«Ընտրութիւն կայ․ Հայաստանի պետականութիւնը պահո՞ւմ ենք, թէ՞ Հայաստանը դառնում է Արեւմտեան Ատրպէյճան»․ Լիլիթ Գալստեան
- (0)

«Հորիզոն»-ի զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեանն է։ Պատգամաւորի հետ զրուցել ենք ներքաղաքական վերջին զարգացումների, հայրենիքում տիրող իրավիճակի եւ առաջիկայում կայանալիք համապետական ընտրութիւնների մասին։
Հ.- Տիկի՛ն Գալստեան, յաճախ հանդիպումներ էք ունենում քաղաքացիների հետ, նաեւ մարզեր այցելում։ Ձեր տպաւորութեամբ ինչպիսի՞արդիւնք կ’ունենանք առաջիկայում կայանալիք համապետական ընտրութիւններում։
Լ.Գ.- Յաճախ եմ լինում մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ։ Երեւանում, թէ մարզերում, անգամ պատահական անցորդներն են դառնութեամբ ու ցաւով հարցնում՝ որքա՞ն պիտի հանդուժենք այս մղձաւանջը։ Շատերն են գիտակցում, որ վարչախումբը վտանգի տակ է դրել Հայաստանի ապագան։ Սոցիոլոգիական հարցումներն էլ ցոյց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը կորցրել է հանրային վաստահութիւնը․ այն 20-22-ի շրջանակում է։ Եթէ վարչական ռեսուրսի բիրտ չարաշահումն ու ռեպրեսիւ գործելաոճը չլինի, դա էլ չեն ունենայ։ Օրերս Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային տեսանք, թէ վարչական ռեսուրսի ցինիկ օգտագործման ինչ խայտառակ պատկեր էր (նկատի ունի մարզահամերգային համալիրում կայացած՝ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը- հեղ․): Բացահայտօրէն՝ SMS-ներով, ներքին ահաբեկչական «զինանոցից» օգտուելով էին ապահովել քաղծառայողների եւ պետական ծառայողների մասնակցութիւնը․ ուժի ցուցադրութիւն էր օրէնքի ակնյայտ խախտումով։ Այս իշխանութիւնը երկու բանի վրայ է խարսխւում՝ խորացող տոտալիտար մթնոլորտ եւ բռնաճնշումներ։ Երկրում քառասունից աւելի քաղբանտարկեալներ կան, որոնք ամբողջովին համապատասխանում են ԵԽԽՎ 1900-րդ բանաձեւով սահմանած «քաղաքական բանտարկեալ» հասկացութիւն չափանիշներին։
Հ.- Բոլորովին վերջերս Վաղարշապատի ընտրութիւններում ամենաշատ ձայները հաւաքեց հե՛նց իշխող քաղաքական ուժը։ Արդեօ՞ք յուսահատեցնող չէ այսպիսի արդիւնքը։
Լ.Գ.- Ո՛չ։ Ես այսպէս չեմ կարծում։ Հակառակ նրան, որ քաղաքական մեծամասնութիւնը այն «ջախջախիչ յաղթանակ» է գնահատում, բայց պիտի արձանագրենք, որ ընդդիմութիւնը բաւական տպաւորիչ ձայներ է հաւաքել՝ հաշուի առնելով իշխանութեան ագրեսիւ պահուածքը, խուզարկութիւնները, մարդկանց ահաբեկելն ու վախի մթնոլորտը։ Ոստիկանութիւնն ու դատաիրաւական համակարգը ուղղակի դարձրել են պատժիչ գործիք։ Վաղարշապատի ընտրութիւններին նախորդած տեղական ինքնակառավարման ընտրութիւնում յաղթանակ տարած ընդդիմադիր գործիչները յայտնուեցին ճաղավանդակի յետեւում, ցաւօք, նաեւ մահուան ելք էլ արձանագրուեց։ Ալավերդու, Վանաձորի, Սիւնիքի, Թալինի եւ միւս համայնքապետների ընտրութիւնները յիշէ՛ք։
Վաղարշապատում էլ Խոյ համայնքը միացրին Վաղարշապատ համայնքին՝ հաշուի առնելով իրենց թեկնածուի խոյեցի լինելու հանգամանքը։ Երկրում 1937 թուականի պոլշեւիկեան մթնոլորտ է՝ ռեպրեսիա կամ դեպրեսիա, համատարած յուսահատութիւն։ Բայց, քաղաքական պայքարը շարունակելու ենք՝ հակառակ բռնութիւններին, բիրտ ուժին ու ահաբեկութիւններին․․․ Մեր հասարակութիւնը, կարծում եմ, հասկանում է։ Երկու ճանապարհ կայ․ Հայաստանը կա՛մ անկախ ու ինքնիշխան պիտի լինի, կա՛մ պիտի վերածուի Արեւմտեան Ատրպէյճանի։ Շատ յստակ է այս ճամբաբաժանը։
Հ.- Անդրադառնանք գործող իշխանութեան՝ հայոց եկեղեցու գործերին միջամտելու փաստին։ Հաւանական համարո՞ւմ էք, որ իրավիճակը կարող է այնքան սրուել, որ այս իշխանութիւնը յաջողի։
Լ.Գ.- Նախ սկսենք նրանից, որ ՀՀ Սահմանադրութեան 18-րդ յօդուածով սահմանուած է եկեղեցու եւ պետութեան տարանջատուած լինելը։ Եկեղեցու ասպատակութիւնը իշխանութիւնների կողմից թէ՛անբարոյական է եւ պիղծ, թէ՛ հակասահմանադրական։ Փաշինեանը շատ վաղուց է Հայաստանում խաթարել սահմանադրական կարգը․ իշխանութեան ճիւղերի միջեւ էլ հակակշռման մեխանիզմներ չկան։ Կայ մէկ անձի ձեռքում կեդրոնացած իշխանութիւն։ 1937 թուականի պոլշեւիկեան նողկալի, արիւնոտ ձեռագրով են վերաբերւում եկեղեցուն՝ ատրպէյճանական նարատիւներին շատ ներդաշնակ․․․ Սա ցաւալի է ու աղէտալի։ Սա մեր ինքնութեան պառակտումն է, թշնամական օրակարգ ու վարքագիծ։ Փաշինեանն ու իր վարչախումբն ատելութիւն ու խորշանք ունեն այն ամէնի նկատմամբ, ինչն ազգային է։ Մեր եկեղեցին բազմաթիւ ասպատակութիւններ է տեսել՝ թաթար-մոնկոլներ, քոչուոր թուրքեր, արաբներ, տարբեր աղանդաւորական հոսանքներ, բայց կանգուն է մնացել ու կարծում եմ՝ էլի՛ կանգուն կը մնայ։ Բայց սրանք անդառնալի հետեւանքներ են թողնելու․ սպիներ ու վէրքեր մեր ինքնութեան վրայ։ Շատ ծանր ժամանակներ ենք ապրում։ Ցաւով եմ արձանագրում, որ մեր հաւաքական ամօթի մատեանում ամէն օր նոր էջեր են աւելանում։ Այդ թշնամական ասպատակութիւնն առայժմ կասեցուած չէ, ու սա նաեւ մեր հաւաքական ամօթն է։
Հ.- Վերջին հարցս վերաբերում է առաջիկայում կայանալիք ընտրութիւններին։ Եթէ այս հասարակութիւնը կրկին ընտրի այս իշխանութեանը, ի՞նչ կարող է տեղի ունենալ։
Լ.Գ.- Տեղի կ’ունենայ աղէտ, կամ պարզապէս կ’ունենաք Արեւմտեան Ատրպէյճան։ Բարոյականութեան բոլոր կարմիր գծերը հատած, ազգային շահերը դաւաճանած եւ օտարի օրակարգին լծուած իշխանութիւնից ամէն բան սպասելի է։ Մեր խնդիրն այս աղէտը կասեցնելն է՝ համազգային ներուժով եւ յանձնառութեամբ։ Փաշինեանը խորհրդարանական ամպիոնից օրերս ազդարարեց, նաեւ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերից ազատուելու իր նպատակադրութեան մասին։ Ցաւօք, երկրում խորացող տոտալիտար ռեժիմը կարծես թէ Արեւմուտքը չի նկատում։ Իսկ Փաշինեանը շարունակում է մի կողմից երկրում ռեպրեսիաներով սպասարկել Ատրպէյճանի օրակարգը, մի կողմից իր համար վերարտադրութեան հող նախապատրաստել։
Դատական, իրաւապահ համակարգը Նիկոլ Փաշինեանի համար գրպանային համակարգեր են դարձել։ Այս ձեռագրին կը նախանձէր անգամ Հիւսիսային Քուրիան։ Կարեւոր է թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում շարունակել աշխատել ժողովրդի հետ, որպէսզի մարդիկ հասկանան, թէ ինչ իրավիճակում ենք մենք ապրում։
Ընտրութիւն կայ․ Հայաստանի պետականութիւնը պահո՞ւմ ենք, թէ՞ Հայաստանը դառնում է Արեւմտեան Ատրպէյճան։ Ընտրութիւնը մերն է։ Համոզուած եմ, որ մենք, ապաւինելով մեր ուժերին, ազգային համախոհութեամբ, միասնականութեամբ ընդհանրական օրակարգեր եւ շահեր ձեւակերպելու ճանապարհով ի վիճակի ենք բեկելու այս ողբերգական ու ամօթալի ընթացքը, որովհետեւ իսկապէս պետութիւն ունենալու եւ չունենալու հարց է սա։
Յասմիկ Բալէեան