«Ամբոխային տրամաբանութեան» մոլորութիւնը եւ պայքարի անխուսափելիութիւնը
- (0)

(Քրիստափոր Միքայէլեանի Մահուան 122-րդ Տարելիցի Առիթով)
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադիրներից, կուսակցութեան գաղափարական հայր Քրիստափոր Միքայէլեանի մտաւոր ժառանգութիւնը հայ քաղաքական մտքի մէջ առանձնայատուկ տեղ է զբաղեցնում ոչ միայն իր ժամանակի յեղափոխական պայքարի գաղափարական հիմնաւորումը տալու, այլեւ` պատմական գործընթացների ներքին տրամաբանութիւնը բացայայտելու առումով: Նրա «Ամբոխային տրամաբանութեան» եւ «Յարատեւ կռուի» տեսութիւնները ձեւաւորուել են հայ ժողովրդի գոյաբանական սպառնալիքի եւ ազգային-ազատագրական պայքարի վերելքի պայմաններում, սակայն դրանց արժէքը չի սահմանափակւում միայն այդ պատմական միջավայրով եւ ժամանակաշրջանով:
Դրանք ներկայացնում են մի ամբողջական եւ գաղափարականօրէն կուռ աշխարհահայեացք, որը միաւորում է` պատմութեան փիլիսոփայութիւնը, քաղաքական իրատեսութիւնը եւ ազգային ինքնապաշտպանութեան գաղափարը: Այս տեսութիւնները, երբ դիտարկւում են ոչ թէ հատուածաբար, այլ` ամբողջութեան մէջ, ցոյց են տալիս, որ Քրիստափորը ձգտում էր ձեւակերպել մի համակարգ, որի միջոցով հնարաւոր է հասկանալ ոչ միայն անցեալի ողբերգութիւնները, այլեւ` իմաստաւորել ներկան եւ ուղղորդել ապագան:
Միքայէլեանն իր վերլուծութիւնը սկսում է նրանից, ինչը նա անուանում է «ամբոխային տրամաբանութիւն»: Նրա դիտարկմամբ` «ամբոխը… տրամադիր է կարծելու, թէ ամէն մի երեւոյթ, որին հետեւում է մի ուրիշը, պատճառն է այդ հետագայ երեւոյթի»: Առաջին հայեացքից պարզ թուացող այս ձեւակերպումն իրականում բացայայտում է քաղաքական մտածողութեան ամենախորքային աղաւաղումներից մէկը: Մարդկային գիտակցութիւնը յաճախ ձգտում է պարզեցնել իրականութիւնը` բարդ երեւոյթները յանգեցնելով հեշտ ընկալելի կապերի: Սակայն այս պարզեցումը վերածւում է վտանգաւոր մոլորութեան, երբ այն օգտագործւում է պատմական իրադարձութիւնները բացատրելու համար: Քրիստափորը ցոյց է տալիս, որ նման մտածողութիւնը ոչ միայն սխալ է, այլեւ նպատակաուղղուած կերպով շահարկւում է հասարակութեանը մոլորեցնելու եւ իրականութիւնն աղաւաղելու համար:
Երբ հանրայնացւում է այն միտքը, թէ` «հայ յեղափոխութիւններն են հայկական սոսկալի կոտորածների պատճառը», մենք գործ ունենք ոչ թէ փաստերի վերլուծութեան, այլ կեղծ տրամաբանութեան հետ: Միքայէլեանը բացայայտում է այս պնդման ներքին սնանկութիւնը` ցոյց տալով, որ այն անտեսում է իրական, խորքային պատճառները: Նրա համար պատմական ողբերգութիւնները չեն կարող բացատրուել մէկ կամ մի քանի արտաքին դրուագներով, քանի որ դրանք արդիւնք են երկարատեւ գործընթացների, որոնք ձեւաւորուել են քաղաքական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործօնների համադրման շնորհիւ: «Սուլթանական կառավարութիւնը հայերի ջնջման ձգտելու համար ունէր աւելի խորին շարժառիթներ, քան յեղափոխական ձեռնարկներն են»: Այս միտքը ոչ միայն պատմական ճշմարտութեան արձանագրում է, այլեւ մեթոտաբանական ուղեցոյց` փաստելու համար, որ նման հարցերին պէտք է մօտենալ խորքային, համակարգային պատճառների լոյսի ներքոյ, այլ ոչ թէ` մակերեսային առիթների կամ պատրուակների վրայ հիմնուելով: Այս տեսակէտը յստակ կերպով հակադրւում է «ամբոխային տրամաբանութեան» պարզեցուած սխեմաներին, որոնք յաճախ ծառայել են հասարակութեանը մոլորեցնելու եւ իրականութիւնն աղաւաղելու նպատակին:
Այս համատեքստում Քրիստափորը կատարում է կարեւոր տարբերակում` արտաքին երեւոյթների եւ ներքին պատճառների միջեւ: Նրա համար պատմութիւնը չի գործում պատահականութեան սկզբունքով, այլ ունի իր ներքին օրինաչափութիւնները: Այդ պատճառով էլ նա մերժում է «առիթ» հասկացութեան գերագնահատումը եւ այն ներկայացնում է որպէս երկրորդական գործօն: Նրա ձեւակերպած չորս դրոյթները, որոնք կարելի է դիտարկել որպէս պատմական մտածողութեան հիմունքներ, արտայայտւում են այս կերպ` առաջին. «Երբ կան հիմնական պատճառներ` որեւէ երեւոյթի առաջ գալու համար, առանց ակներեւ «առիթի» էլ երեւոյթը զարգանում է»: Երկրորդ. «Երբ չկան հիմնական պատճառներ, նոյնիսկ խոշոր դէպքերն էլ «առիթի» նշանակութիւն չեն ստանում»: Երրորդ. «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրուակ» երբեք չեն պակասի»: Չորրորդ. «Երբ կան հիմնական պատճառներ, դրանց դէմ կռուող բոլոր միջոցները ոչ միայն վնասակար չեն կարող լինել, այլ միանգամայն անհրաժեշտ հակակշիռ պիտի համարուեն»: Այս դրոյթները ցոյց են տալիս, որ պատմական գործընթացներն ունեն ինքնուրոյն տինամիքա, որը կախուած չէ առանձին իրադարձութիւններից, եւ ընդգծում են, որ իրական պատճառներն ու հետեւանքները յաճախ տարբերւում են այն պարզեցուած կապերից, որոնք տարածուած են ամբոխային մտածողութեան մէջ:
Նոյն տրամաբանութեամբ նա նշում է, որ` «Երբ չկան հիմնական պատճառներ, նոյնիսկ խոշոր դէպքերն էլ «առիթի» նշանակութիւն չեն ստանում»: Այսինքն արտաքին ցնցումները չեն կարող ստեղծել այն, ինչի համար հիմք չկայ: Սակայն առաւել կարեւոր է նրա երրորդ դրոյթը. «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրուակ» երբեք չեն պակասի»: Այս միտքն ուղղակիօրէն հակադրւում է այն մտածողութեանը, որը կոչ է անում զսպուածութեան` «առիթ չտալու» համար: Միքայէլեանը ցոյց է տալիս, որ նման մօտեցումը հիմնուած է իրականութեան սխալ ըմբռնման վրայ: Եթէ ճնշող ուժն ունի նպատակ եւ դրդապատճառներ, ապա նա միշտ կը գտնի պատրուակ իր գործողութիւններն արդարացնելու համար: Հետեւաբար պայքարից հրաժարուելը չի կանխում վտանգը, այլ ընդամէնը վերացնում է դիմադրութիւնը:
Այս տեսութիւնը Քրիստափորի համար դառնում է հիմնաւորում` յեղափոխական պայքարի անհրաժեշտութիւնը փաստելու համար: Նա չի ներկայացնում պայքարը որպէս ցանկալի կամ նախընտրելի տարբերակ, այլ` որպէս անխուսափելի հետեւանք: Հայ ժողովուրդը, նրա ձեւակերպմամբ, կանգնած էր «կա՛մ անպայման բնաջնջում… կա՛մ կեանք» երկընտրանքի առջեւ: Այս պատկերացումը վերացնում է միջանկեալ լուծումների պատրանքը եւ ցոյց է տալիս, որ պայքարը բխում է գոյութեան պահանջից: Նա մերժում է այն գաղափարը, թէ կարելի է հասնել ազատութեան առանց դիմադրութեան` դա համարելով պատմական փորձով չհաստատուած մօտեցում:
Նրա համար պայքարն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյական հիմք: «Որեւէ ազգ պարտաւոր չէ անպատճառ հաշտուել ամենադաժան ստրկութեան հետ»: Այս միտքը հաստատում է, որ ազատութեան ձգտումը բնական է եւ օրինական: Ազգը, որը հրաժարւում է պայքարից, ոչ միայն կորցնում է իր իրաւունքները, այլեւ վտանգում է իր գոյութիւնը: Այսպիսով, պայքարը դառնում է ինքնապաշտպանութեան ձեւ, որն արդարացուած է ոչ միայն գործնական, այլեւ բարոյական առումով:
Սակայն Միքայէլեանի մտածողութիւնը չի սահմանափակւում պայքարի անհրաժեշտութեան հաստատմամբ: Նա փորձում է նաեւ սահմանել դրա բնոյթը եւ ռազմավարութիւնը: Այստեղ է, որ ձեւակերպւում է «Յարատեւ կռուի» տեսութիւնը: «Յարատեւ կռիւ, յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող, չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալի. ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանենք, շարունակենք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակուի եւ ընդարձակուելով յարատեւի. ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը: Չշեղուենք այդ ճանապարհից, որ պատճառների եւ հետեւանքների կապակցութեամբ ունի պատմութեան մէջ հաստատուած օրէնքի ուժ: Չշեղուենք այդ միակ ճանապարհից, որ սփռուած է յուսատու ապագայի գրաւիչ ծաղիկներով»: Այս միտքը կտրուկ հակադրւում է արագ յաղթանակների սպասման տրամաբանութեանը: Քրիստափորի համար պայքարը գործընթաց է, որը պահանջում է` ժամանակ, յամառութիւն եւ կազմակերպուածութիւն:
Նա նաեւ կարեւորում է այն, որ պայքարը չի կարող լինել անսխալ: Յետադարձ գնահատականները, ըստ նրա, յաճախ անարդար են, որովհետեւ դրանք անտեսում են այն պայմանները, որոնցում կայացուել են որոշումները: «Հեշտ է… դէպքերը տեղի ունենալուց յետոյ «քննադատի» դերի մէջ մտնել»: Այս դիտարկումը կարեւոր է, որովհետեւ այն պաշտպանում է շարժումն անիրատեսական սպասումներից եւ ընդունում է, որ սխալներն անխուսափելի են ցանկացած կենդանի գործընթացում:
Քրիստափոր Միքայէլեանի այս ամբողջ համակարգը հիմնուած է պատմական իրապաշտութեան վրայ: Նա չի կառուցում իր տեսութիւններն իտէալական պատկերացումների վրայ, այլ` իրականութեան, որքան էլ այն դաժան լինի: Նա չի փորձում մխիթարել կամ խաբել հասարակութեանը, այլ ստիպում է նրան տեսնել իր վիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մօտեցումն է, որ նրա գաղափարները դարձնում է արդիական նաեւ այսօր:
Գալով մեր օրեր` Արցախի կորստից յետոյ, հայկական հանրութեան եւ քաղաքական դաշտում ձեւաւորուել է մի խօսոյթ, որը զգալիօրէն յիշեցնում է այն «ամբոխային տրամաբանութիւնը», որի դէմ պայքարում էր Քրիստափորը: Տարածւում է այն միտքը, թէ մեր բոլոր խնդիրների պատճառն Արցախն է, թէ` ազգային պայքարը մեզ բերել է աղէտի, եւ թէ` խաղաղութեան հասնելու համար պահանջատիրական պայքարից հրաժարուելն անհրաժեշտ եւ պարտադիր պայման է: Այս մօտեցումը կառուցուած է նոյն սխալ տրամաբանութեան վրայ` արտաքին երեւոյթը ներկայացնելով որպէս պատճառ, անտեսելով խորքային գործօնները:
Եթէ կիրառենք Միքայէլեանի մեթոտաբանութիւնը, ապա պարզ կը դառնայ, որ Արցախի հարցը չէր կարող լինել մեր խնդիրների հիմնական պատճառը: Այն ինքնին արդիւնք էր պատմական եւ աշխարհաքաղաքական հանգամանքների ազդեցութեամբ ձեւաւորուած պայմանների: Այս պայմանները շարունակում են գործել նաեւ այսօր, եւ դրանց անտեսումը չի կարող բերել իրական լուծումների: Եթէ գոյութիւն ունեն խորքային պատճառներ` կապուած ուժային յարաբերակցութեան, աշխարհաքաղաքական շահերի եւ տարածաշրջանային հակասութիւնների հետ, ապա դրանցից հրաժարուելը չի վերացնում վտանգը:
Նոյն կերպ, «առիթ» հասկացութեան շուրջ նրա վերլուծութիւնը թոյլ է տալիս հասկանալ, որ նոյնիսկ եթէ հայ ժողովուրդը հրաժարուի իր ազգային պահանջներից, դա չի կանխի նոր սպառնալիքները: «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրուակ» երբեք չեն պակասի»: Այս միտքը յատկապէս արդիական է այսօր, երբ հասարակութեանը փորձում են համոզել, որ զիջումները կարող են ապահովել խաղաղութիւն: Սակայն Միքայէլեանի տրամաբանութեամբ նման մօտեցումը հիմնուած է իրականութեան սխալ ըմբռնման վրայ:
Այս իրավիճակում Քրիստափորի «Յարատեւ կռուի» գաղափարը ստանում է նոր նշանակութիւն: Այն չի սահմանափակւում զինուած պայքարով, այլ ներառում է բոլոր այն միջոցները, որոնց միջոցով կարելի է պաշտպանել ազգային շահերը: Դա կարող է լինել` դիւանագիտական գործունէութիւն, միջազգային հարթակներում պայքար, մշակութային ինքնութեան պահպանում, տնտեսական ամրապնդում: Սակայն այս ամէնի հիմքում պէտք է լինի նոյն սկզբունքը` չհրաժարուել պայքարից եւ չհաշտուել պարտութեան հետ:
Հայկական հանրութիւնը եւ քաղաքական դաշտը պէտք է հասկանան վերջապէս, որ Հայաստանի պետականութեան եւ ինքնիշխանութեան պահպանումը հնարաւոր չէ առանց քրիստափորեան մտածողութեան: Ազգը, որը հրաժարւում է իր իրաւունքներից եւ ազգային պահանջներից, կորցնում է նաեւ իր ապագան: Խաղաղութիւնը, որը կառուցւում է զիջումների եւ սեփական իրաւունքներից հրաժարուելու վրայ, չի կարող լինել կայուն, քանի որ այն չի վերացնում հակասութիւնների խորքային պատճառները: Միքայէլեանի տեսութիւնները յստակ ցոյց են տալիս, որ իրական անվտանգութիւնը եւ պետութեան ուժը հնարաւոր է ապահովել միայն այն դէպքում, երբ կայ հաստատակամ կամք եւ պատրաստակամութիւն` պաշտպանելու ազգային շահերը, պահպանելու պետականութիւնը եւ ապահովելու ժողովրդի անվտանգութիւնն ու զարգացումը:
Այսպիսով, Քրիստափոր Միքայէլեանի գաղափարները ներկայացնում են ոչ միայն պատմական վերլուծութիւն, այլեւ` քաղաքական ուղեցոյց: Դրանք մեզ սովորեցնում են` տարբերել իրական պատճառները մակերեսային երեւոյթներից, չտրուել ամբոխային մտածողութեանը եւ հասկանալ պայքարի անհրաժեշտութիւնը: Նրա «Ամբոխային տրամաբանութեան» եւ «Յարատեւ կռուի» տեսութիւնները մնում են արդիական նաեւ այսօր` որպէս գործիքներ, որոնց միջոցով կարելի է գնահատել մեր իրականութիւնը եւ ընտրել ճիշդ ուղին:
Այդ ուղին, ինչպէս ցոյց է տալիս նրա ամբողջ մտածողութիւնը, չի կարող լինել յանձնուողականութեան եւ յարմարուողականութեան ճանապարհը: Այն պահանջում է գիտակցուած, կազմակերպուած եւ երկարատեւ պայքար` ուղղուած ազգային շահերի պաշտպանութեանը: Միայն այդ կերպ հնարաւոր կը լինի ապահովել Հայաստանի պետականութեան ամրապնդումը, հայ ժողովրդի ազատ եւ անկախ գոյութիւնն ու ստեղծել այն պայմանները, որոնցում հնարաւոր կը լինի իրական զարգացում եւ անվտանգութիւն: Եւ որքան էլ դժուար լինի Քրիստափորի ուրուագծած ճանապարհը, այն մնում է միակ իրատեսականը, որովհետեւ հիմնուած է ոչ թէ ցանկութիւնների, այլ պատմութեան օրէնքների վրայ: