«FAST-ի Հիմնական նպատակը Հայաստանում ծաղկուն տնտեսութեան ձեւաւորմանը նպաստելն է». FAST-ի տնօրէն Արթիւր Ալավերդեան

FAST-ը՝ (Foundation for Armenian Science and Technology) Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամը ձեւաւորուեց այս տարուայ գարնանը: Գործունէութեան կարճ ժամանակահատուածում այն հասցրեց կարեւոր քայլեր իրականացնել հայաստանեան դաշտում: FAST-ի հիմնադիրներն են Ռուբէն Վարդանեանը եւ Նուպար Աֆէեանը՝ IDEA հիմնադրամի անունից, Տէր Մեսրոպ Քահանայ Արամեանը՝ «Այբ» եւ «Լոյս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարութեան ոլորտի գործարար Արթիւր Ալավերդեանը: Ստեղծուեց Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառեալ հիմնադիրները: «Հորիզոն» զրուցել է FAST-ի խորհրդի նախագահ Արթիւր Ալավերդեանի հետ:

Պարո՛ն Ալավերդեան, որո՞նք են FAST-ի գործունէութեան հիմնական նպատակակէտերը:

– Մեր նպատակը գիտութեան վրայ հիմնուած ստարտափերի զարգացումն է եւ դրանք կեանքի կոչելն է: Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատար ստարտափերի (DeepTech) համար նորարարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտութեան առեւտրայնացմանը` առաւելագոյն չափով օգտագործելով լոգալ եւ կլոպալ գիտական, ինժեներական եւ գործարար ներուժը: FAST-ի խնդիրն է հայաստանեան գիտութեան եւ կլոպալ պիզնեսի միջեւ երկկողմանի գործակցութեան ճանապարհի կառուցումը, տեխնոլոգիական նորարարութեան միջավայրի զարգացումը: Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի՝ գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտներում հետազօտական եւ գիտահետազօտական կենտրոնների համաշխարհային առաջատարների շարքում տեղ զբաղեցնելու գործին:

– Ի՞նչ է յաջողուել իրականացնել մինչեւ օրս:

– Առաջին հերթին ստեղծուել է FAST-ի կազմակերպչական կառուցուածքը, կազմաւորուել է Հոգաբարձուների խորհուրդը, Խորհրդատուների խորհուրդը, Յաջորդ սերնդի խորհուրդը (NextGen Council): Առաջին իսկ օրուանից հիմնադրամի հետ համագործակցող աշխատակիցները, որոնց գաղափարները հոգեհարազատ են մեր հայեացքներին, դարձել են մշտական աշխատակազմի անդամներ: Հիմնադրման պահից անցած վեց ամսուայ ընթացքում մենք ուսումնասիրել ենք Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների բնագաւառում իրավիճակը, այցելել եւ կապ ենք հաստատել մի շարք գիտական եւ ուսումնական հաստատութիւնների հետ: Այլ փոքր երկրների կողմից նորարարական էկոհամակարգերի ստեղծման յաջող փորձի ուսումնասիրման նպատակով կազմակերպուել է ճանաչողական շրջագայութիւն դէպի Ֆինլանտիա, Էստոնիա եւ Իսրայէլ: Այդ երկրների էկոհամակարգերում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են կայացել, եւ այս փորձառութիւնը մեծապէս կ’օգնի մեզ յետագայ աշխատանքում: Հոկտեմբերին գիտութեան ամերիկեան հիմնադրամի՝ NSF-ի հետ համատեղ Երեւանում կազմակերպել ենք «Մեքենայական ուսուցումը` գիտական յայտնագործութիւնների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողով, որին հրաւիրուել ենք աւելի քան 60 գիտնականներ՝ ԱՄՆ-ից եւ Եւրոպայից: Աշխատաժողովը մեծ հետաքրքրութիւն է առաջացրել տեղի գիտնականների եւ հետազօտողների շրջանում: Համոզուած եմ, որ գիտնականները կը շարունակեն համագործակցութիւնը նաեւ ապագայում: FAST թիմը մշակել է «FAST Fellowships» կրթաթոշակային ծրագիրը, որն աջակցում է կիրառական մաթեմատիկայի, ֆիզիքայի, կենսաբանութեան եւ ճարտարագիտութեան բնագաւառների լավագոյն ուսանողներին եւ ասպիրանտներին՝ շարունակելու իրենց ուսումը Հայաստանի բուհերում: Վերջապէս, մեր աքթիւ մասնակցութեամբ ստեղծուել է Պիզնես հրեշտակ ներդրողների ցանց-ակումբը, որին անդամակցում է աւելի քան քսան յաջողակ եւ փորձառու ձեռնարկատէր, որոնք պատրաստ են այսպէս կոչուած՝ «Smart money» յատկացնել տեխնոլոգիական ոլորտի սկսնակ գործարարների:

– FAST-ը՝ որպէս հայաստանեան բացառիկ կառոյց, ինչո՞վ կարող է օգտակար լինել երկրին:

– Որպէս զարգացման ինստիտուտ՝ FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է զարգացնել գործընկերային յարաբերութիւններ Հայաստանում եւ երկրից դուրս գործող մասնաւոր, պետական, հասարակական եւ գիտական կազմակերպութիւնների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպէս հիմնադրամների հիմնադրամ՝ միեւնոյն ժամանակ չհետապնդելով կոմերցիոն նպատակներ: Հիմնադրամը գեներացնելու է առեւտրային եւ ոչ առեւտրային բնոյթի նախաձեռնութիւններ՝ ներգրաւելով շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Կառուցուելու է կայուն զարգացող էկոհամակարգ, որը ունենալու է ապակենտրոնացուած կառուցուածք, ինչպէս նաեւ՝ պիզնես ուղղուածութիւն: Այն լայն հնարաւորութիւններ է ընձեռելու պիզնեսի համար, ինչն էլ վերջին հաշուով բերելու է երկրի տնտեսութեան զարգացմանը:

– Իսկ որո՞նք են FAST-ի յետագայ քայլերը:

– Հեռանկարում մենք շատ ծրագրեր ունենք, սակայն որոշել ենք կենտրոնանալ գիտութեան եւ տեխնոլոգիաների բեկումնային փոփոխութիւններ խոստացող չորս ուղղութիւնների վրայ: Այդ ուղղութիւններն են արհեստական բանականութիւնը (AI), տուեալագիտութիւնը (Data Science), եւ այն ամէնն, ինչ կապուած է դրանց հետ, պիոտեխնոլոգիաները, նոր նիւթերը, անօդաչու կառաւարուող սարքեր (drones) եւ ռոպոթները, ինչպէս նաեւ էներգիայի վերականգնուող նոր աղբիւրները: Գիտելիքահենք ստարտափերի էկոհամակարգի ստեղծումը պէտք է ներառի մի քանի տարր: Դրանցից առաջինը համապատասխան ենթակառուցուածքն է: Յաջորդը մասնագիտական կրթութիւնն է: Ի վերջոյ, մենք ցանկանում ենք ստեղծել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական համալսարան, որը կ’ունենայ օնլայն եւ օֆլայն դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր՝ տարբեր առարկաների մասով: Ստեղծուելու են նաեւ աքսելերատորներ եւ պիզնես ուղղուածութեամբ ուսուցողական ծրագրեր: Նախատեսւում է նաեւ ֆինանսաւորման հնարաւորութիւններ ստեղծել ուսանողների, գիտնականների, գործարարների, տարբեր փուլերում գտնուող ստարտափերի համար:

Պարո՛ն Ալավերդեան, ի՞նչն է մղում՝ առաջ շարժուելու:

– Ուզում եմ շեշտել, որ մեր հիմնական նպատակը Հայաստանում ծաղկուն տնտեսութեան ձեւաւորմանը նպաստելն է: Այսօրուայ աշխարհում տեղի ունեցող չորրորդ արդիւնաբերական յեղափոխութիւնը իւրայատուկ հնարաւորութիւն է տալիս Հայաստանի զարգացման եւ բարգաւաճման համար՝ օգտագործելով հայ ժողովրդի մտաւոր ներուժը: Այս կլոպալ նպատակներին հասնելու համար մենք պէտք է գործենք միասին, որպէսզի կենտրոնացնենք մեր ջանքերը գիտութեան եւ տեխնոլոգիաների առաջխաղացման ոլորտներում: FAST-ը համախոհների համայնք է, որը հաւատում է Հայաստանի ներուժին: Մեր երկիրն արժանի է դառնալու կլոպալ գործընթացների լիարժէք մասնակից, ինչի համար անհրաժեշտ է կայուն զարգացման ապահովում, ինչպէս նաեւ՝ խաղաղութեան եւ բարգաւաճման հիմքերի ապահովումը: Ես հաւատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կը ստեղծենք Հայաստանի համար գեղեցիկ ապագայ, եւ մեր երկիրը կը դառնայ այս ոլորտներում անվերապահ եւ անվիճելի առաջնորդներից մէկը, իսկ մենք կը կարողանանք յաջորդ սերնդին՝ մեր երեխաներին, փոխանցել զարգացած երկիր:

Կը խնդրէի նշել նաեւ հայաստանեան եւ արտերկրեայ կառոյցների հետ համագործակցութեան մասին:

– Մենք համագործակցում ենք կառավարութեան, կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Գիտութեան պետական կոմիտէի հետ: Ինչպէս արդէն նշեցի, ամերիկեան NSF-ի հետ յարաբերութիւններ ենք հաստատել եւ մտադիր ենք խորացնելու եւ ընդլայնելու այդ համագործակցութիւնը: Նաեւ համագործակցութեան պայմանագրեր ենք կնքել Համպուրկի տեխնոլոգիական համալսարանի եւ Հարաւային Գալիֆորնիայի համալսարանի հետ, եւ մեր գործընկեր հաստատութիւնների ցանկն ընդլայնւում է: Տարբեր հանդիպումների ընթացքում պարզ դարձաւ, որ կայ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդէպ մեծ հետաքրքրութիւն եւ մեր յետագայ քայլերը նախատեսուած են փոխշահաւէտ համագործակցութեան ակնկալիքով:

Հարցազրոյցը վարեց՝ Մերի Մարտիրոսեան

Երեւան

Leave a Comment

You must be logged in to post a comment.