Ճանաչում յանուն փրկութեան․ ՀՅԴ դիրքորոշումն է.

Արցախում ստեղծուած իրավիճակը, աշխարհաքաղաքական ներկայ զարգացումները եւ այն ուղերձները, որ հնչել են ՀՀ ԱԽ վերջին նիստին Փաշինեանի Բրիւսէլ կատարելիք այցի շէմին տագնապային տրամադրութիւններ է առաջացնում: Շատ քաղաքական ուժեր մեղադրում են գործող իշխանութեանը պարտուողական քաղաքականութեան որդեգրման մէջ։ Բայց իրավիճակից ինչպիսի՞ ելք են առաջարկում իրենք։ Ներկայացնելով Դաշնակցութեան տեսակէտը՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանն ասաց, որ կարեւոր սկզբունքներն անփոփոխ են. անկախութիւն եւ վերամիաւորում Հայաստանի հետ: «Պէտք է տարբերակել ռազմավարական սկզբունքներն ու մարտավարական խնդիրները»,- ասել է նա, յաւելելով, որ այդ համատեքստում կուսակցութեան տակտիկական քայլերը որոշ փոփոխութիւնների են ենթարկուել՝ քաղաքական իրադարձութիւնների թելադրանքով: 2020 թուականի պատերազմից յետոյ նոր իրավիճակ է ստեղծուել, ինչը չի կարող կուսակցութեան մարտավարութեան փոփոխութիւն չենթադրել:
«Եթէ անցեալում մեր, նաեւ իմ անձնական մօտեցումն այն էր, որ Արցախում խաղաղապահների ներկայութիւնը անընդունելի է, ի յայտ եկած նոր իրողութիւններում մենք հաշուի ենք առնում նաեւ նոր հանգամանքները»:
ՀՅԴ պատասխանատուի խօսքով, Հայաստանի Հանրապետութիւնն այն հիմնական առանցքն է, դերակատարը, որի շուրջ պէտք է կառուցուի մեր համազգային քաղաքականութիւնը՝ այդ թւում եւ Ղարաբաղեան հարցի հետ կապուած քայլերը: Նրա խօսքով՝ ՀՀ ներկայիս իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան արդիւնքում ունեցանք պատերազմ՝ ներկայ արդիւնքերով: Այսօր նոր փուլ է ընթանում:
«Մտնում ենք մի նոր փուլ, որի եզրայանգումը կարծես թէ Ղարաբաղեան հարցի «վերջնալուծումն» է: Ես հաւատացած եմ, որ մեր ժողովրդի մէջ բաւարար ներուժ, շրջանակներ կը գտնուեն, որ կարող են կանխարգելել այն գործընթացները, որին միտուած է ՀՀ ներկայ իշխանութիւնների քաղաքականութիւնը»:
Ըստ նրա, Խաղաղութեան դարաշրջան անուան տակ ազգային աղէտի են տանում մեզ, եւ ժամանակաւոր զինադադարը, ցանկացած պահի, ինչպես ցոյց են տուել Փառուխի դէպքերը, կարող է դադարել: Ակնյայտ է, որ պատերազմից յետոյ Ադրբեջանն ուզում է միջազգային հարթակներում ցոյց տալ, որ Ղարաբաղեան խնդիրն այլեւս լուծուած է: Հայկական կողմը հակադարձում է, բայց ըստ Դաւիթ Իշխանեանի, ոչ բաւարար չափով:
«Փորձում է ցոյց տալ, որ Ղարաբաղեան հարցը չի հանգուցալուծուել, պէտք է յստակեցուի կարգավիճակը: Ինքնորոշման խնդիրը մեզ համար գերակայ է, եւ միջազգային հարթակներում, այդ թւում եւ ապաւինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում են որոշակի քայլեր կատարել: Ցաւօք սրտի պիտի արձանագրեմ նաեւ, որ ՀՀ իշխանութիւնների այդ յայտարարութիւնները պէտք է ունենան նաեւ գործնական քայլեր, ինչը մենք չենք տեսնում»:
Դաւիթ Իշխանեանն անդրադարձաւ նաեւ մինչեւ 2018 թուականի ՀՀ-ում տեղի ունեցած յեղափոխութիւնն ընկած ժամանակահատւածի արտաքին քաղաքականութեանը: Նա չարդարացուած է համարում մեղադրանքները՝ դաշնակցութեան հասցէին, գտնելով, որ դա կուսակցութեանը հարուածելու եւ ներկայ իշխանութիւնների քայլերը արդարացնելու միջոց է: Նրա կարծիքով, միտումնաւոր արուել է այնպէս, որ Արցախը դուրս մղուի հայկական արտաքին քաղաքական օրակարգից: Եւ համազգային հայկական օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող Արցախն այսօր կարծես ասելիք չունի, չկայ:
«Թէզերը Ռուսաստանին միաւորուելու կամ Ադրբեջանին տալու մասին ընդամէնը կարծիքներ են: Ակնյայտ է մի բան. Ադրբեջանը ուզում է ցոյց տալ, որ հակամարտութիւնը լուծուած է: Սա իրենց տեսակէտն է»:
Նրա խօսքով, Հայաստանից Արցախի դէինտեգրում է ընթանում: Ասելիքը Դաւիթ Իշխանեանը հիմնաւորում է քաղաքական, տնտեսական կապերի թուլացմամբ, որ տեղի են ունենում վերջին տարիներին: Մեր հակադարձմանը, թէ ամէն դէպքում այսօր Հայաստանը հսկայական սոցիալ-տնտեսական ռեսուրսներ է ուղղորդում Արցախ, Դաւիթ Իշխանեանը չհամաձայնեց. դէինտեգրման գործընթացն ակնյայտ է՝ ասում է, եւ շարունակում․ եթէ այս ամէնը զուտ տակտիկական քայլեր են՝ ուղղուած համազգային նպատակների իրագործմանը, ապա քաղաքական ուժերին պէտք է յստակ ազդակներ տրուեն, եւ մենք դրանց մասին չխօսենք, բայց յստակ երեւում է, որ այն, ինչ կատարւում է Արցախի հետ՝ դէինտեգրում է Հայաստանից։ Ի՞նչ անել ներկայ իրողութիւններում՝ համազգային նպատակներին հասնելու համար: Այս մասին Դաւիթ իշխանեանն ասաց.
«Այս անորոշութեան պայմաններում կարեւոր է կարողանալ ռուսական կողմի հետ կառուցել յարաբերութիւնները նոր մօտեցումներով: Այդ յարաբերութիւնների կառուցումը կարող է բխել՝ ճանաչում յանուն փրկութեան , որը միջազգայնօրէն ընդունուած է»:
Նրա կարծիքով կարեւոր է, որ այս թէզը քննարկումների դաշտ բերուի, այդ թւում եւ՝ խորհրդարանական քննարկումների: Դրանց արդիւնքերի վրայ կարելի է հասկանալ, թէ որքանով է այն ընկալելի հայ հանրութեան, եւ հետաքրքիր՝ տարածաշրջանային խաղացողների համար։
Սրբուհի Վանեան
Artsakhradio.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.