Նոր ճանապարհ, նոր յոյսեր, նոր հարցեր. 30 միլիոն տոլար Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի համար

 

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը Մայիսի 30-ին կայացած ամէնամեայ նիստում որոշում է կայացրել «Հեռուստամարաթոն 2013»-ի դրամահաւաքի միջոցները ուղղել Վարդենիս-մարտակերտ 114 քմ երկարութեամբ ճանապարհի կառուցմանը:

 

Դա նշանակում է, որ առաջիկայ տարիներին մենք կ՛ունենանք Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ որակեալ ճանապարհը, որն անցնելու է Քարվաճառով:

 

Միանգամից յիշեցնենք, որ արցախեան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամէնից վիճելիներից մէկն է, իսկ 2006 թուականի Ռամպույէի բանակցութիւններում, որոնցում անձամբ ներգրաւուած էր Ֆրանսայի այն ժամանակուայ նախագահ Ժաք Շիրաքը, հակամարտութեան կողմերը չկարողացան առաջընթաց արձանագրել հէնց Քարվաճառի պատճառով: Հայկական կողմը՝ պաշտօնական Երեւանը պնդում էր, որ Քարվաճառը յետ տալու խնդիրը պէտք չէ կապուի Լեռնային Ղարաբաղում հնարաւոր անցկացուելիք հանրաքուէի ժամանակացոյցի հետ:

 

Ռամպույէի բանակցութիւններից գրեթէ երկու տարի անց՝ 2007-ի Նոյեմբերի վերջերին, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները Մատրիտում ներկայացրեցին գրաւոր նոր առաջարկներ, որոնցում Քարավաճառի հարցը ամենաառանցքայիններից մէկն է: Քանի որ Մատրիտեան փաստաթուղթը այլեւս խորհրդապահական չէ եւ մասամբ հրապարակուել է հայկական մամուլում, ամբողջութեամբ ներկայացնեմ այն հատուածը, որը վերաբերում է Քարվաճառին: Հասկանալի պատճառներով այդ փաստաթղթում օգտագործուել է Քելբաջար անունը:

 

«Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ յարակից բոլոր տարածքներից: Հայկական ուժերը դուրս են բերւում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զօրամիաւորում տեղակայուելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազային անցումային յանձնաժողովը՝ մինչեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը: Քելբաջարի շըրջանի վերահսկողութիւնը իրականացնելու է Միջազգային անցումային յանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ատրպէյճանի ներկայացուցիչներ: Յանձնաժողովը իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչութեան դուրս գալը շրջանից խրախուսուելու է: Ատրպէյճանական տեղահանուած անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ, ասւում է փաստաթղթում:

 

Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կը նշանակի, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը աւելի կ՛ամրանան: Այստեղ պէտք է նշենք, որ այսօր էլ գործում է Քարվաճառի տարածքով անցնող Վարդենիս-մարտակերտ ճանապարհահատուածը, որը ձմեռուայ ամիսներին դառնում է անանցանելի, քանի որ բարձր լեռնային է:

 

Հայաստանը Արցախին կապող միակ գլխաւոր ճանապարհը ներկայում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին է, որը նոյնպէս կառուցուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ 1990-ական թուականներին:

 

Թէ քանի տարի կը տեւի Վարդենիս-մարտակերտ ճանապարհի կառուցումը, ցոյց կը տայ ժամանակը: Եթէ կառուցման համար անհրաժեշտ գումարը ամբողջութեամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պէտք է հաւաքի, ապա թերեւս մէկ հեռուստամարաթոնը բաւարար չլինի: Միւս կողմից, հաշուի առնելով այդ ճանապարհի ռազմավարական նշանակութիւնը Արցախի համար, գուցէ եւ հնարաւոր լինի սփիւռքին, այդ թւում՝ հայ մեծահարուստ բարերարներին համոզել, որ նախագիծը կենսական է, հետեւաբար անհրաժեշտ է ճանապարհը կառուցել հնարաւորինս կարճ ժամանակահատուածում, գուցէ՝ մէկ տարուայ ընթացքում:

 

Ամէն ոք, նայելով քարտէզին, կը հասկանայ, թէ խօսքն ինչ կարեւորութեան ծը- րագրի մասին է: Սակայն, միւս կողմից, բնական հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադ- րամը հէնց այսօր նման որոշում կայացնում:

 

Մեր տեղեկութիւններով, Վարդենիս-մարտակերտ ճանապարհահատուածի կառուցման նախագծի հաստատումը այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ հիմնադրամի որոշ ղեկավարներ դէմ են հանդէս եկել: Իսկ պատճառը ոչ թէ այն է, որ այդ մարդիկ չեն կարեւորում Հայաստանը Արցախին կապող երկրորդ ճանապարհի գոյութիւնը, կամ չեն գիտակցում, թէ ինչպիսի՛ ռազմավարական           նշանակութիւն ունի Վարդենիս-Մարտակերտ յուսալի ճանապարհը, այլ այն, որ այդ ճանապարհը կառուցւում է պիզնըս նպատակներով, կառուցւում է որոշակի մարդկանց եւ մասնաւոր ընկե- րութեան շահերը սպասարկելու համար առաջին հերթին:

 

Մէկ տարի առաջ՝ 2012-ի Յունիսին, Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը հաստատել էր Կաշէնի հանքավայրի շահագործման ծրագիրը: «Պէյս մեթալս» ընկերութիւնը, որը տարիներ շարունակ եղել է Արցախի հիմնական ամենախոշոր հարկատուն՝ շնորհիւ Դրմբոնի հանքավայրի շահագործման, առաջիկայ տարիներին կը շահագործի նոր՝ Կաշէնի հանքավայրը, որի տարածքը ընդ-գրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ներքին Յոռաթաղ եւ Ճանկաթաղ գիւղերը: Հանքավայրից ստանալու են պղինձ եւ մոլիպտեն: Այս ծրագրի համար «Վալեքս» ընկերութիւնը, որին պատկանում է «Պէյս մեթալս»-ը, ընդհանուր առմամբ ներդնելու է 80 միլիոն դոլար: Նախատեսւում է, որ հանքավայրը տարեկան կը մշակի 17 մլն թոն հանքաքար, որը եւ հէնց «Հայաստան» համահայակական հիմնադրամի միջոցներով կառուցուելիք Մարտակերտ-վարդենիս ճանապարհով կը հասցուի Վարդենիս քաղաքի հարեւանութեամբ գտնուող Զօդ երկաթուղային կայարան, իսկ այնտեղից, արդէն երկաթգծով, կը հասցուի Ալաւերդի  քաղաքի պղնձաձուլարան:

 

Ահա սա է պատճառը, որ «Հայաստան» հիմնադրամի որոշ ներկայացուցիչներ, ըստ մեր տեղեկութիւնների, դէմ են հանդէս եկել նախագծին, պնդելով, որ ճանապարհի կառուցման համար ներդրում պէտք է անեն նրանք, ովքեր միլիոնաւոր տոլարների շահոյթ են ստանալու Կաշէնի հանքավայրից:

 

Անկասկած, արդարացուած կը լինէր, եթէ «Հեռուստամարաթոն-2013»-ի ընթացքում ամենամեծ գումարը խոստանար «Վալեքս» ընկերութիւնը կամ նրան պատկանող «Պէյս մեթալս»ը: Եթէ Վարդենիս-մարտակերտ նոր ճանապարհի համար անհրաժեշտ է 30 միլիոն տոլար, ապա առնուազն այդ գումարի կէսը պէտք է տրամադրեն այն ընկերութիւններն ու անհատները, որոնք ստանալու են միլիոնաւոր տոլարների եկամուտ:

 

Կրկնենք, սակայն, որ անկախ շարժառիթներից, Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհի կառուցումը արդարացուած նախագիծ է, քանի որ երկարատեւ կտրուածքով այն ունի կարեւորագոյն նշանակութիւն Արցախի եւ Հայաստանի անվտանգութեան հարցում: 

 

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.