Ինչպէ՞ս կազմաւորուեց Հայոց բանակը․ ՀՀ առաջին վարչապետի վկայութիւնները

Հայոց ներկայիս բանակի կազմաւորման պայմաններն ու տրամաբանութիւնը ՀՀ առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը  ներկայացրեց ՀՅԴ երիտասարդական կառոյցի կազմակերպած հանդիպմանը՝ Արամ Մանուկեան կենտրոնում՝ յայտնում է Yerkir.am-ը։

Նա նախ արձանագրեց, որ այն ժողովուրդները, որոնք ունեն նպատակ՝ հասնում են հզօրութեան, կարողանում են ապահովել իրենց բարեկեցութիւնը, իսկ այն ժողովուրդները, որոնք նպատակ չունեն, ոչ մի բանի չեն կարող հասնել՝ կամաց-կամաց վերանում են աշխարհի երեսից։

«Հարիւրաւոր տարիներ հայ ժողովուրդն ունեցել է նպատակ անկախ պետականութիւն ստեղծելու, պաշտպանուած լինելու և այլն։ Խորհրդային Միութիւնում 60-ական թուականներից ձևաւորուեց մի նոր շարժում՝ հայ ժողովուրդն սկսեց ձևաւորել իր նպատակները, առաջինը ինքնութեան հարցն էր՝ ինչպէս պահել մեր ինքնութիւնը, 65 թ-ին առաջացաւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման՝ Հայ դատի հարցը, յետոյ առաջացաւ անկախ պետութիւն ունենալու հարցը, բարձացաւ Արցախի հարցը․ այսինքն, 88 թ-ին ամբողջ ժողովուրդն ունէր նպատակ և այդ նպատակի համար էր հայ ժողովուրդը գնում զոհւում։ Հանգամանքներն այնպէս դասաւորուեցին, որ կարողացանք ստեղծել անկախ պետութիւն»,-ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա պատմեց, որ անկախութիւնը մենք Խորհրդային Միութիւնից ժառանգեցինք որպէս ձևաւորուած պետութիւն, միայն երկու կառոյց էր պակասում՝ բանակ և արտաքին քաղաքականութիւն իրականցնող մարմին։

«Բանակը ստեղծուեց ոչ թէ անկախութեան ժամանակ, այլ աւելի վաղուց․ բանակի անհրաժեշտութիւնը առաջինը հասկացանք Սումգայիթի դէպքերից յետոյ։ Հարց առաջացաւ, որ պէտք է ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ։ Զէնքեր էին սարքում անհատները։ Զէնք սկսեցին գաղտնի արտադրել նաև մեր խոշոր գործարանները։ Տարբեր երկրնեից ևս սկսեցին զէնք բերել։ Յետոյ պարզուեց, որ ջոկատները իրար հետ չէին համագործակցում, նրանց միաւորելու փորձերը ոչ մի բանի չբերեցին։ Դրա համար, երբ մենք եկանք իշխանութեան, անհրաժեշտ էր   ջոկատներից ազատուել և ստեղծել բանակ, բայց ո՞նց անել ԽՄ-ում գտնուելով։ Կառավարութեան առաջին որոշումներից մէկը ես ստորագրեցի և ստեղծուեց առաջին գունդը․ Ոստիկանութիւնն ունէր ներքին զօրքեր, որն անուանում էին ՄՀՈՋ-եր, և ես յայտարարեցի, որ բոլոր ջոկատները, որոնք ուզում են հայրենիքը պաշտպանել, պիտի մտնեն ՄՀՈՋ, մնացածներին զինաթափելու ենք»,-վերյիշեց Վազգէն Մանուկեանը։

Բանակի ստեղծման յաջորդ քայլը, նրա խօսքով, եղաւ այն, որ կառավարութիւնը որոշում ընդունեց Պաշտպանութեան կոմիտէ ստեղծելու․ նախարարութիւն չէին կարող կազմաւորել, որովհետև ԽՄ մէջ էին գտնւում։

«Ես ասացի՝ ամէն ինչը ես չեմ կարող անել, պէտք է ջոկատները մէկին յանձնել։ Բաբգէն Արարքցեանին առաջարկեցնք՝ հրաժարուեց, Վազգէն Սարգսեանին նշանակեցինք և ջոկատները յանձնեցինք իրեն։ Բայց երբ Կոմիտէն ստեղծուեց, Վազգէն Սարգսեանին կանչեցի, ասացի՝ Կոմիտէի նախագահ դարձիր, ապագայ բանակի կորիզն է լինելու, բայց ինքը բացատրեց, որ նպատակայարմար չէ, քանի որ մենք պէտք է կարողանայինք Սովետական բանակից ստանալ այն զէնքերը, որոնք գտնւում էին մեր տարածքում և լեգիտիմ պաշտօն էր պէտք բանակցելու համար, իսկ Վազգէն Սարգսեանն այն տարիներին ԱԺ պաշտպանութեան յանձնաժողովի նախագահն էր, դա լեգիտիմ պաշտօն էր։ Դրա համար Շիրխանեանին նշանակեցինք, Վազգէնը մնաց իր գործին, հետագայում, երբ այդ կոմիտէն վերաճեց ՊՆ-ի, Վազգէնը դարձաւ պաշտպանութեան նախարար»,-պատմեց Վազգէն Մանուկեանը։

Ձևաւորուեց 3 մասից բաղկացած բանակ միասնական ղեկավարութեամբ․ առաջինը՝ զինակոչիկներից, Նորատ Տեր-Գրիգորեանցին յանձնարարուեց զինակոչիկներից կառուցել բանակ, որը չէր մասնակցում ռազմական գործողութիւններին, քանի որ այդ տարիքում բոլորը հերոս են; երկրորդը՝ կամաւորների բանակը, որոնք ամբողջութեամբ ռազմական բեռը իրենց վրայ վերցրին՝ պրոֆեսիոնալ բանակ էր, որոնք աշխատավարձ էին ստանում; և բանակի երրորդ հատուածը՝ Արցախում, որտեղ մոբիլիզացիոն էր՝ ինչ-որ տարիքից ինչ-որ տարիք բոլորը պիտի ծառայէին բանակում։

Կար վեճ՝ ՆԱՏՕ-ի՞, թէ՞ ԽՍՀՄ մոդելով կառուցել բանակը․ Վազգէն Մանուկեանը կանգ է առել ԽՍՀՄ-ի մոդելի վրայ, քանի որ այդ ուղղութեամբ փորձն աւելի մեծ էր։

«Մենք տեխնոլոգիապէս առաջ էինք ընկել Ադրբեջանից՝ նոր տեխնոլոգիաներ էինք օգտագործում, Մերգելեան ինստիտուտը, էլեկտոնային տարբեր ինստիտուտներ վերակառուցում էին հակաօդային պաշտպանութեան տեխնիկան։ Հակաօդային պաշտպանութիւնը երբ կարողացանք ստեղծել, կապուեցի Ռոբերտ Քոչարեանի հետ, որն Արցախի Պաշտպանութեան կոմիտէի նախագահն էր, ասացի՝ մի 30-40 երիտասարդ գտիր Ղարբաղում, որոնք ռադիոտեխնիկում աւարտած լինեն, որ գիտնականները սովորեցնենք՝ ինչպէս օգտագործել այս միջոցները։ Շատ խելացի էին ղարաբաղցի երիտասարդները, անմիջապէս իւրացրին այդ բարդ բաները և հենց ստեղծեցինք՝ առաջին իսկ օրը ինքնաթիռ խփեցին, յետոյ 3-4-5 ինքնաթիռներ, ու Ադրբեջանն էլ ինքնաթիռ չէր ուղարկում»,-պատմեց Վազգէն Մանուկեանը։

Բանակի կազմաւորման մէջ, նրա գնահատմամբ, ամենավճռական նշանակութիւնն ունեցաւ Խորհրդային Միութիւնից հայազգի սպաների գալը Հայաստան․ մօտ 4400 սպայ ունէինք ԽՄ բանակում, ինչ-որ մասը եկաւ Հայաստան։

 

Աննա Բալեան

 

Մանրամասն՝ տեսանիւթում․

https://youtu.be/BZjV8PeABX8

Leave a Comment

You must be logged in to post a comment.