Ինչպէս երեք թուրք դիւանագէտներ այցելեցին Հայաստան

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ

Հայաստանում Ազգային ժողովի 2026 թ. յունիսեան ընտրութիւնները, ինչպէս արդէն յայտնի է, իրենց վրայ են սեւեռել ոչ միայն հայ հանրութեան, այլեւ միջազգային տարբեր դերակատարների ուշադրութիւնը եւ լայնօրէն բնութագրւում են որպէս «աշխարհաքաղաքական ընտրութիւններ» տարբեր բեւեռների միջեւ։ Այդ համատեքստում որեւէ զարմանալի բան չկայ։ Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը, որը բխում է առաջին հերթին իր աշխարհագրական դիրքից ու ռելիէֆից, մշտապէս այն դարձնում է մրցակցութեան օբիեկտ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ կլոպալ տէրութիւնների միջեւ։ Կասկածից վեր է, որ հայաստանեան ընտրութիւնները էական են լինելու տարածաշրջանի հետագայ ուժային հաւասարակշռութեան ու անվտանգութեան ճարտարապետութեան համար եւ ազդելու են եւրասիական բոլոր գործընթացների վրայ։ Ուստի այս տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գրեթէ բոլոր ուժերը առաջիկայ շաբաթներին անթաքոյց հետաքրքրուելու են հայկական թեմատիկայով։

Այս ամէնից, բնականաբար, բացառութիւն չէ նաեւ հարեւան Թուրքիան, որտեղ մեծ ուշադրութեամբ հետեւում են յունիսեան խորհրդարանական ընտրութիւններին։ Այդ ուշադրութեան ամենավառ վկայութիւններից մէկին հնարաւոր էր ականատես լինել 2026 թ. յունուարին, երբ Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիտանը թուրքական հեռուստաընկերութիւններից մէկի եթերում յայտարարեց. «2026-ի յունիսին Հայաստանում ընտրութիւններ են լինելու, որոնք այս գործընթացի (հայ-թուրքական եւ հայ-ատրպէյճանական բանակցային գործընթացը – հեղ.) մի կարեւոր հատուածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծօրէն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մօտեցումը, այս կամքը պէտք է շարունակուի»։

Թէեւ Ֆիտանի յայտարարութիւնը իսկապէս անդրադառնում էր հայաստանեան ընտրութիւններին եւ փաստացի անուղղակի աջակցութեան էր արժանացնում վարչապետ Փաշինեանին՝ յղում անելով սոցիոլոգիական հարցումներին եւ արձանագրելով, որ վերջինս «առաջատար է», սակայն դրանում առկայ ձեւակերպումները կարելի է բնորոշել որպէս զգուշաւոր, ուստի տարընթերցման տեղիք տուող։ Հաշուի առնելով հարցի կարեւորութիւնն ու զգայունութիւնը՝ Ֆիտանի յայտարարութիւնը դարձաւ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանութեան դէմ միջամտութիւնների վերաբերեալ թէժ քննարկումների պատճառ, որի առանցքում հետեւեալ հարցն էր. կարելի՞ է արդեօք թուրք դիւանագէտի յայտարարութիւնը համարել արտաքին միջամտութիւն Թուրքիայի կողմից ներհայաստանեան գործընթացներին։ Եթէ մի կողմ դնենք վերոնշեալ քննարկման առարկան եւ միջամտելու կանխատրամադրուածութեան հարցը, անքննելի փաստ է այն, որ Թուրքիայում ամենաբարձր ղեկավարութեան մակարդակում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ քաջատեղեակ լինելով նաեւ սոցհարցումների արդիւնքներին (թէ՛ ո՞ր սոցհարցումներն են հիմք ծառայել թուրք դիւանագէտի պնդումների համար, յայտնի չէ)։

Թուրքիայի արտգործնախարարի յայտարարութիւնը, սակայն, միակ օրինակը չէ, որը ցուցադրում է հետաքրքրուածութիւն Հայաստանում ընտրական եւ, ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացներով։ Այդ մասին վկայող բազմաթիւ այլ օրինակների պարբերաբար (որոնք միշտ չէ, որ յայտնի են դառնում հայ հանրութեանը), կարելի է հանդիպել թուրքական մետիաներում (կարելի է նաեւ ենթադրել, որ դրանց թիւը առաջիկայ շաբաթներին է՛լ աւելի կը մեծանայ)։

Այս տեսանկիւնից հետաքրքրական են վերջին օրերին թուրքական բաւական յայտնի ԶԼՄ-ներում հրապարակուած երեք սիւնակագրային յօդուածները, որոնց հեղինակները երեք թուրք դիւանագէտներ են եւ ովքեր ապրիլի վերջին մասնաւոր այցով գտնուել են Հայաստանում։

«Հասկանալ նախընտրական մթնոլորտը»

Ապրիլի 26-ին Երեւան են ժամանում երեք թուրք դիւանագէտ՝ նախկին դեսպաններ Օմէր Օնհոնը, Հասան Գիւղուշը եւ Հասան Սերուէթ Օքթէմը։ Վերջինիս կենսագրութեան մէջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշուած է նաեւ, որ նա վիրաւորուել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրայ «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպուած վրիժառուական գործողութեան ընթացքում։ Երեք դիւանագէտներն էլ այժմ ծաւալում են փորձագիտական գործունէութիւն եւ հանդիսանում են «Անգարայի քաղաքականութեան կեդրոն» (Ankara Politikalar Merkezi – APM) վերլուծական կեդրոնի մասնագէտներ։ Չնայած այցի «մասնաւոր» բնոյթին, սակայն հենց դիւանագէտների խօսքով այն հնարաւորութիւն էր ընձեռել «առաջին ձեռքերից հետեւել ընտրութիւններից առաջ երկրում ստեղծուած վիճակին» եւ «հանդիպել Հայաստանի կարեւոր անձանց հետ ու հասկանալ նախընտրական մթնոլորտը»։ Երեւան ճանապարհորդութեան արդիւնքում հրապարակած իրենց յօդուածներում թուրք դիւանագէտները, բացի զբօսաշրջային բնոյթ կրող դիտարկումներից եւ թուրքական՝ արդէն դասական դարձած հակահայկական քարոզչութիւն պարունակող գնահատականներից, անդրադառնում են նաեւ քաղաքական դրութեանը։

Այս առումով նրանք առաջ են մղում երկու հիմնական թեզեր։ Առաջին թեզն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանութեան վարած քաղաքականութիւնը ճիշդ է։ Դեսպան Գիւղուշը այսպէս է նկարագրում Հայաստանում քաղաքական իրավիճակը եւ Թուրքիայի դիրքորոշումը. «Փաշինեանը ճիշդ ընտրութիւն կատարելով ու հրաժարուելով Ցեղասպանութեան վերաբերեալ պնդումների մասին միջազգային հարթակում խօսելուց՝ շարժւում է դէպի Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման։ Մի երկրում, ուր 100 տարի շարունակ թուրքերի հանդէպ թշնամութիւն է գեներացւում, երեք տարի առաջ պատերազմը պարտուած առաջնորդի համար սա շատ խիզախ քայլ է։… Շատերը համոզուած են, որ ընտրութիւններից մէկ ամիս առաջ Թուրքիայից Փաշինեանին աջակցութիւնը կարող է հակառակ էֆեկտ ունունենալ»։

Գիւղուշն անդրադառնում է նաեւ ՀՀ սահմանադրութեան փոփոխութեան պահանջին։ «Այժմ յարաբերութիւնների կարգաւորման ամենամեծ խոչընդոտը 1991 թ. հայկական սահմանադրութիւնն է (թուրք դիւանագէտը հաւանաբար նկատի ունի 1990 թ. Անկախութեան հռչակագիրը– հեղ.)։… Նշելով, որ սահմանադրութեան այդ խնդրայարոյց յօդուածները պէտք է փոխել, Փաշինեանը եւս մէկ խիզախ քայլ է արել, սակայն մինչեւ ընտրութիւններ նման բան անելու հնարաւորութիւն չկայ»։

Նմանատիպ գնահատականով է հանդէս գալիս նաեւ դեսպան Օքթէմը. «Հայաստանի քաղաքական դրութիւնը կարելի է հակիրճ նկարագրել հետեւեալ կերպ. Մենք բաւականութեամբ հետեւում ենք վերջին տարիներին Հայաստանի՝ խաղաղութեան ու տարածաշրջանային համագործակցութեան ուղղութեամբ յառաջխաղացմանը։ Ռուսաստանից հեռացող ու դէպի Արեւմուտք շրջուող Հայաստանը ճիշդ ուղղութեամբ տեղին քայլեր է անում։ Միասին տեսնում ենք, որ վարչապետ Փաշինեանը երկիրը ցեխից հանելու վրայ է։ … Խաղաղութեան պայմանագրի ստորագրման համար սպասւում է, որ Սահմանադրութեան նախաբանից կը հանուի Անախութեան հռչակագրի վրայ յղումը։ Կայ համոզուածութիւն, որ Փաշինեանը ընտրութիւններից յետոյ այս վերջին խոչընդոտն էլ կը հեռացնի»։

Դեսպանական աջակցութիւն

Թուրք դիւանագէտների երկրորդ թեզը վերաբերում է բուն ընտրութիւններին։ Դրանցում անթաքոյց աջակցութիւն է յայտնւում Հայաստանում այս պահին իշխող ուժին։ Դեսպան Օքթէմը, պնդելով, որ ընտրութիւնների հաւանական յաղթողը Փաշինեանն է, այսպէս է բանաձեւում ընտրութիւնների նշանակութիւնը. «Հայ ընտրողը յունիսի 7-ին գնալու է ընտրութիւնների եւ ազատ կամքով որոշելու է երկրի ապագան։ Եթէ նա ուզում է խաղաղութիւն, բարեկեցութիւն եւ ժողովրդավարութիւն, ապա ճիշդ հասցէն Փաշինեանի կուսակցութիւնն է։ Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանը մնայ Ռուսաստանի ետնաբակը, թո՛ղ ձայն տան Սամուէլ Կարապետեանին։ Թուրքիան պատրաստ սպասում է, որ բարեկամութեան ձեռք մեկնի իր հարեւան Հայաստանին, որը խաղաղութեան պայմանագիր է ստորագրել Ատրպէյճանի հետ, պատրաստ է բացել սահմանները, սկսել դիւանագիտական յարաբերութիւններ, մի խօսքով՝ յարաբերութիւնները կարգաւորել։ Փաշինեանի գլխաւորութեամբ… Հայաստանը կ’ունենայ հարեւանների հետ լաւ յարաբերութիւններ։ … Սրան համաձայնուելը Հայաստանի ընտրողի ձեռքում է։ Յուսանք՝ կը լինի»։ Միեւնոյն ժամանակ հեղինակը պիտակաւորում է այլ քաղաքական ուժերին՝ ՀՅԴ-ն բնութագրելով որպէս «Հայաստանը աղէտների տանող պատերազմող հայ ազգայնականներ», Հայ Առաքելական Եկեղեցուն՝ «խաղաղութեան քաղաքականութեանը ընդդիմացողներ», իսկ Սամուէլ Կարապետեանի գլխաւորած ուժին՝ փաստացի կապելով Ռուսաստանի հետ։

Հայկական քաղաքական ուժերին «ծայրայեղ ազգայնականներ» է որակում նաեւ դեսպան Օնհոնը՝ իշխող ուժի դէմ պայքարողների համար կիրառելով «Ռուսաստան-եկեղեցի-դաշնակներ» բանաձեւումը: Բացի այդ, վերջինս ընդդիմադիր ուժերի խօսոյթը որակում է որպէս «հարեւան երկրների հետ հակամարտութիւն ծնող եւ Ռուսաստանի հետ մտերմութիւն ստեղծող ապագայի նախանշան», իսկ Փաշինեանին նկարագրում որպէս «Հայաստանը Ռուսաստանի հեգեմոնիայի տակ մտցնելուն դէմ» եւ «Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը կողմ գործիչ»: Աւելորդ չէ նշել, որ յօդուածագիր դեսպանը ընտրութիւնների համատեքստում յիշատակում է նաեւ TRIPP-ը՝ որպէս Թուրքիայի համար մշտապէս կարեւորութիւն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը նպաստող նախագիծ:

Յօդուածները փաստացի անուղղակի եւ ուղղակի աջակցութեան դրսեւորումներ են՝ ուղղուած Հայաստանում գործող քաղաքական ուժերից մէկին: Հետաքրքրական է, որ նմանատիպ եզրակացութեան է եկել նաեւ Թուրքիայի հեղինակաւոր ու որպէս անկախ դիրքաւորուող ԶԼՄ-ներից «Oksijen»-ը: Այսպէս, թերթում երեք դիւանագէտների սիւնակներին անդրադարձող խմբագրական յօդուածը վերնագրուած է «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցութիւն Փաշինեանին», իսկ յօդուածի նախաբանում նշւում է, որ դիւանագէտները «ընտրութիւններից առաջ ստուգել են երկրի զարկերակը» եւ իրենց յօդուածներում «զօրակցութեան ուղերձ են յղել Փաշինեանին»:

Հետաքրքրական է, արդեօ՞ք նախընտրական շրջափուլում հրապարակուած այս յօդուածները Հայաստանի իշխանութիւններից եւ նրանց սատարող շրջանակներից կ’արժանանան նոյն այն խիստ ու բուռն քննադատական արձագանգին, ինչին արժանանում են նմանատիպ բովանդակութեամբ, բայց արդէն այլ երկրի (օր.՝ Ռուսաստանի) շահերից բխող տարաբնոյթ յայտարարութիւնները: Յատկապէս որ այս դէպքում գործ ունենք ոչ թէ միայն լրագրողների, այլ նախկին պետական գործիչների հետ, որոնք այսօր էլ որոշակի ազդեցութիւն ունեն Թուրքիայի քաղաքական շրջանակներում:

Արտաքին միջամտութիւննե՞ր

Կարեւոր է նաեւ նշել, որ նմանատիպ իրավիճակ առկայ էր նաեւ 2021 թ․ նախընտրական շրջանում։ Այսպէս օրինակ, Թուրքիայի մերձիշխանական գլխաւոր թերթերից «Yeni Şafak»-ը 2021 թ․ փետրուարին հրապարակեց «Թուրքիայի եւ Ատրպէյճանի համար Հայաստանում ո՞ր սցենարն է աւելի լաւը» վերլուծական յօդուածը։ Յօդուածագիրը նշում էր․ «Ղարաբաղեան կլանի հետ համեմատած Փաշինեանը իտէալական [ընտրութիւն] է։ Հայ քաղաքական գործիչներից ամենամիամիտն է։ ․․․ Թէ՛ Թուրքիայի, եւ թէ՛ Ատրպէյճանի համար աւելի լաւ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում Ռուսաստանի փոխարէն արեւմտեան կողմնորոշում ունեցող իշխանութիւններին սատարեն։ Այս տողերն, ի հարկէ, չեն արդարացնում Փաշինեանին։ Եթէ վատերի մէջ ընտրութիւն կատարենք, ապա նա մնացածներից աւելի լաւն է։ Պէտք է ընդունենք, որ աւելի նախընտրելի է, որ նա գայ իշխանութեան, քան մնացածները»։ Թուրքական մերձիշխանական գլխաւոր խօսափողը համարուող «Sabah» օրաթերթի անգլերէն տարբերակում (Daily Sabah) նոյն տարուայ մարտին հրապարակուեց «Արդեօ՞ք Թուրքիան աջակցում է Փաշինեանին» վերնագրով յօդուածը։ Յօդուածում նշւում էր․ «Թուրքիան մտավախութիւն ունի, որ Փաշինեանի յաջորդը, աջակցութիւն ստանալով բանակից, կարող է որդեգրել աւելի կոշտ ու անզիջում արտաքին քաղաքականութիւն։ ․․․ Կարծես թէ Անգարայի քաղաքական գործիչները հաւատում են, որ Երեւանում արեւմտամէտ քաղաքական ղեկավարութիւնը աւելի շատ կը նպաստի տարածաշրջանային խաղաղութեանը»։ Քննարկուող ժամանակաշրջանում նմանատիպ թեզերի ու խօսոյթների կարելի էր հանդիպել նաեւ հեռուստաքննարկումների, քաղաքական շոուների եւ այլ հրապարակային ձեւաչափերում։

Վերոնշեալ յայտարարութիւնները կարելի է հեշտութեամբ դասել արտաքին միջամտութիւնների շարքին, ինչը վկայում է ոչ միայն Թուրքիայի մեծացած ուշադրութեան, այլեւ ներհայաստանեան գործընթացներում ներգրաւուածութեան մասին՝ առնուազն հռետորաբանութեան ու տեղեկատուական քաղաքականութեան մակարդակում։

Յ. Գ.

Հետաքրքրական է, որ ըստ թուրք դիւանագէտների, «Զուարթնոց» օդանաւակայանում ծագած վիզայի խնդիրը լուծուել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի անմիջական ներգրաւուածութեամբ՝ չնայած կիրակի գիշեր լինելուն։ Սակայն այս յատուկ վերաբերմունքը չի խանգարել, որ դեսպան Օքթէմը, անդրադառնալով Արարատ լերան առկայութեանն ու կարեւորութեանը հայերի համար, հարց բարձրացնի. «Արդեօ՞ք մենք էլ չարժէ, որ արգելենք հայերին օգտագործել մեր ազգային հոգեւոր ու նիւթական արժէքները»։