Սեփականշնորհելով «Ժողովուրդ»ին «ձայն»ը

Կարդացի Լորիկ Թիթիզեանի (ԼԹ) գրած յօդուածը «Ասպարէզ»ի  Յունուար 29, 2021-ի առցանց համարի մէջ, որը գրուած էր ի պատասխան Մագօ Մկրտիչեանի (ՄՄ) յօդուածին, հրապարակուած նոյն թերթի Յունուար 14, 2021ի համարում, որը նոյնպէս կարդացել էի:

ԼԹ-ի և ՄՄ-ի միջև առկայ ընտանեկան յարաբերութիւնների հիման վրայ կատարուած նկարագրութիւնները ՄՄի մասին, մեղմ ասած, վիրաւորական են: ՄՄ-ին որպէս՝ « նուիրուած» մայր եւ ՀՕՄ-ի վաստակաւոր անդամուհի « ճանաչած»  ԼԹ-ն փորձում է հասկացնել տալ, որ ՄՄ-ն բավարար որակաւորումը չունի իր կարծիքը արտայայտուելու Հայաստանի առկայ իրավիճակի վերաբերեալ:

Աւելի կարեւոր է, սակայն, որ ՄՄ-ի յօդուածը շատ աւելի բովանդակային արժանիքներ ունի, քան ԼԹ-ի մակերեսային տեսութիւնը: Չնայած ես համաձայն չեմ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերեալ ՄՄ-ի բոլոր վերլուծութիւններին, քանի որ դրանք աւելի շերտաւորուած եւ բարդ են, քան ներկայացուած են ՄՄի յօդուածում, սակայն նա կատարում է կարեւոր դիտարկումներ, որոնք վաւերացւում են համաշխարհային քաղաքականութեան պատմական զուգահեռներով: ԼԹ-ին չի յաջողուել պատշաճ կերպով կարդալ եւ հասկանալ ՄՄ-ի հիմնական պատգամը: Նրա պատասխանը պարզունակ է, զուրկ է իրական  պատգամներից եւ աւարտւում է Նիկոլ Փաշինեանի նախապատերազմական քաղաքականութեան էյֆորիկ եւ անխոհեմ արդարացումներով:

Իր յօդուածում Մ.Մ.-ն չի նուաստացնում կամ թերագնահատում «ժողովրդի» կարեւորութիւնը: Իրականում, նրա դիտարկումներն ու քննադատութիւններն ընդհանրապէս ուղղուած չեն «ժողովրդին»: Նրա քննադատութիւնն իրականում ուղղուած է այն առաջնորդներին, ովքեր «ժողովրդի անունից» իրենք իրենց «քարտ բլանշ» են տալիս գործելու այնպէս, ինչպէս կամենում են եւ առանց վերաքննութեան եւ վերահսկողութեան ենթարկուելու, միակողմանիօրէն եւ սանձարձակ կերպով վճռում են մի ամբողջ ազգի ճակատագիրը: Դա իրականացնելու համար նրանք օգտագործում են «ժողովուրդ» վերացական եւ անհաշուարկելի հասկացողութիւնը` խարխլելով «ազգի» իրական շահերը:

«Ժողովրդի» տուած մանդատը չարաշահելու հասկացութիւնը չի սահմանափակւում Հայաստանով, թաւշեայ յեղափոխութեամբ կամ Նիկոլ Փաշինեանով: Մենք դա բազմիցս տեսել ենք պատմութեան ընթացքում: «Մարդիկ» միշտ ունեցել են օրինական դժգոհութիւններ կառավարութիւնների կամ կառավարիչների դէմ: Որոշ դէպքերում, այդպիսի բողոքների արտայայտումը ճնշուել է, միւս դէպքերում`մի ակտիւիստ կամ ակտիւիստների խումբ յաջողութեամբ համախմբել է ժողովրդական տրամադրութիւնները եւ վերցրել երկրի ղեկավարութիւնը: Ցաւալիօրէն սակայն, շատ դէպքերում, նրանք, ովքեր իշխանութեան են եկել ժողովրդի աջակցութեամբ, անտեսելով «ազգի» եւ յատկապէս այն կազմաւորող քաղաքացիների՝ «ժողովուրդի» իրական շահերը «սեփականաշնորհել» են «ժողովրդի» իրաւունքներն ու ցանկութիւնները եւ նրանց անունով կատարել են ամէն տեսակ չարագործութիւն: Պատմական օրինակները շատ են` Խորհրդային Միութիւն, Չինաստան եւ այլն:

«Ժողովրդի» անունով խօսելը կամ «ժողովուրդ» հասկացութիւնը գերագոյն քաղաքական արժէքի վերածելը ոչ հաւասար է «ժողովրդ»ի ցանկութիւնը յարգելուն, ոչ էլ օրինականութիւն է շնորհում ղեկավարներին, երբ նրանք կարող են անել ամէն բան առանց վերահսկողութեան:

Վերոնշեալը ՄՄ-ի յօդուածի հիմնական ուղերձն է: ԼԹ-ին չյաջողուեց դա տեսնել: Յոյսով եմ այլ ընթերցողները կը յաջողեն այն ընկալել:

ՄՄ-ի այն միտքը, որ Սորոսն ու օտարերկրեայ տէրութիւններն են  կազմակերպել թաւշեայ յեղափոխութիւնը եւ յետագայ զարգացումները, կարող է մի փոքր խոցելի թուալ քաղաքական վերլուծութեան համատեքստում: Հայաստանի ներկայ իրավիճակի ամբողջ պատասխանատւութիւնը Սորոսի կամ այլ օտար մութ ուժերի վրայ դնելը արդիւնաւէտ ուղղութիւն չէ քաղաքական վերլուծութեան դիտանկիւնից: Ակնյայտ է, որ Սորոսը չի կազմակերպել թաւշեայ յեղափոխութիւնը: Թաւշեայ յեղափոխութիւնը «ժողովրդի» իրագործումն էր (այս համատեքստում ճիշտ օգտագործմամբ), որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինեանը, եւ հասաւ գագաթնակէտին` այսինքն անարիւն իշխանափոխութեան, երբ Սերժ Սարգսեանը դիմադրելու փոխարէն, շտապ հրաժարական տալու որոշում կայացրեց: Չնայած, որ Հայաստանում չի կարելի անտեսել արտաքին քաղաքական հասկացութիւնների եւ աշխարհահայեացների ներշնչման դերն ու ազդեցութիւնը:

Իրողութիւն է որ մի շարք հաստատութիւններ ու հասարակական կազմակերպութիւններ (ՀԿ), առատաձեռնօրէն ֆինանսաւորել են Սորոսի ու Սորոսականների միջոցով և Հայաստանում  և  բազմաթիւ  այլ երկրներում: Տեղական այդ կազմակերպութիւններն իրենց հերթին աշխատանքի են տեղաւորել մեծ թուով ակտիւիստների եւ աջակցել նրանց համալսարանական կրթութիւն ստանալուն, լեզուներ սովորելուն եւ միջազգային կապեր հաստատելուն: Նման ՀԿների փիլիսոփայական հիմքը եւ աշխարհահայեացն իհարկէ յաճախ բախուել են Հայաստանի ազգային շահերի եւ աւանդական արժէքների հետ:

Իսկ այն երիտասարդ ակտիւիստները, ովքեր որոշակի հմտութիւններ էին ստացել այդ ՀԿներում, յայտնուեցին Նիկոլ Փաշինեանի շարժման ուժեղ կողմնակիցների շարքերում եւ շարժման յաջողութեան իբրև հետևանք պարգեւատրուեցին առանցքային պաշտօններ ստանալով: Ուստի նրանք ևս այսօր կրում են իրենց պատասխանատւութեան բաժինը անցած երեք տարիների ընթացքում քաղաքական զարգացումների, այդ թւում նաեւ Արցախեան պատերազմի համար: Ես զերծ կը մնամ նման պատասխանատւութիւնը վերլուծելուց կամ գնահատելուց: Վստահ եմ, որ ընթերցողները կարող են դա անել ինքնուրոյն կերպով:

Ես համաձայն եմ ԼԹ-ի հետ, որ Հայաստանում «ժողովուրդ»ը ցանկանում էր  փոփոխութիւններ կատարել, եւ նրա դէպի աւելի լաւ կեանքի ձգտումը ինքնուրոյն էր եւ արդարացի: Նիկոլ Փաշինեանը եկաւ իշխանութեան ակնյայտօրէն համաժողովրդական պահանջով: Այնուամենայնիւ, նոր կառավարութեան անվերահսկելիութեան հաւակնութիւնը եւ վերաքննելիութիւնից հրաժարուելը ու նոր ղեկավարների կողմից արտասանուած իւրաքանչիւր կարգախօսին նրանց համակիրների կոյր աջակցութիւնն ու դրանց տարածումը յաճախ կատարուեցին առանց գնահատելու  որ այդ կարգախօսերը հարիր չեն  նոյն այդ առաջնորդների նախկին յայտարարութիւններին կամ խոստումներին:

Նիկոլ Փաշինեանին եւ նրա գործընկերներին տրուեց «քարտ բլանշ» գործելու իրենց ուզածի պէս, ամբարտավանանալ և զերծ մնալ որևէ պատասխանատւութիւնից: Ուրեմն այս կոյր համակիրները  նոյնպէս պատասխանատւութիւն են կրում վերջին երեք տարիների քաղաքական զարգացումների, այդ թւում` Արցախեան պատերազմի համար:

Գրեթէ երեք տարի անց տնտեսութեան մէջ մենաշնորհը չի թուլացել, եւ Սամուել Ալեքսանեանի (Լեֆիկ Սամոյի) նմանները շարունակում են բարգաւաճել փոխելով իրենց հաւատարմութիւնը եւ գտնելով նոր «գործընկերներ»: Ակնյայտ է դարձել, որ նոր առաջնորդների նպատակը ոչ թէ մենաշնորհը արմատախիլ անելն էր, այլ իւրացնել այդ մենաշնորհը:

Գրեթէ երեք տարի անց ոչ մի անձ չի դատապարտուել կոռուպցիայի համար: Սա նշան է, որ կառավարութեան իրական նպատակը ոչ թէ կոռուպցիան զսպելն էր, այլ դրա նոր շահառուն դառնալը կամ այն որպէս քաղաքական լծակ օգտագործելը (դատական համոզիչ փաստարկներ  և ապացոյցներ գտնելու դժուարութիւնը ընդունելի պատրուակ չէ: Հայաստանի կառավարութեան համարեա 25 տարուայ գլխաւոր գանձապետ՝ Ատոմ Ջանջուղազեանը այժմ ֆինանսների նախարար է: Անցնող քառորդ դարի ընթացքում երկրի դրամական միջոցների տեղաշարժի մասին նրա գիտելիքները ոչ մի զուգահեռ չունի):

Գրեթէ երեք տարի անց Հայաստանում իրաւապահ մարմինների պատմականօրէն առարկելի վարքագիծը չի բարելաւուել: Ընդհակառակը, Նիկոլ Փաշինեանի վարչապետ դառնալուց յետոյ նրա առաջին գործողութիւնը եղաւ այն, որ փորձեց ամրապնդել այս անգամ իր վերահսկողութիւնը տարբեր իրաւապահ մարմինների նկատմամբ: Աւելին, երբ նոյն մարմինների ղեկավարները հրաժարուեցին կատարել նրա հրամանները, քանի որ դրանք անօրինական էին, նրանք անմիջապէս փոխարինուեցին այլ գործընկերներով, ովքեր կասկածի տակ չէին դնում վարչապետի անհեթեթ հրամանները: Վարչապետը փոխարէն դրամն ու միջոցներն ուղղէր դէպի չհամալրուած եւ թոյլ յագեցած զինուած ուժերին, ամենաժամանակակից եւ նորաձեւ սարքաւորումներով եւ համազգեստով յագեցրեց ներքին ոստիկանական ուժերին (ներառեալ դէմքը ծածկող դիմակները, որոնք նախկինում չեն օգտագործուել),:

Վերջին երեք տարիների ընթացքում երկրում ոչ մի էական ներդրում չի կատարուել, ինչը ցոյց է տալիս, որ կառավարութեան հռետորաբանութիւնը «ժողովրդի» մէջ կարող է էյֆորիա եւ կոյր աջակցութիւն առաջացնել, սակայն չի կարող վստահութիւն ներշնչել ներդրողներին:

Եւ նախկինում երբեք, Հայաստանի ոչ մի նախագահ կամ վարչապետ հրապարակաւ իր կողմնակիցներին չի պատուիրել արգելափակել դատարանի դահլիճի մուտքը, որպէսզի նրանք կանխեն դատական այնպիսի որոշումներ, որոնց հետ համաձայն չէ երկրի ղեկավարը:

Մօտ երկու տասնամեակ «Հայաստան Համահայկական Հիմնադրամը աշխատել էր որպէս իրական բարեգործական կազմակերպութիւն` հեղինակաւոր հոգաբարձուների խորհրդի եւ այնպիսի գործառութիւնների համաձայն, որոնք համապատասխանում էին աշխարհի լաւագոյն շահոյթ չհետապնդող կազմակերպութիւնների չափանիշներին:  Իրագործուելիք նախագծերը խնամքով ընտրւում էին, եւ ծախսերը կատարւում,  նախատեսուած հաշուարկների համաձայն, պատշաճ վերահսկողութեամբ: Մի գիշերուայ ընթացքում ներկայի կառավարութիւնը արատաւորեց Հիմնադրամի հեղինակութիւնը եւ ռիսկի ենթարկեց նրա բարեգործական կարգավիճակը` պատուիրելով դրամներ փոխանցել կառավարութեան բիւտջէ` առանց խորհրդի կողմից անհրաժեշտ քննարկման եւ հաստատման, օգտագործելով նուիրատւութիւնների մի մասը կառավարութեան աշխատողներին պարգևավճարներ շնորհելու համար:

Նախկինում երբեւէ, որևէ ՀՀ Նախագահ կամ վարչապետ չեն ստել սեփական «ժողովրդին» պնդելով, որ պատերազմը յաղթում ենք, երբ անվիճելիօրէն գիտէին, որ հազարաւոր երիտասարդ զինուորներ են կոտորւում:

Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական պետական ռեսուրսներ ծախսուեցին Արցախեան քառօրեայ պատերազմը հետաքննելու համար, սակայն  ըստ ամենայնի, ամենադաժան յանցագործութիւնը որը կարողացան բացայայտել դա Մանուէլ Գրիգորեանի կողմից զինուած ուժերից ժամկէտն անցած պահածոների «գողութիւնն» էր: Նիկոլ Փաշինեանի կողմնակիցների կողմից նման խանդավառութիւն չի ցուցաբերւում հետաքննելու համար Ռուսաստանից  130 միլիոն դոլարով, առանց ռազմամթերքի, չորս կործանիչների գնումը, կամ Յորդանանից 27 միլիոն դոլարով օգտագործուած հակաօդային հրթիռներ գնելու փաստը, զէնքեր որոնք ինչպէս  պարզուեց միայն մետաղի ջարդոն էին:

Պատերազմի 44 օրուայ ընթացքում, անյայտ պատճառներով, Նիկոլ Փաշինեանը մերժում էր պատերազմը դադարեցնելու հնարաւորութիւնները` պնդելով «Յաղթելու ենք» դատարկ հռետորաբանութիւնը, չնայած այն բանին, որ ընդդիմութեան ներկայացուցիչները, ինչպէս նաեւ հինգ նախկին նախագահներ պատրաստ էին կիսել պատասխանատւութիւնը` էական զիջումների գնալու և պատերազմը դադարեցնելու համար: Սա մեր ազգի վրայ արժեցաւ հազարաւոր երիտասարդների կեանք, Շուշիի գրաւում ու դեռ շատ աւելին:

Վերջապէս, Նիկոլ Փաշինեանը խորհրդարանում հրապարակաւ յայտարարեց, որ «մութ և դժգոյն» Շուշիի բնակչութիւնը 90 տոկոսով ադրբեջանցի էր և դրանով իսկ խաթարեց քաղաքի նկատմամբ մեր պատմական պահանջի եւ նրա երեսուն տարուայ հայկական վերահսկողութեան օրինականութիւնը: «Ժողովուրդը» իհարկէ այս դատապարտելի յայտարարութեանը աւելի քիչ կրքոտ արձագանքեց քան արցախեան պատերազմից առաջ Նիկոլ Փաշինեանին երկուուկէս տարուայ կոյր աջակցութեան ընթացքում:

Լորիկ Թիթիզեանը վերջին 3 տարիներին վերաբերւում է պարզապէս որպէս ձախողուած փորձ, նսեմացնելով աղէտալի եւ ինչ որ առումով անդառնալի կորուստը, որն հայ ազգը կրեց այդ 3 տարիներում:

Եթէ Լորիկ Թիթիզեանը եւ նրա նման մտածողները պարզապէս «հիասթափուած» լինեն ներկայի կառավարութեան գործունէութիւնից եւ այն աղէտալի վիճակը, որի մէջ մենք այժմ յայտնուել ենք ազգովին, պարզապէս «չարաբախտութիւն» համարեն,  մենք երբեք չենք ստեղծի այնպիսի Հայաստան, որ իր  ԺՈՂՈՎՐԴԻՆ գոնէ մի պատճառ  կըներկայացնի մնալու եւ այնտեղ երջանիկ ապրելու համար:

Վարչապետի պաշտօնանկութեան կոչ անելով, կը ցանկանայի, որ Լորիկ Թիթիզեանը եւ նրա նման մտածողները ցոյց տային այն խանդավառութեան մի տոկոսը, որը նրանք ցուցաբերեցին Նիկոլ Փաշինեանին ու նրա վարած քաղաքականութիւնը գովերգելիս:

Երբ դա կատարուի, միգուցէ այն ժամանակ մենք կը կարողանանք դուրս գալ այն ներքաշող ճահճից, որի մէջ այժմ խրուած ենք:

Ա. ՊԷՐՊԷՐԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.