ԱՐՑԱԽԵԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ.  ՊԱՔՈՒՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՒԸ

Հայաստանը ցանկացած պահի կարող է շրջափակման մէջ  յայտնուել, նրա որոշ գիւղեր կարող են կտրուել երկրի մնացած մասից: Սա արդեն իրողութիւն է, որին երկիրը բախուել է օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական ԶՈւ-ն արգելափակել էր Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհը: Երկարատև բանակցութիւններից յետոյ այն բացուեց, սակայն երաշխիքներ չկան, որ հետագայում այս իրավիճակը չի կրկնուի:

Ի՞նչ ճանապարհ է դա, ինչպէ՞ս  է Ադրբեջանն այն փակելու հնարաւորութիւնն ստացել, ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, և ի՞նչ կարող է լինել հետագայում՝ ըստ հայ փորձագէտների:

44-օրեայ պատերազմն Արցախում ամենակոշտ և արիւնահեղ  ժամանակակից հակամարտութիւններից  մէկն էր, սակայն, այն վերջնական լուծում չբերեց ո՛չ Արցախեան հարցին, ո՛չ հայ-ադրբեջանական դիմակայութեանը:

Յետպատերազմեան  փուլն ուղեկցւում  է գրեթէ  ամենօրեայ  սահմանային բախումներով և լոգիստիկ միջադէպերով: Հայաստանը յարմարւում է նոր իրողութիւններին և փորձում է իրավիճակից դուրս գալ նուազագոյն կորուստներով: Սակայն հնարաւոր անբարենպաստ զարգացումների մասին քննարկումները հասարակութիւնում  շարունակւում  են: Եւ, կարծես, սա այն դէպքն  է, երբ չկայ ծուխ առանց կրակի:

Ադրբեջանի մտադրութիւնների շուրջ խօսակցութիւնների հերթական առիթը դարձաւ  Հայաստանի հարաւի М-3 հանրապետական մայրուղու Գորիս-Կապան հատուածի  արգելափակումը: Պաքուն  դիմեց այդ քայլին, այսինքն՝ փակեց պատերազմից յետոյ  իր վերահսկողութեան  տակ գտնուող  ճանապարհային հատուածը, որի հետևանքով Հայաստանի մի քանի բնակավայրեր կտրուեցին երկրի հիմնական մասից:

 

Ճանապարհի ո՞ր հատուածն  էր, և ինչո՞ւ է այն վերահսկում Պաքուն 

2020 թ-ի նոյեմբերի 9-ին Արցախում հրադադարի մասին յայտարարութեան ստորագրումից յետոյ, այլ շրջաններին զուգահեռ, Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցաւ նաև Քարվաճառի (ադրբեջանցիներն այն անուանում են Քելբաջար) շրջանը, որը սահմանակից է Հայաստանի Սիւնիքի մարզին:

Հայաստանի գլխաւոր  մայրուղին, որը երկրի հարաւը  կապում է հայ-իրանական սահմանին, անցնում է հենց այս հատուածով: Ճանապարհը կառուցուել  է դեռևս խորհրդային տարիներին, երբ վարչատարածքային բաժանում թեև կար, բայց ձևական բնոյթ էր կրում: Այդ պատճառով էլ ճանապարհի որոշ հատուածներ կառուցուել են Քարվաճառի շրջանի տարածքում:

Մինչև 44-օրեայ պատերազմը այս իրողութիւնը Երևանին, բնականաբար, ոչ մի անյարմարութիւն չէր պատճառում: Յետպատերազմեան իրադարձութիւնները  հանգեցրին նրան, որ Ադրբեջանը հնարաւորութիւն ստացաւ փակել Հայաստանի գլխաւոր տրանսպորտային արտերիաներից մէկը, ինչից էլ Պաքուն օգտուեց օգոստոսի 25-ին:

Կատարուածն անսպասելի էր հայ հասարակութեան համար: Պատերազմից յետոյ իրավիճակն այս տարածաշրջանում թէև բարդ էր, բայց ճանապարհը գործում էր անխափան:

Ադրբեջանական կողմը որպէս  պատճառ նշել է իբր հայ զինուորների  ներթափանցումն իր դիրքեր և ադրբեջանցի սահմանապահներին դանակահարելը, սակայն այս հիմնաւորումը Հայաստանում շինծու են համարում: Երևանը խնդրել է ապացոյցներ  ներկայացնել, որպէսզի հետաքննութիւն սկսի, սակայն արձագանք դեռ չի ստացել:

Բանակցութիւնները տևել են երկու օր և իրականացուել են ռուսական միջնորդութեամբ: Արդիւնքում՝  ճանապարհը բացուել  է, սակայն բաց է մնում հարցը՝ արդեօ՞ք  երկար ժամանակով:

 

Գիւղերի արգելափակումն ու ճանապարհի կարևորութիւնը

Ադրբեջանը մայրուղին  փակել էր միանգամից մի քանի հատուածներում: Դէպի Գորիս տանող ուղղութիւնը. դա Որոտան գիւղի մերձակայքում է: Հարաւային կողմում՝ Դաւիթ  Բեկ գիւղին  հարող հատուածը: Արդիւնքում՝ Որոտան-Դաւիթ  Բեկ ճանապարհային հատուածը՝ մի քանի տասնեակ կիլոմետր, արգելափակուել էր:

Ճանապարհի հետ միասին երկրի հիմնական մասից կտրուել էր մի քանի համայնք, այդ թւում՝ յիշատակուած Որոտանը, ինչպէս նաև Շուռնուխն ու Բարձրաւանը:

Միակ ճանապարհը, որն այս գիւղերը կապում է մեծ քաղաքներին, Գորիս-Կապան ճանապարհն է: Ճանապարհի արգելափակումը նշանակում է, որ գիւղերին պարեն չի հասնում, շտապողականութեան  մեքենաները չեն կարող տեղ հասնել: Ինչը և տեղի ունեցաւ  օգոստոսի 25-27-ը:

Սակայն Հայաստանի իշխանութեան համար է՛լ աւելի մեծ գլխացաւանք է տնտեսական սպառնալիքը, որը կրում է մայրուղու հնարաւոր  փակումը: Այս պահին դա գլխաւոր  ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Իրանի հետ:

Ճանապարհի փակումը հանգեցրել  էր Կապան քաղաքի մօտ  իրանական բեռնատարների և զբօսաշրջիկներով  աւտոբուսների կուտակման:

 

Ինչո՞ւ էր Ադրբեջանը որոշել փակել ճանապարհը:

Այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ քաղաքացիների համար, Հայաստանի օմբուդսմենը բազմիցս յայտարարել  էր: ԵՒ անգամ մի քանի հատուածում  տեղակայուած ռուսական ուղկալները մարդկանց չեն կարող վստահութիւն  ներշնչել, որ ոչ մի միջադէպ  այդ հատուածում չի կարող տեղի ունենալ:

Ճանապարհի անմիջական հարևանութեամբ ադրբեջանական զինուած ուժերի առկայութեան փաստն ինքնին արդեն ծանրակշիռ գործօն  է, որ քաղաքացիներից շատերը Սիւնիք չմեկնեն:

Ճանապարհի փակման հաւանականութեան  մասին հայ փորձագէտներն  էլ են բարձրաձայնել: Դա կախուած  էր միայն յստակ  ժամկէտներից:

Ճանապարհի արգելափակումից յետոյ  իշխանութիւնը յայտարարեց, որ Ադրբեջանը խախտում է 2020 թ-ի դեկտեմբերի եռակողմ պայմանաւորուածութիւնները: Ըստ ամենայնի՝  խօսքը  գնում է մայրուղու վերաբերեալ  Երևանի, Մոսկուայի  և Պաքուի  միջև բանաւոր  պայմանաւորուածութեան  մասին:

 

Արդեօ՞ք  Հայաստանն այլընտրանքային ճանապարհ ունի

М-3 Գորիս-Կապան մարուղու այլընտրանքը Տաթև-Աղուանի-Կապան ճանապարհն է: Այն գրունտային է և այս օրերին միայն մասնակի է կարողացել փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն:

Տաթև-Աղուանի-Կապանը սկսել են կառուցել դեռ 2020 թ-ին: Այս տարուայ  դեկտեմբերին ճանապարհը պէտք  է ամբողջութեամբ  պատրաստ լինի և շահագործման յանձնուի:

Ընդհանուր առմամբ, հայ շինարարները պէտք  է գրեթէ  զրոյից կառուցեն ճանապարհի 43 կիլոմետրանոց  հատուածը: Աշխատանքները  դժուարացնում  են ժայռապատ լեռները, որոնք պէտք  է հատուեն  երթևեկելի մասի ընդլայնման համար:

Թէև պատկան մարմինները հաւաստիացնում  են, որ կապիտալ վերանորոգումից յետոյ  այն կը կարողանայ  ամբողջութեամբ  փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն, ճանապարհի ներկայիս վիճակը ցոյց  է տալիս, որ դրա անցանելիութիւնը , յատկապէս՝  կցորդներով  բեռնատարների համար, աւելի  ցածր կը լինի։ Այնուամենայնիւ , Հայաստանն արագ տեմպերով կառուցելու է այդ ճանապարհը։

Միւս ճանապարհը, որն ապագաում կարող է առանցքային դառնալ, «Հիւսիս-Հարաւ»   մայրուղին է։ Երևանը շինարարութեան  համար գումար կը ստանայ  Եւրամիյութիւնից։  Սակայն նախագիծը վերջնականապէս աւարտին հասցնելու համար տարիներ կը պահանջուեն։

Արթուր Խաչատրեան

JAMnews

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.