17 կուսակցութիւնների խորհրդի յայտարարութիւնը

Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրաւելու հիմնաւորմամբ, ՀՀ կառավարութիւնը երկրում յայտարարեց ռազմական դրութիւն: Այդ որոշմամբ նախատեսուեցին մի շարք սահմանափակումներ, մասնաւորապէս՝ արգելուեցին հաւաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտօնատար անձանց գործողութիւնները քննադատող հրապարակումները:

Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինեանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էութեամբ կապիտուլացիոն ակտ, որն արդարացիօրէն արժանացավ համայն հայութեան ընդվզման ու ցասումին:

Հակառակ նրան, որ Փաշինեանի ստորագրած կապիտուլացիոն համաձայնագրով վերացուեցին ռազմական դրութիւն յայտարարելու վերաբերեալ վերը նշուած սահմանափակումների հիմքերը, օրուայ իշխանութիւնները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև աւելին՝ դրանք օգտագործում են որպէս քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրաւապահ մարմինների կամայական գործողութիւնների արդիւնքում քաղաքական ընդդիմութեան ղեկավարներ և հանրութեան բազմաթիւ ներկայացուցիչներ ենթարկւում են հետապնդումների ու զանգուածային ձերբակալութիւնների:

Երկրում փաստացի հաստատուել է բռնապետութիւն:

Այդուհանդերձ, արդէն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրութեան իրաւական ռեժիմով պայմանաւորուած ձերբակալութիւնները ոչ իրաւաչափ են:

Պահանջում ենք ՀՀ իշխանութիւններից՝ անյապաղ վերացնել ռազմական դրութիւնը՝ հնարաւորութիւն տալով հանրութեանը ազատօրէն արտայայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրաւապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդուել խաղաղ հաւաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորուած իրաւունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

15.11.2020 թ.

17 կուսակցութիւնների քաղաքական խորհուրդ

յայտարարութիւնը բաց է միանալու համար:

Leave a Comment

You must be logged in to post a comment.