«Շուշիում մշակութային կեանքը շատ եռուն էր, Շուշիում ոչ մի տժգոյն ու դժբախտ չկար, և ոչ էլ եղել է, Շուշիում դարեր շարունակ հայեր են ապրել»․ Նարեկ Յարութիւնեան
«Շուշիում մշակութային կեանքը շատ եռուն էր, Շուշիում ոչ մի տժգոյն ու դժբախտ չկար, և ոչ էլ եղել է, Շուշիում դարեր շարունակ հայեր են ապրել»․ Նարեկ Յարութիւնեան
2004 թուականին միութիւնն իր դռներն է բացել Երևանում, 2006 թուականին՝ Շուշիում:
Երևանում գտնուող «Նարեկացի» արուեստի միութեան տնօրէն Գայեանէ Խաչատրեանն ասում է՝ պատերազմի օրերին կապը շատ ամուր էր Շուշիում գտնուող «Նարեկացի» արուեստի կեդրոնի հետ։
«Մենք նախ սկսեցինք ցուցակագրել արցախցիներին և ճշդել, թէ նրանք ինչ կարիքներ ունեն։ Մարդիկ հագուստի, սննդի, երեխայի սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք ունէին։ Մենք դիմեցինք հովանաւորներին, և հիմնական հովանաւորները եղան Նարեկ Յարութիւնեանն ու «ՀԱՐԿՕ»-ն, յետոյ մեզ միացան նաև այլ հովանաւորներ», — «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմում է Գայեանէ Խաչատրեանը։
Հոկտեմբերի 12-ից արցախցիները սկսել են գնալ «Նարեկացի» արուեստի միութիւն՝ աջակցութիւն ստանալու։ Օրական մօտ քսան ընտանիք օգնութիւն է ստանում։
«Նարեկացի» արուեստի միութեան հիմնադիր նախագահ Նարեկ Յարութիւնեանն ասում է՝ մոտ 4500 հոգի օգնութիւն է ստացել, կան ևս 800 գրանցուածներ, որոնք դեռևս սպասում են։
«Գիտէ՞ք՝ մենք որևէ բան չէինք ծրագրել։ «Նարեկացի» արուեստի միութիւնը, երբ ծնուել է, եղել է նախախնամութեամբ, միշտ Տիրոջ կամքը կայ այս ամէնի մէջ։ Այդպէս էլ Շուշիում է ծնունդ առել «Նարեկացի» արուեստի միութիւնը․ այնտեղ 2006 թուականին մեր դռները բացեցինք։ Մինչ այդ՝ 2003-ից սկսած՝ մենք Շուշիում կառուցում էինք մի փլատակ շէնք, որը վերածուեց մշակութային կեդրոնի, յետոյ այն ընդլայնուեց», — պատմում է Նարեկ Յարութիւնեանը՝ նշելով՝ Շուշիում մշակութային կեանքը շատ եռուն էր, Շուշիում ոչ մի տժգոյն ու դժբախտ չկար, և ոչ էլ եղել է, ընդհակառակը։
«Հարիւրաւոր դարեր շարունակ՝ Շուշին եղել է հայկական, Շուշիում հայեր են ապրել։ Մենք Շուշիի վերականգման մի մասնիկն էինք։ Թշնամին ջարդել, փշրել, սպանել, քանդել էր, իսկ մենք վերականգնման մաս էինք․ մեր բաժին արուեստով, մշակոյթով, հոգևոր ուղղուածութեամբ անում էինք դա՝ համագործակցելով Հայ առաքելական եկեղեցու հետ», — ասում է Նարեկ Յարութիւնեանը։
«Նարեկացի» արուեստի միութեան Շուշիի մասնաճիւղում հարիւրաւոր երեխաներ կրթութիւն, դաստիարակութիւն են ստացել, արհեստներ են սովորել, նրանց հոգիների դռները բացուել են արուեստի առաջ։
«Ամէն տանի Գանատայում բնակող Շամլեան ընտանիքի հետ համատեղ՝ նաև ամառնային ճամբար էր կազմակերպւում Շուշիում։ 15-16 տարի շարունակ՝ նրանք գալիս էին, և իրենց ներկայութիւնն է՛լ աւելի էր ուրախացնում երեխաներին․ ճամբարի՝ այդ մի ամսուան ընթացքում 400-ից աւելի երեխաներ էին գալիս։ Այդ ընթացքում երեխաները կրթւում էին, շփւում Արցախի տարբեր մարզերից, Հայաստանից ու սփիւռքից եկած երեխաների հետ։
Իրենք սովորում էին ու ստանում յոյս և հաւատ։ Այդ ընթացքում հարիւրաւոր երեխաներ և ընտանիքներ են մկրտուել, այսինքն՝ Աստծուն աւելի էին մօտենում՝ մշակոյթի ոլորտից ներշնչուելով, հասկանալով հայի ինքնութիւնը։ Մենք նաւթ չունենք, բայց ունենք մշակոյթ, հաւատք, այն ամէնն, ինչ Աստուած է տուել․․․ Եւ, եթէ մենք այդ ամէնը չենք պաշտպանում, պահպանում ու զարգացնում, նշանակում է՝ գնում ենք դէպի անդունդ և դէպի քայքայում», — պատմում է Նարեկ Յարութիւնեանը։ Նա նշում է՝ այն, ինչ կատարուեց, ահաւոր էր, և առաջինը՝ մեր զինուորների նահատակութիւնը․․․
«Խելագարուելու բան է, երբ մտածում ես՝ այդ տղաները գնացին ու չվերադարձան․․․ Վերևից ռումբեր տեղացին, ու իրենք չվերադարձան․ դա սարսափելի է, և այդ ամէնի հետ կապուած՝ չեմ կարծում՝ կայ մի հայ, որը վերջին 30 տարուան մեր թերութիւնները չի քննադատի, քանի որ հենց այդ ամէնի արդիւնքում մենք ունեցանք սերունդների կորուստ, բազմաթիւ հաշմանդամ զինուորներ ունենք, և որքան ընտանիքներ, հոգիներ խորտակուեցին։ Սարսափելի իրավիճակ է։ Ցեղասպանութեան նմանուող երևոյթ էր», — պատերազմի ցաւի ու մորմոքի մասին խօսելով՝ ասում է Նարեկ Յարութիւնեանը։
Շուշիում Յարութիւնեանները մեծ ներդրումներ էին արել՝ կառուցելով ոչ միայն «Նարեկացի» արուեստի միութիւնը, այլ նաեւ «Հեքիաթների տուն»-ը։
Այսուամենայնիւ, նա, իր հոգու ցաւը մեր թղթակցին պատմելով՝ ասում է՝ ամենակարևոր ու ցաւոտ կորուստերի առանցքում հնարաւոր չէ սևեռուել գոյքային կորուստների վրայ․ բիւրաւոր քաջեր նահատակուեցին, Արցախի մեծ մասը կորցրինք։
«Արցախը կորցնել, նշանակում է՝ Հայոց աշխարհի սիրտը կորցնել, և թշնամիների կողմից յաջորդ թիրախը մեր հայրենիքն է, դա պարզ է։ Արդէն անկման մէջ ենք՝ որպէս ազգ, քանի որ միասնական չենք և չենք եղել․ պատերազմի ընթացքում այդ թերութիւններն ի յայտ եկան», — ասում է Նարեկ Յարութիւնեանը՝ նշելով՝ մեր հայրենիքում վերջին 30 տարուան ընթացքում եղել են այնպիսի առաջնորդներ, որոնք ոչ թէ մեր ժողովրդի ու զինուորի այլ, այլ իրերի, վաստահելու մասին են մտածել․ ագահութիւն է եղել․․․
Նարեկացի Արուեստի միութեան հիմնադիր նախագահն այս օրերին Երևանում գտնվող «Նարեկացի» արուեստի միութիւնում ամեն օր շփվում է արցախցիների հետ ու հոգու կսկիծ զգում։
«Պատերազմի սկսուելու առաջին իսկ օրուանից 20-30 հոգի սկսեցին գալ Շուշիից՝ նախ կանայք ու երեխաները, յետոյ, ցաւօք բոլորը եկան․․․ Այդ ընթացքում «Նարեկացի» արուեստի միութեան Երևանի մասնաճիւղը սկսեց հոգ տանել նրանց մասին, նաև ուրիշ ընտանիքների մասին, և այդպէս էլ ամէն ինչը սկսուեց, մենք նախապէս չէինք ծրագրեր։ Ընտանիքների հոսքը կար, գաղթը կար․ մենք անկախ մեզանից հասկացանք՝ վերջից նախածրագրուած է՝ մենք պիտի ձեռք մեկնենք, օժանդակենք։ Սկզբում մեր ռեսուրսներն էին, ապա ընթացքում հովանաւորներ յայտնուեցին, որոնք սկսեցին օժանդակել», — պատմում է Նարեկ Յարութիւնեանը։
Նա, խօսելով արցախցիների մասին՝ ասում է՝ բառերն անզօր են՝ նկարագրելու մեր ազգի ցաւը․ մարդիկ անտուն են մնացել, կորցրել իրենց տունը, հողը, ապրելակերպը․ պանդուխտի հոգեվիճակը սարսափելի է, և չի կարելի մեղադրել նրանց, ովքեր կարող են վրդովուած կամ խոր դեպրեսիայի մեջ լինել, քանի որ դա տրամա է՝ խորտակուած հոգեվիճակների շարան։
Այս ամէնի հետ մէկտեղ՝ Նարեկ Յարութիւնեանը նկատել է, որ արցախցիները տոկուն են։
«Մարդիկ կարողանում են ուժ գտնել իրենց՝ յանուն իրենց թոռնիկների, երեխաների, մենք էլ մեր հերթին փորձում ենք ձեռք մեկնել։ Այս ամէնը, որը մենք տրամադրում ենք արցախցիներին, ժամանակաւոր է, դա խնդրի վերջնական լուծում չէ։ Հիմնական լուծում կարող է լինել այն, որ մարդիկ աշխատանք ունենան կամ որոշ մարդիկ ետ դառնան Արցախ։ Ի հարկ է, կան, անշուշտ, վերադարձողներ, բայց այնտեղ էլ նրանց համար պէտք է կեցութեան պայմաններ ապահովել։ Այդ ուղղութեամբ էլ ենք փորձում ձեռք մեկնել։ Ստեփանակերտում է «Նարեկացի» արուեստի միութեան տնօրէններից մէկը և աշխատողներից մէկը, մի քանի անգամ այնտեղի ընտանիքներին իրեր ենք ուղարկել, էլի՛ կուղարկենք։ Դա կը շարունակուի որոշակի ժամանակ, մինչև որ կարելի լինի աւելի հիմնական օգնութիւն ցուցաբերելու, եթէ Աստուած կամենայ, և մեր հովանաւորները շարունակեն մեզ օգնել։ Մեր առաքելութիւնը մշակութային է, պարզապէս հիմա սա անում ենք, քանի որ կարիք կա, մենք փորձում ենք ստեղծուած բացն ինչ-որ կերպ փակել, օգնութեան ձեռք մեկնել մեր հայրենակիցներին», — ասում է Նարեկ Յարութիւնեանը։
Նա ցաւով յիշում է նաև Արցախում գտնվող հարազատ Քնարավան գիւղը, որն իր ընտանիքն էր հիմնադրել։
«Հօրս՝ Կարապետ Յարութիւնեանի գաղափարն էր Արցախում գիւղ հիմնադրելը։ Երբ մայրս հեռացաւ այս աշխարհից, հայրս որոշեց իր յիշատակին մի իւրայատուկ բան կառուցել կամ հիմնել։ Քարվաճառում զրոյից տներ կառուցուեցին՝ մօտ 15 տուն կառուցուեց, դպրոց, բուժկէտ․ դա 2003-2004 թուականներին էր։ Այդ նորաստեղծ գիւղում՝ Քնարաւանում, բազմազաւակ ընտանիքները տեղաւորուեցին, այդ տներում ու ապրեցին, 60-ից աւելի աշակերտ էր սովորում այդ գիւղի դպրոցում, զինուորներ ու զինուորականներ կային, որոնք այնտեղ տեղաւորուել ու ապրում էին․ մարդիկ ապրում ու արարում էին այնտեղ, մինչև վերջերս ՝ այդ տխրահռչակ երևոյթը, որը չգիտեմ՝ ինչպես անուանել․․․․
Դրանից յետոյ, երբ այդ ամէնը պիտի թշնամուն յանձնէին, Քնարաւանի բնակիչները որոշեցին իրենց տներն այրել, քան յանձնել թշնամուն, հենց այդպէս էլ եղաւ․ այդ տները հիմա փլատակ են։ Բայց, այնտեղ կեանք է եղել, այնտեղ հայեր են ապրել՝ մինչև վերջերս։ Դարերի ընթացքում Արցախում ապրել են հայեր», — պատմում է Նարեկ Յարութիւնեանն ու յաւելում՝ հիմա Քնարաւանի բնակիչները ցիրուցան են․ ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։
Քնարաւանցիներից շատերը երբեմն «Նարեկացի» արուեստի միութիւնում են լինում, որոշակի օգնութիւն ու օժանդակութիւն ստանում, «Նարեկացի» արուեստի միութիւնում զրուցում աշխատակիցների հետ, իրենց հետ յոյսի, հաւատի ու սիրոյ պատառիկներ տանում՝ հոգում անթեղած։ Այսուհանդերձ, մեր քաջերի նահատակութիւնը, Ացախի կորուստըը, հայրենի բնօրրանը կորցնելու ցաւին բալասան չկայ․․․
Որպես յետ գրութիւն՝ պէտք է ասել՝ այո՛, մեր վիշտը խորն է, ցաւն՝ անամոքելի, բայց քնի դեռ իրար յենարան լինելու ուժ ու սրտաբուխ ցանկութիւն ունենք, պիտի կարողանանք շտկել մեր մէջքը, փիւնիկի պէս մոխրից վեր յառնել։
ՅԱՍՄԻԿ ԲԱԼԷՅԵԱՆ
«Հորիզոն»