ԱՐՑԱԽԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ. ՊԱՔՈՒՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՒԸ
Հայաստանը ցանկացած պահի կարող է շրջափակման մէջ յայտնուել, նրա որոշ գիւղեր կարող են կտրուել երկրի մնացած մասից: Սա արդեն իրողութիւն է, որին երկիրը բախուել է օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական ԶՈւ-ն արգելափակել էր Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհը: Երկարատև բանակցութիւններից յետոյ այն բացուեց, սակայն երաշխիքներ չկան, որ հետագայում այս իրավիճակը չի կրկնուի:
Ի՞նչ ճանապարհ է դա, ինչպէ՞ս է Ադրբեջանն այն փակելու հնարաւորութիւնն ստացել, ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, և ի՞նչ կարող է լինել հետագայում՝ ըստ հայ փորձագէտների:
44-օրեայ պատերազմն Արցախում ամենակոշտ և արիւնահեղ ժամանակակից հակամարտութիւններից մէկն էր, սակայն, այն վերջնական լուծում չբերեց ո՛չ Արցախեան հարցին, ո՛չ հայ-ադրբեջանական դիմակայութեանը:
Յետպատերազմեան փուլն ուղեկցւում է գրեթէ ամենօրեայ սահմանային բախումներով և լոգիստիկ միջադէպերով: Հայաստանը յարմարւում է նոր իրողութիւններին և փորձում է իրավիճակից դուրս գալ նուազագոյն կորուստներով: Սակայն հնարաւոր անբարենպաստ զարգացումների մասին քննարկումները հասարակութիւնում շարունակւում են: Եւ, կարծես, սա այն դէպքն է, երբ չկայ ծուխ առանց կրակի:
Ադրբեջանի մտադրութիւնների շուրջ խօսակցութիւնների հերթական առիթը դարձաւ Հայաստանի հարաւի М-3 հանրապետական մայրուղու Գորիս-Կապան հատուածի արգելափակումը: Պաքուն դիմեց այդ քայլին, այսինքն՝ փակեց պատերազմից յետոյ իր վերահսկողութեան տակ գտնուող ճանապարհային հատուածը, որի հետևանքով Հայաստանի մի քանի բնակավայրեր կտրուեցին երկրի հիմնական մասից:
Ճանապարհի ո՞ր հատուածն էր, և ինչո՞ւ է այն վերահսկում Պաքուն
2020 թ-ի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին յայտարարութեան ստորագրումից յետոյ, այլ շրջաններին զուգահեռ, Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցաւ նաև Քարվաճառի (ադրբեջանցիներն այն անուանում են Քելբաջար) շրջանը, որը սահմանակից է Հայաստանի Սիւնիքի մարզին:
Հայաստանի գլխաւոր մայրուղին, որը երկրի հարաւը կապում է հայ-իրանական սահմանին, անցնում է հենց այս հատուածով: Ճանապարհը կառուցուել է դեռևս խորհրդային տարիներին, երբ վարչատարածքային բաժանում թեև կար, բայց ձևական բնոյթ էր կրում: Այդ պատճառով էլ ճանապարհի որոշ հատուածներ կառուցուել են Քարվաճառի շրջանի տարածքում:
Մինչև 44-օրեայ պատերազմը այս իրողութիւնը Երևանին, բնականաբար, ոչ մի անյարմարութիւն չէր պատճառում: Յետպատերազմեան իրադարձութիւնները հանգեցրին նրան, որ Ադրբեջանը հնարաւորութիւն ստացաւ փակել Հայաստանի գլխաւոր տրանսպորտային արտերիաներից մէկը, ինչից էլ Պաքուն օգտուեց օգոստոսի 25-ին:
Կատարուածն անսպասելի էր հայ հասարակութեան համար: Պատերազմից յետոյ իրավիճակն այս տարածաշրջանում թէև բարդ էր, բայց ճանապարհը գործում էր անխափան:
Ադրբեջանական կողմը որպէս պատճառ նշել է իբր հայ զինուորների ներթափանցումն իր դիրքեր և ադրբեջանցի սահմանապահներին դանակահարելը, սակայն այս հիմնաւորումը Հայաստանում շինծու են համարում: Երևանը խնդրել է ապացոյցներ ներկայացնել, որպէսզի հետաքննութիւն սկսի, սակայն արձագանք դեռ չի ստացել:
Բանակցութիւնները տևել են երկու օր և իրականացուել են ռուսական միջնորդութեամբ: Արդիւնքում՝ ճանապարհը բացուել է, սակայն բաց է մնում հարցը՝ արդեօ՞ք երկար ժամանակով:
Գիւղերի արգելափակումն ու ճանապարհի կարևորութիւնը
Ադրբեջանը մայրուղին փակել էր միանգամից մի քանի հատուածներում: Դէպի Գորիս տանող ուղղութիւնը. դա Որոտան գիւղի մերձակայքում է: Հարաւային կողմում՝ Դաւիթ Բեկ գիւղին հարող հատուածը: Արդիւնքում՝ Որոտան-Դաւիթ Բեկ ճանապարհային հատուածը՝ մի քանի տասնեակ կիլոմետր, արգելափակուել էր:
Ճանապարհի հետ միասին երկրի հիմնական մասից կտրուել էր մի քանի համայնք, այդ թւում՝ յիշատակուած Որոտանը, ինչպէս նաև Շուռնուխն ու Բարձրաւանը:
Միակ ճանապարհը, որն այս գիւղերը կապում է մեծ քաղաքներին, Գորիս-Կապան ճանապարհն է: Ճանապարհի արգելափակումը նշանակում է, որ գիւղերին պարեն չի հասնում, շտապողականութեան մեքենաները չեն կարող տեղ հասնել: Ինչը և տեղի ունեցաւ օգոստոսի 25-27-ը:
Սակայն Հայաստանի իշխանութեան համար է՛լ աւելի մեծ գլխացաւանք է տնտեսական սպառնալիքը, որը կրում է մայրուղու հնարաւոր փակումը: Այս պահին դա գլխաւոր ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Իրանի հետ:
Ճանապարհի փակումը հանգեցրել էր Կապան քաղաքի մօտ իրանական բեռնատարների և զբօսաշրջիկներով աւտոբուսների կուտակման:
Ինչո՞ւ էր Ադրբեջանը որոշել փակել ճանապարհը:
Այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ քաղաքացիների համար, Հայաստանի օմբուդսմենը բազմիցս յայտարարել էր: ԵՒ անգամ մի քանի հատուածում տեղակայուած ռուսական ուղկալները մարդկանց չեն կարող վստահութիւն ներշնչել, որ ոչ մի միջադէպ այդ հատուածում չի կարող տեղի ունենալ:
Ճանապարհի անմիջական հարևանութեամբ ադրբեջանական զինուած ուժերի առկայութեան փաստն ինքնին արդեն ծանրակշիռ գործօն է, որ քաղաքացիներից շատերը Սիւնիք չմեկնեն:
Ճանապարհի փակման հաւանականութեան մասին հայ փորձագէտներն էլ են բարձրաձայնել: Դա կախուած էր միայն յստակ ժամկէտներից:
Ճանապարհի արգելափակումից յետոյ իշխանութիւնը յայտարարեց, որ Ադրբեջանը խախտում է 2020 թ-ի դեկտեմբերի եռակողմ պայմանաւորուածութիւնները: Ըստ ամենայնի՝ խօսքը գնում է մայրուղու վերաբերեալ Երևանի, Մոսկուայի և Պաքուի միջև բանաւոր պայմանաւորուածութեան մասին:
Արդեօ՞ք Հայաստանն այլընտրանքային ճանապարհ ունի
М-3 Գորիս-Կապան մարուղու այլընտրանքը Տաթև-Աղուանի-Կապան ճանապարհն է: Այն գրունտային է և այս օրերին միայն մասնակի է կարողացել փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն:
Տաթև-Աղուանի-Կապանը սկսել են կառուցել դեռ 2020 թ-ին: Այս տարուայ դեկտեմբերին ճանապարհը պէտք է ամբողջութեամբ պատրաստ լինի և շահագործման յանձնուի:
Ընդհանուր առմամբ, հայ շինարարները պէտք է գրեթէ զրոյից կառուցեն ճանապարհի 43 կիլոմետրանոց հատուածը: Աշխատանքները դժուարացնում են ժայռապատ լեռները, որոնք պէտք է հատուեն երթևեկելի մասի ընդլայնման համար:
Թէև պատկան մարմինները հաւաստիացնում են, որ կապիտալ վերանորոգումից յետոյ այն կը կարողանայ ամբողջութեամբ փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն, ճանապարհի ներկայիս վիճակը ցոյց է տալիս, որ դրա անցանելիութիւնը , յատկապէս՝ կցորդներով բեռնատարների համար, աւելի ցածր կը լինի։ Այնուամենայնիւ , Հայաստանն արագ տեմպերով կառուցելու է այդ ճանապարհը։
Միւս ճանապարհը, որն ապագաում կարող է առանցքային դառնալ, «Հիւսիս-Հարաւ» մայրուղին է։ Երևանը շինարարութեան համար գումար կը ստանայ Եւրամիյութիւնից։ Սակայն նախագիծը վերջնականապէս աւարտին հասցնելու համար տարիներ կը պահանջուեն։
Արթուր Խաչատրեան
JAMnews