Հայ Օգնութեան Միութիւնը 115 տարեկան է․ ՀՕՄ-ուհիների ջանքերի պտուղները

Այս տարի՝ 2025 թուականին, լրանում է Հայ Օգնութեան Միութեան հիմնադրման 115-ամեակը։ Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) կանանց ոչ կառվարական, ոչ դաւանական, հասարակական, բարեսիրական, համահայկական կազմակերպութիւն է, որն իր մեծագոյն նպաստն է բերում հայ ժողովրդի կարիքները կամաւոր, մարդասիրական եւ ընկերային հիմունքներով հոգալու գործընթացին:

Հայ Օգնութեան Միութիւնը ստեղծուել է 1910 թուականին, Նիւ Եորքում, հասարակական, քաղաքական գործիչ Խաչատուր Մալումեանի (Ակնունի) կողմից: Այսօր ՀՕՄ-ը գործում է 26 երկրում եւ ունի աւելի քան 15,000 անդամ: ՀՕՄ-ը 1975 թուականից անդամակցում է ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական խորհրդին /ECOSOC/, Ոչ Կառավարական Կազմակերպութիւնների Հանրային Տեղեկատուութեան բաժնին, Կանանց Կարգավիճակի Հարցերով Յանձնախմբին /CSW-Commission on the Status of Women/, Խորհրդաժողովների Յանձնախմբին /CoNGO-Conference of NGO/, ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամին /UNICEF/, HIV/AIDS-ի յատուկ յանձնախմբին:

ՀՕՄ-ի 115-ամեակի առթիւ այս ընթացքում միջոցառումներ, նոր ծրագրեր են անցկացւում աշխարհի տարբեր ծայրերում։ Նախորդիւ գրել էինք ՀՕՄ-ի իրականացրած՝ «Յուսոյ տուն» ծրագրի մասին, որի շնորհիւ Արցախից բռնի տեղահանուած 10 ընտանիք նոր տներում բնակուելու հնարաւորութիւն է ստացել։ Օրերս մայրաքաղաք Երեւանում պաշտօնական հանդիսութեամբ նշուեց ՀՕՄ-ի 115-ամեակը։

ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետուհի Արուսեակ Մելքոնեանը, ելոյթ ունենալով հանդիսութեան ընթացքում, նշեց․ «Մեր սեփական հայրենիքի մէջ, մեր սուրբ հողի վրայ, միախմբուած՝ որպէս ջահակիրները ՀՕՄ-ի հիմնադիրների, եկել ենք 115 տարի յետոյ, կրկին մեր ժողովրդին աւետելու, որ մենք տակաւին այստեղ ենք, կանգուն ենք ինչպէս Մասիսը, մենք տակաւին մարտնչում ենք, տակաւին գործում ենք եւ անխոնջ ծառայում ենք մեր ժողովրդի հետ, ժողովրդի համար»։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւս, ելոյթ ունենալով հանդիսութեան ընթացքում, նշեց․ «Ժողովրդիս հետ եւ ժողովրդիս համար․ այս ասելով՝ ՀՕՄ-ը նկատի չունէր, որ այդ ժողովուրդը միայն Հայաստանի ժողովուրդն է։ Նա նկատի ունէր, որ այդ ժողովուրդը համայն հայութիւնն է։ Եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են տարանջատել մեզ՝ ասելով, որ հայ ժողովուրդը Հայաստանում ապրող ժողովուրդն է, սա ոչ այլ ինչ է, քան պառակտում։ Եւ այդ պառակտման պտուղները կործանում են, իսկ միութեան պտուղները մեր զօրութիւնը, մեր յաւերժութիւնն է։ ՀՕՄ-ի առաքելութիւնն այսօր շատ աւելի կարեւոր է։ ՀՕՄ-ն այսօր, այո՛, պէտք է հայութեան բոլոր հատուածներն իրար կապելով յստակ արտայայտի այն պարզ գաղափարը, որ մեր միութեան հիմքում մեր ազգասիրութիւնն է եւ գթասրտութիւնը, այն, ինչ բնորոշ է ՀՕՄ-ին եւ ամէն ՀՕՄուհու։ Եւ այս ազգասիրութիւնն ու գթասրտութիւնն են, որ այսօր մեզ պէտք են որպէսզի կարողանանք միաւորել մեր ողջ ազգը, յաղթահարենք այն մարտահրաւէրները, որոնք այսօր մեր ժողովրդի առջեւ են ծառացել»։

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատեապետուհի Մարօ Քէշիշեանն էլ ընդգծեց՝ ՀՕՄ-ուհիների անխոնջ աշխատանքն ու նուիրուածութիւնը տուել են իրենց պտուղները․ բազմաթիւ ծրագրեր են կեանքի կոչուել ՀՕՄ-ուհիների գթասրտութեան ու նուիրումի շնորհիւ։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատեապետուհին շեշտեց՝ թէեւ այո՛, դժուարին օրերում ենք ապրում, բայց լուսաւոր օրեր դեռ պիտի գան։ «Վստա՛հ եղէք, որ մօտ է գալուստը մեր բոլորի սպասած պայծառ արշալոյսի։ Կեցցէ ՀՕՄ-ը եւ կեցցեն նրան ծառայող նուիրեալ ՀՕՄ-ուհիները»,- եզրափակեց Մարօ Քէշիշեանը։

Յասմիկ Բալէեան