ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ․ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ

Սոյն թուականի յունուարի 14-ին Մոսկուայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։         Այն մասին, որ երկու պետութիւնները որոշել են յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսել, հանրութիւնը տեղեկացել է Թուրքիայի իշխանութիւններից դեռևս 2021 թ․ դեկտեմբերին։ ՀՀ արտգործնախարարութիւնն այնուհետ շտապել է հաստատելու Թուրքիայի արտաքին գերատեսչութեան ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի յայտարարութիւնն այն մասին, որ Երևանն ու Անկարան յատուկ ներկայացուցիչներ կը նշանակեն՝ երկու երկրների յարաբերութիւնները կարգաւորելու համար։ Նշուած յայտարարութիւններից ուղիղ մէկ ամիս անց Մոսկուայում կայացաւ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների վերոնշեալ հանդիպումը, որից յետոյ կողմերը յայտարարեցին, թէ այն անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում։

Այդ հանդիպման արդիւնքների մասին միակ պաշտօնական տեղեկատուութիւնն այն էր, որ երկու երկրները «համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների» ։ Բայց, հաշուի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանութիւնները մինչ իրենց ներկայացուցիչների այդ հանդիպումը որոշ հարցերի շուրջ արդէն պայմանաւորուածութիւններ էին ձեռք բերել, օրինակ՝ Երևան-Ստամբուլ թռիչքների իրականացման թոյլտուութիւնը հայկական և թուրքական աւիաընկերութիւններին, կարելի է ենթադրել, որ երկու երկրների օրակարգը բաւական ընդգրկուն ու բովանդակային է։ Այս տեսանկիւնից Ռուբէն Ռուբինեանն ու Սերդար Քըլըչին ոչինչ չորոշող գործիչներ չեն։ Նրանք կան, որպէսզի ցոյց տրուի, թէ իբր կողմերը բանակցում են։ Իրականում, սակայն, շատ բան, եթէ չասենք՝ ամեն ինչ, վաղուց արդէն որոշուած է։

Երևան-Ստամբուլ չուերթների վերականգնման որոշումն ասուածի միակ ապացոյցը չէ։ 2021 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յայտարարել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար Հայաստանը պէտք է նոր Սահմանադրութիւն ընդունի։ «Հայաստանի Սահմանադրութեան տեքստում յղումներ են արւում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին։ Նրանք պէտք է հրաժարուեն դրանից» ,- ասել է Ալիևը։ Իսկ ահա 2022 թ․ յունուարի 27-ին Հայաստանում հաստատուել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Ինչպէս և կարելի էր սպասել, այն համալրուած է տարատեսակ սաքունցներով և Իոաննիսեաններով։ Թէ ինչով է զբաղուելու այդ խորհուրդը, կը տեսնենք առաջիկայում։ Բայց արդէն իսկ ակնյայտ է, որ Թուրքիայի հանդէպ մեր ազգային պահանջատիրութիւնը, այդ թւում նաև՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման հարցը, դուրս է բերուել այս իշխանութիւնների օրակարգից։ Այսպէս՝ յունուարի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, թէ Հայաստանի Հանրապետութիւնը երբեք Հայ դատի քաղաքականութիւն չի վարել: «․․․․պէտք է արձանագրենք, որ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի լոկոմոտիւը միշտ էլ եղել է Սփիւռքն ու Սփիւռքի կազմակերպութիւնները»,- ասել է Փաշինեանը, ինչը, «դիւանագիտական լեզուից» թարգմանած, նշանակում է, որ պաշտօնական Երևանը Թուրքիայի համար այդ տհաճ հարցերի «պատասխանատու» հայկական սփիւռքին է ճանաչում։

Թուրքիան շատ լաւ գիտի հայկական սփիւռքի կարողութիւններն ու այդ կարողութիւններից իր համար բխող վտանգի չափը։ Այդ իսկ պատճառով այս փուլում պաշտօնական Անկարան փորձում է չէզոքացնել Սփիւռքի ազդեցութիւնը ՀՀ իշխանութիւնների վրայ։ Զուգահեռաբար Թուրքիայի կառավարութիւնը հայերին որոշակիօրէն սիրաշահելու քայլեր է ձեռնարկում՝ պատրաստուելով դէպի Հայաստան ուղիղ չուերթեր սկսելու նաև Վանից ու Կարսից։ Այսպէս՝ իշխանամերձ «Hürriyet» թերթի՝ Էրդողանի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը յայտնել է, թէ «կարծիքներ կան այն մասին, որ յատկապէս Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածուել: Բացի այդ՝ ծրագրուել է Կարսի մերձակայքի որոշ պատմական կառոյցների, այդ թւում՝ կամուրջների ու այլ շինութիւնների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորութիւն ունեն։ Իսկ հայկական սփիւռքի ճնշումը նուազեցնելու նպատակով միաժամանակ կ’ընդլայնուեն նաև առևտրային յարաբերութիւնները»         Այս բոլոր գործընթացներն ու յայտարարութիւնները խօսում են այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերեալ կողմերի տարածած հաղորդագրութիւնները հեռու են բանակցային իրական օրակարգի մասին ամբողջական տեղեկատուութիւն հաղորդելու պաշտօնական Երևանի խոստումներից։ Այդ հանդիպումից երեք օր անց՝ յունուարի 17-ին՝ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, ընդդիմադիր պատգամաւորները փորձեցին որոշակի մանրամասներ պարզել Թուրքիայի հետ բանակցութիւններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանից, սակայն վերջինս հերթական բախումը սադրեց խորհրդարանում, որից յետոյ թէ՛ իշխանական, թէ՛ ընդդիմադիր ուժերի և թէ՛ հանրութեան ճնշող մեծամասնութեան ուշադրութիւնը շեղուեց դէպի ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հայհոյախառն վէճը…

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն արագ առաջ է գնում։ Այն արդէն արժանացել է մի շարք երկրների, այդ թւում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպէս նաև միջազգային տարբեր կառոյցների դրական արձագանքին։ Յաջորդ քայլով Թուրքիան փորձելու է դուրս բերել այդ գործընթացն արտաքին խաղացողների ազդեցութիւնից և Հայաստանի հետ իր խնդիրները կարգաւորել առանց այլոց միջամտութեան։ Թուրքական կողմն արդէն յայտարարել է այն մասին, որ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետև պէտք է տեղի ունենան կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում։ Այդ կերպ Էրդողանի կառավարութիւնը փորձում է ապահովագրել իրեն Հայկական հարցից վերջապէս ձերբազատուելու այս գործընթացն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից տապալուելու ռիսկերից։ Իսկ նման վտանգ Թուրքիան իսկապէս զգում է։ Աւելին՝ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու Թուրքիայի հիմնական շարժառիթը հէնց դա է՝ իր գլխին դամոկլեան սրի պէս կախուած Հայոց ցեղասպանութեան գործօնի չէզոքացումը։ Անկարայում հրաշալի գիտակցում են, որ Հայկական հարցը տասնամեակներ շարունակ եղել և շարունակում է մնալ այն գործիքը, որի միջոցով իր հիմնական մրցակիցները սահմանափակումներ են դրել Թուրքիայի առջև։ Օրինակ՝ Հայկական հարցն է դարձել Թուրքիայի՝ Եւրոպական միութեանն անդամակցելու յայտի մերժման հիմնական պատրուակը։ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու սպառնալիքով է, որ արևմտեան երկրներն ազդում են Թուրքիայի այս կամ այն որոշման վրայ։ 2008 թ., երբ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորելու առաջին փորձը, իմ խորին համոզմամբ, Թուրքիան ետ է կանգնել արդէն իսկ ստորագրուած արձանագրութիւնները վաւերացնելու իր պարտաւորութիւնից ոչ թէ Ադրբեջանի պահանջով, այլ այն բանից յետոյ, երբ գիտակցել է, որ այդ գործընթացն իր համար չի լուծում Հայկական հարցից ձերբազատուելու խնդիրը։ Եւ հիմա դա է պատճառը, որ պաշտօնական Անկարան փորձում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացից դուրս թողնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որպէսզի վերջիններս յանկարծ չազդեն պաշտօնական Երևանի որոշումների վրայ։ Իսկ Երևանը, ցաւօք, այսօր ոչ թէ բանակցում է Թուրքիայի հետ, այլ պարզապէս ընդունում Անկարայում և Բաքուում կայացրած որոշումները։ Ինչպէս արդէն նշեցի, դրա համար է Հայաստանում Սահմանադրութեան փոփոխման գործընթաց սկսուել, և դրա համար է Փաշինեանը յայտարարում, թէ Հայոց ցեղասպանութեան հարցը Սփիւռքն է բարձրացնում, ինքը դրա հետ կապ չունի։

Միւս կողմից՝ ակնյայտ է, որ Թուրքիան չի կարող բացարձակապէս մեկուսացնել Հայաստանը արտաքին աշխարհից։ Բացի այդ՝ Թուրքիան Հայաստանը չի դիտարկում զուտ որպէս մի երկիր, որից միայն անախորժ մեղադրանքներ են հնչում։ Ընդհակառակը՝ այսօրուայ Հայաստանը Թուրքիայի համար մի շարք հնարաւորութիւններ է պարունակում, որոնցից պաշտօնական Անկարան ամէն կերպ փորձելու է օգտուել։ Խօսքը, նախ և առաջ, ՀՀ տարածքով դէպի Ադրբեջան ցամաքային կապ ունենալու թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակի մասին է։ Բայց ոչ միայն այդ։ Տասնամեակներ շարունակ Թուրքիան զրկուած է եղել հարաւային Կովկասում որևէ դերակատարում ունենալու հնարաւորութիւնից։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ թուրք գործիչները մեր տարածաշրջան վերադառնալու իրական հնարաւորութիւն տեսան, բայց Հայաստանի դիրքորոշման, ինչպէս նաև Հայկական հարցի պատճառով դա նրանց այն ժամանակ չյաջողուեց։ Հիմա, սակայն, իրավիճակը փոխուել է։ Ընդ որում, այն փոխուել է ոչ թէ 44-օրեա պատերազմից, այլ մինչ այդ՝ 2018 թ․, Հայաստանում տեղի ունեցած պետական յեղաշրջումից յետոյ։ 2019 թուականից սկսած՝ Թուրքիայի իշխանութիւններն արդէն բացայայտ խօսում էին հայ-ադրբեջանական հակամարտութեան մէջ ներգրաւուած լինելու մասին։ Պատերազմի նախաշէմին Թուրքիայի պաշտպանութեան նախարարն իրենց անգամ հակամարտութեան կողմ կոչեց։ Իսկ բուն ռազմական գործողութիւնների հետևանքով էլ Թուրքիայի զինուած ուժերը յայտնուեցին Արցախում։

Այժմ Թուրքիայի իշխանութիւնները այս ձեռքբերումներն իրաւապէս ամրագրելու խնդիր ունեն։ Արցախում դիտորդական առաքելութիւն իրականացնող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնն այս առումով, չի կարող բաւարարել Էրդողանի կառավարութեանը։ Նրանք աւելի առաջ են գնացել և ասպարեզ բերել, այսպէս կոչուած, «3+3»՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան երկխօսութեան ձևաչափը, որի առաջին հանդիպումը կայացել է Մոսկուայում 2021 թ․ դեկտեմբերի 10-ին ։ Թուրքիային խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանը որևէ կերպ չխոչընդոտի հարաւային Կովկաս վերադառնալու իր ծրագրերի իրականացումը։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք պատրաստ են նաև որոշ առումով սիրաշահելու հայկական կողմին, չնայած դրա անհրաժեշտութիւնը ՀՀ այս իշխանութիւնների պարագայում այդքան էլ չկայ։ Բայց պաշտօնական Անկարան շարունակում է աշխատել այդ ուղղութեամբ, և արդէն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիւանագիտական ֆորումի ժամանակ մենք բոլորս կը տեսնենք այդ ներկայացման յաջորդ արարը։

Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Դրօշակ» թիւ 2 (1663), փետրուար 2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.