Դաշնակցութիւնը հայրենիքի փրկութեան գործում եւ մղուող պայքարի մէջ առաջին գծում է. Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի ելոյթը Մարսէյլում՝ ՀՅԴ 132-ամեակի միջոցառմանը.

Սիրելի հայրենակիցներ, յարգելի հիւրեր,

Այսօր Մարսէյլում մենք նշում ենք ՀՅԴ ստեղծման 132-րդ ամեակը։

Տասնամեակների աւանդոյթ է ամէն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը։ Դա առիթ է մեր երկրի եւ ժողովրդի կարեւորագոյն հարցերին անդրադառնալու, մեր գործողութիւնների վերաբերեալ հաշուետուութիւն ներկայացնելու եւ յառաջիկայ անելիքների մասին խօսելու համար։

Դաշնակցութեան պատմութիւնն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմութիւնից։ Պայքարի ու անմնացորդ նուիրումի 100 եւ 32 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել իր առաքելութեանը՝ ծառայել Հայաստանի ու հայութեան ազատագրման դատին։ Պատուով ու հայրենիքով երդուեալների իրարայաջորդ սերունդների նպատակը եղել է մէկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։ Եւ այդ պայքարը շարունակւում է արդէն 132 տարի։ Փոխւում են ժամանակները, փոխւում են պայքարի ձեւերն ու մեթոդները, փոխւում են մարտահրաւէրներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխաւոր նպատակը։

Դաշնակցութիւնը ստեղծուեց այն պայմաններում, երբ հայը պատմական հայրենիքում պաշպանութեան եւ անվտանգութեան խնդիր ունէր։ Մենք ստեղծուեցինք այն պայմաններում, երբ հայը ստիպուած իր զաւակին ծառայութեան էր ուղարկում թշնամական երկրի բանակ: Մենք ստեղծուեցինք այն ժամանակ, երբ մեզ հարստահարում եւ սպանում էին մեր սեփական հայրենիքում: Դաշնակցութիւնը ստեղծուեց հենց այս վիճակը փոխելու համար եւ փոխեց այդ վիճակը։

Մեր ստեղծմանը յաջորդեց փշոտ, փորձութիւններով լի ճանապարհ։

Հայդուկային շարժում, ցեղասպանուող ժողովրդի ինքնապաշտպանութեան կազմակերպում եւ վերջապէս 6 դար դադարից յետոյ անկախ պետականութեան կերտում։

Հայոց ցեղասպանութեան կազմակերպողների նկատմաբ պատժիչ գործողութիւններ, սփիւռքի կազմակերպում եւ ձեւաւորում, Արցախեան գոյամարտ եւ վերջապէս գործունէութիւն ազատ անկախ Հայաստանում եւ Արցախում։ Դժուար է հաւատալ, որ այս ամէնը մէկ կազմակերպութեան յետագիծ է, բայց սա հենց մեր պատմութիւնն է՝ իւրայատուկ, ոգեւորող, դժուարին, սակայն մշտապէս հպարտութիւն ներշնչող։

Պատմութեան մէջ մենք շատ բան տեսնենք, փայլուն յաղթանակներից մինչեւ ծանր պարտութիւններ, վերելքներից մինչեւ ցաւոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամեակ ձգուող ճանապարհում մեզ յաջողուեց պահպանել ամենակարեւորը՝ նոյնիսկ պետութեան բացակայութեան պայմաններում պահել գլխաւոր իտէալը ազատ, անկախ եւ միացեալ հայրենիք ունենալու իտէալը։

Ցաւօք մեր վերելքի ճանապարհը ինչ որ տեղ ընդհատուեց 2020 թուականի նոյեմբերի 9-ի կապիտուլիացաիայի փաստաթղթով։ Նոյեմբերի 9-ից յետոյ Դաշնակցութիւնը հայրենիքի փրկութեան գործում եւ մղուող պայքարի մէջ առաջին գծում է։ Ցաւօք մինչեւ այժմ մեզ չի յաջողուել ազատուել այդ չարիքից եւ մեր վերադարձնել ազգային զարգացման ուղեգիծ։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից յետոյ Հայաստանում փոխուել է քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը։ Այն դուրս է եկել ընդդիմութիւն-իշխանութիւն դասական տրամաբանութիւնից։ Մեր եւ Հայաստանի իշխանութեան հակադրութեան բուն առարկան հայութեան, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, Սփիւռքի ներկայի ու ապագայի տեսլականն է: Մեր նպատակն է կերտել ազգային լիարժէք պետութիւն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնութիւնը եւ զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրուայ իշխանութեան իրական նպատակն է, պահպանելով պետութեան նոմինալ գոյութիւնը, ձերբազատուել ազգային ինքնութիւնից, հրաժարուել մեր սերունդների անժամանցելի իրաւունքներից ու շահերից: Մենք մերժում եւ անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրուայ իշխանութեան այդ պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ:

Ուստի մեր պարտականութիւնն է ելքեր առաջարկել մեր ժողովրդին, մեր պարտականութիւնն է մի կողմ թողնել երկրորդական բոլոր հարցերը եւ միաւորուել գլխաւոր նպատակի շուրջ, ուստի բոլոր հայերի, բայց նախ մեր պատրականութիւնն է կամովին ներդնել մեր բոլոր ջանքերը, ուժերը, հարկ եղած դէպքում նաեւ կեանքը դնել պայքարի զոհասեղանին, յանուն հայ ժողովուրի։

Այն պահից, երբ Դաշնակցութիւնը համակերպուեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կը դադարի լինել Դաշնակցութիւն, կը հեռանայ իր էութիւնից, ծրագրից եւ արմատներից։

Ռուբէն Տէր-Մինասեանն ասում էր, պայքարից յոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցուածն է, որ ապրում եւ տիրում։ Իսկ մեր ժողովուրդը մի քանի անգամ արդէն վերահաստատել է ապրելու իր կամքը։

Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի եւ պետականութեան համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխաւոր առաքելութիւնն է։

Սիրելի ժողովուրդ, քոյրեր եւ եղբայրներ,

Մենք դեմ չենք մեզ առաջարկուող խաղաղութեանը, բայց այդ խաղաղութիւնը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղութեան անուան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլիացաիայի եւ ցեղասպանութեան։ Չի կարող Հայաստանի իշխանութիւնների կողմից ստորագրուել մի փաստաթուղթ, որը կը սահմանափակի Արցախի ինքնորոշման իրաւունքը։ Սա մեր ժողովրդ կողմից պատռուելու է եւ յայտարարուելու է առ ոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքաներում եւ բոլորը։

Սիրելի հայրենակիցներ,

Ակնյայտ է որ Հայաստանը, Արցախը եւ հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրաւէրների առաջ:

Ստեղծուած վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է՝

  • 1.Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում. ողջ հայ ժողովրդի ուժերի եւ կարողութիւնների մէկտեղում՝ յանուն Հայաստանի եւ Արցախի:
  1. Հայրենիքի պաշտպանութեան եւ անվտանգութեան խնդիրների հրատապ լուծում:
  • 3.Կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:

Այս երեք ուղղութիւններով հետեւողական ուղղութիւններով մենք բոլորս գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով պէտք է մեր երկիրը համատեղ ուժերով դուրս բերենք այս իրավիճակից։

Այս օրերին Երեւանում որոշ անհատներ եւ քաղաքական ուժեր տարբեր երկրների դրօշներով ակցիաներ են անում, մի մասը ԱՄՆի , Եւրոմիութեան դրօշներով, միւս մասն էլ Ռուսաստանի Դաշնութեան։ Շատերը փորձում են Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կեդրոնների շահերի բախման մանրադրամ: Մենք ունենք մեկ դրօշ՝ դա հայոց եռագոյնն է եւ ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայեացքներից, կուսակցական պատկանելիութիւնից պէտք է համախմբուի հայոց եռագոյնի շուրջ։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հաւատալու, մեր ինքնավստահութիւնը նորոգելու, մեր միասնութիւնը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրայ։ Մտածում են, որ այս ամէնը մեծ տէրութիւնների խաղ է, որի վրայ ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպէս չէ: Մենք պէտք է ապացուցենք, որ իրադրութեան տէրը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործօնը, որը կարող է փոխել իրավիճակը եւ մենք ժողովրդին պէտք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփիւռքում աւելի լայն թափով նոր մօտեցումներով պէտք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասուող վտանգների մասշտաբները։

Հայ ժողովուրդը, Հայաստանը եւ ՀՀ իշխանութիւնները նոյնը չեն, ՀՀ իշխանութիւնները Հայաստան չեն, հետեւաբար Հայաստանից պէտք չէ հիասթափուել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփիւռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգեւոր համայնքը, պահանջատէր երիտասարդութիւնը պարտաւոր են հայոց պետականութեան անկումը կասեցնելու եւ Հայ ժողովրդի արժանապատուութիւնը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի յանուն Արցախի, յանուն Հայաստանի։

Կեցցէ՛ Արցախի հանրապետութիւնը, կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ՛ հայ ժողովուրդը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.