Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի Ելոյթը ՀՅԴ Միջմարմնական Խորհրդաժողովի Մասնակիցների Հետ Հանդիպման Ժամանակ

\n

\n Յարգելի ներկաներ,
\n Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ ողջունել բոլորիդ: Նման հանդիպումները ես պահանջուած եմ համարում մի շարք պատճառներով՝ առաջին հերթին, կարեւորելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան տեղն ու դերը համազգային խնդիրների լուծման եւ մեր ժողովրդի շահերի պաշտպանութեան գործում:
\n Այս դահլիճում հաւաքուած են մարդիկ, ովքեր նշանակալի գործունէութիւն են ծաւալում տուեալ ուղղութիւններով, ինչպէս նաեւ ակտիւօրէն աշխատում միջազգային ատեաններում արցախեան հիմնախնդրի օբյեկտիւ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր պետութիւնների հետ կապերի հաստատման ու ամրապնդման հարթութիւններում: Մեր հանդիպումների ժամանակ ես միշտ նշում եմ այդ մասին եւ հիմա, օգտուելով առիթից, ուզում եմ եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնել ձեզ‘ նման հայրենանուէր աշխատանքի համար:
\n Մենք մշտապէս զգում ենք ձեր գործուն աջակցութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զարգացման եւ զօրացման գործում: Արցախեան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչները մասնակցել են մեր պայքարին, ակտիւօրէն ներգրաւուել Արցախի պաշտպանութեանը, մարտնչել թշնամու կողմից մեզ պարտադրուած պատերազմի տարբեր ճակատներում, բոլորի հետ միասին կերտել մեր փայլուն յաղթանակները:
\n Համոզուած եմ, որ այս դահլիճում ներկայ իւրաքանչիւրիդ համար հետաքրքիր կը լինի ծանօթանալ այն խնդիրներին, որոնք մենք այսօր լուծում ենք Արցախի Հանրապետութիւնում, ուստի կ՛ուզենայի հակիրճ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր երկրի ձեռքբերումներն ու անելիքները, հանրապետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեանն առնչուող մի շարք հարցեր:
\n Անդրադառնալով 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշներին՝ պէտք է նշեմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, դրական էին: Աճ է գրանցուել տնտեսութեան գրեթէ բոլոր ոլորտներում: Տնտեսական աճը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը՝ համախառն ներքին արդիւնքը, ըստ նախնական տուեալների, կազմել է գրեթէ 167.4 միլիարդ դրամ՝ 2012 թուականի համեմատ աճելով աւելի քան 9 տոկոսով: Ընդհանրապէս, վերջին տարիների ընթացքում մեզ յաջողուել է համախառն ներքին արդիւնքի ամենամեայ աճը պահպանել 9ից 10 տոկոս շեմի վրայ: Ինչպէս գիտէք, դա բաւականին բարձր ցուցանիշ է, յատկապէս՝ հաշուի առնելով այն, որ ներկայ դրութեամբ նոյնիսկ աշխարհի ամենազարգացած տնտեսութիւնները լաւագոյն դէպքում ապահովում են համախառն ներքին ադիւնքի 3ից 4 տոկոս աճ:
\n Ի հարկէ, վերոյիշեալ ցուցանիշների համեմատութիւնն առաջացնում է տրամաբանական հարց. ինչպէ՞ս են ապահովուում համախառն ներքին արդիւնքի աճի նման տեմպերը: Այստեղ որեւէ հրաշք կամ գաղտնիք չկայ: Արցախի սոցիալ-տնտեսական ռազմավարութեան մէջ առաջնահերթութիւնը տրւում է այնպիսի ճիւղերի զարգացմանը, որոնք ունեն իրականացուած կապիտալ ներդրումների դիմաց տնտեսական հատոյցի մեծ հնարաւորութիւններ թէ՛ ժամանակի, թէ՛ ստացուած եկամուտների տեսանկիւնից: Այդպիսի ճիւղերից են հանքարդիւնաբերութիւնը, էներգետիկան, շինարարութիւնը, գիւղատնտեսութիւնը, զբօսաշրջութիւնը եւ մի շարք այլ ոլորտներ: Եւ պատահական չէ, որ այդ ճիւղերը որակուել են որպէս ռազմավարական նշանակութիւն ունեցող ուղղութիւններ, որոնք ներկայ դրութեամբ հանդիսանում են մեր տնտեսութեան շարժիչ ուժը եւ ունեն տնտեսական աճի բարձր տեմպեր:
\n Հանքարդիւնաբերութիւնը մեր տնտեսութեան ամենադինամիկ զարգացող ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է պետբիւջէի ամենաեկամտաբեր աղբիւրներից մէկը: Ներկայ դրութեամբ Արցախի երկրաբանական ֆոնդում գրանցուած են 285 հանքավայր եւ օգտակար հանածոների արդիւնահանման կէտեր: Իրականացւում է մօտ 80 ծրագիր, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում արդիւնահանմանը: Ունենք մետաղական, ոչ մետաղական եւ վառելիքային հանքավայրեր, որոնցից մի քանիսը բաւականին խոշոր են եւ հեռանկարային: Յատուկ ակնկալիքներ ունենք Կաշէնի հանքավայրից, որը պարունակում է պղնձի, մոլիբդենի ու ոսկու պաշարներ եւ գալիք տարիներին կը դառնայ հանրապետութեան կարեւորագոյն տնտեսական օբյեկտներից մէկը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
\n Զարգացնելով հանքարդիւնաբերութիւնը՝ միաժամանակ հաշուի ենք առնում, որ այն թէպէտ ապահովում է բարձր տնտեսական աճ, ունի նաեւ իւրայատկութիւններ: Դա չվերականգնուող ռեսուրս է, եւ անհրաժեշտ է անել ամէն ինչ, որպէսզի ապահովենք Արցախի տնտեսութեան համապարփակ զարգացումը եւ թոյլ չտանք, որ այն կախուած լինի միայն մէկ ճիւղից:
\n Ուստի, բնական պաշարների զարգացման գործում յատուկ կարեւորութիւն ենք տալիս վերականգնուող ռեսուրսներին, մասնաւորապէս, հիդրոէներգետիկայի ոլորտին: Այստեղ ունենք շօշափելի դրական տեղաշարժեր: 2008-2012թթ. ընթացքում շահագործման է յանձնուել 6 ՀԷԿ՝ 21.5 մեգավատ հզօրութեամբ, մասնաւորապէս, «Թրղէ-1», «Թրղէ-2», «Մադաղիս-1», «Մադաղիս-2», Քաշաթաղի շրջանի «Սիւնիք-1», «Սիւնիք-2» ՀԷԿերը: 2013 թուականին շահագործման է յանձնուել «Սիւնիք-3», «Սիւնիք-4» ՀԷԿերը, իսկ այս տարուայ ընթացքում կը սկսի գործել «Թրղէ-3»ը: Այս ամէնն արդէն հնարաւորութիւն է տուել արտադրել մօտ 270 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա՝ բաւարարելով հանրապետութիւնում էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի մօտ 70 տոկոսը: Պէտք է նշեմ, որ փոքր եւ միջին ՀԷԿերի կառուցման գործում ակտիւ մասնակցութիւն են ունենում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներկայացուցիչները, եւ այդ աշխատանքները անհրաժեշտ է շարունակել նաեւ ապագայում:
\n Այս ոլորտում մեր հիմնական ռազմավարութիւնը եղել է եւ կը մնայ ջրային ռեսուրսների արդիւնաւէտ օգտագործումը մաքսիմալ քանակութեամբ էներգիա արտադրելու համար՝ միաժամանակ վնաս չհասցնելով մեր բնութեանը եւ շրջակայ միջավայրին:
\n Հանրապետութեան բնական պաշարների արդիւնաւէտ օգտագործմանը մեծապէս նպաստում է շինարարութեան ոլորտը, որն ապահովում է նաեւ աշխատատեղերի զգալի քանակ: Անցած տարի իրականացուել են մօտ 39 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ հանրապետութեան տարբեր շրջաններում եւ բնագաւառներում:
\n Շինարարութեան ոլորտում իրականացուած աշխատանքների արդիւնքները տեսանելի են հանրապետութեան ողջ տարածքում: Դա ե՛ւ տարբեր ենթակառուցուածքների, ե՛ւ տնտեսական, բնակելի ու հասարակական նշանակութեան բազմաթիւ նոր օբյեկտների առկայութիւնն է: Ի հարկէ, դեռեւս կան իրականացուող աշխատանքների որակի հետ կապուած խնդիրներ, սակայն ուրախալի է, որ դրանք աստիճանաբար լուծում են ստանում:
\n Մեր տնտեսութեան աւանդական ուղղութիւններից է գիւղատնտեսութիւնը: 2013 թուականին 2012ի համեմատ գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է աւելի քան 9 տոկոսով: Այս գործընթացում յատուկ ուշադրութիւն է դարձւում գիւղատնտեսութեան ինչպէս ինտենսիւ (արդիւնաւէտ-Խմբ.), այնպէս էլ էքստենսիւ (տարածուած, ոչ շատ արդիւնաւէտ-Խմբ.) զարգացմանը: Լայնածաւալ ծրագրեր են իրականացւում հանրապետութեան տարբեր վայրերում, մասնաւորապէս, Արաքսի հովտում: Դա թոյլ կը տայ բարձրացնել գիւղատնտեսական ապրանքների արտադրողականութիւնը, ինչպէս նաեւ նախադրեալներ կը ստեղծի ժողովրդագրական իրավիճակի բարելաւման եւ արցախեան գիւղի զարգացման համար: Իսկ արցախեան գիւղը եւ նրա շարունակական զօրացումը մեր ազգային անվտանգութեան կարեւորագոյն խնդիրներից են: Շատ կարեւոր է ուղղակի մշակուող գիւղատնտեսական տարածքներին զուգահեռ այնտեղ կենսունակ բնակավայրերի առկայութիւնը:
\n Այս գործընթացում մենք յատուկ ուշադրութիւն ենք դարձնում վերաբնակեցման եւ ծնելիութեան խթանման հարցերին, ինչի ուղղութեամբ իրականացւում են լայնածաւալ ծրագրեր եւ արդէն իսկ կան դրական տեղաշարժեր: 2013 թուականին հանրապետութեան բնակչութիւնը կազմել է 146 հազար 600 մարդ՝ 2010 թուականի համեմատ աւելանալով 3 հազարով, 2008 թուականի համեմատ՝ 6700ով:
\n 2010 թուականի Յունուարի 1ից ընտանիքում ծնուած երկրորդ երեխայի համար վճարուող միանուագ նպաստի չափը բարձրացել է երկու անգամ՝ կազմելով 200 հազար դրամ, երրորդ երեխայի դէպքում՝ 500 հազար դրամ (նոյնքան չափով էլ բանկում բացւում է ժամկետային աւանդ), չորրորդ եւ յաջորդ երեխայի դէպքում՝ 700 հազար դրամ (նոյնքան չափով էլ բանկում բացւում է ժամկետային աւանդ):
\n Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա այստեղ նոյնպէս ունենք դրական տեղաշարժեր: Վերջին տարիներին Արցախում վերաբնակեցուել է մօտ 800 ընտանիք: Ողջունելի է, որ բաւականին մեծ տոկոս են կազմում երեխաները: Վերաբնակեցումն իրականացւում է ոչ միայն Արցախի ներքին ռեսուրսի, այլեւ Հայաստանից ու Սփիւռքից ժամանած մեր հայրենակիցների հաշուին: Օրինակ՝ միայն Քաշաթաղի շրջանի հարաւային թեւում մշտական բնակութիւն են հաստատել մի քանի տասնեակ սիրիահայ ընտանիքներ: Պէտք է նշեմ, որ մեր սիրիահայ հայրենակիցները չափազանց աշխատասէր են եւ մեծապէս նպաստում են ոչ միայն Արցախի հարաւային շրջաններում, այլեւ ամբողջ հանրապետութիւնում աշխատանքի նոր մշակոյթի ներդրմանը:
\n Վերջերս Արաքսի հովտի Հադրութի շրջանի տարածքում հիմնադրուել է նոր բնակավայր՝ Արաքսաւանը: Մենք լուրջ ակնկալիքներ ունենք, որ այդ բնակավայրը կ՛ունենայ սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական կարեւոր նշանակութիւն հանրապետութեան այդ հատուածի համար:
\n Ռազմավարական այս քաղաքականութեան իրականացմանն ակտիւօրէն մասնակցում են ՀՅԴ ներկայացուցիչները:
\n Պետութիւնը նպատակասլաց աշխատանք է տանում նաեւ տնտեսութեան աւանդական ճիւղերի վերականգնման եւ զարգացման ուղղութեամբ: Այսպիսի ճիւղերից են գորգագործութիւնը եւ տեքստիլ արդիւնաբերութիւնը: Վերջին տարիներին մի քանի արտադրամասեր են բացուել Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներում, մասնաւորապէս, մայրաքաղաքի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում: 2013թ. այստեղ կատարուած ներդրումները կազմել են 600 միլիոն դրամ, նոյնքան պլանաւորւում է ներդնել նաեւ ընթացիկ տարում: Այդ արտադրամասերում արդէն իսկ աշխատում է շուրջ 200 մարդ, եւ 300ից 500 նոր աշխատատեղ է նախատեսւում բացել մօտ ապագայում:
\n Մեր սոցիալ-տնտեսական օրակարգի ռազմավարական ուղղութիւններից է զբօսաշրջութիւնը: Այս ոլորտի զարգացման համար մենք ունենք բարենպաստ բնապատմական պայմաններ: Զբօսաշրջութիւնը նաեւ համարւում է մեր երկիրն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու, այլ ժողովուրդների ու պետութիւնների հետ շփումներն ընդլայնելու կարեւոր միջոցներից մէկը, ինչը նպաստում է Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացին: Ոչ պակաս կարեւոր է այն, որ զբօսաշրջութեան զարգացման ուղղութեամբ համապատասխան ենթակառուցուածքների ստեղծումը բերում է նոր աշխատատեղերի բացման: Զբօսաշրջութիւնը մենք դիտարկում ենք նաեւ որպէս մատաղ սերնդի դաստիարակութեան միջոց, եւ այդ իսկ պատճառով պատմական յուշարձանները, կենտրոնները, հայ ազգային-ազատագրական պայքարի ակնառու ներկայացուցիչների տուն-թանգարանները դարձնում ենք ոչ միայն զբօսաշրջութեան, այլեւ ուխտագնացութեան վայրեր:
\n Այսպիսինն են, ընդհանուր առմամբ, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, որոնք ես հակիրճ ներկայացրի ձեր ուշադրութեանը: Իսկ հիմա կ՛անդրադառնամ մի շարք այլ՝ ոչ պակաս կարեւոր հարցերի:
\n Մեր հանրապետութեան կարեւորագոյն խնդիրներից մէկն է մարդկային ռեսուրսի եւ մտաւոր ներուժի զարգացումը: Այս համատեքստում մենք յատուկ ուշադրութիւն ենք դարձնում կրթութեան եւ գիտութեան ոլորտին ու այս բնագաւառում լայնածաւալ ծրագրերի իրականացմանը: Այստեղ պետութեանը սատարում են Սփիւռքում ապրող մեր հայրենակիցները, որոնց ներդրումների շնորհիւ է նաեւ մեզ յաջողւում կեանքի կոչել տարբեր ծրագրեր եւ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական հաստատութիւններ: Օրինակ, բարերարների միջոցներով վերանորոգուել է մայրաքաղաքի թիւ 3 դպրոցը, որի համար ծախսուել է 1 միլիարդ 117 միլիոն դրամ, 2014թ. կ՛աւարտուի թիւ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշէնքի կառուցումը, որի ընդհանուր արժէքն է 1 միլիարդ 600 միլիոն դրամ, նախատեսւում է նաեւ իրականացնել թիւ 9 եւ 10 դպրոցների կապիտալ վերանորգումը՝ 1 միլիարդ 900 միլիոն դրամ ընդհանուր արժողութեամբ: Այս ոլորտում եւս ակնկալում եմ ձեր ակտիւ մասնակցութիւնը:
\n Կ՛ուզենայի կանգ առնել նաեւ մեր հանրապետութեան սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղութիւններից մէկի՝ առողջապահութեան վրայ: Վերջին տարիներին այստեղ նկատւում են դրական տեղաշարժեր: Այս ոլորտում իրականացուող ծրագրերից ամենախոշորը մայրաքաղաքում հանրապետական բժշկական կենտրոնի կառուցումն էր, որի ընդհանուր արժէքը կազմել է 22.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ գումարը տրամադրել է բարերար Սամուէլ Կարապետեանը:
\n Ֆիզիքապէս առողջ հասարակութիւն ունենալու համար առողջապահութեան ոլորտի հետ մէկտեղ լուրջ աշխատանքներ են տարւում առողջ ապրելակերպի մշակոյթի զարգացման ուղղութեամբ: Այս գործընթացի առանցքային բաղադրամասերից է սպորտի եւ ֆիզիքական կուլտուրայի ոլորտը, որտեղ նոյնպէս վերջին տարիներին նկատւում են դրական փոփոխութիւններ:
\n 2013թ. մեր մարզիկները, մասնակցելով Հայաստանի, Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններին ու միջազգային մրցաշարերին, գրաւել են 71 առաջին, 48 երկրորդ եւ 70 երրորդ տեղեր: Մենք ունենք սամբոյի գծով աշխարհի կրկնակի չեմպիոն, նոյն մարզաձեւի գծով Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւնների բրոնզէ մեդալակիրներ, կիոկուշինկան կարատէ-դոյի գծով աշխարհի բրոնզէ մեդալակիր: Եւ այս ցուցակը կարելի է շարունակել: Մեր մարզաշխարհի երախտաւորներն իրենց յաղթանակներով բարձր են պահում հարազատ Արցախի, հայ ժողովրդի պատիւը աշխարհի տարբեր ծայրերում: Դա նաեւ նպաստում է մեր երկրի ճանաչմանը միջազգային ասպարէզում:
\n Բնական է, որ դուք յատուկ ուշադրութեամբ հետեւում էք ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, տարածաշրջանային գործընթացներին եւ արտաքին քաղաքական զարգացումներին:
\n Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, պէտք է նշեմ, որ ստեղծուած իրավիճակում լուրջ առաջընթաց ակնկալել, բնականաբար, դժուար է, ինչը պայմանաւորուած է պաշտօնական Բաքուի կողմից տարուող քաղաքականութեամբ: 2013 թուականին Ադրբեջանը շարունակել է իր ապակառուցողական քայլերը՝ ակնյայտօրէն վարելով ահաբեկչական քաղաքականութիւն եւ կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերն ու սկզբունքները: Դրա վկայութիւնն են զինադադարի ռեժիմի բազմաթիւ խախտումները, որոնք յանգեցրել են զոհերի ու կորուստների: Եւ այս ամէնի հետ մէկտեղ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական քարոզչութիւնը՝ ապատեղեկատուութիւն տարածելով միջազգային ասպարէզում: Նման պահուածք նա ցուցաբերում է ի հակառակ համանախագահների կողմից բանակցային գործընթացի ակտիւացմանն ուղղուած քայլերի:
\n Սակայն, մենք պէտք է շարունակենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան պահպանմանն ուղղուած ջանքերը, քանի որ նոյնիսկ յարաբերական խաղաղութիւնը շատ աւելի գերադասելի է լայնամասշտաբ պատերազմից: Դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք եւ վճռական պաշտպանելու մեր անկախութիւնն ու ազատութիւնը՝ կասեցնելով հակառակորդի ցանկացած ոտնձգութիւն: Ուղղակի իւրաքանչիւր նորմալ հասարակութիւն, անցնելով պատերազմի միջով, տեսնելով աւերածութիւններ ու կրելով զրկանքներ՝ չի ցանկանայ, որ այն նորից կրկնուի:
\n Ակնյայտ է, որ առանց խաղաղ գործընթացի բոլոր փուլերին պաշտօնական Ստեփանակերտի լիարժէք մասնակցութեան անհնարին կը լինի հասնել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ կարգաւորման: Մենք հետեւողական ենք լինելու բանակցային լիարժէք ձեւաչափի վերականգնման ուղղութեամբ տարուող աշխատանքներում՝ ակտիւ գործունէութիւն ծաւալելով շահագրգիռ բոլոր ատեաններում:
\n Անդրադառնալով հակամարտութեան կարգաւորման բուն էութեանը՝ հարկ եմ համարում եւս մէկ անգամ ընդգծել, որ վերադարձ անցեալին՝ թէ կարգավիճակի եւ թէ վարչատարածքային առումով, անթոյլատրելի է: Արցախի անկախութիւնը եւ նրա անվտանգութեան ապահովումը բոլոր հարթութիւններում մեզ համար բացառիկ արժէքներ են:
\n 2013 թուականը բաւականին արդիւնաւէտ է եղել նաեւ մեր հանրապետութեան միջազգային ճանաչման տեսանկիւնից: Անցեալ տարի Արցախի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչել են ԱՄՆի Մեն եւ Լուիզիանա նահանգները, Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ, Լոս Անջելես եւ Հայլենդ քաղաքները: Այդ փաստերը վկայում են նաեւ, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետութիւն է, որի գոյութիւնը եւ նրա հետ յարաբերութիւնների զարգացումը կարեւոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ բարոյական տեսանկիւններից: Մենք աշխատելու ենք, որպէսզի գալիք տարիներին էլ աւելի ընդլայնենք Արցախի Հանրապետութիւնը ճանաչած սուբյեկտների (ենթականերու-Խմբ.) աշխարհագրութիւնը: Չափազանց կարեւոր է նաեւ այլ երկրների, տարբեր վարչական միաւորումների հետ կայուն փոխգործակցութեան հաստատումը եւ կապերի շարունակական ընդլայնումը:
\n Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ երկկողմ յարաբերութիւնների հաստատման, արցախեան հիմնախնդրի արդարացի լուսաբանման գործում չափազանց մեծ է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ նրա տարբեր ստորաբաժանումների դերը: Առանց ձեր մշտական աջակցութեան եւ տարբեր պետութիւններում ու միջազգային ատեաններում իրականացուող ամէնօրեայ քրտնաջան աշխատանքի դժուար կը լինէր հասնել շօշափելի յաջողութիւնների: Ակնկալում ենք վերոյիշեալ ուղղութիւններում մեր փոխգործակցութեան շարունակական ընդլայնում ու խորացում:
\n Յատուկ կ՛ուզենայի անդրադառնալ մեր զինուած ուժերին, մեր հանրապետութեան կեանքում նրա տեղին ու դերին: Բանակը հանդիսանում է մեր պետականաշինութեան ամենամեծ ձեռբերումներից մէկը, Արցախի Հանրապետութեան անվտանգութեան եւ անկախութեան ապահովման հիմնական երաշխաւորը, ողջ հայութեան պարծանքը: Եւ բնական է, որ բանակաշինութիւնը եղել է, կայ եւ կը մնայ հանրապետութեան կենսագործունէութեան ամենակարեւոր ուղղութիւններից մէկը: Ինչքան հզօր լինի բանակը, այնքան ուժեղ ու հպարտ կը լինեն մեր պետութիւնն ու ժողովուրդը, այնքան աւելի հեշտ կը լինի հասնել միջազգային ճանաչման եւ զբաղեցնել մեր արժանի տեղը քաղաքակիրթ ժողովուրդների շարքում:
\n Անցած տարի լուրջ աշխատանքներ են կատարուել զինուած ուժերի տեխնիկական յագեցուածութեան աստիճանի բարձրացման, նոր սպառազինութեամբ համալրման, առկայ տեխնիկական միջոցների արդիականացման, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելաւման ուղղութեամբ, կառուցուել են նոր զօրանոցներ, բարելաւուել են ճանապարհները եւ սահմանային գօտու ենթակառուցուածքները: Արդիւնքում այսօր բոլոր զօրամասերում ունենք արդի չափանիշներին համապատասխան զօրանոցային պայմաններ, կոմունալ-կենցաղային, բուժական եւ այլ օբյեկտներ: Իրականացուած քայլերը հնարաւորութիւն են տուել բարձրացնել մարտական հերթապահութեան արդիւնաւէտութեան աստիճանը‘ յաջողութեամբ կասեցնելով հակառակորդի կողմից ձեռնարկուած սադրիչ գործողութիւնները:
\n 2013 թուականը բաւականին յագեցած էր համաբանակային տարբեր միջոցառումներով, որոնք մէկ անգամ եւս ցոյց տուեցին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի մարտունակութեան բարձր մակարդակը, առաջադրուած խնդիրները արդիւնաւէտօրէն լուծելու ունակութիւնը, երկու հայկական պետութիւնների զինուած ուժերի սերտ համագործակցութիւնը:
\n Խօսելով հանրապետութեան պաշտպանունակութեան բարձրացման մասին՝ անհնար է չանդրադառնալ ռազմավարական նշանակութիւն ունեցող ծրագրերի իրականացմանը: Այդպիսի նախագծերի շարքին է դասւում Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, որը կառուցւում է համայն հայութեան մասնակցութեամբ: Ակնյայտ է, որ այս շնչերակն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակութիւն: Ինչպէս գիտէք, 2013 թուականի հեռուստամարաթոնը նուիրուած էր հէնց այս ճանապարհի կառուցմանը: Հաշուի առնելով ծրագրի կարեւորութիւնը եւ պահանջուող միջոցների ծաւալը՝ հնարաւոր է, որ ամբողջութեամբ աւարտին հասցնելու համար անհրաժեշտ լինի այն կրկին ներառել յաջորդ հեռուստամարաթօնի շրջանակներում:
\n Մեր բոլոր յաջողութիւնների ամենայուսալի գրաւականներից մէկը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնն է եւ նրա շարունակական ամրապնդումը: Կարելի է վստահաբար ասել, որ արդէն իսկ ստեղծուել է մի համակարգ, որի ներքոյ աշխարհասփիւռ հայութիւնը կազմում է մի ամբողջութիւն՝ անկախ քաղաքական եւ աշխարհագրական սահմաններից ու հեռաւորութիւնից: Գիտակցելով այս ամէնը՝ պէտք է աշխատենք աւելի մեծ պատասխանատուութեան զգացումով՝ միշտ մտապահելով, որ հայոց եռամիասնութեան հզօրութիւնը կախուած է նրա իւրաքանչիւր օղակից: Մեր եռամիսնութիւնն է, որ մեզ դարձնում է անպարտելի: Սա սրբութիւն է, եւ մեզնից իւրաքանչիւրը պէտք է պաշտի այն ու պահպանի՝ յանուն մեր յետագայ բոլոր յաղթանակների:\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.