Հասկանալի չէր, թէ ինչ նպատակ էր հետապնդում վարչապետը պատերազմը չկասեցնելով․ ԱԱԾ տնօրէնի նախկին ԺՊ

Հայաստանն ապրում է մի ժամանակահատուած, երբ երկրի անվտանգութիւնը սպառնալիքի տակ է եւ այս պայմաններում լռելը, մտքեր չփոխանակելը եւ փաստեր չներկայացնելը ճիշտ չեմ համարում։ Այս մասին այսօր՝ յունուարի 11-ին, «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրոյց» հաղորդաշարի սկզբում յայտարարել է ԱԱԾ տնօրէնի նախկին ժամանակաւոր պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը, որը պարզաբանել է, թէ այդ պատճառով է դէմ գնացել իր սկզբունքներին եւ չի մերժել հարցազրոյցի հրաւէրը։

Մ․Համբարձումեանը ճշտել է, որ ԱԱԾ տնօրէնի ԺՊ է դարձել ոչ թէ պատերազմի 12-րդ, այլ 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, քանի որ այդ պահին ԱԱԾ տնօրէն Արգիշտի Քյարամեանը մէկնել  Արցախ՝ մէկ այլ տեղակալի հետ, եւ ծառայութեան ղեկավարի պարտականութիւնները դրուել են իր վրայ, նաեւ աւելացրել, որ դրական չի վերաբերւում ծառայութեան ղեկավարի յաճախակի փոփոխութիւններին․

«ԱԱԾ տնօրէնը տիրապետում է յոյժ գաղտնի տեղեկութիւնների, ինֆորմացիայի աղբիւրների եւ այդ պաշտօնում մարդկանց յաճախակի փոփոխութիւնները, բնականաբար, բացասական ազդեցութիւն են ունենում, եւ աշխատանքի կազմակերպման առումով, նաեւ, երբ անձը երկար ժամանակով մնում է ԺՊ, անվտանգութեան առումով ռիսկեր են առաջանում»։

ԱԱԾ տնօրէնի նախկին ԺՊ-ը ասել է, որ սեպտեմբերի 30-ին իրեն հրաւիրել է ԱԱԾ տնօրէն Արգիշտի Քյարամեանը եւ ասել, որ իր վրայ են դրւում ծառայութիւնը ղեկավարելու պարտականութիւնները, հոկտեմբերի 8-ին վարչապետն իրեն տեղեկացրել է, որ Քյարամեանն ազատւում է պաշտօնից եւ ինքն է նշանակւում, նաեւ աւելացրել, որ պաշտօնից պէտք է ազատի նաեւ ռազմական հակահետախուզութեան պետը։

«Ինձ համար խիստ անհասկանալի էր ռազմական հակահետախուզութեան վարչութեան պետի պաշտօնանկութիւնը, այն էլ պատերազմական պայմաններում, երբ նա 24-ժամեայ ռեժիմով համակարգում էր ամբողջ ռազմական հակահետախուզութեան աշխատանքը։ Փորձեցի պարզաբանում ստանալ վարչապետից, ի վեջոյ խօսքը գեներալ-մայորի մասին է, որին պէտք էր կանչել ու ասել, թէ դու աշխատանքից ազատւում ես։ Ինձ լիարժէք բաւարարող պատասխան չստացայ, բայց ռազմական դրութեան պայմաններում ղեկավարի հրամանները չեն քննարկւում։ Ամէն դէպքում, հրաւիրել եմ վարչութեան պետին, ասել, որ ազատւում է, նա եւս, որպէս զինուորական, չի քննարկել եւ անմիջապէս վերցուել է կադրերի ռեզերւի տրամադրութեան տակ, նշանակուել է վարչութեան նոր ԺՊ։ Աշխատել ենք նոյն ծանրաբեռնուածութեամբ մինչեւ հոկտեմբերի 28-ը, այդ օրը դիմեցի վարչապտին, որ ցանկանում եմ ազատուել պաշտօնից, նրա համար իմ ցանկութիւնն անակնկալ էր, պարզաբանեցի առիթը, վարչապետը չընդունեց իմ հրաժարականը եւ հարցը մնաց առկախուած։ Այդ պահին չէի կարող պնդել իմ ցանկութիւնը, ամէն վայրկեան գործողութիւններ էին տեղի ունենում եւ մենք անընդհատ աշխատում էինք, եւ ծառայութեան կաթուածահար լինելը թոյլ տալ չէր կարելի։ Նոյեմբերի 8-ին վաչապետն ասաց, որ որոշում է կայացուել ԱԱԾ տնօրէնի պաշտօնում նշանակել Արմէն Աբազեանին, շնորհակալութիւն յայտնեց համատեղ աշխատանքի համար։ Վարչապետն առաջարկեց աշխատել իմ նախկին՝ ԱԱԾ տնօրէնի տեղակալի պաշտօնում, ես հրաժարուեցի։ Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել, բայց պատճառներից կ’առանձնացնէի երեքը։ Առաջինն այն էր, որ յեղափոխութիւնից եւ նոր իշխանութեան ձեւաւորումից յետոյ վստահութեան պակաս կայ  ծառայութեան հանդէպ, մասնաւորապէս այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Տնօրէնի պաշտօնում, երբ վարչապետի հետ անմիջականօրէն էի շփւում, այդ տպաւորութիւնը հաստատուեց։ Ուստի, կարծում եմ, որ ծառայութեան ղեկավարը պէտք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ծառայութիւնում աշխատում են նուիրեալներ, որոնք հայրենասէրներ են եւ աշխատում են երկրի համար, բայց յաճախ ենթարկւում են իշխանամէտ մամուլի քննադատութեան կամ ֆէյքային յարձակման։ Եւ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատւում է, թէ չի գնահատւում։ Ստեղծւում է մի իրավիճակ, երբ պետական պաշտօնը դառնում է ոչ գրաւիչ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ, թէ ինչու պատերազմը չի կասեցւում։ Երբ մենք եւ պաշտպանութեան նախարարութիւնը ամէնօրեայ ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի յաջողւում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցւում եւ սկսւում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում, երկրորդ պատճառը դա էր։ Եւ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թէ ինչ նպատակ է հետապնդում իշխանութիւնը պատերազմը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակէտ ենք մենք ակնկալում, ի վերջոյ հիւսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցութիւնից իմ մէջ այդ որոշումը հասունացաւ», ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը։

Միքայէլ Համբարձումեանը նշել է, որ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը պատերազմն արագօրէն կասեցնելու անհրաժեշտութեան վերաբերեալ իր յայտարարութիւնն արել է ԱԽ նիստին, որին ինքը չի մասնակցել։

«Ես ինքս ժամական ռեժիմով եմ վարչապետին զեկուցել պատերազմում տիրող դրութեան մասին, մեր կորուստների մասին եւ ներքաղաքական իրավիճակի մասին, տիրող տրամադրութիւնների մասին։ Տնօրէնի ԺՊ պաշտօնը ստանձնելուց յետոյ նաեւ պարբերաբար գրաւոր է զեկուցուել, թէ ինչ իրավիճակ է եւ ինչ հեռանկար կարող է լինել։ ԱԽ եւս մէկ նիստ տեղի ունեցաւ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայացրեց տիրող իրավիճակը, հեռանկարը եւ այն, որ մենք գնում ենք դէպի պարտութեան եւ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, նոյն կարծիքին էր նաեւ Տօնոյեանը, ընդդիմադիր խմբակցութիւններից Արման Աբովեանն ու Էդմոն Մարութեանն էին ներկայ։ Այնուամենայնիւ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացուեց։ Յետոյ ՌԴ նախագահ Պուտինի խօսքերից, այլ աղբիւրներից եկած ինֆորմացիայից պարզուեց, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին նման առաջարկ եղել է ՌԴ ղեկավարութեան կողմից։ Կոնկրետ, կէտային առաջարկներ են եղել, թէ ինչ է պէտք անել։ Այսինքն, ըստ էութեան, կեանքի էր կոչուելու Լաւրովի պլանը։ Այդ առաջարկներից ամենաշատն ուզում եմ կարեւորել, որ ռուս խաղաղապահ զօրքեր էին մտցուելու Արցախի տարածք, ինչը կը լինէր Արցախի անվտանգութեան գլխաւոր երաշխիքը, ինչպէս նաեւ մենք լրացուցիչ տարածքներ չէինք կորցնի, խօսքը Հադրութի եւ Շուշիի մասին է։ Ինչո՞ւ չէին քննարկւում Ռուսաստանի առաջարկները՝ չեմ կարող ասել։ Դրանք ոչ ԱԽ նիստերում, ոչ էլ հանրութեանը չեն ներկայացուել։ Նոյեմբերի 7-ի դրութեամբ, իմ հրաժարական տալու օրը, ես դրանց մասին չեմ իմացել։ Երբ տեղեկացայ այդ առաջարկների մասին, ոչ թէ վարչապետից, այլ իմ գործընկերներից, բնականաբար այդ հարցը ծագեց՝ ինչո՞ւ ենք ուշացնում։ Դա էր տարածքային եւ մարդկային քիչ կորուստներ տալու միակ ռէալ հնարաւորութիւնը։ Պատասխանը չունէի եւ այդ անորոշութիւնն էր պատճառը, որից ես վտանգ էի տեսնում։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել Նիկոլ Փաշինեանը։ Մենք ամէն ժամի օբյեկտիվօրէն ներկայացրել ենք տիրող իրավիճակը։ Պատկերը մենք ստացել ենք ՊՆ-ից եւ մեր օպերատիւ աղբիւրներից։ 100 տոկոսով համակարծիք եմ ԳՇ պետի հետ», նշել է նա։

Միքայէլ Համբարձումեանն ասել է, որ ամռանից սկսած Թուրքիայից եւ այլ տեղերից Ատրպէյճանի ձեռք բերած անօդաչուների, այդ թւում թուրքական պայրաքտարների մասին, ընդ որում, ոչ միայն բաց, այլեւ փակ աղբիւրներից, զեկուցուել է վարչապետին։

ԱԱԾ նախկին ղեկավարի խօսքով՝ թիւր է տպաւորութիւնը, թէ մենք մենակ ենք մնացել, մեր հարեւան երկրներից վրաստանն ու Իրանը, յատկապէս Ռուսաստանը հայ ժողովրդին, Հայաստանը սիրում եւ գնահատում են, եւ դա պայմանաւորուած չէ ոչ Փաշինեանով, ոչ նախկին նախագահներով, այդ երկրներում լաւ գիտեն, որ հայերը արարող ժողովուրդ են եւ վտանգ չեն ներկայացնում։

«Այն, ինչ արեց մեզ համար Ռուսաստանը, հայերը, լինեն նրանք ԱՄՆ-ում,  թէ Եւրոպայում, երբեք չպէտք է մոռանան։ Սա ասում եմ որպէս գործից տեղեակ մարդ։ Եթէ Ռուսաստանից օգնութիւնը չլինէր, շատ վատ հետեւանքներ կ’ունենայինք։ Ինչ վերաբերում է վրաստանին եւ Իրանին, այդ երկրները ցուցաբերել են ճիշտ եւ հաւասարակշռուած վերաբերմունք։ Չմոռանամ նշել նաեւ Ֆրանսիայի մասին։ Բաներ կան, որ չեմ կարող բացայայտել, բայց հաւաստիացնում եմ, որ Հայաստանի հանդէպ եղել է հաւասարակշռուած եւ դրական մօտեցում», նշել է Մ․Համբարձումեանը։

Նախորդ պատերազմի թոհուբոհով անցած գեներալներին ու այլ հրամանատարներին պատերազմի կառավարումից ու դրան մասնակցութիւնից հեռու պահելու վերաբերեալ, ԱԱԾ տնօրէնի նախկին ԺՊ-ն պատմել է, թէ ռազմական գործողութիւնների սկզբում եղել են ձերբակալուածներ, որոնք ենթադրեալ խուճապային տրամադրութիւններ են տարածել, եւ վարկածներ են առաջ քաշուել, թէ այդ գործում ներքաշուած են եղել այդ նախկին հրամանատարները։

«Պարզուեց ճիշտ հակառակը, որ Սամուէլ Կարապետեանը, Վիտալի Բալասանեանը, Լեւոն Մնացականեանը, Արթուր Աղաբկեանը, Արշաւիր Ղարամեանը ամէն ինչ անում են իրենց ներուժը ներդնելու համար, յատկապէս ուզում եմ շեշտել Վիտալի Բալասանեանի պահը, որի աշխատանքը մեզ շատ տեսանելի էր։ Բաւականին հեղինակութիւն ունէր զինուորականութեան շրջանակներում, տեսլական ունէր, թէ ինչ է պէտք անել, ես ինքս վարչապետին զեկուցել եմ եւ ասել, որ պէտք է խնդիր ձեւակերպուի եւ դրուի Բալասանեանի առջեւ, որովհետեւ տեսնում էի դրա անհրաժեշտութիւնը, տեսնում էի նրա ցանկութիւնը՝ անել առաւելագոյնը։ Բայց դէպքերը արագ զարգացան եւ ամէն ինչ աւարտուեց», նշել է նա։

Արցախի նախագահի մի յայտարարութեան մասին, թե ԱԱԾ յատուկ ստորաբաժանումը չի ուղեկցել իրեն առաջնագիծ, Միքայէլ Համբարձումեանն ասել է, թէ այդ ստորաբաժանումը մարտական միաւոր է, որը կոնկրետ գործառույթների շրջանակ ունի եւ կազմուած է փորձառու պրոֆեսիոնալներից, եթէ նրանց համար անորոշ խնդիր է ձեւակերպւում, նրանք չեն կարող դա իրականացնել, նրա խօսքով, կուրօրէն առաջադրանքի կարող են գնալ անփորձները, այդ պատճառով այդքան զոհ ունեցանք։

Եթէ պետութիւնը կազմակերպական խնդիրներ չունենար՝ այս արդիւնքը չէր լինի, ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը։

«Ինչ է՝ մենք տներում ունէի՞նք սաղաւարտ ու զրահաբաճկոն, որ կոչ էր արւում իրենց հետ վերցնել եւ մեկնել ռազմաճակատ։ Իմ շրջապատում նման մարդիկ չեմ ճանաչում։ Ես խնդիրներ էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապուած, խնդիրներ էի տեսնում մեր կամաւորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապուած, այնտեղ ընդունելու, տեղաբաշխելու հետ կապուած, խնդիրներ էի տեսնում այդ նոյն սաղաւարտների ու զրահաբաճկոնների անհրաժեշտ քանակի հետ կապուած, խնդիրները շատ էին եւ հետեւանքը մենք տեսանք», ասել է նա։

ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանն իր խմբով ներկայացել եւ ասել է, որ պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք, ՊԲ հրամանատարը նրանց գործուղել է Շուշի, որտեղից վերադարձել են, երբ ակտիւ մարտական գործողութիւններ չէին կատարւում։ Ծառուկեանի խումբն էլ այնպէս չէր, որ կարող էր բեկում մտցնել, հայապահպանութեան եւ ազգային շահերի համար պայքարելու առումով, Համբարձումեանի գնահատմամբ, անգնահատելի դեր ունի ՀՅԴ-ն։

Միքայէլ Համբարձումեանի խօսքով՝ ի պատիւ մեր քաղաքական գործիչների, նրանք չեն արել որեւէ քայլ, գործողութիւն կամ յայտարարութիւն, որ կարող էր սպառնալ երկրի անվտանգութեանը։

«Վազգէն Մանուկեանի առչնութեամբ իմ յայտարարութեան մէջ ասել եմ ամէն ինչ։ Ինչու քրէական գործ չյարուցուեց կամ չձերբակալուեց, որովհետեւ վարոյթ իրականացնող մարմինն այդտեղ յանցակազմ չտեսաւ», նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը։

Միքայէլ Համբարձումեանը լրջագոյն հարց է համարում Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարների միջեւ միջնորդաւորուած կապի, 5 միլիարդ տոլարով Արցախի անվտանգութեան գօտի համարուող շրջաններն Ատրպէյճանին զիջելու թեման։

«Դա պէտք է քննութեան առարկայ դառնայ։ Թէ դա որքանով է իրական՝ չեմ կարող ասել, ինքս գործընթացին չեմ մասնակցել։ Տեղեկութիւնն այն մասին է, որ տեւական կապ է եղել ՀՀ վարչապետի եւ Ատրպէյճանական կողմի միջեւ, որի ընթացքում քննարկուել է փողի դիմաց Արցախի հարցը լուծելու տարբերակը։ Այդ քննարկումների ընթացքի, արդիւնքների մասին մենք չգիտենք, բայց տեսնում ենք այսօրուայ իրողութիւնը․ պարտութիւն, տարածքների լուրջ կորուստներ, Հայաստանի սահմանների հետ կապուած լուրջ խնդիրներ։ Պէտք է գտնենք պատճառահետեւանքային կապը։ Շատ մանրամասն,  պարզաբանումներ պէտք է տան եւ վարչապետը, եւ այն պաշտօնատար անձինք, որոնք մասնակցել են գործընթացին։ Եթէ համոզիչ բացատրութիւններ չտրուեն, հաւատացէք, որ նոյնիսկ իմ մէջ, որ ասել եմ, թէ վարչապետը դաւաճան չէ,  կասկածներ կը ծագեն։ Որքանով ես գիտեմ՝ իրաւապահ մարմինները զբաղւում են այս հարցով, չեն կարող չզբաղուել։ Սա կարեւորագոյն խնդիր է, խորութեամբ ու մանրամասն պէտք է քննուի, քանի անգամ են հանդիպել, խօսակցութիւնների ձայնագրութիւններ եւ այդ ամէնը պէտք է անել  հրապարակային», նշել է նա, ընդգծելով, որ առանց փաստերի վարչապետին դաւաճան չի կարող համարել։

ԱԱԾ քննչական բաժնի նախկին ղեկավարի խօսքով՝ Մանուէլ Գրիգորեանի գործը վերածուեց ցուցադրութեան։

«Երբ մենք գնում էինք Մանուէլ Գրիգորեանի տուն՝ չէինք գնում տուշոնկայ յայտնաբերելու։ Որոնում էինք ապօրինի զէնք-զինամթերք, ապօրինի ծագում ունեցող գումար յայտնաբերելու վարկածով, որոնց մասին ունէինք տուեալներ։ Երբ յայտնաբերուեցին տուշոնկաներն ու Բանակի համար նախատեսուած մեքենաները, դրանք յայտնուեցին մամուլի շահարկումների թիրախում։ 1998 թուականից աշխատել եմ ԱԱԾ-ում եւ որեւէ գործով մեղքի զգացում չունեմ», ասել է նա։

Միքայէլ Համբարձումեանն ասել է, որ յեղափոխութիւնից յետոյ Փաշինեանի շատ գաղափարների համամիտ է եղել՝ մաքուր ընտրութիւններ, կոռուպցիայի դէմ պայքար եւ այլն, բայց իրեն անհասկանալի է պաշտօնից կառչած մնալը, ինչն անընդունելի է համարում։

«Նա պէտք է յուլիսի 10-ից յետոյ յայտարարէր, որ երկիրը կանգնած է գլոբալ խնդիրների առաջ եւ գնար արտահերթ ընտրութիւնների, նա այդ մասին յայտարարեց աւելի ուշ՝ հանրային ճնշումներից յետոյ։ Դա ինձ համար անընդունելի է։ Այսօր էլ չեմ ընդունում նրա մօտեցումը, որ ինքն է կազմակերպելու արտահերթ ընտրութիւնները։ Եթէ առաջացել են համազգային խնդիրներ, մարտահրաւէրներ, մարդը պաշտօնին կառչած չպէտք է մնայ», ընդգծել է ԱԱԾ տնօրէնի ԺՊ-ն։

Միքայէլ Համբարձումեանի խօսքով՝ երկիրը կանգնած է լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, մինչդեռ տպաւորութիւն է, որ անվտանգութիւնը սկսւում է կառավարութեան շէնքի, աւարտւում կառավարական ամառանոցների պահպանութեամբ․ իշխանափախութիւնից բացի այլ ելք չեմ տեսնում, ամփոփել է նա։

Leave a Comment

You must be logged in to post a comment.