Իրան-Սէուտական Արաբիա Մերձեցումը` Պատուար Նոր-Օսմանականութեան

Փեքինում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի եւ սէուտցի գործընկերոջ հանդիպումը: Չինաստանում նման հանդիպման կազմակերպումը, Շամխանիի ասութեամբ, պայմանաւորուած է եղել նրանով, որ Չինաստանի նախագահը անցեալ ամիս իր երկիր այցելած նախագահ Ռէյիսիին առաջարկել էր Ռիատի հետ 7 տարի յարաբերութիւնների դադարեցումից յետոյ, վերականգնել դիւանագիտական կապերը` ի շահ Միջին ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունութեան ու խաղաղութեան ընդլայնման: Չինաստանի նախագահի առաջարկը ուշագրաւ է նրանով, որ Ռէյիսիի այցին յաջորդել էր Սի Ծինփինի պաշտօնական այցը Սէուտական Արաբիա, ուր մեծ հաւանականութեամբ նա նոյն առաջարկը ներկայացրել է Սէուտական Արաբիայի ղեկավարութեանը:

Ըստ հաղորդուած պաշտօնական տեղեկատուութեան, Փեքինի հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ չինական կառավարութեան ներկայացուցիչը, եռակողմ համաձայնագիր է ստորագրուել, որտեղ ընդգծուել է նաեւ, որ յարաբերութիւններն վերականգնելու մեկնարկը տրուի երկու ազդեցիկ երկրների դեսպանատների վերաբացմամբ:

Այս գծով նաեւ արտաքին գործոց նախարար Ապտոլլահեանը իր կառավարութեան գոհունակութիւնն է յայտնել տարածաշրջանի տարատեսակ բարդութիւնները մեղմել-լուծելու հնարաւորութիւնները բարձրացնելու համար: Առաջին հերթին, ինչ խօսք, դա անդրադառնալու է երկու երկրների կնճռի հիմնապատճառ` Եմէնի խռովայոյզ վիճակի բարւոք լուծմանը, եւ ապա` ուղղակիօրէն լիբանանեան թէ՛ ներքին եւ թէ՛ յատկապէս արտաքին քաղաքատնտեսական իրավիճակի ուղղութեամբ դրական հեռանկարներ կարող է ուրուագծել: Պատահական չէր, օրինակ, Լիբանանի Հըզպալլա կուսակցութեան առաջնորդ Նասրալլայի դրական արագ արձագանգը Իրան-Սէուտական Արաբիա համաձայնագրի ստորագրման հարցում:

Սոյն մերձեցումը, ինչ խօսք, դրական է ազդելու թէ՛ սիրիական եւ թէ՛ իրաքեան մերթ ընդ մերթ անկայուն իրավիճակները բարւոքելու առումով, ինչպէս որ մէկ այլ ազդեցիկ արաբական երկիր` Քաթարի արտաքին գործոց նախարարն է իրանցի գործընկերոջը այդ մասին յայտնել, միաժամանակ իր մեծ գոհունակութիւնն յայտնելով Իրան-Սէուտական Արաբիա յարաբերութիւնների վերականգնման առթիւ:

Միւս կողմից, ինչպէս ԱԳ նախարար Ամիր Ապտոլլահեանն է յայտնել, վաղուց ի վեր միջնորդի դերակատարութիւնն իր վրայ վերցրած Պարսից ծոցի մէկ այլ երկիր` Օմանը, իր հետեւողական ու անաչառ միջնորդական ջանքերով օգնել է այդ մերձեցմանը: Աւելի՛ն. ըստ Ապտոլլահեանի, բարեկամական-միջնորդական ջանքերը կարող են յանգեցնել Իրան-Միացեալ Նահանգներ մարդասիրական` ինչպէս երկու երկրներում բանտարկեալների ազատ արձակման եւ, ինչո՞ւ ոչ, Միացեալ Նահանգների անարդար պատժամիջոցների չեղարկման կամ նուազագոյնը` մեղմացման խնդրին:

Ինչեւէ, ինչպէս վերոգրեալ երկրների պաշտօնեաները, այնպէս էլ միջազգային քաղաքական փորձագէտները գնահատում են, որ Իրան-Սէուտական Արաբիա յարաբերութիւնների բարելաւումը քաղաքական պարտութիւն է առաջին հերթին Իսրայէլի ծայրայեղ հակաիրանեան ղեկավար Նեթանիահուի համար:

Մեր կողմից աւելացնենք, որ տարածաշրջանի ազդեցիկ երկու երկրների յարաբերութիւնների վերականգնումը հաստատապէս արգելակիչ պատուար է լինելու առհասարակ արտաքին անհարկի միջամտութիւնների, եւ յատկապէս` նոյն տարածաշրջանում Թուրքիայի արդէն լկտի եւ անթոյլատրելի չափերի հասնող քիթ խոթելու նոր- օսմանական նկրտումներին, որոնց էլ աւանդաբար անհաշտ են վերաբերւում թէ՛ արաբական աշխարհը եւ թէ՛ մշտապէս հակափանթուրանիստական հակումներ ունեցող Իրանի Իսլամական Հանրապետութիւնը:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր,
Պատմական գիտութիւնների թեկնածու

Leave a Comment

You must be logged in to post a comment.