ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամի հաւաքածուն

ՍՈՒՍԱՆՆԱ ԱԴԱՄԵԱՆ
ԱՂՈՒԱՆ ՊԱՊԵԱՆ

Թանգարանները իւրաքանչիւր ժողովրդի յիշողութեան, ազգային ինքնութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանման կարեւորագոյն օճախներից են: Դրանց հիմքում ընկած ֆոնտերն իրենցից ներկայացնում են հսկայական հաւաքածուներ, որտեղ պահւում են գիտական, պատմական, գեղարուեստական, ազգագրական արժէք ունեցող նմուշներ: Թանգարանների ֆոնտերի ուսումնասիրութիւնն անգնահատելի է, դրանցում առկայ նմուշները կարեւոր փաստեր են հաղորդում պատուիրատուի, սեփականատիրոջ, պատրաստողի մասին` դառնալով տուեալ ժողովրդի անցեալի նիւթական վկայութիւնը:

Ցուցադրութիւնների եւ ֆոնտերի ուսումնասիրութիւնը նոր գիտական նիւթ է տալիս` պատմաբաններին, ազգագրագէտներին, հնագէտներին, դրամագէտներին, արուեստագէտներին եւ այլն: Մեր կողմից ուսումնասիրուել են ՀՅԴ պատմութեան թանգարանային հաւաքածուն եւ ֆոնտը, որը բազմաշերտ ուսումնասիրութեան կարիք ունի:

Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան թանգարան-հիմնադրամը ներկայացնում է հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի Ա. Հանրապետութեան (1918-1920 թթ.) եւ ՀՅԴ գործունէութեան հարուստ ժառանգութիւնը: Թանգարանը սկզբնապէս հիմնադրուել է Ժընեւում` հիմնադիր տնօրէն Արտաշէս Վանարեան-Հացագործեանի (1890-1930 թթ.) կողմից: 1930-ական թթ. սկզբներին այն տեղափոխուել է Փարիզ, իսկ 2006 թ. հաստատուել է Երեւանում, որտեղ 2007 թ. յուլիսին բացուել է ներկայիս ցուցասրահը: Թանգարանի մշտական ցուցադրութիւնը ներկայացնում է Հայաստանի Ա. Հանրապետութեան կազմաւորման եւ ՀՅԴ գործունէութեան պատմութիւնը` ներառելով փաստաթղթեր, լուսանկարներ, կնիքներ, անձնական իրեր, զէնքեր եւ այլ նմուշներ, որոնք այդ ժամանակաշրջանի պատմական իրադարձութիւնները ներկայացնելու առումով բացառիկ են:

Աշխարհի տարբեր երկրներից տարբեր ժամանակներում թանգարանին նուիրատուութիւններ են արել քաղաքական եւ հասարակական գործիչներ, անհատներ, որոնք ինչ-որ կապ են ունեցել Հայաստանի Ա. Հանրապետութեան, ազգային-ազատագրական շարժման եւ ՀՅԴ պատմութեան հետ` այն համոզմունքով, որ թանգարանը ՀՀ պատմութեան մի մասի կրողն է: Ընդհանրապէս նուիրատուութիւնները նպաստում են հաւաքածուների հարստացմանը, մշակութային արժէքների պահպանութեանը եւ փոխանցմանը, հետազօտական նոր ուղղութիւնների բացմանը: Նուիրատուութիւնների մէջ կան ինչպէս արուեստի գործեր, այնպէս էլ` պատմամշակութային, յատուկ նշանակութեան իրեր, արխիւային փաստաթղթեր, հնագիտական կամ գիտական արժէք ունեցող առարկաներ եւ այլն:

ՀՅԴ թանգարան-հիմնադրամի մշտական ցուցադրութիւնում ներկայացուած է աւելի քան երկու հարիւր նմուշ, ֆոնտերում պահուող նմուշների թիւն անցնում է երեք հազարը: Հարուստ հաւաքածուի մասին աւելի լաւ պատկերացում կազմելու համար իրերը դասակարգել ենք, քանի որ դրանցից իւրաքանչիւրն առանձին ուսումնասիրութեան նիւթ է:

Զէնքեր

Թանգարանային հաւաքածուի մէջ առանձնայատուկ տեղ են զբաղեցնում զէնքերը` որպէս պատմական, արհեստագիտական արժէք ունեցող նմուշներ: Զէնքը ոչ միայն պատերազմելու գործիք է, այլեւ` տուեալ ժամանակաշրջանի քաղաքական, գեղարուեստական, թեքնիք մտածողութեան արտացոլում: Այն հնարաւորութիւն է տալիս բացայայտելու ռազմական պատմութեան, զինարուեստի եւ մարտավարութեան, զինագործութեան աւանդոյթները: Մանաւանդ հայ վարպետների կողմից ստեղծուած ինքնաշէն զէնքերը վկայում են բարձր թեքնիք հմտութիւնների մասին: Զէնքներն ունեն ինչպէս կիրառական, այնպէս էլ գեղարուեստական նշանակութիւն: Դրանց վրայ արուած փորագրութիւնները, ոսկեզօծ նախշերը ներկայացնում են ժամանակի գեղարուեստական ոճերը` միաւորելով արհեստագործութիւնն ու արուեստը:

Թանգարանի յիշեալ հաւաքածուն ներառում է հիմնականում 19-րդ դարում Ռուսաստանում եւ Կովկասում տարածուած սառը զէնքերը` թուր, դաշոյն, հրազէնային` հրացան, ատրճանակ, որոնց թիւն այնքան էլ մեծ չէ: Ցուցադրութիւնում ներկայացուած են հայդուկապետ Անդրանիկի դաշոյնը, հասարակական, քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիրներից Քր. Միքայէլեանի (1859-1905 թթ.) ինքնաշէն նռնակները, ՀՀ խորհրդարանի պատգամաւոր, քաղաքական գործիչ Զաքար Եօլեանի (Աշխատունի, 1882-1970 թթ.) դաշոյնը, բանակի սպայ, 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան մասնակից Գարեգին Սարգիսբէկեանի զէնքի բռնակը` կուսակցութեան խորհրդանիշով: Զէնքերից մէկը, որպէս հանդերձանքի մաս, կիրառուել է հանդիսութիւնների ժամանակ եւ առանձնանում է իր կառուցուածքով: Թրի վրայ կան գլխագիր ՍՊ տառեր, ինչը հաւանաբար «սպարապետ» բառի յապաւումն է: Հաշուի առնելով, որ Հայաստանի Ա. Հանրապետութիւնում սպարապետի պաշտօնը զբաղեցրել է հայոց ազգային բանակի կազմակերպման գործում մեծ դերակատարում ունեցած Թովմաս Նազարբէկեանը (1855-1931 թթ.), կարելի է ենթադրել, որ տուեալ թուրը պատկանել է նրան:

Կնիքներ

Մօտ հինգ տասնեակ կնիք պարունակող հաւաքածուն անմիջական կապ ունի ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական, դիւանագիտական, հասարակական, քաղաքական ասպարէզների եւ գործիչների անձնական կեանքի հետ: Կնիքը գործածուել է որպէս ստորագրութիւն կամ հաստատման միջոց, որն ապացուցում է փաստաթղթի իսկութիւնը: Դրանք սովորաբար տարբեր ձեւ են եւ ունեն ուշագրաւ պատկերագրութիւն:

Թանգարանի ֆոնտերում պահուող պետական կնիքները կլոր են` ՀՀ զինանշանով: Կնիքների այս ձեւն ամենատարածուածն է. նախատեսուած է եղել պաշտօնական փաստաթղթերի հաստատման համար: Կուսակցական կնիքները հիմնականում ուղղանկիւն են, դրանց վրայ պարտադիր կայ ՀՅԴ խորհրդանշանը: Ուղղանկիւն կամ քառակուսի կնիքներն օգտագործուել են վարչական, աշխատանքային, գրանցման փաստաթղթերի համար: Թանգարանի ֆոնտում կան նաեւ կեղծ կնիքներ` պատրաստուած 1903-1904 թթ., որի գործածման նպատակը կուսակցութեան անունից գործելը կամ նոր կուսակցութիւն ստեղծելն էր:

Այստեղ են պահւում ՀՀ ներքին գործերի նախարարութեան, Արմէն Գարոյի (Փաստրմաճեան, 1872-1923 թթ.), Գարեգին Նժդեհի (Տէր Յարութիւնեան, 1886-1955 թթ.) Լեռնահայաստանեան եւ այլ կնիքներ:

Նամականիշներ

Թանգարանի իւրայատուկ հաւաքածուներից են Հայաստանի Ա. Հանրապետութեան, ինչպէս նաեւ Խորհրդային Հայաստանի 1920-30-ական թթ. նամականիշները: Ընդհանրապէս, առաջին նամականիշներն ի յայտ են եկել Մեծ Բրիտանիայում 1840 թ.: Արդէն 19-րդ դարի կէսերին դրանք տարածուել են եւրոպական գրեթէ բոլոր երկրներում, ինչպէս նաեւ` Միացեալ Նահանգներում: Նամականիշը ոչ միայն փոստային վճարման միջոց էր, այլեւ՛ տուեալ ժողովրդի պատմութիւնը, մշակոյթը, ազգային խորհրդանիշը:

Առաջին հանրապետութեան տարիներին Հայաստանը եւս ունէր նամականիշների սեփական նմուշները, որոնք տպագրւում էին արտերկրում, քանի որ Հայաստանում տպագրական սարքերի պակաս կար: 1919 թ. նկարիչ Արշակ Ֆեթուաճեանը (1866-1947 թթ.) ՀՀ կառավարութեան պատուէրով ստեղծեց նամականիշների օրինակները, ապա ՀՀ առաջին թղթադրամը` 100 ռուբլին: 1920 թ. նոյեմբերին Փարիզում տպագրուեցին առաջին փոստային նամականիշները, որոնց վրայ պատկերուած էին օձին թրատող արծիւը (1, 3, 5, 15 ռուբլի արժողութեամբ նամականիշներ), Արարատը (25, 50, 100 ռուբլի), իլիկով կինը (40, 70), բուսական, հայկական նախշեր: Տպագրութիւնը բազմագոյն էր (կապոյտ, կանաչ, կարմիր, նարնջագոյն), թուղթը նախատեսուած էր փոստային նամականիշների համար: Թանգարանի ֆոնտում մեծ թիւ են կազմում նաեւ Խորհրդային Հայաստանի 20-ական թթ. նամականիշները, որոնց մեծ մասի հեղինակն է Սարգիս Խաչատուրեանը (1886-1947 թթ.): Դրանցում արտայայտուած են`  Արարատը, թեւատարած արծիւը, տեսարան Անի քաղաքից եւ այլն:

Դրամներ

Դրամների հաւաքածուն ներառում է տարբեր ժամանակներում հատուած եւ շրջանառուած մետաղադրամներ, որոնք ոչ միայն նիւթական արժէք ունեն, այլեւ` գիտական, պատմական, արուեստագիտական նշանակութիւն, քանի որ իւրաքանչիւր դրամ արտայայտում է ժամանակի քաղաքական, տնտեսական եւ մշակութային պատկերացումները` տարեթուեր, գրութիւններ, պատկերներ, մետաղի բաղադրութիւնը: Դրամների հաւաքածուն թոյլ է տալիս ուսումնասիրել դրամաշրջանառութեան զարգացումը հին քաղաքակրթութիւններից մինչեւ նորագոյն ժամանակներ: Դրանք ներկայացնում են` երկրի արուեստը, հաւատալիքները, պետական խորհրդանիշները:

Թանգարանում կան բիւզանդական, պարսկական, օսմանեան, ռուսական տասնեակ մետաղադրամներ, Հայաստանի Ա. Հանրապետութեան թղթադրամներ եւ այլն, որոնք առանձին ուսումնասիրութեան թեմա են: Առանձնայատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում Կիլիկեան հայոց թագաւորութեան արքայ Լեւոն Մեծագործի արծաթէ դրամը: Լեւոն Բ.ի արծաթէ դրամի դիմերեսին թագաւորի դիմապատկերն է, աջ ձեռքում` գաւազան, ձախում` գունդ, եզրին գրուած է «ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ»: Կիլիկեան Հայաստանի դրամները կարեւոր են եղել պետականութեան կայացման եւ զօրեղացման համար` արտայայտելով հայկական իշխանութեան տարածումը, ինքնիշխանութիւնը: Սովորաբար Կիլիկեան արծաթէ դրամներն ունեն մինչեւ 3 կրամ քաշ եւ 22 մմ տրամագիծ: Դրանք հատուել են հիմնականում մայրաքաղաք Սիսում:

Հաւաքածուի կարեւոր մասն է համարւում նաեւ Ալեքսանդր Մակեդոնացու արծաթէ տետրադրախմը` հատուած ՔԱ 4-րդ դարում, որի դարձերեսին յունական գլխաւոր աստուած Զեւսի պատկերն է, դիմերեսին` Ալ. Մակեդոնացու: Դրամը պետական, քաղաքական գործիչ Արմէն Գարոն գտել է Զէյթունից, տեղադրել յուշատուփի մէջ, հետագայում այն փոխանցուել է թանգարանին:

Ձեռագործ իրեր

Ձեռագործ իրերը նիւթական մշակոյթի բաղկացուցիչ մասն են կազմում, որոնք արտայայտում են` տուեալ ժողովրդի կենցաղը, գեղարուեստական մտածողութիւնն ու արհեստագործական աւանդոյթները, պատրաստման եղանակը, խորհրդանիշները եւ այլն: Թանգարանի ցուցադրութիւնում եւ ֆոնտում պահպանուել են` տասնեակ ասեղնագործ թաշկինակներ, պատկերանկարներ, դրօշներ, գուլպաներ, քսակներ եւ այլն, որոնք ունեն ազգային նախշեր, գունային ներդաշնակութիւն, խորհրդանշաններ: Բացի այդ` ձեռագործ իրերն ունեն կիրառական, զարդարուեստային, ծիսական նշանակութիւն: Դրանք կրում են ստեղծողի ստորագրութիւնը` նախշի ձեւով կամ պարզապէս արձանագրութեամբ:

Ստուար խումբ են կազմում ձեռագործ եւ ուլունքագործ քսակները, որոնք տարածուած էին Հայաստանի արեւմտեան եւ արեւելեան հատուածներում եւ արտայայտում էին կնոջ հասարակական կարեւոր դիրքը:

Քսակները տարածուած էին կենցաղում` որպէս դրամի եւ մանր իրերի պահոց, ինչպէս նաեւ` որպէս հարսանեկան, ծիսական նուէր: Դրանք յաճախ որպէս օժիտ էին պատրաստւում, կամ հարսանիքին նուիրում էին հարսին` բարիք, յաջողութիւն, բարի բախտ եւ բարեկեցութիւն մաղթելու նպատակով: Թանգարանում պահուող քսակները բազմազան են. դրանք կրել են գօտուց կախուած, հագուստի ներսում կամ ձեռքից կախ, երբեմն «դրամի քսակը կամ արծաթէ բարակ շղթայով ժամացոյցը վզից կ՛անցնէին»: Վան-Վասպուրականի տարազում գօտուց ամրացրել են դրամի կամ ծխախոտի քսակներ: Նոյնը հանդիպում ենք Շիրակ-Կարինի տարազում: Քսակները պատրաստւում էին տարբեր նիւթերից` բուրդ, կաշի, ուլունքներ, մետաղեայ մանրամասնութիւններ եւ այլն: Առանձնայատուկ ուշադրութեան են արժանի արձանագիր քսակները, որոնց թիւը թանգարանում հինգն է: Դրանց յիշատակագրերը հնարաւորութիւն են տալիս իմանալ, թէ երբ է պատրաստուել քսակը, ում է նուիրուել եւ ով է նուիրատուն, օրինակ` «ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿԻՆ ԴԱՒԻԹԻՑ. 1894» կամ «Ս-ԻՑ ՊԵՐՃԻՆ. 1907»: Քսակներից մէկի յիշատակագիրը ռուսերէն է:

Անձնական իրեր

Թանգարանում ցուցադրւում է ազգային-ազատագրական շարժման նշանաւոր գործիչների` ՀՀ վարչապետների, կառավարութեան անդամների, զինուորական, դիւանագիտական գործիչների անձնական իրերը` ձեռնափայտ, հագուստ, ակնոց, սպասք, գրենական պիտոյքներ, ծխախոտատուփ, տան գոյք, շախմատ, զարդեր` ժամացոյց, մատանի, լուսանկարներ, յուշատետր-օրագրեր, նամակներ, քարտէսներ եւ այլն:

Յուշատետր-օրագրերը, նամակները ներկայացնում են հեղինակների անձնական կարծիքը, մտահոգութիւնը, բերկրանքն ու վերաբերմունքը ինչ-որ երեւոյթի նկատմամբ, բացի այդ` օրագրերում ներկայացուած են պատմական իրադարձութիւններ, որոնց ուսումնասիրումը եւս կարեւոր է: Դրանց շարքում պահպանուել են` Սեբաստացի Մուրատի (Խրիմեան), Սողոմոն Թեհլիրեանի նամակները, Աշոտ Երկաթի, Թորոսի օրագրերը, հասարակական գործիչ, ՀՀ խորհրդարանի պատգամաւոր Մալխասի (Արտաշէս Յովսէփեան), Էրզրումի ցեղասպանութեան ականատեսների յուշերը` գրի առնուած 20-րդ դարի 20-ական թթ.: Այստեղ է պահւում նաեւ ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչ, ռազմական գործիչ, բժիշկ Դաւթեանի անձնական օրագիրը եւ այլն:

Լուսանկարներ

Ֆոնտերում մեծ թիւ են կազմում ՀՀ եւ ՀՅԴ պատմութեան հետ առնչուող անձանց եւ իրադարձութիւնների, ընտանեկան բազմաթիւ լուսանկարներ, որոնցով պարբերաբար հարստանում է թանգարանը: Դրանցից իւրաքանչիւրն ունի պատմութիւն, քանի որ ներկայացնում է մեր պատմութեան նշանաւոր գործիչների կեանքն ու գործունէութիւնը:

Այսպիսով, ՀՅԴ թանգարանը քաղաքական, ազգային-ազատագրական եւ ընդհանրապէս նոր շրջանի հայկական պատմութեան ուսումնասիրութեան կարեւորագոյն հաստատութիւններից է: Այն պահպանում եւ ներկայացնում է` 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայորդիների գործունէութիւնը, հայոց ազգային-ազատագրական պայքարի փուլերը, ՀՅԴ կուսակցութեան գործունէութիւնը, քաղաքական ակտիւութիւնը եւ այլն: Թանգարանը ձեւաւորուել է կուսակցութեան պատմական եւ անձնական արխիւների, փաստաթղթերի, նամակագրութեան հիմքի վրայ, որը ներկայացնում է դաշնակցական շարժման գաղափարական, քաղաքական եւ ռազմական գործունէութեան ամբողջական պատկերը: Գիտական առումով, թանգարանը կարեւոր կենտրոն է, որի արխիւի եւ ֆոնտերի մանրակրկիտ ուսումնասիրութիւնը հնարաւորութիւն կը տայ բացայայտելու նոր էջեր հայ ազատագրական մտքի եւ պայքարի պատմութիւնից:

Ամփոփում

Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան թանգարանը ներկայացնում է հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի Ա. Հանրապետութեան (1918-1920 թթ.) եւ ՀՅԴ գործունէութեան հարուստ ժառանգութիւնը: Առանձնայատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում թանգարանի դրամների հաւաքածուն` շուրջ 60 միաւոր, որոնք տարբեր անձանց կողմից ժամանակի ընթացքում փոխանցուել են թանգարանին: Դրանք ներառում են բիւզանդական, սելճուկեան, ռուսական դրամներ, որոնք պահանջում են խորքային մասնագիտական հետազօտութիւն: Բացի այդ` մեր կողմից ուսումնասիրուել են նաեւ թանգարանի արձանագիր նմուշները, որոնց շնորհիւ հնարաւոր են բացայայտել արժէքաւոր տեղեկութիւններ տուեալ իրերի մասին:

Թանգարանը մշակութային կենտրոն է, որի առաքելութիւնն է ներկայացնել 1918-1920 թթ. Հայաստանի անկախութեան համար պայքար մղած հայորդիների, նրանց սխրանքների պատմութիւնը: Այն ոչ միայն անցեալի պատմութեան եւ յիշողութեան վայր է, այլեւ ներկայի եւ ապագայի համար կարեւոր ուղեցոյց` պետականութեան արժէքների եւ ինքնութեան պահպանման գործում:

Ծանօթագրութիւններ

1.- Կնիքներից մէկի ծրարի վրայի գրութիւնից տեղեկանում ենք, որ Խլու Յովհաննէս անունով մէկը շահագործում էր կեղծ կնիքներ, որը վտանգաւոր էր կուսակցութեան գործունէութեան համար:
2.- Խ. Մուշեղեան, «Դրամական շրջանառութիւնը Հայաստանում», ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1985, էջ 29, 351 էջ:
3.- Դաւթեան, «Հայկական ասեղնագործութիւն», ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1972, էջ 35:
4.- Հ. Փափազեան, «Հայակական տարազ», Տիգրան Մեծ հրատ., Երեւան, 2002, էջ 59:
5.- Դաւթեան Ս., էջ 14:
6.- Դաւթեան Ս., էջ 23:

«Դրօշակ» թիւ 3, 2026թ.