Փաշինեանն այսքան կտրուեց իրականութիւնից․ կա՛մ ֆեյսբուքն է իրեն խաբում կա՛մ ֆեյքերի ֆաբրիկան է իրեն խաբում
«Փաշինեանը պէտք է հրաժարական տայ, որպէսզի գէթ յառջիկայ ամիսներին, օր առաջ հնարաւոր լինի վերականգնել Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, մեր ժողովրդի ազգային անվտանգութիւնը»․ Գեղամ Մանուկեան
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը Կառավարութեան շենքի դիմաց շարունակում է անժամկէտ հացադուլը՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ Յիշեցնենք՝ Գեղամ Մանուկեանը հացադուլ էր յայտարարել նոյեմբերի 23-ից։ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայեանը, ՀՅԴ անդամ Գարիկ Աւետիսեանը, 2008 թուականին զոհված Անդրանիկ Կիրակոսեանի մայրը՝ Անահիտ Կիրակոսեանը միացել են հացադուլին։
«Հորիզոն»-ի թղթակիցը զրուցել է Գեղամ Մանուկեանի հետ։
«Գործող իշխանութիւնի կողմից ինչ-որ առանձնայատուկ վերաբերմունք կամ արձագանգ չկայ, ես ակնկալիք էլ չունեմ։ Միակ ակնկալիքս մէկն է՝ վարչապետ Փաշինեանի հրաժարականի մասին պաշտօնական յայտարարութիւնը», — նշում է Գեղամ Մանուկեանը։
Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակը երէկ որպէս գործընկեր՝ այցելել է Գեղամ Մանուկեանին, տաք ջուր է տարել։
«Ես չեմ ակնկալում, որ Նիկոլ Փաշինեանը կ՚իջնի կամ կը խօսեմ նրա հետ։ Նա ուղղակի պէտք է հրաժարականի դիմում ներկայացնի, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը, մեր ժողովրդի ազգային անվտանգութիւնը գէթ յառաջիկայ ամիսներին՝ օր առաջ, հնարաւոր լինի վերականգնել, հնարաւոր լինի բացթողումները շտկել և սրբագրել այն աւերածութիւնները, որոնք գործել է Նիկոլ Փաշինեանը և նրա շրջապատը», — ասում է Գեղամ Մանուկեանը։
Նա ընդգծեց՝ այս օրերին Փաշինեանը անընդհատ յայտարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջը չկայ, բայց քաղաքացիների հետ շփուելով՝ այլ փաստ է արձանագրւում։
«Կարող եմ ասել՝ առնուազն հացադուլի այս օրերին ես տեսայ, որ գրեթէ չկան քաղաքացիներ, որոնք նոյն պահանջն ու կարծիքը չ՚ունենամ․ պարզապէս ամէն մէկը իւրովի է արտայայտում իր բողոքը՝ մէկը տանը, մէկը՝ մտահոգութիւն յայտնելով, մէկը՝ ինձ մօտենալով, միւսը՝ հրապարակ գնալով․․․ Ուղղակի ափսոսում եմ, որ 2,5 տարուայ ընթացքում Նիկոլ Փաշինեանն այսքան կտրուեց իրականութիւնից․ կա՛մ ֆեյսբուքն է իրեն խաբում կա՛մ ֆեյքերի ֆաբրիկան է իրեն խաբում, թէ հասարակութիւնն իրեն աջակցում է և նոյնիսկ արդարացնում։ Նա ուղղակի հանրային աջակցութիւն չունի», — եզրափակեց Գեղամ Մանուկեանը։
ՀԱՍՄԻԿ ԲԱԼԷՅԵԱՆ