Որևէ տեղ չտանող քարտէսը

Արթիւր Խաչատրեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինեանը հրապարակեց դեկլարատիւ բնոյթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետութիւնից զուրկ ու տրիվիալ ճշմարտութիւններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտէսը»: Երկու ամիսը բաւականին երկար ժամանակ է այդ քարտէսի միջանկեալ գնահատման համար` ի՞նչ է արւել, ի՞նչ չի արւել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշուետուութիւն ներկայացնել իր յետպատերազմեան ձեռքբերումների վերաբերեալ:  Դա հասկանալի է, որևէ ձեռքբերում չկայ: Պատերազմի աւարտից յետոյ մենք էլի զոհեր ու գերիներ ենք տուել, ինքնիշխանութիւն ու տարածքներ ենք զիջել, իսկ երկրի ներսում հանրային լարուածութիւնը շարունակում է աճել…

Այդ «քարտէս» կոչուածի առաջին կէտն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահութեան ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակութեան վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթութեան ընգծմամբ (ուղղագրութիւնը՝ Ն.Փ.-ի)»: Բանակցութիւնների հարցն, իրապէս, ամենակարևորն է: Վերջիվերջոյ, 2020 թ. պատերազմը բռնկուեց, որովհետև օրուայ իշխանութիւնները ձախողեցին բանակցութիւնները, այն բանակցութիւնները, որ Փաշինեանն, իր իսկ խօսքերով, սկսել էր «սեփական կէտից»:

Ցաւով արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցութիւններ չկայն: Ֆորմալ առումով` Մինսկի խումբը կայ, բայց բանակցութիւններ չկայն: ՄԽ ամերիկացի ու ֆրանսացի համանախագահները դեկտեմբերի 13-14-ին այցելեցին Ատրպէյճան ու Հայաստան: Ալիևը նրանց երեսին յայտարարեց, որ անկոչ հիւրերին Պաքու չէր հրաւիրել, բայց  եթէ եկել են, լաւութիւն է անում ու հանդիպում է: Ինչի՞ մասին համանախագահները խօսեցին Հայաստանում, յայտնի չէ: Պաշտօնական ինչ-որ բան հրապարակուեց, բայց հրապարակման մէջ որևէ էական բան չկայր: Բայց էական է, որ նոյնիսկ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը ծիծաղելի պատճառով հրաժարուեց հանդիպել համանախագահների հետ: Ի դէպ, չհամաձայնե՞ց, թէ՞ չթողեցին…. Ատրպէյճանի դիրքորոշումը, համանախագահների ձախողուած այցը, Մինսկի խմբի նուազագոյն ակտիւութիւնը, որը չի կարելի բացատրել միայն Միացեալ Նահանգներում «անցումային ժամանակահատուածով» կամ ամբողջ աշխարհում մոլեգնող Քովիտ-19-ի համավարակով, ցոյց են տալիս, որ գոնէ կարճատև կտրուածքով այդ ձևաչափով արդիւնաւէտ բանակցութիւններ ակնկալելն իրատեսական չէ: Աւելին` այդ ձևաչափի պահպանումն է արդէն մեծ հարցականի տակ:

Լաւ, ասենք` Մինսկի խմբի ձևաչափով բանակցութիւններ չկայն, բայց բանակցութիւններ ընդհանրապէս կա՞ն: Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց ՌԴ կառավարութեան բաւականին ազդեցիկ պատուիրակութիւն՝ ՌԴ փոխվարչապետեր, արտաքին գործերի նախարար, պաշտպանութեան նախարար: Ի՞նչ խօսեցին կողմերը, ինչի՞ մասին պայմանաւորուեցին, որևէ տեղեկութիւն չկայ: Հաշուի առնելով կողմերի տարբեր քաշային կատեգորիաները, Հայաստանի վիճակը և ամբողջական կախուածութիւնը Ռուսաստանից, ինչպէս նաև բանակցողի` ով լինելը, հազիւ թէ այդ բանակցութիւնները կարելի է բանակցութիւններ անուանել: Ամենայն հաւանականութեամբ, Հայաստանին առաջարկներ են արւել, որոնցից «ժողովրդական վարչապետը» չէր կարող հրաժարուել:

Իրական բանակցային փորձութիւնը հայ ժողովրդին ու «ժողովրդական վարչապետին» սպասում էր Մոսկուայում, որտեղ յունուարի 11-ին հանդիպելու էին Պուտինը, Փաշինեանն ու Ալիևը: Փաշինեանն ու Ալիևը պատերազմից յետոյ հանդիպելու էին առաջին անգամ… Փաշինեանի համար այս բանակցութիւնները սկզբունքային նշանակութիւն ունէին: Նա պէտք է ոչ միայն կարողանար երկրի համար զիջումներ կորզել, այլև հայ ժողովրդին ապացուցել, որ ընդդիմութեան պնդումները, թէ «թուրքի առաջ չոքած մարդը չի կարող թուրքի հետ արդիւնաւէտ բանակցել», ճիշտ չեն, որ ինքը դեռևս հպարտ ժողովրդի քաջ առաջնորդն է, որը կարող է երկիրը հանել այս ճգնաժամից (առանց, ի դէպ, նշելու, թէ ով երկիրը հասցրեց ճգնաժամի) ու իրականութիւն դարձնել Հայաստան-2050-ի բաղձալի տեսլականը:

Բանակցութիւններից առաջ ամենազգայուն թեման գերիների ու անհետ կորածների հարցն էր: Փաշինեանականներն իրենց հպարտ հետևորդների ու ֆէյքերի միջոցով արդէն մի քանի շաբաթ լուրեր են տարածում, որ գերիներին կարող է վերադարձնել միայն Նիկոլը, իսկ ընդդիմադիրներն իրենց բողոքի գործողութիւններով «ժողովրդական վարչապետին» խանգարում են լուծել այդ հարցը: Տեխնոլոգիան պարզ է` եթէ յանկարծ Նիկոլը հիմա հրաժարական տայ, ընդդիմադիրները չեն լուծի գերիների խնդիրը, կասեն` գնացէ՛ք, Նիկոլից ձեր գերիներին ուզէք: Ուրեմն… Ուրեմն ոչ մի կերպ չի կարելի թողնել, որ Նիկոլը գնայ, միայն նա է կարող գերիներին վերադարձնել: Փաշինեանի հակառակորդները (խօսքս չի վերաբերում միայն Հայրենիքի փրկութեան շարժման կոչով հրապարակ դուրս եկած հազարաւոր քաղաքացիներին) պնդում են, որ Նիկոլն ի վիճակի չէ գերիներին վերադարձնել, նա կորցրել է այդ հնարաւորութիւնը, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն յայտարարութեան բոլոր կէտերի իրականացումը պէտք էր պայմանաւորել գերիների ու նահատակների աճիւնների վերադարձով:

Եթէ Փաշինեանը բանակցութիւնների ժամանակ գերիների հարցը չբարձրացներ, նրան չէին հասկանայ: Իր մեկնելուն ուղեկցող` ընդդիմութեան բողոքի գործողութիւնների դէմ հանրային դժգոհութիւն յարուցելու նպատակով Փաշինեանն իր էջում գրեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան յետագայ իրագործման մեր առաջնահերթութիւնը հետեւեալն է. 1. Յայտարարութեան 8-րդ կէտի լիարժէք իրագործում. ըստ այդմ պէտք է տեղի ունենայ գերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց, ինչպէս նաեւ մարմինների լիարժէք փոխանակում»: Փաշինեանի մամուլի խօսնակը յունուարի 10-ին տեղեկութիւն տարածեց, թէ. «Հայկական կողմի համար, սակայն, անկիւնաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, Ատրպէյճանցիների թիկունքում մնացած մեր զինուորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհուածների մարմինների յայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժուար կը լինի տնտեսական օրակարգի արդիւնաւէտ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովեան հանդիպման առանցքային թեմաներից մէկը»: Եւ փոյթ չէ, որ Մանէ Գէորգեանի ֆէյսպուքեան գրառման հետ նոյն ժամանակահատուածում Կրեմլի պաշտօնական կայքում տեղեկութիւն տարածուեց, որ օրակարգում միայն տնտեսական/կոմունիկացիոն հարցերն են: Անյարմար բան ստացուեց, բայց  մեր իշխանութեան համար նման արգելակներ գոյութիւն չունեն, իսկ ֆեյքերն ու իշխանական մանկլաւիկները շարունակում էին խաղալ հարազատներին սպասող մարդկանց զգացմունքների հետ:

Հայաստանը պարտուեց, բանակցութիւնները ձախողուեցին: Ոչ գերիների հարցը լուծուեց, ոչ՝ Արցախի կարգավիճակի: Փաշինեանը ևս մի անգամ նուաստացուեց. առաջնահերթութիւն համարուող հարցն ընդհանրապէս չքննարկուեց: Նոյնիսկ մեղմ ակնարկը, թէ առանց գերիների հարցի լուծման տնտեսական համագործակցութեան հարցերի քննարկումն արդիւնաւէտ չի լինի, անտեսուեց: Անտեսուեց հրապարակայնօրէն: Աւելին` Ալիևը, յղում կատարելով Պուտինի ինչ-որ արտայայտութեան, յայտարարեց. «Ղարաբաղի հարցի լուծումը մնաց անցեալում»: Բայց Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ չփորձէր կատարեալ ձախողումը ներկայացնել որպէս «գոնէ ինչ-որ յաջողութիւն»: Որպէս ձեռքբերում է ներկայացւում «Ատրպէյճանի Հանրապետութեան և Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացուող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցուածքների օբյեկտների վերականգնումը և կառուցումը»: Ապազգային լիւմպենների համար սա կարևոր է. Ղարաբաղի հարցը լուծուեց, Սերգօն ու պօղոսներն արդէն լաւ են ապրելու: Սակայն «գոնէ ինչ-որ յաջողութիւնն» իրականում ևս մի ապտակ էր Հայաստանի Հանրապետութեանը: Ակնյայտ է, որ, նոր ենթակառուցուածք ասելով, Ատրպէյճանը պատկերացնում է Նախիջևանն Ատրպէյճանի արևմտեան շրջաններին կապող միջանցքների կառուցումը: Թէ ինչ վտանգ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը, որևէ մէկին պէտք չէ բացատրել: Բայց Ալիևին դա քիչ է: 2020 թ. դեկտեմբերի 2-ին նա խօսել է միջանցքների, այլ ոչ թէ մէկ միջանցքի մասին: Միւս հարուածը, որը մենք ստացանք Արցախը Հայաստանի Հանրապետութեան հետ կապող նոր միջանցքն է, որը շրջանցելու է Բերձորը: Սրանով մենք կը կորցնենք ոչ միայն քաղաքը, որն Ատրպէյճանցիները չկարողացան զէնքով գրաւել, այլև ստիպուած կը լինենք երթևեկել աւելի երկար ու բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհով, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհն է: Իսկ ի՞նչ է այս զիջումների դիմաց ստանում Հայաստանը, որը պէտք է պօղոսների կեանքը դրախտի վերածի: Տեսականօրէն` Ատրպէյճանի տարածքով ցամաքային կապ Ռուսաստանի Դաշնութեան հետ: Չէ, սա կատակ չէ, սրա տակ Փաշինեանը ստորագրել է: Նոյնիսկ եթէ ճանապարհը կառուցուի, նոյնիսկ եթէ գտնուեն մարդիկ, որոնք խիզախեն անցնել այդ ճանապարհով, հասկանում էք, չէ՞, որ այդ ճանապարհը փակելը Ատրպէյճանցիների համար հինգ րոպէի հարց է: Չմոռանանք, որ նրանք 30 տարի յաջողութեամբ կարողացել են փակել իրենց տարածքով անցնող բոլոր ճանապարհները, իսկ առաջին պատերազմի ժամանակ տասնեակ անգամներ պայթեցրել են Հայաստան մտնող գազամուղն ու երկաթուղային կամուրջները: Կասէք՝ պատերազմը վերջացել է: Լո՞ւրջ…

Արթիւր Խաչատրեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

Leave a Comment

You must be logged in to post a comment.