Միաւորուած կերտենք մեր յաղթանակները, որին այսքան կարօտ է մեր ժողովուրդը

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ելոյթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան 35-րդ ամեակին նուիրուած միջոցառմանը.

«35 տարին շատ լուրջ ճանապարհ է, եւ ինչպէս ասուեց՝ շատ կայացած քաղաքական ուժեր անգամ այդքան տարի չեն գոյատեւում, եւ այս առումով մենք իսկապէս միշտ խօսում ենք մեր տարիքի մասին եւ անդրադառնում նրան, որ այդ տարիքը մեզ չի մեծացնում, այլ երիտասարդացնում է եւ ՆԱՈւՄ-ը դրա ամենալաւ ապացոյցն է: Դաշնակցութիւնը 135 տարեկան է, բայց ունի ՆԱՈւՄ, որը 35 տարեկան է եւ գնալով աւելի երիտասարդանում է: Դաշնակցութեան կենսունակութեան եւ ՆԱՈւՄ-ի նաեւ կենսունակութեան ֆենոմենը, գաղտնիքը հենց դրանում է: Դաշնակցութիւնը կարողացել է իր ամբողջ կենսագրութեան մէջ մէկտեղել թէ՛ փորձը, թէ՛ երիտասարդական աւիւնը, թէ՛ ուժը, թէ՛ միտքը, եւ մեր արժեհամակարգն էլ հենց դրա վրա է ձեւաւորուած․․․

Մեր կենսունակութեան գաղտնիքը կարելի է փնտռել հենց մեր զինանշանի մէջ, որ թէ՛ բահն է, թէ՛ սուրը, թէ՛ գրիչը, եւ շատ ճիշդ են արել ՆԱՈւՄ-ը ստեղծողները, երբ վերցրել են այդ զինանշանից գրիչն ու սուրը, եւ հաւատարիմ են մնացել հենց այդ խորհրդին, որովհետեւ թէ՛ միտքը, թէ՛ ուժը, թէ՛ աւիւնը երիտասարդական կարողացել են մէկտեղել, եւ պատահական չէ, որ Դաշնակցութեան հիմնադիրները հենց ուսանողներ են եղել, որովհետեւ մեր ուժը եղել է բանիմաց, կրթուած, ուսում ստացած երիտասարդը, եւ նա է, որ ապագայ է կերտում, նա է, որ կարողանում է տեսնել օրուայ հրամայականը, տեսնել ձեւերը եւ մեթոդները, ինչպէս իր կեանքը արժեւորի եւ իմաստաւորի», ասել է Արմէն Ռուստամեանը։

Նրա խօսքով՝ Դաշնակցութիւնը, որտեղ որ կայացել է, այնտեղ միշտ իր կողքին ունեցել է ՆԱՈւՄ-ի նման երիտասարդական կառոյց։ Ուսանողական միութիւնները Դաշնակցութեան համար եղել են կադրերի դարբնոց։

«Այս կառոյցը, իսկապէս, դեռ երկար տարիների անելիք ունի, իր ժառանգութիւնը գիտակցում է, իր առաքելութեան տէրն է եւ միայն կարող ենք մաղթել յաջողութիւն, մաղթել երկար տարիների աշխատանք․․․ Այսօր էլ Հայաստանը եւ հայութիւնը կանգնած են լրջագոյն մարտահրաւէրների առաջ, եւ ես վստահ եմ, որ ՆԱՈւՄ-ի նման կառոյց ունեցող Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միակամ համոզումով յաղթահարելու է նաեւ այս դժուարութիւնները մեզ բաժին հասած, եւ ՆԱՈւՄ-ի նման մեծ, պայծառ դէմքեր ունեցող կառոյցն է, որ կարող է անգամ անելանելի վիճակում ելքեր գտնել․․․ Ձեզ մաղթում եմ յաջողութիւն, բարի երթ եւ նորից ու նորից իրար հետ միասին՝ միաւորուած կերտենք մեր յաղթանակները, որին այսքան կարօտ է մեր ժողովուրդը», ամփոփելով խօսքը՝ ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը: