ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԷ՞Ջ Է…

Պր. Ռուբէն Շուխեան (Ruben Shukhyan ) Ruben Shukhyan իր վերջին գրառմամբ կ՚արծարծէ այս շատ կարևոր խնդիրը զգուշացնելով հայ քաղաքական միտքը հաւանական սահմանադրական ճգնաժամի մը վտանգին դէմ։ Կ՚ապաւինիմ իր հասկացողութեան և այստեղ կը տեղադրեմ իր յօդուածը ամբողջութեամբ.

Պր. Ռուբէն Շուխեանի էջէն՝

«Իհարկէ, կան մտավախութիւններ, որ Ազգային ժողովի լուծարման խնդիրը կարող է մօտակայ ամիսներին յանգեցնել լուրջ սահմանադրական ճգնաժանի: Հիմա անգամ մտածում եմ, որ գուցէ մայիսի 8-ին այս խնդրի ճիշտ հանգուցալուծումը կը լինէր այն, որ պէտք էր այդ օրն ուղղակի չառաջադրել վարչապետի թեկնածու, դրանից հետո ԱԺ-ն կը լուծարուէր և կը նշանակուէին նոր ընտրութիւններ: Այն ժամանակ յեղափոխական էյֆորիան ահռելի էր, և յեղափոխութիւնը հաստատ իր վերջնական աւարտին կը հասցուէր ու շատ կարճ ժամկէտներում կ՚ունենայինք արդէն նոր, լիարժէք գործող և իրականութիւնը ճիշտ արտացոլող ԱԺ: Հիմա ակնյայտ է, որ կան բազում խնդիրներ՝ հին վարչակարգը այդքան էլ հեշտ չի յանձնուելու, և դա նշեց վարչապետը, երբ ասաց, որ հրաժարական տալու և երկու անգամ թեկնածու չառաջադրելու տարբերակը այժմ արդէն մեծ վտանգներ է իր մեջ պարունակում:

Սակայն արդեօ՞ք խնդրայարոյց չէ նաև մի քանի փուլով ԱԺ-ն լուծարման գնալը: Գուցէև ընդունելի տարբերակ է առաջարկում Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինեանը: Աւելի ճիշտ՝ այդ հարցով նա դիմում է պրոֆեսիոնալ իրավագէտներին և քաղաքագէտներին և առաջարկում է դա քննարկել: Նա նշում է այն հնարաւորութիւնը, որ ՀՀ քաղաքացիներն ուղղակի քուէարկութեամբ՝ հանրաքուէով կարող են որոշել, որ ԱԺ-ն պէտք է արձակուի, ապա ժողովրդավարութեան կանոններով և տրամաբանութեամբ ԱԺ-ն պէտք է գնայ լուծարման իրաւունքի ուժով։

Իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, ով այն իրացնում է ինչպէս ուղղակիօրէն, այնպէս էլ անուղղակիօրէն: Եւ այսպէս՝ եթէ համապետական հանրաքուէի դրուի ԱԺ-ն արձակելու հարցը և եթէ քուէարկութեան արդիւնքները լինեն դրական, կ՚արձակուի՞ ԱԺ-ն՝ եթէ նոյնիսկ ՀՀ Սահմանադրութիւնը չի նախատեսում ԱԺ-ի արձակման այս ընթացակարգը,- ահա այսպիսի հարցադիմում է անում Արթուր Ղազինեանը: Մի խոսքով՝ այս խնդրի շուրջ մտածելու, քննարկելու հարցեր դեռևս շատ կան, բայց պէտք է անպայման գտնել դրա լուծման հնարաւորինս կարճ և իրատեսական ճանապարհը:»

Ռուբէն Շուխեան

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Պր. Շուխեան,

Առարկայական ըլլալու համար, այս քննարկումը պէտք է սկսիլ այն բանէն, որ մենք երբեք իսկապէս չունեցանք խոհրդարանական համակարգ, որ հիմն էր նոր սահմանադրութեան։ Նախկին Նախագահ Սերժ Սարգսեանը դիմեց բոլոր մեքենայութիւններուն ստեղծելով այն շինծու մեծամասնութիւնը, որմով ան կարելի դարձուց de facto երկարաձգումը նախագահական համակարգին և իր իշխանութեան։ Այս բանին յաջորդեց Նիկոլ Փաշինեանի վարչապետացումը Սահմանադրութեան օրինական սահմաններէն դուրս ժամանակաւոր յարմարեցումներով։ Այս բանին արդիւնքը եղաւ նաև այն, որ խորհրդարանը, որպէս ռւժի կեդրոն տարտղնուեցաւ, քանի որ Հանրապետական մեծամասնութիւնը ի սկզբանէ շինծու էր։ Եւ ահաւասիկ այսքան ժամանակէ ի վեր ընտրական նոր օրէնքի ձևաւորումը չէ կրցած տեղի ունենալ Վարչապետ Փաշինեանին տալով de facto նախագահական իշխանութիւն։

Իսկ հանրահաւաքի իր զգայացունց յայտարարութիւններով (գործածելով ամբոխային հոգեբանութեան բոլոր հնարաւորութիւնները) Փաշինեան յստակօրէն կը խօսի խորհրդարանը ուժազրկելու մասին։ Կը խօսի խորհրդարանի իրաւասութիւնները փողոցին յանձնելու մասին։ Պարզ խօսքով, իր de facto նախագահական իշխանութիւնը մշտնջենաւորելու մասին։ Ան նաև կը խօսի գործադիր իշխանութեան բոլոր կարևոր որոշումները հանրաքուէով լիազօրելու մասին էապէս շրջանցելով խորհրդարանը, որուն կողմէ պաշտօնապէս ընտրուած է ինք և հաշուետու է անոր։ Վարչապետի այս հրապարակային յայտարարութիւններով՝ խորհրդարանի սահմանադրական իրաւասութիւնները «յարձակման» տակ են և խնդրոյ առարկայ կը դարձուի եռեակ իշխանութիւններու տարաջատման սահմանադրական սկզբունքը։

Եթէ այս խնդիրները մերկապարանոց չդրուին, մնացեալը լոկ ընթացակարգային քննարկում է, որ մեզ ոչ մէկ տեղ կրնայ առաջնորդել։ Սահմանադրութիւնը արդէն իսկ ճգնաժամի մէջ է։ Ո՞ր հրաշք մանուկն է, որ պիտի ըսէ՝ «ԹԱԳԱՒՈՐԸ ՄԵ՛ՐԿ Է»։

Կարօ Արմենեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.