացել վերացնել հայկական ինքնութեան միւս յատկանիշները՝ լեզուն, սովորոյթները եւ ամենակարեւորը՝ ազգային ինքնագիտակցութիւնը: Այդ ժամանակի հեղինակ Յակոբ Կարնեցին Համշէնի մասին գրում էր. «Ազգաւ հայ, կրօնով՝ վրացի կամ տաճիկ». այսինքն՝ նրանք պահպանում էին ազգային ինքնագիտակցութիւնը, սակայն կամ իսլամադաւան էին, կամ՝ դարձել էին ուղղափառ-քաղկեդոնիկ:
– Իսկ որքանո՞վ ենք այսօր ճանաչում Համշէնն ու Համշէնցիներին՝ Օսմանեան կայսրութեան վարած ցեղասպան քաղաքականութեան հետեւանքով մոռացուած մեր ազգի այս հատուածին:
– Այսօր Համշէնի մի հատուածը՝ յատկապէս Հոպան կամ Խոպան եւ եւս 2 տասնեակ գիւղեր շարունակում են մնալ հայախօս ու շարունակում են խօսել Էրզրումի բարբառի՝ Համշէնի ենթաբարբառով: Իսկ թրքախօս Համշէնցիների զգալի մասը ունի առաւել թուրք ազգայնական ինքնութիւն:
Փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը նշում է, որ բարեբախտաբար, այսօր շարունակւում են ուսումնասիրութիւնները Համշէնի ուղղութեամբ.
– Այդ գործում մեծ դեր ունեն յատկապէս թուրքագէտ Լուսինէ Սահակեանը, Սերգէյ Վարդանեանը եւ ուրիշներ: Նրանք արդէն ունեն արժէքաւոր ուսումնասիրութիւններ: Իսկ Համշէնի ուսումնասիրութիւնը պէտք է դրուի պետական բարձր մակարդակի վրայ: Նրանց՝ Համշէնցիների հետ պէտք է լինել շատ զգոյշ եւ նուրբ վարուելաձեւ ունենալ՝ նախ նրանց չվնասելու, վախի մթնոլորտում նրանց հայկանութիւնից չվանելու եւ իրական արմատներին վերադարձնելու նպատակով: Յատկապէս բարդ է աշխատանքը Բաշ-Համշէնում կամ Վերին Համշէնում, որտեղ շատ են թրքախօս Համշէնցիները եւ հնարաւորինս խորշում են դրսից եկած հայութեան հետ շփումից՝ իրենց նկատմամբ իշխանութիւնների ճնշումներին չենթարկուելու պատճառով:
– Իսկ ի՞նչ դեր պէտք է ունենայ մեր պետութիւնը եւ յատկապէս Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը՝ նրանց հայ ժողովրդի գիրկը վերադարձնելու համար:
– Այսօր պետական մակարդակով նման աշխատանքներ չեն իրականացւում: Եւ իմ համոզմամբ՝ մեր պետական մարմինները խուսափում են՝ չունեցած միջպետական յարաբերութիւնները չբարդացնելու մտահոգութեամբ: Այստեղ կարեւորում եմ եկեղեցու դերը, որը երբեմն, հանդէս է բերում չափից աւելի զգուշաւորութիւն: Իմ խորին համոզմամբ՝ սա արդարացուած չէ, յատկապէս Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան պարագայում, որի իրաւասութեան ոլորտում է այս խնդիրը: Պատահական չէ, որ տասնամեակներ առաջ՝ 1960-ականներին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Պոլսոյ Հայոց Պատրիարք Շնորհք Արքեպիսկոպոս Գալուստեանը քրտացած, իսլամ ընդունած բազմաթիւ հայ մանուկների բերեց Կ. Պոլիս եւ նրանց կրթութեան տալով՝ վերահայացրեց: Այդ երեխաների թւում էր նաեւ Հրանդ Տինքի ապագայ կինը՝ Ռաքէլը: Եթէ աւելի կոշտ իշխանութիւնների օրօք հնարաւոր էր դա անել, ապա նման գործ կարելի է կատարել նաեւ այսօր, երբ քիչ թէ շատ տանելի մթնոլորտ է՝ ազգային խտրականութիւնների իմաստով:
Թուրքական պատմագիտական շրջանակների կողմից Համշէնի անցեալը խեղաթիւրելու քարոզչութիւնը անհետեւանք չի անցել: Անդրադառնալով այս խնդրին՝ փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանն առանձնացնում է ցաւալի մի իրողութիւն, որի հետ հնարաւոր չէ հաշուի չնստել.
– Համշէնցիներին այդ իրողութիւնն է՛լ աւելի է մղում զգուշաւորութեան… Իսկ թուրքական պաշտօնական մօտեցումն այն է, որ Համշէնցիները չփորձեն վերադառնալ իրենց արմատներին եւ շարունակեն մնալ «թուրքական հասարակութեան անբաժան մաս», որով էլ պէտք է բացատրել Համշէնցիների առանձին շերտերի ակրեսիւ վերաբերմունքը հայութեան նկատմամբ:
– Պարո՛ն Մելքոնեան, Համշէնագէտներն ու բազմաթիւ Համշէնցիներ ահազանգում են, որ Համշէնի պատմութիւնը սկսել են «սեփականացնել» նաեւ ատրպէյճանցիները: Ի՞նչ քաղաքական ենթատեքստ ունի ատրպէյճանցի «պատմաբանների» այս հետեւողական գործունէութիւնը:
– Վերջին տարիներին,- նկատում է փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը,- ատրպէյճանցիները սկսել են «արջի ծառայութիւն» մատուցել իրենց աւագ եղբայրներին եւ աւելի «կաթոլիկ» են դարձել, քան՝ Հռոմի պապը: Թուրքերին հաճոյանալու համար նրանք աւելի շատ ժխտողականութիւն են դրսեւորում, քան՝ նոյնիսկ թուրքերը Հայոց ցեղասպանութեան հարցում: Ատրպէյճանցիները ֆինանսական լուրջ միջոցներ են ներդնում, հնարաւոր բոլոր եղանակներով ամբողջ աշխարհում պայքար են տանում հայութեան դէմ: Աւելին, փորձում են հակասութիւններ սերմանել հայերի եւ տարբեր ժողովուրդների միջեւ:
Եւ վերջին ժամանակներս սկսել են յաճախակի խօսել Ջաւախքի խնդրի մասին՝ փորձելով վրացիներին ներշնչել մի թիւր տեսակէտ, թէ իբր Ջաւախքի հայութիւնը սեպառատիստական ձգտումներ է հանդէս բերում եւ իբր վտանգ է ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականութեանը: Մինչեւ անգամ փորձում են նաեւ հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ռուս գրող եւ դիւանագէտ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ 1829 թ. փետրուարին տեղի ունեցած սպանութիւնը վերագրել հայերին՝ այն դէպքում, երբ իրենք զբաղուած են բոլոր հարեւանների պատմութիւնն ու մշակոյթը գրպանելով. նրանք լեզգիների նախնիների՝ աղուանների պատմութիւնը համարում են իրենցը՝ այն դէպքում, երբ իրենք թուրքալեզու են, լեզգիները՝ կովկասեան-դաղստանեան ժողովուրդ են: Ատրպէյճանական են համարում իրանական՝ սեֆեան, աւշարների եւ ղաջարների շահական տոհմերի պատմութիւնը, մինչեւ անգամ՝ թուրքմենական կոյունլու ցեղերի պատմութիւնը: Վաղուց արդէն պետական մակարդակով Արեւելեան Հայաստանը՝ իր մայրաքաղաք Երեւանով ու Սուրբ Էջմիածնով, համարում են աղուանական-ատրպէյճանական: Վերջերս էլ գրոհեցին վերջին հարեւանի՝ վրացիների վրայ. երբ ծագեց Դաւիթ Գարեջիի ուղղափառ-վրացական վանական համալիրի պատկանելութեան հարցը, Ատրպէյճանի Գիտութիւնների ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Եաղուպ Մահմուդովը յայտարարեց, որ Արեւելեան Վրաստանն իր Թբիլիս (այսինքն՝ Թիֆլիս) մայրաքաղաքով ատրպէյճանական տարածք է, որն իբր յանիրաւի՝ Ստալինի մեղքով միացուել է Վրաստանին: Այս ամէնը պետական մակարդակով իրականացուող կեղծարարութիւն է, բոլոր հարեւանների նկատմամբ տարածքային յաւակնութեան վառ դրսեւորում: Անշուշտ, մասնագէտները քաջատեղեակ են այս ամէնին եւ պատահական չէ, որ միջազգային հեղինակաւոր ֆորումներում միշտ մատնանշում են ատրպէյճանական «պատմագրութեան» ընդգծուած կեղծ նկարագիրը:
Հայոց պատմութեան դէմ ուղղուած բոլոր դրսեւորումներին ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտը պատշաճ մակարդակով է արձագանգում: Փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը կարեւորում է այն գործօնը, որ վերջին տասնամեակի ընթացքում թուրք-ատրպէյճանական կեղծիքները բացայայտող աշխատութիւնները հրատարակւում են նաեւ օտար լեզուներով: Եւ դա իրականացւում է գիտականօրէն փաստարկուած նիւթի լուրջ քննութեամբ եւ զուտ գիտական ու զուսպ մակարդակով՝ ի ցոյց դնելով նրանց կողմից շրջանառուող դրոյթների ողջ սնանկութիւնը: Նման ծանրակշիռ աշխատութիւններից մէկն էլ եղել է Երեւանի 2800-ամեակին նուիրուած կոլեկտիւ մենագրութիւնը:
– Ատրպէյճանը չունի անցեալ եւ պատմութիւն: Կարո՞ղ ենք ասել, որ Համշէնի պատմութիւնը եւս խեղաթիւրելով՝ նրանք ձգտում են իրենց գոյութիւն չունեցող ներկայութիւնը ցոյց տալ Հայկական բարձրաւանդակում եւ իրենց վերագրել հնագոյն անցեալ:
– Միանշանակ՝ այո՛: Այդ առիթով հետեւեալն ասեմ. երբ 2019 թ. Նոյեմբերին Ղազախստանում էի՝ միջազգային գիտաժողովի ժամանակ ղազախ պատմաբանների հետ քննարկում էինք մեր ժողովուրդների պատմութեան հետ կապուած հարցեր: Եւ ի պատիւ իրենց, նրանք փաստեցին, որ ի տարբերութիւն ատրպէյճանցիների եւ թուրքերի (որոնք Միջին Ասիայից ու Փոքր Ասիայից Այսրկովկաս թափանցելով, ամրացել են հայերի, յոյների, ասորիների, վրացիների տարածքներում)՝ իրենք շարունակում են ապրել թուրքերի նախնական հայրենիքում եւ պատմութիւնը կեղծելու բնաւ ցանկութիւն չունեն:
Այսօրուայ ահռելի լրատուութեան պայմաններում, իմ խորին համոզմամբ, թուրքերի ու ատրպէյճանցիների՝ ուրիշ ժողովուրդների պատմութեան ու մշակոյթի իւրացումը, անխուսափելիօրէն դատապարտուած են ձախողման: Ինչպէս Թուրքիան, այնպէս էլ Ատրպէյճանը շարունակում են մնալ բազմազգ կայսրութիւններ, որտեղ մշտապէս ոտնահարւում են տեղի ժողովուրդների իրաւունքները. երեւոյթ, որը չի կարող լինել յարատեւ եւ, ի վերջոյ, յանգեցնելու է այդ կայսրութիւնների տրամաբանական վախճանին:
…Դարձեալ վերընթերցում եմ Աշոտ Մելքոնեանի «Համշէն. պատմաշխարհագրական ակնարկ (16-20-րդ դարեր)» յօդուածը, որտեղ փրոֆեսորն առաջ է քաշում մի շատ կարեւոր փաստ եւս. 1890-ականներից սկսած, Օսմանեան իշխանութիւններն «իրենց հայակուլ գործունէութեան մէջ խտրականութիւն չդրեցին անգամ մահմետականացած հայերի նկատմամբ»: Եւ զանգուածային ջարդերի ժամանակ կոտորուեցին ու տեղահանուեցին նաեւ մահմետականացուած Համշէնցիները: Նրանցից փրկուած հատուածը յետագայում հանգրուանեց Սեւ ծովի արեւելեան առափնեայ շրջաններում եւ Հիւսիսային Կովկասում՝ շարունակելով զարգացնել իրենց մշակոյթը:
– Այսօր ցեղասպանութիւնից 105 տարի անց կարող ենք հպարտութեամբ ասել, որ մեր կորուսեալ Հայրենիքի՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ նոր սերունդների պատմական յիշողութիւնը շատ թարմ է, իսկ արեան կանչը՝ զօրաւոր: Ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում, Սեւ ծովի առափնեայ շրջաններում ապրում են հարիւր հազարաւոր հայեր, որոնք երբեք չեն մոռանում օտարի ձեռքում մնացած իրենց հայրենիքի՝ այսօր յուշ ու հեքիաթ թուացող պատմութիւնը: Սակայն պատմութիւնն ունի իր անակնկալները, ժամանակներն՝ իրենց քաղաքական մարտահրաւէրները: Այդ պատմական յիշողութեամբ զինուած՝ մենք պէտք է պատրաստ լինենք ընդունելու պատմութեան մարտահրաւէրները եւ արժանի լինելու հայրենի հողի տառապալից կանչին, առաւել եւս, որ ինչպէս իրաւացիօրէն նշում է մեր մեծ գրող Մուշեղ Գալշոյեանը, հողը երբեք չի մոռանում իր իրական տիրոջը: Արժանի լինենք այդ հողին տէր դառնալու առաքելութեանը,- տարիներ առաջ գրած իր մտքերն է վերահաստատում ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը: