Արցախի ապրելու ձայնը՝ գրականութեան և մշակոյթի լեզուով

Յունիսի 27-ից մինչև յուլիսի 1-ը Համազգային հայ կրթական և մշակութային միութեան Արցախի գրասենեակը «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում կը կազմակերպի գրական մրցոյթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցոյթ, ցուցահանդէսներ ու համերգներ, Արցախի արդի գրականութեան վերաբերեալ զրոյցներ, հանդիպումներ, դասախօսութիւններ։

Մշակութային փառատօնի բացման արարողութիւնը կայացել է յունիսի 27-ին՝ Ստեփանակերտի «Եւրոպա» հիւրանոցի դահլիճում՝ Արցախի և ՀՀ գրական- մշակութային, հասարակական գործիչների, պետական պաշտօնեաների մասնակցութեամբ:

Բացման խօսքումՀամազգային հայ կրթական և մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը նշել է, որ գրական-մշակութային օրերի մեկնարկը տրուել է Ստեփանակերտի յուշահամալիր այցելութեամբ:

Խօսելով նախաձեռնութեան մասին, Հերմինէ Աւագեանը նշել է, որ անկախ ներկայ մարտահրաւէրներից, ունեցած անդառնալի կորուստներից, Արցախի սիրտը բաբախում է,  Արցախի այս փոքր մասնիկը շարունակում է շնչել, ու այստեղ ապրողի ցանկութիւնը պատերազմը չէ, այլ՝ սեփական հողի վրայ ապրելը, արարելը և ստեղծագործելը: Այս միջոցառումների շարքը Արցախի ապրելու ձայնն է՝ գրականութեան և մշակույթի լեզուով:

«Պատերազմը միայն սահմանին չէ, սահմանից այսկողմ ուրիշ պատերազմ է՝ մշակոյթի, գրականութեան, ազգային արժէքների պահպանման ու տարածման, ու այս ասպարեզներում իւրաքանչիւր յաղթանակ մեր ինքնութեան պահպանման, արժանապատիւ ապագայ ունենալու գրաւականներից է: Համազգայինի Արցախի գրասենեակը նշյալ ճանապարհի անխոնջ ուղեկիցն է, որովհետև Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցը եղել ու մնում է հայկական մշակոյթի զարգացման  ու տարածման առաջամարտիկներից մէկը»,- իր խօսքում ասել է Հ. Աւագեանը:

Գրական-մշակութային օրերի կազմակերպման գաղափարը երիտասարդ գրող Սերգէյ Սաֆարեանինն է: «Արցախն այսօր խնդիր ունի ամէն ոլորտում ներկայացնելու Արցախի լինելիութեան, Արցախում մեր ժողովրդի ապրելու  կամքի, իրաւունքի մասին: 7-օրեայ գրական-մշակութային օրերը նախաձեռնեցինք, որպէսզի ցոյց տանք, որ արցախցին շարունակում է ապրել այստեղ, որ արցախցին ապրելու է այստեղ և քանի դեռ այսպիսի նախաձեռնութիւնններ են իրագործւում, ուրեմն Արցախը կ’ապրի»,- ասել է երիտասարդ գրողը:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը կարևորել է յատկապէս պատերազմից յետոյ նման միջոցառումների կազմակերպումը: «Մենք գրականութեան և մշակոյթի շնորհիւ կը կարողանանք ճշմարտութիւնը գտնել, որը մեր համազգային նպատակաների մեջ է մտնում, որը մեր նախնիների և մեր ապագայ սերունդների առջև պարտաւորութիւնների անբաժան մասն է»,- բացման խօսքում ասել է Արտակ Բեգլարեանը՝ բարձր գնահատելով Համազգային հայ կրթական և մշակութային միութեան ջանքերը՝ ուղղուած Արցախում մշակութային կեանքի աշխուժացմանը:

Բացման արարողութեան ժամանակ ողջոյնի խօսքով հանդէս եկած ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարար Անահիտ Յակոբեանը շեշտել է Արցախում ապրելու և ստեղծագործելու կարևութիւնը, քանի որ ապրելով է որոշւում ամէն ինչ, ապրելով է սկիզբ առում իւրաքանչիւր կեանք:

ՀՀ Գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանի կարծիքով էլ զէնքից, զրահից զատ Հայաստանի ամենամեծ խնդիրը թէ պատերազմից առաջ և թէ յետոյ մշակութային դիւանագիտութեան խեղճութիւնն է եղել: «Մենք զլացել ենք, չենք գնահատել այդ ասպարէզի կարևորութիւնը և այսօր առաւել ևս զարմանում ենք, թէ ինչու է աշխարհը մեր ցաւի հանդէպ անտարբեր մնում: Պատերազմից յետոյ յատկապէս Արցախում այսպիսի միջոցառումները ամենաանհրաժեշտներից են, քանի հոգեբանական տրամաները, բարոյական դաշտի և ընդհանրապէս մեր կեցութեան խնդիրների վերաբերեալ գրականութիւնը, լրագրութիւնն ունի հզօր դերակատարում»,- ասել է Է. Միլիտոնեանը՝ հպարտօրէն մատնանշելով Արցախի երիտասարդների, երիտասարդ գրողների նախաձեռնողականութիւնը:

ԱՀ գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը, ողջունելով նախաձեռնութեան կազմակերպումը, կարևորել է այս դժուարին ժամանակներում գրականութեան դերը. «Ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակերում եղել է գրականութիւնը: Չեմ թերագնահատում միւս ոլորտները, բայց գրականութիւնն է մեր ազգային ոգու, արժէհամակարգի գլխաւոր կրողը»:

Ողջունի խօսքով հանդես են եկել նաև Գանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանի բազմամեայ ու վաստակաւոր տնօրէն, հասարակական գործիչ Տիգրան Ճինպաշեանը:

Վահագն Գարագաշեանի խօսքով մեծ ոգևորութիւն է գրական-մշակութային միջոցառումներին մասնակցելը, քանի որ դրա միջոցով աւելի է ամրանում արցախցի գործընկերների հետ բանաստեղծական ոգեղէն կապը:

Տիգրան Ճինպաշեանն իր խօսքում նշել է, որ չկայ միասնական հայութիւն՝ ոչ Սփիւռքում, ոչ էլ հայրենիքում, այլ կան ազգայինին նուիրուած անհատներ ու կառոյցներ: «Եթէ կայ ստեղծագործութիւն, մշակոյթ, գրականութիւն, ամէնավատ քաղաքական ու տնտեսական պայմանների մէջ իսկ ազգը շարունակում է ապրել ու գոյատևել: Ողջունելով Արցախում մշակութային սխրագործութեան բոլոր երախտաւորներին, յատուկ յիշատակութեան են արժանի գրական մշակները, որոնց գրչին վրայ է ծանրանում Արցախը պահպանելու, այն վերստին ամբողջական ու հզօր դարձնելու պայքարի գաղափարական խմբագրումը, որի արգասիքը պիտի լինի անխուսափելի յաղթանակը»,- ասել է Տիգրան Ճինպաշեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.