Գիւղ, Որտեղ Համատեղ Ապրել Են Հայերն Ու Ասորիները

Վենքի Էրմենիեանից Յեշիլիւրթ Դարձած Գիւղի Պատմութիւնը

ՄՈՒԶԱՖԵՐ ԻՐԻՍ

Էրզինճանի (Երզնկա-«Ակունք», խմբ.), Թունճելիի (Տէրսիմ-«Ակունք», խմբ.), Գիրեսունի (Կերասոն-«Ակունք», խմբ.), Սուասի (Սեբաստիա-«Ակունք», խմբ.), Մալաթիայի, Էրզրումի (Կարին-«Ակունք», խմբ.) շրջանում ու Թուրքիայի բազմաթիւ այլ վայրերում հնարաւոր է հանդիպել այդ անուանը: Վերոյիշեալ Վենքը գտնւում է Տաւրոսի լեռնաշղթայի հարաւարեւելեան մասում, Ատըեամանից 90 քմ, Քահթայից 60 քմ, իսկ Գերգերից 3 քմ հեռաւորութեան վրայ:  2016 թ. դրութեամբ գիւղը բաղկացած էր 46 տնից: Շրջանի քիւրտ գիւղացիներն այդ գիւղը զազայերէն կոչում են «Տեւա Կաւուրա», իսկ քրտերէն` «Կէօնտի Կաւուրա»: Երկու դէպքում էլ դա նշանակում է` «գիւղ, որտեղ ապրում են կեաւուրները»: Անկասկած Ատըեամանի Գերգեր գաւառում հայկական ու ասորական բնակավայրերը միայն այս գիւղով չեն սահմանափակւում: Հութ, Փեմպըլըղ, Հունի, Թեմսիեաս, Քըլըք, Վանքուք անուններով յիշատակուող գիւղերը նշանաւոր հայկական բնակավայրեր են եղել: Գիւղի պատմական յուշարձաններն ու աւերակները ցոյց են տալիս, որ Յ.Ք. 300-ական թթ. ասորիներն էլ են ապրել այդտեղ:  Ըստ բանաւոր աղբիւրների, գիւղում 600 տուն բնակչութիւն է եղել. գիւղում գտնուող գերեզմանների թուի մեծութիւնն էլ է դա ապացուցում:

1878 Թ. Ջարդերը

Գիւղում ներկայ պահին 5 գերեզմանոց կայ: 1519 թ. օսմանեան արխիւի արձանագրութիւններում գիւղի անունը յիշատակւում է «Վենք-ի Էրմենիայան» անունով:  Բնակիչների առաջին ջարդերը տեղի են ունեցել 1878 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Հետագայում գիւղի մերձակայքում ապրող քրտերը  անընդհատ թալանում ու ճնշում են գիւղացիներին, վերջիններս էլ այդ ճնշումներին դիմակայելու համար օգնութիւն են խնդրում Սիվերեքում գտնուող Քըւրար աշիրեթից: Ներկայում գիւղում ապրող մուսուլմանները գիւղ են եկել այդ ժամանակ քրիստոնեայ համայնքի պաշտպանութեան համար: Նորեկները ժամանակի ընթացքում խօսքի իրաւունք են ունենում եւ մինչեւ իսկ գիւղապետարանում պաշտօն ստանում: Գիւղի պաշտօնական ներկայացուցիչներն էլ այդ մարդկանցից են ընտրւում:

«Սոխը Նոյն Սոխն Է»

1915 թ. գիւղում շատ մեծ կոտորած է լինում: Բազմաթիւ ասորիների ու հայերի հաւաքում են գիւղի  հրապարակում, Թեմսիեաս (ներկայում` Էսքիքենթ. օսմանեան արխիւային աղբիւրներում առկայ են արձանագրութիւններ որպէս Թեբեսիեասի Էրմենիեան) գիւղն անցնում ու նրանց Եփրատը գցում: Թիւրպա Ճիւհըտիի մօտակայքում ու շրջակայ տարածքներում գտնուող քարանձաւներում էլ շատ քրիստոնեաներ են սպաննւում: Մի մասն էլ շրջանի գիւղերում բնակուող մտերիմների մօտ են փախչում ու ապաստան գտնում կամ էլ մուսուլման դառնալով` փրկւում մահից: Գիւղ եկած ջոկատի հրամանատարին ասում են, որ այդ գիւղը ոչ թէ հայկական է, այլ` ասորական:

Սակայն հրամանատարն ասում է. «Մեզ համար սոխի գոյնը կարեւոր չէ, հոտն է կարեւոր: Սոխը նոյն սոխն է», եւ աւելացնում, որ  քրիստոնեայ լինելը բաւարար է նրանց սպաննելու համար: Նա բոլոր քրիստոնեաներին հրամայում է գիւղի հրապարակում հաւաքուել: Գիւղի աղան ինչքան էլ որ ընդդիմանում է, չի կարողանում ջարդերը կանխել:  Գիւղի քահանան ու երեխաները սպաննւում են: Քահանայի Բուք անունով կնոջը հետագայում գիւղի աղան տանում է եւ իր հարճը դարձնում: Եկեղեցին թալանւում  ու քանդւում է: Ասում են, թէ  ներկայում գիւղի կենտրոնում գտնուող մեծ քարի տեղում մի մեծ եկեղեցի է եղել: Պատմում են նաեւ, որ եկեղեցու զանգի ձայնը լսւում էր անգամ Սիվերեքից: Քարի վրայ եկեղեցուն պատկանող պատի ու խաչի նմուշներ կան: Քանդուած եկեղեցու քարերը որոշ գիւղացիներ օգտագործում են տների շինարարութեան մէջ: Եկեղեցու պարտէզում գտնուող հոգեւորականների գերեզմանոցը ոչնչացւում է: Հիմա այդ գերեզմանոցի տեղում ճանապարհ է անցնում: Յայտնի է, որ գիւղում բնակուող ընտանիքներից մէկի կինը 1915 թ. Թոքաթից եկած զինուորների հետ միասին է գիւղ հասել:  Կինը հայ է եղել ու  շատ լաւ խօսել է հայերէն ու թուրքերէն: Ասում են, թէ զինուորների խոհարարն է եղել, սակայն ինչո՞ւ են նրան թողել գիւղում` յայտնի չէ:

1950-ականներից Յետոյ

1955 թ. գիւղում տեղի ունեցած  վիճաբանութեան պատճառով այստեղի ասորիների մի մասը ստիպուած է լինում գաղթել Մարտին: Սակայն աւելի ուշ Գերգերի աշիրեթները Մարտին են գնում ու ասորիներին կրկին գիւղ բերում: Սակայն նրանց մի մասը չի վերադառնում:  Վենք գիւղի ու Մալաթիայի Փիւթիւրկէին կից Հաւօ գիւղի (Էսենճիք) բնակիչների միջեւ 1965 թ. արօտավայրի պատճառով ծագած բախումների ժամանակ Վենք գիւղից 3, իսկ Հաւօ գիւղից  2 մարդ սպաննւում են: Գիւղի նախակրթարանը կառուցւում է 1973 թ.: Այդ ժամանակ թրաքթէօր է շրջւում, ու մի մարդ ծանր վիրաւորւում է: 1975 թ. տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ  երեխայ ունեցող մի կին ջրահեղձ է լինում: Գիւղացիները 1981 թ. իրենք են կառուցում գիւղից գաւառակ տանող ճանապարհը: 1984 թ. էլ ելեկտրականութիւն է մտնում գիւղ:

Այստեղ եկած Վահափ Տեմիր անունով մի ուսուցչի հրահանգով ամէն տան համար զուգարան է կառուցում: 1983 թ. գիւղ է այցելում Ատըեամանի նահանգապետ Քեմալ Էսենսոյը: Համաշխարհային հռչակ ունեցող յայտնի լուսանկարիչ Արա Կիւլերը 1984 թ. գիւղ է գալիս ու լուսանկարներ անում:  1980 թ. սեպտեմբերի 12-ի ռազմական յեղաշրջման ժամանակ գիւղում գտնուող մարդկանցից ոմանք բռնութեան են ենթարկւում:  Որեւէ քաղաքական կուսակցութեան կամ կազմակերպութեան անդամ չեղող որոշ գիւղացիների անգամ ռազմական մեքենաներից են կապում ու քարշ տալիս: Նոյն ժամանակահատուածում գիւղում առաջին հրուշակեղէնի խանութն է բացւում:  Աւելի ուշ գիւղի երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար գորգագործութեան դասեր են սկսւում:  Այդ դասընթացների ժամանակ գործուած գորգերը Միացեալ Նահանգներ են ուղարկւում:

Գիւղի Մզկիթը  

Նախկինում Թեպեսիեաս-ի Էրմենիեանին (Թեմսիեաս) կից ու Էսքիքենթ (Վենք) անունով յայտնի գիւղը, աւելի ուշ ներկայացուած դիմումի համաձայն, 1987 թ. ստանում է Եշիլիւթ անունը: Գիւղում եայլա բարձրանալու սովորոյթը թէեւ հազուադէպ, սակայն շարունակւում է:  Հնում, եայլաներում շատ պարզ մեթոտներով կառուցուող տները ներկայում ժամանակակից արհեստագիտութեամբ են պատրաստւում: Այստեղի մզկիթի կառուցումը սկսում են իսլամացած հայերն ու ասորիները 1992 թ.: 2013 թ. էլ մզկիթի մինարէն է կառուցւում:  Սկզբնական շրջանում իմամ չեն կարողանում գտնել: Մինչեւ իմամը կ՛անցնէր իր պարտականութիւնների կատարմանը` իսլամացած որոշ ասորիներ էզան են կարդում ու գիւղացիներին ստիպում  նամազ անել: Ամառային արձակուրդների ժամանակ իսլամացած քրիստոնեաների երեխաների համար Ղուրանի դասեր են կազմակերպւում:

1984 թ. ճնշումներին չդիմացած որոշ ասորի ընտանիքներ իսլամ են ընդունում: Ներկայում գիւղում հայ չկայ. 6 ասորի ընտանիք է ապրում:  2016 թ. մարտի 7-ին գիւղի ու Աւաճըք եայլայի միջեւ գտնուող Բորի քարհանքում եղած չափից շատ ուժանակները մասնագէտների կողմից ոչնչացւում են, որի  ժամանակ տեղի ունեցած պայթիւնի պատճառով Վենք գիւղից մի մարդ ու ուժանակներ պատրաստելու մասնագէտներից մէկը զոհւում են:  Լերան լանջին ընկած գիւղը Եփրատին է նայում: Գիւղում աւերակ վիճակում գտնուող եկեղեցու մնացորդներն են նշմարւում: Կան պնդումներ առ այն, որ  դրանցից մէկը գիւղի հիւսիսում գտնուող, դեռեւս քարէ պատերը կանգուն ու ժողովրդի մէջ Բարսաում անունով յիշատակուող Մօր Բարսաումի տաճարն է: Իսկ միւս տաճարն էլ գիւղի հիւսիս-արեւելքում` 100 մեթր բարձունքի վրայ գտնուող Մօր Աֆրեմի (Մուրֆան) տաճարն է: Այնտեղ կան քահանաների սենեակներ, որոնց պատուհաններն ու դռները ժայռերի մէջ են փորուած, իսկ Եփրատին նայող պատերը դեռեւս կանգուն են: Այն երեք մասի է բաժանւում: Տաճարի երրորդ մասը գանձագողերի կողմից աւերուել ու խճաքարերով է լցուել:

Յայտնի է, որ այդ տաճարում բազմաթիւ գիտուն ու հաւատացեալ մարդիկ են ապրել: Ինչ վերաբերում է տաճարի կառուցուածքին, ապա այն Մարտինի ու շրջակայքում գտնուող ասորական ճարտարապետութեան իւրայատկութիւններն ունի:

Գիւղը` Որպէս Զբօսավայր

Գիւղն իր բնական գեղեցկութեամբ ու ջրի ակունքների տեսանկիւնից Գերգեր գաւառի ամենագեղեցիկ բնակավայրերից մէկն է համարւում: Գիւղացիներն ապրուստը վաստակում  են գիւղատնտեսութեան ու անասնապահութեան միջոցով:  Այն բնական գեղեցկութիւնների տեսանկիւնից յայտնի է նաեւ որպէս շրջապատի ամենանախընտրելի  զբօսավայրերից մէկը:  Գերգերում գտնուող շինարարների, հիւսների, ներկարարների, դարբինների մեծ մասը այդտեղի գիւղացիներն են: Գիւղում եայլաներ գնալու աւանդոյթն էլ դեռ պահպանւում է: Ներկայում Ֆրանսայում, Պելճիքայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Միացեալ Նահանգներում ու ընդհանրապէս աշխարհի գրեթէ բոլոր երկրներում այդ գիւղից գնացած մարդիկ են ապրում: Գիւղի բնակչութեան, յատկապէս երիտասարդութեան թիւն օրէցօր նուազում է: Ներկայում գիւղի դպրոցականները կրթութիւն ստանալու համար գնում են Գերգեր:

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

«Ակունք»

Leave a Comment

You must be logged in to post a comment.