Մեր ունեցած ուժը մեր կամքն է. Յարութ Բանոյեան

«Եթէ թշնամին մտածի մեզ հարուած հասցնել, առաջին մայրը թող լինի իմ մայրը, որ սև կը հագնի, քան թէ սև հագնին հայ ազգի բոլոր մայրերը»: Խօսքերի հեղինակը Յարութիւն Բանոյեանն է: Նա արցախեան 44-օրեայ պատերազմի անմահ հերոսներից է:  Դաշնակցական նուիրեալի համար հայրենասիրութիւնը ոչ թէ լոկ խօսքերով էր սահմանափակւում, այլ լուռ ու անխոջ գործով:

Յարութը, ով անցնելով սիրիական պատերազմի բովով, կազմակերպեց  Հալէպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանութիւնը, իսկ ապա վիրաւոր Արցախի կանչով Հայաստան եկաւ, և ընկերների՝ Մոսիկ Սեքլեմեանի, Յակոբ Ասթարճեանի և Ճորճ Գրտանեանի  հետ օրհասական պահին մեկնեց Շուշի:

Յարութի կեանքի առաքելութիւնը հայրենիքին նուիրուելն ու հայութեան պաշտպանութիւնն էր:  Նա վստահ էր, որ հայրենիքը աստուածատուր պարգև է տրուած մեզ, որի պաշտպանութիւնը հայ մարդու համար պատուաբեր ու սրբազան գործ է:

Հալէպում ստանձնելով հայկական թաղամասերի պաշտպանութեան գործը, իր մտքում մշտապէս Արցախն ու Հայաստանն էին, նրանց պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովման խնդիրները:

2016թ. քառօրեայ պատերազմից Յարութ Բանոյեանը համագործակցում էր նաև ՀՀ ԶՈՒ-ի հետ, նախագծում և պատրաստում էր հրթիռներ, հարուածային զինտեխնիկա, որոնք կիրառուեցին վերջին պատերազմում:

Մարտական ընկերներից Մոսիկ Սեքլեմեանը ծնուել է 1992-ին, Յակոբ Ասթարճեանը՝ 1991-ին. իսկ Յարութը՝ 1976-ին, Հալէպում։ Մոսիկը մասնագիտացուած էր օդորակիչների, Յակոբը՝ էլեկտրոնային և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Յարութը, որ ռազմական գործի հզօր գիտակ էր, իր ռազմական ունակութիւնները ձեռք է բերել իր աւագ  ընկերներից, բայց իր գիտելիքների և ընդունակութիւնների մեծ մասը նա ձեռք է բերել ինքնակրթութեամբ:

Նրանց կատարած ազգանուէր աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է նրանց ընկեր Ճորճ Գրտանեանի հետ:

Ճորճի խօսքով՝ Յարութ Բանոյեանին ճանաչել են  սիրիական պատերազմի ընթացքում, որն սկսուել էր 2011-ին:

«Մտերմացանք ընկերոջ հետ, ինքն էլ մեզ մարզեց, զինեց  ռազմական գիտելիքներով»,-ասում է նա:

Յարութը կամաւորներին բաժանել էր ջոկատների, որոնցից իւրաքանչիւրը Հալէպի մի շրջանի ինքնապաշտպանութիւն պէտք է ապահովէր, իսկ ինքն էլ ընդհանուր հրամանատարութիւնն էր ստանձնել, երբ հրամանատար Րաֆֆի Պչագճեանը զոհուել էր ռումբի պայթիւնից:

«Որտեղ որ ռումբ էր ընկնում կամ աւերածութիւն էր լինում, մենք անմիջապէս հասնում էինք դէպքի վայր, որպէսզի այստեղի բանակը չթալաներ հայկական տները»,-ասում է նա:

Ճորճի խօսքով՝ Յարութը իր աշխատանքներն է ծաւալել Հալէպի այլ հայաշատ քաղաքներում ևս: Հէնց նրա շնորհիւ է, որ Սիրիայի հիւսիսում կանգուն են մնացել բազմաթիւ հայաբնակ շրջաններ:

Յարութն այն աստիճանի  ռազմական պատրաստուածութեան էր հասցրել կամաւորական ջոկատներին, որ այդ ջոկատները ոչ միայն բաւարարւում էին միայն ինքնապաշտպանութեամբ, այլև կարողանում էին թշնամուն տալ արժանի հակահարուած:

Ճորճը, յիշելով պատերազմի ամբողջ ընթացքը, նշեց՝ 2016-ին, պատերազմի աւարտից 2 ամիս առաջ, երբ Սիրիական բանակի ազատագրական յարձակումներն էին սկսել Հալէպում, մաս էին կազմում նաև հայ կամաւորական ջոկատները՝ օգտակար դառնալով սիրիական ջոկատին:

Յարութը ջանք ու եռանդ չէր խնայում՝ հայ երիտասարդներին փոխանցելու իր ռազմական գիտելիքներն ու փորձը՝ ինքնապաշտպանութիւն և յարձակում կազմակերպելու, դիրքերի ամրաշինական աշխատանքները կազմակերպելու, առանց ջրի ու սննդի դիմանալու մասին:

Երբ սկսուեց Արցախեան 44-օրեայ պատերազմը, Ճորճը և մի քանի այլ ընկերներ պատրաստակամութիւն յայտնեցին որպէս կամաւորներ մեկնելու Արցախ, և այդպէս էլ արեցին: 3 ընկերները՝ Ճորճը, Յակոբն ու Մոսիկը Յարութ Բանոյեանի գլխաւորութեամբ մեկնեցին հայրենիք:

«Յարութի համար հայրենիքն ու հայութիւնը ամէն ինչից վեր էին: Միշտ մեզ ասում էր, որ եթէ Սիրիայում անգամ մի հայ մնայ, մենք պէտք է մնանք ու պաշտպանենք իրեն, և չպէտք է լքենք Սիրիան, մինչև որ ամբողջութեամբ չհայաթափի այն: Բարեբախտաբար, այդպէս չեղաւ: Արցախի պատերազմի պարագայում էլ՝ Յարութը վստահ էր, որ մեզնից դրական պատասխան կը ստանար հայրենիքի պաշտպանութեան գործին մասնակցելու համար: Այդպէս էլ եղաւ»,-ասում է Ճորճը:

«Մենք մեկնեցինք՝ պատրաստ նահատակուելու յանուն հայրենիքի: Մեկնեցինք, որպէսզի մեր գիտելիքներն ու ծառայութիւնները մատուցենք մեր ժողովրդին ու մեր հայրենիքին: Երբ արդէն Հայաստանում էինք, սկսեցինք ամէն տեսակի աշխատանքներ իրականացնել թէ՛ ՀՅԴ կազմում, թէ՛ բանակի կազմում»,-ընդգծում է նա:

Նրա խօսքով՝ հայ զինուորները մեծ ոգևորութեամբ ընդունեցին իրենց ներկայութիւնը և ուշադրութեամբ ընկալում էին այն գիտելիքները, որ իրենք էին նրանց փոխանցում: Հրամանատարական կազմն էլ շատ անգամ ապշում էր Յարութ Բանոյեանի ռազմական հմտութիւնների վրայ:

Հայաստանում նրանք մարզում էին առաջնագիծ մեկնող զինուորներին ու կամաւորներին:

«Յարութ Բանոյեանը՝ 2 տարի էր, ինչ պարբերաբար ժամանում էր Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ զինուորներին»,-նշում է Ճորճը:

Երբ որ սկսուեցին Շուշիի համար մարտերը, չկարողանալով թիկունքում մնալ՝  հոկտեմբերի 28-ին Յակոբն ու Մոսիկը Յարութ Բանոյեանի հետ միասին անմիջապէս շտապեցին Արցախ՝ Շուշիի պաշտպանութեան գործին մասնակցելու համար:

«Հայրենիքը մեզ համար կա՛մ մեր գերեզմանն է լինելու, կա՛մ թշնամու»,-ասել էր հրամանատար Յարութն ու հայրենի հողը գերեզման դարձրել թշնամու հարիւրաւոր զինուորների համար, սակայն, ցաւօք, ինքն էլ իր մարտական ընկերների հետ անմահացաւ Շուշիի պաշտպանութեան ժամանակ՝ նոյեմբերի 5-ին, իր կեանքը նուիրելով ամենաթանկին՝ հայրենիքին։

Հայրենիքին մատուցած ծառայութեան համար Յարութն արժանացել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Ճ. Գրտանեանն ընդգծում է յատկապէս այն փաստը, որ ՀՅԴ-ն այն եզակի կառոյցներից է, որտեղ գործը երբք կիսատ չի մնում:

«Մեր հիմնադիրների գործն առ այսօր շարունակւում է, ընկեր Րաֆֆի Պչագճեանի գործը ընկեր Յարութը շարունակեց, ուրեմն ընկեր Յարութի գործն էլ՝ կը գտնուեն ընկերներ, ովքեր կը շարունակեն»,-վստահ է Ճորճը:

Նա նկատում է, որ պատերազմի դաշտում չկար փոխհամաձայնեցուած գործողութիւններ, անկազմակերպուածութիւն էր տիրում, և հայկական զօրաջոկատները չգիտէին՝ իրենց դիմաց կամ կողքին հայեր են, թէ թուրքեր:

«Պատերազմի ընթացքում մենք ոչ թէ մարդուժի պակաս ունէինք, այլ տեխնոլոգիաների, որովհետև սա տեխնիկայի պատերազմ էր: Ամէն օր 5-6 աւտոբուս մարդ էր մեկնում Արցախ, սակայն սա մեզ համար փրկութիւն չէր կարող լինել»,-ասում է Ճորճը:

Ըստ նրա, երբ մենք ամէն օր ինչ-որ շրջան էինք կորցնում, Յարութ Բանոյեանն արդէն կանխատեսում էր, որ այդպէս պէտք է լինի: Նրա համար շատ յստակ էր, որ մենք դէպի յաղթանակ չենք գնում, և համոզուած էր, որ պէտք է նահատակուեն:

Ճորճի խօսքով՝ ստեղծուած պարագայում մեզ համար առաջնահերթը ինքներս մեզ զօրացնելն է, յատկապէս՝ տեխնիկապէս յագեցուածութեան առումով:

«Մենք բոլորս ՀՅ Դաշնակցութեան զինուորներն ենք, և հպարտ ենք, որ ընկեր Յարութ Բանոյեանի նման հրամանատար ենք ունեցել»,-եզրափակում է Ճորճը:

«Որքան էլ որ իրենք կարծեն, որ ուժեղ են, կամ՝ մեզանից շատ աւելին ունեն, ես կարծում եմ, որ մեր ունեցած ուժը մեր կամքն է. կամքը, հաւատքը՝ առ Աստուած, հայրենիք ու հայ ժողովուրդ». Յարութ Բանոյեանի այս խօսքերն այսօր Սիրիայի երիտասարդական միութեան խորհրդանիշն է և ուղեցոյցը հայրենիքի համար նուիրումի պատրաստ ու ազգային գաղափարական ոգով սերունդներ պատրաստելու համար:

Հրամանատար Յարութ Բանոյեանն իր գործով ապացուցեց, որ հայրենիքն է այն գերագոյն արժէքը, այն սրբազան նշխարը, որ ամէն մի հայ պէտք է կրի իր մէջ: Նա դարձաւ հայրենիքի իսկական նուիրեալ զաւակն ու շատ-շատերի համար իտէալ՝ հայ մարդու, համարձակ զինուորականի, քաջարի մարտիկի ու հմուտ հրամանատարի: Նա զէնքը ձեռքին մինչև վերջին շունչը պայքարեց հայրենի հողի պաշտպանութեան համար և զէնքը ձեռքին էլ մարտիրոսուեց:

Փառք ու պատիւ քաջարի հրամանատարին ու իր զինակից բոլոր ընկերներին: Ձեր սխրանքն անմար է, գործը՝ շարունակական:

Leave a Comment

You must be logged in to post a comment.