Հայ Կինն Էլ Զինուոր Է…


armine1_10-26-15 

 

Արմինէն բացում է ընտանեկան հին ալպոմը: Աչքերը կանգ են առնում հարսանեկան լուսանկարին: Կարօտը խոնարհւում է լուսանկարին: Կարօտը ստիպում է ժպտալ… Լուսանկարում Արմինէն ուրիշ է, աւելի ճիշդ` աչքերն են ուրիշ` լի անբացատրելի այն փայլով, որ ունենում են երջանիկ կանայք… պատերազմ եւ երջանկութիւն…

Արմինէն յիշում է հարսանիքի օրերը: Երկու օր, երկու գիշեր հարսանիք արեցին: Պատերազմ էր: 1992 թուականի հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Ասկերանի շրջանի Շոշ գիւղում, թէեւ առանց զուռնա-դհոլի, բայց թնդում էր Արգամի եւ Արմինէի հարսանիքը: Ագոն դէմ էր, որ հարսանիքին երգ-երաժշտութիւն հնչի: «Ամէն օր ընկերներ ենք կորցնում, ահեղ մարտեր են, որդեկորոյս մայրեր… Բեկորը չկայ, առանց նրա ես ո՞նց հարսանիք անեմ», անընդհատ կրկնում էր: Սակայն մի թաքուն միտք կրծում էր ուղեղը. «Իսկ գուցէ՞ վաղն էլ ես չլինեմ, ո՞վ գիտէ իր ճակատագիրը… պէտք է գոնէ մի ժառանգ թողնեմ»:

Հարսանիքի առաջին օրն անցաւ առանց երգ ու պարի, երկրորդ օրն ընկերները յորդորեցին ու Արգամը մի կերպ համաձայնեց, որ սովորական մակնիտոֆոն միացնեն…

Արմինէն մի պահ կանգ է առնում, յիշում է հարսանիքի տեսագրութեան մասին: Պահարանից հանում է հարսանիքի տեսագրութիւնը: Միացնում է: Զինուորները պարում են ազգային երգերի ներքոյ` ասես ի հեճուկս պատերազմի: Նրանց շարքերում ծանօթ  դէմքեր են: Նրանցից շատերն այսօր չկան: Արգամը զինուորական համազգեստով է, կրծքին` ճերմակ վարդ:  Զինուորն ամէն տեղ, ամէն ժամի զինուոր է:

«Ես զինուորական հագուստս չեմ փոխի եւ զէնքս վայր չեմ դնի, մինչեւ Արցախն ազատ չտեսնեմ»,  Արմինէն յիշում է Արգամի խօսքերը:

Հարսանիքի ներկաների շարքում Քարոլայն Քոքսն է, ով արցախեան պատերազմի տարիներին իւր բարի կամքն ու օժանդակութիւնը ցուցաբերեց պայքարող ժողովրդին: Բոլոր բաժակաճառերում երջանկութեան մաղթանքներ են… Բոլոր բաժակաճառերը խօսում են Արցախի ազատութեան նուիրական երազանքի մասին…

Ամուսնու կենսագրութիւնն Արմինէն պատմում է թաքուն մի հպարտութեամբ, որ ինչքան էլ փորձում է թաքցնել, մէկ է` աչքերը մատնում են հիացմունքը: Եւ, իրաւ, հերոսներով պէտք է հպարտանալ, քանզի նրանք ամէն օր չէ, որ ծնւում են: Նրանք ծնւում են ժամանակի ու պատմութեան հրամայականով, ապրում են հայրենիքի հաւատամքով` իրենք էլ չգիտակցելով, որ կերտում են այն փառաւոր պատմութիւնը, որ սերունդների համար պիտի հպարտութիւն դառնայ:

Արգամ Յարութիւնեանին շատ յաճախ ընկերները կոչում են Շոշի Ագօ` հայրենի գիւղի անունով: Այս անուան տակ ամփոփուած է մի ամբողջ մարտական կենսագրութիւն: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով արցախեան շարժման նախօրէին գիտակցում էր, որ զէնքի անհրաժեշտութիւն է լինելու, միայն զէնքով ու միասնականութեամբ կարող են հասնել բաղձալի ազատութեանը: Ագոն առաջիններից էր, ով զինուորագրուեց Արցախի պաշտպանութեանը:

 

 

Նա հասկանում էր, որ զէնքի խնդիր կայ, ուստի լծւում է զէնք հայթայթելու վտանգաւոր գործին: Ագոն կազմակերպում, հիմնադրում է ենթաշրջանի  մի քանի գիւղերի միացեալ ջոկատը` Շոշի ջոկատ անուամբ: Շոշի ջոկատը մասնակցում է Տողի, Սարիշէնի, Քարինտակի, Մալիբէյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Աղդամի, Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի  եւ շատ այլ մարտերի:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցութիւն է ցուցաբերում, աչքի ընկնում իր կազմակերպուածութեամբ, հմտութեամբ ու մարտունակութեամբ:

Ագոյի ջոկատն աչքի է ընկնում նաեւ Բերդաձորի եւ Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

Ագոն քայլ առ քայլ կերտում էր իր մարտական  ուղին, որ Արցախի հերոսական էջերից է: Ականատեսները պատմում են` նա խուսափում էր տեսախցիկներից ու լուսանկարիչներից: «Ոեւէ մէկը չփորձի ինձ նկարահանել կամ նկարել. չեմ սիրում եւ վե՛րջ», ասում էր. ո՞վ կարող էր շեղուել նրա խօսքից:

Զարմանալի է, որ բոլոր իրական հերոսներն այդպիսին են, նրանք խուսափում են պաստառներից, նրանք գովեստներ ու գովազդներ չեն սիրում… նրանց անունն արդէն իսկ պատմութիւն է:

1992-ին Արգամ Յարութիւնեանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մէկը միւսին: Նրանց միասնութիւնն արդէն յաղթանակ էր ինքնին…

Մարտական ընկերները պատմում են, որ Ագոն մի առիթով ասել է. «Ես չեմ վախենում թուրքի գնդակից, ինձ կա՛մ թիկունքից կարող են կրակել, կա՛մ էլ ականի պայթունից կարող եմ զոհուել»: Այդպէս էլ եղաւ…

1994-ի մարտի 8-ը ոչ միայն Արմինէի, այլեւ ողջ Արցախ աշխարհի համար մահաբեր բօթ բերեց: Ֆիզուլիի պաշտպանութեան ժամանակ Ագոն ընկաւ ականի պայթիւնից. աւելի ճիշդ` անմահացաւ, քանզի հերոսները չեն ընկնում, նրանք լոկ անմահանում են: Ագոյի 26 գարունները երբե՛ք-երբե՛ք չեն թառամի…

Ագոն ՀՅԴ անդամ էր: Նրա իւրաքանչիւր քայլը հաւատարիմ էր իր որդեգրած գաղափարին, իսկ գաղափարն այդ ոչ այլ ինչ է, քան` նուիրում առ հայրենիք:

Յետմահու, հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար, Արգամ Յարութիւնեանն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ «Շուշիի ազատագրման համար»  շքանշանների: Նրա անունը յաւերժացնող յուշակոթող է կանգնեցուել հայրենի Շոշի գիւղամիջում, որտեղ ամփոփուած է հերոսի աճիւնը:

Ագոյի մարտական ընկեր Արկադի Կարապետեանը մի առիթով ասել է. «Ագոն մեր ազգի սիւներից է: Բառեր չեմ գտնում նրան նկարագրելու, միայն կ՛ասեմ, որ նա ոչ միայն մարտական ընկեր էր, զինուոր եւ զօրավար, այլ նաեւ` քաղաքական գործիչ… Ագոն ամէն օր իրեն զոհաբերում էր….»:

Ագոն երազում էր արու զաւակ ունենալ, եւ Երկնայինը ի կատար ածեց նրա փափաքը: Արմինէն արու զաւակ շնորհեց, որին կոչեցին հայրական պապի` Սերգեյի անունով: Սերգեյն ընդամէնը 7 ամսական էր, երբ զրկուեց հօրից: Ագոն այդպէս էլ չհասցրեց ճաշակել երազանքի բերկրանքը:

Սերգեյն այսօր, բնականաբար, չի յիշում հօրը, ապրում է մօր, հարազատների,  հայրիկի մարտական ընկերների յիշողութիւններով. իսկ այդ յիշողութիւններն այնքան շատ են, այնքան հարուստ, որ ստեղծում են սիրելի հօր անմիջական, անկեղծ, խիզախ, բոլորանուէր կերպարը:

Արմինէն, որպէս առաքինի հայուհի, թէկուզ մենակ, բայց պատուով է մեծացրել որդուն, որպէսզի նա Ագոյի եւ նրա նմանների արժանի սերունդը լինի եւ գիտակցի, որ հայն ազգովի զինուոր է, քանզի հայի համար պատերազմները երբեք չեն աւարտւում…

 

Ամուսնու կորուստը նա մխիթարեց որդու` Սերգեյի անսահման սիրով

 

2011 թուականին Արմինէն անդամագրուեց Արցախի Հայ օգնութեան միութեանը: «Հայ կինն էլ զինուոր է իւրովի,- ասում է Արմինէն եւ աւելացնում,- միշտ համակրանքով եմ հետեւել ՀՕՄ-ի մարդասիրական, բարեսիրական աշխատանքներին եւ պատահական չէ, որ որոշեցի անդամագրուել ՀՕՄ-ին»:

2013 թուականին Արմինէն ընտրուեց ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի ատենապետուհի, եւ ինչպէս ինքն է ասում` իր համար սա ամենամեծ կոչումն է:

«Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար». սա է ՀՕՄ-ի կարգախօսը: Այս կարգախօսով էլ արդէն աւելի քան մէկ դար միութիւնը մեծ դեր է ստանձնել հայրենիքում եւ սփիւռքում` դառնալով հայրենիք-սփիւռք միասնութեան մի ամուր օղակ…

Արմինէն սեղան է բացում: «Այս տուն մտնողն առանց հացի չի հեռանայ: Սա մեր օճախի կանոնն է»: Ես ժպտում եմ եւ միաժամանակ հետեւում նրա փութաջան շարժումներին: Որքան անկեղծ են նրա խօսքն ու շարժումները, որքան ուժ ու եռանդ կայ այս կոտրուած, բայց կանգուն, այս նուրբ, բայց եւ ամուր, հաստատակամ կնոջ մէջ:

Պատերազմը խլեց նրա երջանկութիւնը, սակայն չկարողացաւ կոտրել պայքարելու ոգին: Նա իր մէջ ուժ գտաւ յաղթելու ցաւը, ուժ գտաւ ամուր յենուելու, կանգնելու, քայլելու այն հողի վրայ, որ ազատագրուեց Ագոյի ու ագոների արեան գնով: Ամուսնու կորուստը նա մխիթարեց որդու` Սերգեյի անսահման սիրով` նրա ամէն մի շարժման, ամէն մի խօսքի, դիմախաղի մէջ նորից ու նորից վերգտնելով ամուսնուն:

«Նոր տարուայ նախօրէին ՀՕՄ-ուհիներով այցելել էինք Արցախի տարբեր զօրամասեր, ծանօթացել զինուորների առօրեային, փոքրիկ նուէրներ յանձնեցինք: Այսօր ամենամեծ գործը նրանք են անում,- ասում է,- թող ամէն ոք քնելուց առաջ աղօթի սահմանը հսկող զինուորների համար. աղօթի այնպէս, ինչպէս իր հարազատ զաւակի համար կ՛աղօթի… Աստուած ուժ տայ նրանց բազկին…»:

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Ապառաժ»


Leave a Comment

You must be logged in to post a comment.