Ցեղասպանութիւններ իրագործելը՝ թուրքական պետական քաղաքականութեան մշտական բաղադրիչ

Զրուցեց Յասմիկ Պօղոսեանը

Որպէս հնագոյն քաղաքակրթութիւններից մէկը ստեղծած ազգ՝ յոյները ևս առանձնանում էին իրենց կրթութեամբ, տարբեր ասպարէզներում զբաղեցրած բարձր դիրքերով: Պատմութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս մեր՝ հայերիս, այնպէս էլ յոյների պարագայում իրագործուած ցեղասպանութիւնն Օսմանեան կայսրութեան կողմից վաղուց ծրագրուած քաղաքականութիւն էր: Կոտորածները, ցեղասպանութիւն իրագործելը թուրքական պաշտօնական քաղաքականութեան գլխաւոր բաղադրիչն էր: Որքան էլ այսօրուայ Թուրքիան, որ իրաւայաջորդն է Օսմանեան կայսրութեան, փորձի ժխտել պատմական իրողութիւնները, արխիւներից ոչնչացնի բոլոր վկայութիւնները, միևնոյնն է, փաստերը չեն այրւում և շարունակում են պատմել անհերքելին՝ նաև  իրենց իսկ շուրթերով:

Սեղանիս անուանի պատմաբան Ստեփան Պօղոսեանի «Թուրքերը թուրքերի մասին»  աշխատութիւնն է: Հազարաւոր վաւերագրերի շարքում կարդում եմ 1937 թուականին Պէյրութում լոյս տեսած «Ուսանողական տարեգրքից» մէջբերուած մի հատուած. այն  ներկայացնում է երեք թուրք գործիչների՝ Ահմէտ Աղայեւի (Պաքուի 1905 թ. հայ-Ատրպէյճանական ընդհարումների հրահրող), Կրաբէկովի (Պաքուի թուրք ազգայնականների ղեկավար),  Ճաուտէդ բէկի ( փիլիսոփայ) զրոյցը.

«Դոկտ. Կարաբէկով.-Օսմանեան պետութեան  ապագան ու մեծութիւնն ապահովելու համար պէտք է, որ հայերն ու յոյները չ’ապրեն այս երկրում…այլապէս  մեր պետութիւնը միշտ ենթակայ է բաժանման վտանգի:

Ճաուտէդ.-Գուցէ յարգելի դոկտորն առաջարկում է գլխովին կոտորել հայերին էլ, յոյներին էլ…

Աղաև.- Այդ ամենալաւ միջոցը կը լինէր իսլամ այս պետութիւնը և երկիրը հայերի ու յոյների ներկայութիւնից ազատելու…(կամ) պէտք է քանդել նրանց ընտանիքը, նրանց ընտանեկան կազմակերպութեան հիմքերը: Այդ երկու ժողովուրդների, մանաւանդ հայերի, ամրութեան միջնաբերդը ընտանիքն է: Եթէ քանդուի այդ միջնաբերդը, բոլոր նրանց ամրութիւնները կը քանդուին և նրանց կոտորել պէտք չի զգացուի, որովհետև ինքնաբերաբար կ’ոչնչանան որպէս ազգային միութիւններ»:

Օսմանեան պետութեան նպատակը Մեծ Թուրանի երազանքն իրագործելու ճանապարհին Արևելքը քրիստոնեայ ազգերից «դատարկել»-ն էր, որտեղ նրանք իրենց պատմական բնօրրաններում ապրել էին հազարամեակներ… և ցեղասպանութեանը զոհ գնացին հայերը, յոյները, ասորիները…

Մայիսի 19-ը Պոնտոսի յոյների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն է: Հայաստանն այդ ոճրագործութիւնը ճանաչած երկրների թուին է դասւում: Որպէս ցեղասպանութեան և հայրենազրկման ցաւն ապրած ազգ՝ մենք այսօր յոյն ժողովրդի կողքին ենք, ինչպէս որ իրենք են մեզ սատարում ամէն տարուայ ապրիլի 24-ին՝ աշխարհի բոլոր երկրներում մասնակցելով յիշատակի արարողութիւններին: Եւ իմ զրուցակիցը «Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի աւագ գիտական աշխատող, պատմական գիտութիւնների թեկնածու ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆՆ  է։

 

«Անհրաժեշտ է մշտապէս թարմ պահել ցեղասպանութիւնների վերյուշը»

 

Թեհմինէ Մարտոյեանի ուսումնասիրութիւնների ոլորտներում Զմիւռնիայի հայերի ու յոյների բնաջնջման և քաղաքի հրկիզման պատմութեան, զոհի հոգեբանական ժխտման և ցեղասպանագիտութեան հետ կապուած մի շարք առանցքային թեմաներն են:

2014 թ. յունիսի 12-ից 14-ը Թեսաղոնիկէի Արիստոտէլի անուան համալսարանի Քաղաքագիտութեան ֆակուլտետի կազմակերպած «Վայրի Եւրոպա 1914 թ. օգոստոսից մինչև Շոա» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել է զեկուցման հետևեալ թեմայով. «Բացառելով բնաջնջման հնարաւորութիւնը. Զմիւռնիայի հայ և յոյն բնակչութեան դիրքորոշումն յառաջիկայ յանցագործութիւնների նկատմամբ (1922 թ. սեպտեմբեր)»:

Թ. Մարտոյեանի հեղինակազօրուած թարգմանութեամբ 2014 թ․ լոյս է տեսել ԹԷՈՖԱՆԻՍ ՄԱԼԿԻԴԻՍԻ «ՅՈՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ. ԹՐԱԿԻԱ, ՓՈՔՐ ԱՍԻԱ, ՊՈՆՏՈՍ» խորագրով մենագրութիւնը (գրախօսներ՝ պ. գ. թ. Եւգենիա Մանուկեան, պ. գ. թ. Մելինէ Անումեան, խմբագիր՝ պ. գ. թ. Գէորգ Վարդանեան, սրբագրիչ՝ Մարինէ Ամիրեան):

2019 թ․ օգոստոսի 20-25-ը մասնակցել է «Մշակութային տրաւմայ․ Հոլոքոստը և ցեղասպանութիւններն Արևելքում» ամառային դպրոցին:

 

ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ Յարգելի՛ Թեհմինէ, մայիսի 19-ը Պոնտոսի յոյների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն է: Երիտթուրքերի կառավարութեան կողմից Պոնտոսում իրականացուած ցեղասպանութեանը զոհ է դարձել ըստ տարբեր աղբիւրների շուրջ 353.000 յոյն, որն արձանագրուել է պատմութեան մէջ՝ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։ Հետաքրքիր է յատկապէս հայ պատմագրութեան անդրադարձը յոյն ժողովրդի ցեղասպանութեանը։

Թ Մ1994 թ. փետրուարի 24-ին Յունաստանի Հանրապետութեան խորհրդարանը մայիսի 19-ը յայտարարեց Յոյների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր, որը կապուած է Մուստաֆա Քեմալի Սամսուն հասնելու հետ։ Յոյների ցեղասպանութիւնը ոգեկոչւում է նաև սեպտեմբերի 14-ին՝ կապուած 1922 թ. Զմիւռնիայի քրիստոնեաների կանխամտածուած բնաջնջման, ապա՝ քաղաքի հրկիզման հետ։

Հայ պատմագրութեան մէջ օսմանահպատակ յոյների պատմութեան նախացեղասպանական և բուն ցեղասպանական շրջանին որոշակիօրէն անդրադարձել են Մանուէլ Զուլալեանը, Ճոն Կիրակոսեանը, Հրաչ Բարթիկեանը, Վահագն Տատրեանը, Ռիչըրտ Յովհաննիսեանը, Յովհաննէս Ինճիկեանը, Հրաչիկ Սիմոնեանը, Արման Կիրակոսեանը, Արսէն Աւագեանը, Գէորգ Քիլիմճեանը, Արտեմ Ուլունեանը և այլք։ Պատմաբան Գէորգ Վարդանեանի «Յոյն բնակչութիւնն Օսմանեան կայսրութիւնում և փոքրասիական աղէտը (1914-1923 թթ.)» մենագրութիւնը յոյն ժողովրդի բռնի տեղահանութիւնների և կոտորածների հետևողական քաղաքականութիւնը համապարփակ ներկայացնելու առաջին փորձն է։

Օսմանեան պետութիւնը յոյների տեղահանութիւններն ու կոտորածներն իրագործեց երեք հիմնական փուլով` 1913-1914 թթ. (1914թ. առաջին կէս, որոշակիօրէն 1915 թ.), 1916-1918 թթ. և 1919-1923 թթ.: Թրակիայում, Փոքր Ասիայում և Պոնտոսում վերջ դրուեց յունական քաղաքակրթութեանը։

Յ.Պ.-Պատմական Պոնտոսը գտնւում էր Օսմանեան պետութեան կազմում և ընդգրկում Սեւ ծովի ափամերձ տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին Պոնտոսի յոյն բնակչութիւնը 700.000 մարդ էր։ Փաստօրէն Պոնտոսում ապրող յոյների 50 տոկոսը բնաջնջուեց թուրք բարբարոսների կողմից։ Մէկ դարից աւելի ժամանակ է անցել: Արդեօ՞ք աշխարհը հասցրել է իրաւաքաղաքական գնահատական տալ պատմական եղելութեանը:

ԹՄՊոնտոսի յոյն բնակչութիւնը երիտթուրքական ծայրայեղ ազգայնամոլական ծրագրերի զոհը դարձաւ։ Առաջին աշխարհամարտի սկսուելուն պէս՝ յոյների նկատմամբ հալածանքներն ուժգնանում և շարունակւում են՝ հասնելով իրենց բարձրակէտին 1919 թ. յետոյ, երբ Մուստաֆա Քեմալը փաստացի իշխանութիւն է ձեռք բերում Օսմանեան անկայուն պետութեան մէջ: Պոնտոսի յոյների նկատմամբ իրագործուած ցեղասպան քաղաքականութեանը զոհ գնաց շուրջ 353.000 յոյն, հազարաւոր յոյներ հարկադրաբար իսլամացան, իսկ նրանք, ովքեր հրաշքով վերապրեցին՝ ապաստան գտան Յունաստանում և աշխարհի ամենատարբեր երկրներում։ Յոյների ցեղասպանութիւնը մարդկութեան դէմ ուղղուած մեծագոյն յանցագործութիւններից է, որը ևս անպատիժ է մնացել։

Յոյների ցեղասպանութիւնը ճանաչել են Շուէտի խորհրդարանը, Կիպրոսի Հանրապետութեան Ներկաեացուցիչների պալատը, Հարաւային Աւստրալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի սենատորներ, կառավարիչներ, քաղաքագլուխներ և այլն: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցութեան ընդունած բանաձևում կայսրութեան քրիստոնեայ փոքրամասնութեան նկատմամբ օսմանեան արշաւը 1914-1923 թթ. ընթացքում որակուած է որպէս հայերի, ասորիների և յոյների նկատմամբ իրագործուած ցեղասպանութիւն:    

 

Յ.Պ.-Պոնտոսի յոյների ցեղասպանութիւնը փաստող անհերքելի վկայութիւնները ևս շատ են՝ սկսած իրադարձութիւնների ընթացքից մինչև ականատեսների յուշեր, վերապրողների կեանքի պատմութիւններ: Այս ամէնով հանդերձ ներկայիս Թուրքիան, որ իրաւայաջորդն է Օսմանեան կայսրութեան, ունի՞ նոյն ժխտողական վերաբերմունքը, ինչ Հայոց ցեղապանութեան դէպքում: Կը փափաքէի անդրադառնանք նաև այս հարցին:

Թ Մ -Յոյների ցեղասպանութեան ժխտման Թուրքիայի Հանրապետութեան թէզերը, մեթոտները և շարժառիթները գրեթէ նոյնն են, ինչ Հայոց ցեղասպանութեան պարագայում։ Հայոց և յունաց ցեղասպանութիւնների ժխտման «թուրքական մարտավարութիւնը» պայմանաւորուած է հայ-թուրքական և յոյն-թուրքական յարաբերութիւններով։ Նկատի ունենալով յոյն-թուրքական ճգնաժամային հիմնախնդիրները և հաշուի առնելով Յունաստանի և Թուրքիայի միջև առկայ յարաբերութիւնները, Յունաստանի ցանկացած դրսևորում՝ կապուած յոյների ցեղասպանութեան թեմայի հետ, Թուրքիան վերահսկում և անհրաժեշտութեան դէպքում` սպառնալիքների գործադրմամբ, կանխում է, եթէ այն հակասում է Թուրքիայի շահերին կամ չի համապատասխանում իր կերտած «պատմութեանն ու իրականութեանը»։

Յոյների ցեղասպանութեան թեմայի ուսուցանումը նոյնպէս վերահսկւում է։ Եթէ հայ աշակերտը դեռևս դպրոցում բաւականաչափ տեղեկութիւն է ստանում Հայոց ցեղասպանութեան մասին, ապա յոյն աշակերտը սեփական ժողովրդի ցեղասպանութեան վերաբերեալ պատկերացում չի կարող կազմել դպրոցական դասագրքերի միջոցով։

 

Յ.Պ.-Օսմանեան կայսրութիւնում այդ տարիների ամերիկեան դեսպան Հենրի Մորկենթաուն գրել է. «Յոյների հանդէպ թուրքերը որդեգրել էին նոյն գործելաոճը, ինչ հայերի դէպքում։ Նրանց զօրակոչում էին օսմանեան բանակ, յետոյ ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով Կովկասում ու ռազմական գործողութիւնների թատերաբեմ հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Յոյն զինուորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից»։ Ինչի՞ մասին է  վկայում պատմական նման բազմաթիւ փաստերի առկայութիւնը: Արդեօ՞ք պատմութիւնը ևս մէկ անգամ չի արձանագրում այն իրողութիւնը, որ Օսմանեան կայսրութիւնն ի սկզբանէ նպատակ է ունեցել Մեծ Թուրանի ծրագիրը կեանքի կոչելու ճանապարհին Արևելքից բնաջնջել բոլոր քրիստոնեայ ազգերին, ինչի  դրսևորումը հայերի, յոյների, ասորիների հանդէպ՝  գրեթէ  զուգահեռ գործադրուած ոճրագործութիւններն են:

Թ Մ– Օսմանեան պետութեան ցեղասպան քաղաքականութեան դրսևորումներից էր հայերի, յոյների, ասորիների բնաջնջումը այն ժամանակին չդատապարտուեց ինչպէս հարկն է՝ որպէս մարդկութեան դէմ կատարուած մեծագոյն յանցագործութիւն: Հետևաբար, անհրաժեշտ է մշտապէս թարմ պահել ցեղասպանութիւնների վերյուշը, որպէսզի չկրկնուեն հայերի, յոյների, ասորիների, հրեաների ու շատ այլ ժողովուրդների ցեղասպանութիւնները և ընդհանրապէս մարդկութեանը վտանգ սպառնացող համանման «պայթիւնները», որոնք կարող են կործանել ժողովուրդների, ամայացնել մոլորակն ու ոչնչացնել քաղաքակրթութիւնը:

 

Յ.Պ.-Ի՞նչ տեղի ունեցավ Զմիւռնիայում՝ 1922 թ սեպտեմբերին:

ԹՄ1922 թ սեպտեմբերին քեմալականները Զմիւռնիայի քրիստոնեաների նկատմամբ իրենց գործողութիւնների ծրագիրն իրականացրել են որոշակի յաջորդականութեամբ. սպաննութիւն, կողոպուտ, առևանգում, բռնաբարութիւն, ապա՝ հայկական և յունական թաղամասերի հրկիզում։ Մուստաֆա Քեմալի՝ նոր պետականութեան հիմքը դրուեց անմեղ ժողովուրդների արեան յեղմամբ և նրանցից զաւթուած ունեցուածքի սեփականացումով: Քաղաքի քրիստոնեաների թաղամասերը հրկիզելու՝ թուրքերի կանխամտածուած ծրագիրը նպատակ էր հետապնդում թաքցնել յանցագործութեան հետքերը հրդեհի միջոցով: Զմիւռնիայի արիւնայեղութեանը զոհ գնաց 100-120.000 մարդ։

Զմիւռնիայի հայերի և յոյների նպատակադրուած բնաջնջումը պէտք է դիտարկել որպէս ցեղասպան քաղաքականութեան շարունակութիւն. այն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգիլելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրոյթներին, իրագործուել է պետական մարմինների կողմից և դրանց մասնակցութեամբ։

  

Յ.Պ.- Ինչպէ՞ս ծնուեց «Տե՛ս, նաւակդ ճեղք չունենայ» ֆիլմի ստեղծման գաղափարը։

Թ.Մ.- Զմիւռնիայի քրիստոնեայ բնակչութեան` հայերի ու յոյների բնաջնջման և քաղաքի քրիստոնեայ թաղամասերի (յունական և հայկական) հրկիզման վերաբերեալ ուսումնասիրութեան ընթացքում մտովի վերապրել եմ Զմիւռնիայի 1922 թ. սեպտեմբերեան ողբերգութիւնը: Ամէն անգամ, երբ մտածում էի, թէ ինչպիսի ցանկութիւն կարող է ունենալ այն ականատես վերապրողը, ում աչքի առաջ սպաննել են հօրը, բռնաբարել քրոջը, յեղել սեփական ժողովրդի արիւնը, հրկիզել սիրելի քաղաքը, հետևեալ միտքն էի ունենում. «…Մի գիւղ կը հիմնէի, անունը կը դնէի Զմիւռնիա…»:

 2013 թ   «Տե՛ս, նաւակդ ճեղք չունենա» ֆիլմի ստեղծման գաղափարը ծնուեց կորցրածը վերստեղծելու ցանկութիւնից, որը նուիրուած է 1922 թ. սեպտեմբերին Զմիւռնիայում իրագործուած կոտորածների զոհը դարձած հայերի և յոյների յիշատակին:

 

Յ.Պ.-Ուզում եմ մեր ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրենք մէկ այլ փաստի վրայ. Հնարաւո՞ր է մօտ ապագայում միջազգային գիտաժողով հրաւիրել և այս զուգահեռների մէջ դիտարկել թէ՛ հայերի և թէ՛ յոյների ցեղասպանութիւնները, որոնք Օսմանեան կայսրութեան համար եղել են պետական գաղափարախօսութիւն:

ԹՄ – 2013 թ. մայիսի 10-11-ը Շիքակօ քաղաքում (ԱՄՆ) հրաւիրուեց միջազգային գիտաժողով` նուիրուած հայերի, յոյների և ասորիների ցեղասպանութիւններին: Այն իր ձևաչափի մէջ առաջինն էր, որ անդրադառնում էր բացառապէս այն ժողովուրդների ցեղասպանութիւններին, որոնք իրագործել էր Օսմանեան պետութիւնը: Գիտաժողովը կազմակերպել էր Փոքրասիական և Պոնտոսի յունական հետազոտական կեդրոնը, Ցեղասպանութեան ուսումնասիրութեան ասորական կեդրոնը և Ամերիկայի Հայ Ազգային կոմիտէն, որն անցկացուեց Իլլինոյի Հոլոքոստի թանգարան-կրթական կեդրոնում: Ներկայացուցչական այս միջոցառմանը բազմաթիւ հեղինակաւոր գիտահետազոտական կեդրոնները (Զօրեան ինստիտուտ, Գլարքի, Ֆլորիտայի, Նիու Օրլէանի համալսարաններ, Լոնտոնի թագաւորական քոլէճ և այլն) ներկայացնող գիտնականների հետ մէկտեղ հրաւիրուած էին նաև մասնագէտներ Հայաստանից (Սուրէն Մանուկեան, Գէորգ Վարդանեան, Անահիտ Խոսրովեան, Թեհմինէ Մարտոյեան): Հեղինակաւոր այս գիտաժողովը կարևոր ներդրում էր հայերի, յոյների և ասորիների ցեղասպանութիւնների ուսումնասիրման նոր մոտեցումների մշակման, ինչպէս նաև ոճրագործութեան ճանաչման և դատապարտման գործում։ Համանման գիտաժողովները, կլոր սեղան քննարկումները, դասախօսութիւնները, յիշողութեան շաբաթներն ու յիշատակի երեկոները և ընդհանրապէս հայերի, յոյների, ասորիների ու այլ ժողովուրդների ցեղասպանութիւններին նուիրուած ցանկացած միջոցառում կարևոր ներդրում է պահանջատիրութեան ճանապարհին։

Յ.Պ.- Գիտենք, որ յոյների ցեղասպանութիւնը ճանաչել են մի շարք պետութիւններ, միջազգային կազմակերպութիւններ, այդ թւում՝ ՀՀ Ազգային ժողովը 2015-ի մարտի 24-ին դատապարտել է Օսմանեան պետութեան իրագործած յոյների և ասորիների ցեղասպանութիւնները։ Մեր պետութեան կողմից կատարուած այս կարևոր քայլը կարո՞ղ է նպաստել հետագայում մեր ժողովուրդների՝ յանուն պատմական արդարութեան մղուող պայքարն աւելի ուժեղացնելու համար, ինչպէս նաև աշխարհում շարունակուող ցեղասպանութիւնների դէմ պայքարի դաշտում մեր ազգերի ներուժը մէկտեղելու համար:

ԹՄ– Պատմական արդարութեան և ցեղասպանութիւնը վերապրած ժողովուրդների իրաւունքների վերականգնման համար պայքարում խիստ կարևոր է համագործակցութեամբ պահանջատէր լինելը։ Ականատեսների բազմահազարանոց բանակը մեծ ժառանգութիւն է թողել, որն ունի մէկ ընդհանուր պատգամ: Օսմանեան պետութեան մէջ տեղի ունեցող զանգուածային սպաննութիւնները կասեցնելու յուսահատ ջանքերը ստիպել են նրանց հաւաստի պատմութիւններ շարադրել առանձին ժողովուրդների բնաջնջման մասին: Նրանք թղթին են յանձնել այդ զարհուրելի փաստերի նկարագրութիւնը՝ հաւատալով, սակայն, որ մի օր իրենց թողած վկայութիւնները ծառայելու են որպէս փաստաթուղթ՝ կատարուածին ճիշտ բնորոշում տալու և մեղաւորներին պատժելու համար։

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում յոյների ցեղասպանութեան փաստը ճանաչելիս և այն դատապարտող փաստաթուղթը կազմելիս օգտագործուել են Գէորգ Վարդանեանի աշխատութեան մէջ ներկայացուած դրոյթներն ու մշակումները։

 

Յ.Պ.-Ամէն տարի ապրիլի 24-ին, երբ տարբեր երկրներում ապրող հայկական համայնքները յիշատակում ու ոգեկոչում են Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակը, մեզ են միանում այդ երկրների յունական, ասորական համայնքները: Սակայն կը փափաքէի խօսենք մի կարևոր բացթողման մասին. ի՞նչ աշխատանք պէտք է տարուի մեր երկրի ներսում, որպէսզի Պոնտոսի յոյների ցեղասպանութեան յիշատակի օրը՝ մայիս 19-ին, երբ յունական համայնքը բարձրանում է Ծիծեռնակաբերդ, նրանց միանան աւելի շատ թիւով մեր հայրենակիցներ, ինչը, կարծում եմ, բարոյական առումով կարևոր նշանակութիւն կ’ ունենայ մեզ համար:

 Թ.Մ.-Անշուշտ, կարելի է կազմակերպել։ «Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ»-ը՝ ի դէմ տնօրէն Յարութիւն Մարութեանի, իր գործունէութեան ընթացքում այս տարի յունուարին առաջին անգամ կազմակերպեց Հոլոքոստի յիշողութեան շաբաթ՝ նուիրուած Աուշվից-Բիրկենաու համակեդրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 75-ամեակին: Այս նախաձեռնութիւնը՝ «յիշողութեան շաբաթ»-ը, նախատեսուած է ցեղասպանութիւնների զոհ դարձած ժողովուրդների անմեղ զոհերի յիշատակին, այդ թւում՝ յոյների։ Սակայն ներկայ  իրավիճակով պայմանաւորուած՝ յունական համայնքի հետ համագործակցութեամբ այս կարևոր միջոցառումը յետաձգուեց։

Յատկանշական է, որ Աթէնքի Նէա Զմիռնի թաղամասի Արմէնիա հրապարակում 1998 թ տեղադրուած Հայոց ցեղասպանութեան զոհերի «Զանգակ» յուշակոթողը կառուցուել է Յունաստանի հայ ազգային կոմիտէի և քաղաքապետի աջակցութեամբ։ Յուշարձանը խորհրդանշում է հայերի կարօտը և հայրենի երկիր վերադառնալու ձգտումը, իսկ զանգի վրայի փոսերն ու ճաքերը մարմնաւորում են հայերի ծանր ու դժուար կեանքը ցեղասպանութեան տարիներին։

 Ցեղասպանութիւնը վերապրած ժողովուրդները կսկիծով ու ցասումով են յիշում իրենց պատմութեան արիւնոտ ու ողբերգական էջերը: Ոճրագործութիւնն անդառնալիօրէն ազդում է հետագայ սերունդների ինչպէս հոգեկերտուածքի, կենսագործունէութեան, ազգային դիմագծի, այնպէս էլ՝ երազանքների և նպատակների վրայ: Ցեղասպանութեան ծանրագոյն յանցագործութիւնը կանխարգիլելու, մարդու իրաւունքներն ու հիմնարար ազատութիւնները պաշտպանելու, միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը նպաստելուն են ուղղուած բոլոր այն ջանքերը, որ այսօր գործադրում է առաջադէմ հասարակութիւնը: Համամարդկային չարիքի դէմ ընդհանուր պայքարում կարևոր է բոլորիս դերակատարութիւնը:

Հարցազրոյցի ընթացքում հետաքրքիր գաղափարների և կարևոր հարցադրումների համար շնորհակալութիւն եմ յայտնում Յասմիկ Պօղոսեանին ։

 

-Յարգելի՛ Թեհմինէ, շնորհակալութիւն նաև Ձեզ ՝ անչափ կարևոր զրոյցի համար: Այո, ցեղասպանութիւնների վերյուշը և ցաւը պէտք է միաւորի բոլորիս ցեղասպանութիւնների կրկնութիւնը ապագայում թոյլ չտալու համար՝ չմոռանալով նաև հատուցման մասին: Ինչպէս պատմութիւնն է ցոյց տալիս՝ չդատապարտուած ու չպատժուած ոճիրներն են ծնում նոր յանցագործութիւններ:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.