Իշխանութիւնների այս քայլն ուղղուած է Պաքուի և Անգարայի պահանջների բաւարարմանը. «Հայաստան» խմբակցութիւն

Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է Պաքուի ու Անգարայի շահերից բխող հակահայաստանեան ու հակաարցախեան քաղաքականութիւնը: Պատահական չէ, որ այս իշխանութիւնների թիրախում են յայտնւում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատուել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունէութեան առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մօտեցումներ:

Փաշինեանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախաւորելու հերթական օրինակը Լազարեան ակումբի համակարգող, Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետութիւնների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:

Ուշագրաւ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացուած պարզաբանումը ուղարկուել է ԱԺ արտաքին կապերի վարչութեան ղեկավարի կողմից։ Իշխանութիւնների այս քայլը ուղղուած է մի կողմիցՊաքուի և Անգարայի պահանջների բաւարարմանը, միւս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային յարաբերութիւնների խաթարմանը:

«Հայաստան» դաշինքը խստօրէն դատապարտում է Հայաստանի գործող իշխանութիւնների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարուող քաղաքականութեան պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրաւէրները միայն աճում են:

25.10.2022թ.
«Հայաստան» դաշինք

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.