«Դրօշակ»ի Առաջնորդող. Համախմբուել՝ միաւորելով առաւելութիւնները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն 2022 թուականը հռչակել է Սփիւռքի տարի։ Նկատի ունենալով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դէմ սանձազերծուած պատերազմն ու հայութեան կրած մարդկային, տարածքային և մշակութային ծանր կորուստները՝ Կիլիկիոյ կաթողիկոսը 2021 թուականը հռչակել էր Արցախի տարի։ Յաջորդող 2022 թուականը Սփիւռքի տարի հռչակելը ենթադրել է տալիս հիմնահարցի լրջութեան մասին։ Եւ իսկապէս, կաթողիկոսական պատգամում, որը հրապարակուել է 2022 թ. յունուարի 1-ին, ասւում է. «….Հայ ժողովուրդն իր երեք թեւերով՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, բազմաթիւ ու բազմազան մարտահրաւէրներ ու վտանգներ կը դիմագրաւէ, իսկ հայօրէն մաշումի ենթակայ Սփիւռքը՝ աւելի՛ն։ Տեղ մը ան անորոշութեան ալիքներու մէջ կ’օրօրուի, այլ տեղ փոթորիկներու դէմ կը պայքարի. տեղ մը նոր ինքնութեան փնտռտուքի մէջ է, այլ տեղ՝ տեղայնացումի արագ ընթացքին մէջ։ Արդ, Սփիւռքի վերակազմակերպումն ու վերակենսաւորումը հրամայական անհրաժեշտութիւն է….»։ Իսկ այս նախաձեռնութիւնը նշանակո՞ւմ է արդեօք, թէ Սփիւռքը պէտք է ինքնուրոյն դիմագրաուի առկայ մարտահրաւէրներին՝ ինքն իր մէջ գտնելով սեփական հիմնահարցերի պատասխաններն ու հասնելով դրանց լուծմանը։ Այս հարցադրման պատասխանը կարելի է գտնել նոյն կաթողիկոսական պատգամում, մասնաւորապէս՝ հետևեալ տողերում. «….Սփիւռքը ինքնավախճան իրականութիւն մը չէ. ան իր տեսլականը պէտք է միշտ սեւեռած պահէ Հայաստանի ուղղութեամբ, որ ողնասիւնը կը կազմէ հայ ազգի ներկային ու երաշխիքը` անոր ապագային։ Այս խոր գիտակցութեամբ Սփիւռքը կոչուած է ինքզինք վերակազմակերպելու….»։

Կարելի է ակնկալել, որ իր իրաւունքների մէջ մտած 2022 թուականին, Հայաստանի ու Արցախի գլխին կախուած կենսական հիմնահարցերին զուգահեռ, շահեկան և անկեղծ խօսակցութիւն կծաւալուի Սփիւռքի ներկայի, ներքին մարտահրաւէրների և դրանց յաղթահարման ուղիների շուրջ, ինչը վաղուց տեղի չի ունեցել։ Աւելին՝ ամենուր և մշտապէս հնչող դատողութիւնները Հայաստանի ու Արցախի բազմաթիւ հիմնահարցերի վերաբերեալ կարծես թէ տասնամեակներ շարունակ շղարշել են հայութեան մեծամասնութիւնը կազմող աշխարհասփիւռ համայնքների խնդիրներն ու հոգսերը, որոնք հայրենիքի երկու հատուածների անկախացումից յետոյ, թւում է, ոչ թե նուազել, այլ աւելացել են։

Իրականում այս թեմայի շուրջ այսօրուայ խօսակցութիւնները սկսուել են արցախեան վերջին պատերազմում կրած պարտութեան ու դրան հետևած հայրենի մռայլ իրականութեան ծանր տպաւորութիւնների մթնոլորտում։ Եւ, հաւանաբար, հէնց նման տրամադրութիւնների ազդեցութիւնն են երբեմն կրում արուող հետևութիւնները։ Մասնաւորապէս ձեռք թափ տալով տագնապալի ու ճակատագրական իրականութեան նկատմամբ ոչ համարժէք կեցուածք դրսևորող հայաստանցիների վրայ՝ ոմանք եզրակացնում են, թէ Հայաստանի հետ յոյսեր կապելն անիմաստ է, և Սփիւռքը պէտք է ինքն իր գլխի ճարը տեսնի։ Մնում է երևակայել, որ եթէ այսպէս մտածողների ձայնին ականջալուր լինեն աշխարհասփիւռ զանգուածները, Սփիւռքը դուռը փակելու է Հայաստանի՞, ողջ աշխարհն իր մէջ ընկղմող համաշխարհային նոր իրողութիւնների՞, թէ՞ նաև ինքն իր վրայ։ Անաչառ լինելու համար պէտք է խոստովանել, որ անցած մեր աւելի քան երեսնամեայ ընթացքի հաշուեքննութեանը մղող քառասունչորսօրեայ ձախող պատերազմը և պարտութեան կառավարութեան «խրոխտ» առաջնորդութեամբ շարունակուող համազգային նահանջը բնականօրէն մղում են եզրահանգումների և՛ Սփիւռքին, և՛ Սփիւռքի շուրջ ու ընդհանրապէս։

Հայրենիք-Սփիւռք մերձեցումն իրական ընթացք առաւ դեռևս 1988 թուականի երկրաշարժից յետոյ։ Խորհրդային սահմանների փլուզումը, արցախեան ազատագրական պայքարն ու հայրենի երկու պետականութիւնների ձևաւորումը լրջագոյն խթան դարձան հայութեան երկու հատուածների միջև ամուր ու լայն կամուրջների կառուցման համար։ Դժբախտաբար, այս անգամ ոչ թէ արտաքին գործօնները, այլ ներքաղաքական հաշուարկները ստեղծեցին պատնէշներ այդ մերձեցման ճանապարհին։ Անկախ Հայաստանի չորս ղեկավարներից առաջինն ու չորրորդը որդեգրեցին հայութիւնը սևի ու սպիտակի բաժանելու, հայաստանցու և արցախցու, Հայաստանի և Սփիւռքի միասնականացման ընթացքը պառակտելու և հատուածականութիւնը խորացնելու քաղաքական կուրս։ Երկրորդ և երրորդ նախագահները փորձեցին մերձեցնել ժողովրդի երեք հատուածներին՝ վերացնելով Հայաստանն ու Սփիւռքը շաղկապող կամուրջներին ի յայտ եկած խոչընդոտները։ Եթէ անկախացմանը նախորդող ու յաջորդող առաջին տարիներին հայութեանը միաւորող գործօններ էին իր տագնապները, պայքարն ու ձեռքբերումները, ապա վերջին շրջանում միասնականացման գործօն են ծառայել պատերազմներն ու դժբախտութիւնները Սիրիայում, Լիբանանում, Արցախում ու Հայաստանում։

Չնայած երկրորդ ու երրորդ նախագահների օրոք հայրենիք-Սփիւռք մերձեցմանն ուղղուած զանազան միջոցառումների՝ խորհրդաժողովների ու համաժողովների, փոխայցելութիւնների ու ծրագրերի պակաս չկար, այսօր կարծես այդ ամէնը չի էլ եղել։ Երրորդ նախագահի օրոք անգամ Սփիւռքի նախարարութիւն ստեղծուեց, բայց կարծես թէ բարի ցանկութիւնները ամրագրուած չէին հայեցակարգերով, որոնք պէտք է նախանշէին, թէ ի վերջոյ ինչ է ուզածներս, հայրենիքն ու Սփիւռքը ինչպէս են կառուցելու իրենց յարաբերութիւնները՝ ելնելով յստակեցուած վերջնանպատակներից ու տեսլականներից։ Անաչառութեամբ առաջնորդուելով՝ արձանագրենք, նաև որ այդ գործընթացին թերևս խանգարել են մի շարք կեղծ պատկերացումներ ու կանխատեսումներ։

Օրինակ՝ ի՞նչ իրական ներուժ է պարունակում Սփիւռքը, և ի՞նչ ենք ակնկալում նրանից՝ մեր ընդհանուր նպատակներին միտուած գործը դերաբաշխելով։ Սրանից աւելի կարևոր հարց է, թէ ինչ պարտականութիւններ ու յանձնառութիւններ է պատկերացնում իր համար ազգային պետութիւնը սեփական Սփիւռքի նկատմամբ՝ ելնելով նրա գոյատևման հրամայականներից և համընդհանուր գործի համար ներուժի կուտակման ու համախմբման անհրաժեշտութիւնից։ Փոխարէնը շոուներ յիշեցնող ու կարգախօսային բնոյթի զանազան յայտարարութիւններ են արւել, օրինակ, զանգուածային ներգաղթի կազմակերպման վերաբերեալ այն պարագայում, երբ տեղացի բնակչութիւնն անգամ մշտապէս ունեցել է թէ՛ կեցութեան, թէ՛ աշխատանքի և թէ՛ եղած աշխատանքով քիչ թէ շատ բարեկեցիկ կեանք ապահովելու խնդիր։ Զարմանալիօրէն այդ անիրական պատկերացումները այն նոյն իրականութեան վերաբերեալ, որում մեր հայրենակիցներն են ապրում, եղել են ու կան ոչ միայն հայրենիքում, այլև Սփիւռքում։ Ինքնաբա՞ւ է արդեօք Սփիւռքը, որպէսզի կարողանայ, օրինակ, ինքն իր մէջ վերակազմակերպուելով ապահովել սեփական հեռանկարը և ազգային երազանքների համար համարժէք պայքարի կարողականութիւնը։ Զանազան դատողութիւններ անելիս մեր մտապատկերո՞ւմ է արդեօք կացութիւնը Միջին ու Մերձաւոր Արևելքում, հաշուա՞ծ է արդեօք հայկական դպրոցների քանակը Եւրոպայում, Ռուսաստանում կամ այլ գաղութներում, նկատի՞ ենք ունենում արդեօք խառնամուսնութիւնների թիւը նոյն այս երկրներում, Ամերիկայում և այլուր։

Այո՛, յայտնի են այն տագնապները, որոնք թուխպի պէս ծանրացել են Սփիւռքի մթնոլորտում ողբերգական պատերազմից, մարդկային ու տարածքային կորուստներից յետոյ, երբ մանաւանդ հայրենաբնակ ժողովուրդը չի ընդվզում ազգադաւ իշխանութեան դէմ, կարծես անզգայութեան մէջ է այն կենդանու նման, որը պառկած դիտում է, թէ ինչպէս են իրեն յօշոտում։ Ինչու է զոհաբերութիւնների պատրաստ երեկուայ հերոսական ժողովուրդն այսօր այս վիճակում՝ այլ խօսակցութեան նիւթ է։ Յստակ է մի բան՝ սա մեր ժողովուրդն է, սա է մեր Սփիւռքը, և երկրորդ հայ ժողովուրդ, որով կարող ենք եղածին փոխարինել, գոյութիւն չունի։ Այս պայմաններում մենք պէտք է մտածենք ժողովրդին յոյս ու ոգի ներշնչելու, մահաքնից դուրս բերելու, համընդհանուր պայքարի գաղափարի շուրջ համախմբելու և կրկին ոտքի հանելու մասին, իսկ նահանջի, սեփական պատեանի մէջ պարփակուելու մտայնութիւնները վտանգաւոր ցեցեր են ազգային օրգանիզմի համար։ Այդ վարակի տարածումը չպէտք է թոյլ տալ, մանաւանդ երբ հայրենադաւ ղեկավարը Հայաստանն ու Արցախը «յաջողութեամբ» պառակտելուց յետոյ ձեռնամուխ է եղել պառակտիչ օջախների ձևաւորմանը Սփիւռքում։

Չնայած Հայրենիքի և Սփիւռքի մերձեցմանը խոչընդոտող վերիվայրումներին ձևաւորուել են մնայուն կապեր, որոնք լայն ցանց են կազմում, մասնաւորապէս՝ մարդկային յարաբերութիւնների ձևով։ Չնայած Հայաստանի ներկայ ծանր վիճակին ու չդադարող արտահոսքին՝ կայ ներգաղթ, և նորանոր ընտանիքներ են խարիսխ նետում հայրենի ափերին։ Աշխարհի տարբեր ծագերում հայ մարդիկ թերթերով, ռադիոյով ու հեռուստատեսութեամբ ամենօրեայ կենդանի կապ են պահում Հայաստան-Արցախի հետ՝ անկախ հեռաւորութիւնից կիսելով հայրենիքում ապրող հայրենակիցների տագնապները, մտահոգութիւնները, ճակատագիրը։ Ի վերջոյ ազգային պայքարը, թեկուզ թուլացած, շարունակւում է մէկ ճակատով՝ նոյն նպատակների համար։ Մենք այլևս պատմութեան այն հանգրուանում ենք, երբ չի կարող լինել Սփիւռքահայութեան ու հայաստանցիների կամ արցախցիների պայքար առանձնաբար՝ տարբեր թիրախների և նպատակների համար։ Օրուայ ապազգային իշխանութիւններից առաջ Հայաստանի իշխանութիւններն արել են քայլեր, որոնցով եթէ Հայ դատի ընդհանուր պայքարի առաջնորդողն էլ չեն դարձել, ապա մաս են կազմել այդ պայքարին։

Երբ գոյութիւն ունի հայոց պետութիւն, բնականօրէն հայութեան պայքարը պէտք է տարուի պետութեան ակտիւ դերակատարութեամբ (թէկուզ որոշ դէպքերում՝ ոչ հրապարակայնօրէն)։ Ընդհանուր պայքարն ու ընդհանուր նպատակները այն հիմնական գործօններն են, որոնք միաւորում են և պէտք է միաւորեն հայրենիքն ու Սփիւռքը։ Առանձնաբար մղուող պայքարները կամ մեկուսի գոյութիւնը կը լինեն կործանարար առաջին հերթին սեփական երկրի կենսունակ միջավայրից կտրուած զանգուածների համար։

Հայութեան արտագաղթն ունի երկու հազարամեակի պատմութիւն, սակայն ներկայիս Սփիւռքը բնորոշւում է որպէս Հայոց ցեղասպանութեան հետևանք։ Պատճառը շատ պարզ է. դրանից առաջ ձևաւորուած համայնքներն այլևս գոյութիւն չունեն, անգամ նրանք, որոնք հարիւր տարի առաջ դեռևս կենսունակ էին։ Հայկական Սփիւռքը կենսունակութեան և երկարակեցութեան մէկ աղբիւր ունի՝ հայրենիքը, իսկ հայրենիքի համար հաւելեալ կենսունակութեան և ուժի մէկ աղբիւր գոյութիւն ունի՝ Սփիւռքը։ Մենք բոլորս ճակատագրի նոյն նաւի մէջ ենք և պարտաւոր ենք համախմբուել՝ միաւորելով մեր առաւելութիւնները, այլ ոչ թէ հակառակը։

 

 

«Դրօշակ» թիւ 1 (1662), դեկտեմբեր 2021 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.