Ո՞ւմ Գնդակահարենք 2040 Թուականին

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Տնտեսագէտ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամաւոր

Հանրութեան որոշ անհատների եւ ուժերի մօտ կար եւ կայ մի համոզում, որ Հայաստանը ղեկավարելը շատ հեշտ է, քանի որ այն փոքր պետութիւն է` աւելի փոքր, քան Մոսկուայի, Թեհրանի կամ Նիւ Եորքի մի թաղամաս: Սոյն պարզունակ մօտեցումը թոյլ չի տալիս յանգել ճիշտ եզրակացութեան` Հայաստանի Հանրապետութիւնը փոքր պետութիւն է, սակայն որպէս պետութիւն ունի բազմաթիւ խնդիրներ եւ լուծման ենթակայ հարցեր, որոնք չունեն նոյնիսկ ԱՄՆ կամ ՌԴ ամենամեծ նահանգներն ու երկրամասերը: Ցանկացած պետութեան զարգացման ու առաջընթացի համար հարկաւոր է ունենալ պետական քաղաքականութիւն, որն իրականում մի շարք ոլորտային քաղաքականութիւնների միասնականութիւն է: Պետութիւնն ունի ուժանիւթի, փոխադրամիջոցների, գիւղատնտեսական, կրթական, ընկերային, կենսաթոշակային, անվտանգութեան եւ բազմաթիւ այլ խնդիրներ, իսկ Հայաստանի պարագայում այդ ամէնին գումարւում է եռացող տարածաշրջանը, երկու հարեւանի հետ փաստացի պատերազմական վիճակը եւ նրանց կողմից Հայաստանը վերացնելու անթաքոյց ձգտումը: Մեր երկրի առջեւ փաստացի կանգնած եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներն աւելի բարդ են, քան` Հայաստանից չափերով մի քանի անգամ մեծ եւրոպական միջին վիճակագրական պետութիւնում:

Հայ հանրութեան (ներառեալ` արտերկրում ապրող հայրենակիցների) շրջանում ընթացող ողջ բանավէճը կառուցւում է իրական բովանդակային քաղաքական բանավէճից դուրս` զգացմունքային դաշտում, իսկ հանրութեան բաժանումն անցնում է հիմնականում վիրչուըլ տիրոյթում նախկինների ու ներկաների նկատմամբ վերաբերմունքի գծով: Հայաստանի` որպէս պետութեան, իրական խնդիրները, որոնց մի քանի օրինակ կը ներկայացնենք ստորեւ, կարծես ոչ մէկին չեն հետաքրքրում:

Ուժանիւթային անվտանգութիւն:

Հայաստանի ուժանիւթային ապահովուածութիւնը կախուած է հիւլէական գործունէութիւնից: Ենթադրենք մի քանի տարուց մի անգամ էլ երկարացնենք հիւլէական գործունէութեան ժամկէտը: Յետո՞յ: Ուզենք, թէ չուզենք, բայց նոյնիսկ լաւագոյն բեմագրութեան դէպքում, 15 տարի յետոյ պէտք է ունենանք նոր հիւլէական կամ ուժանիւթի մի այնպիսի աղբիւր, որը կ՛ապահովի ներկայիս պահանջարկի 40-50 տոկոսը: Իսկ որպէսզի դա ունենանք 2030-ականներին, ապա առաջիկայ հինգ տարուայ ընթացքում պէտք է իրականացուի մեծածաւալ աշխատանք: Ոեւէ մէկը Հայաստանում զբաղւու՞մ է, կամ ինչ-որ մէկին հետաքրքրու՞մ է այս հարցը, կամ ումի՞ց ենք ակնկալում այդ խնդիրների լուծումը:

Փոխադրամիջոցների անվտանգութիւն:

Հանրութեան կարճ յիշողութիւնը թոյլ չի տալիս յիշել 1990-ականների առաջին կէսին` պատերազմի եւ շրջափակման տարիներին, հայկական օդանաւորդութեան գործած անթիւ, անհամար սխրանքները (փախստականների տեղափոխում, վառելիքի, պարէնի, զէնքի մատակարարում, դեսպանատների բացակայութեան պայմաններում օդանաւային ընկերութեան ներկայացուցչութիւնների միջոցով արտաքին աշխարհի հետ բոլոր տեսակի կապերի ապահովում եւ այլն): Տարածաշրջանային թեթեւ լարուածութիւնը, էլ չասենք` պատերազմը, յանգեցնելու է օտարերկրեայ օդանաւային ընկերութիւնների թռիչքների էական մասի դադարեցմանը: Ո՞վ է ապահովելու երկրի փոխադրամիջոցների անվտանգութիւնը: Վերջերս օրերով չէինք կարողանում մօտակայ երկրներից Հայաստան տեղափոխել ծանր կացութեան մէջ յայտնուած ընդամէնը 100 հայրենակցի: Չմոռանանք, որ այն հզօր օդանաւային տորմիղը, որը մենք ունէինք անկախութեան սկզբում, մեծ հզօր պետութեան կազմում կատարուած հսկայածաւալ աշխատանքի արդիւնք էր: Երկրի իրական կարիքները բաւարարող մրցունակ ազգային օդանաւորդութիւն ունենալու համար այսօրուանից պահանջուելու է տարիների աշխատանք: Իսկ փոխադրամիջոցի մնացած ուղղութիւնները կարելի է բնութագրել որպէս համակարգի բացակայութիւն եւ փոխադրամիջոցների ամբողջական քաոս: Ոեւէ մէկը Հայաստանում զբաղւո՞ւմ է կամ ինչ-որ մէկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը: Եթէ հաշուի առնենք, որ սոյն ոլորտին երկրում խորքային տիրապետում են 4-5 հոգի, որոնք ոչ միայն պատասխանատու պաշտօնի չեն, այլ ընդհանրապէս քաղաքական գործընթացներից դուրս են, ապա պատկերը պարզ է դառնում:

Ժողովրդագրական հիմնախնդիր:

Կողմ դնելով լաւատեսական վիպապաշտութիւնը, արձանագրենք, որ սոյն հարցով էական տեղաշարժի բացակայութեան դէպքում, իսկ ժողովրդագրութիւնը պահանջում է քաղաքաշինական, առողջապահական, կրթական, ընկերային եւ, ի հարկէ, զբաղուածութեան խնդիրների համալիր լուծում տասնամեակների կտրուածքով, ապա 2040 թուականին բնակչութեան թիւը լինելու է 2,5 միլիոնից պակաս: Դա ոչ միայն բացառելու է կայուն զարգացման հնարաւորութիւնը, այլ ինքնին օրակարգային է դարձնելու պետութեան ու ազգի ֆիզիքական գոյութիւնը:

Կենսաթոշակային:

Կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու է պետական պիւտճէի եւ բնակչութեան օրինականացուած հարստահարումը, պետական պիւտճէի միջոցների վատնումը եւ պետութիւնից դուրս ոչ միայն պետութեանը չծառայող, այլ փաստացի վնաս հասցնող ֆինանսական համակարգի սնուցումը: Արդէն հիմա միայն պետական մասհանումը կազմում է տարեկան մօտ 60 միլիառ դրամ, որն ամէն տարի աճելու է` չհաշուած բնակչութեան մասհանումները: Քսան տարի յետոյ հանրութիւնը ոչ միայն կանգնելու է միլիառաւոր տոլարներին տիրութիւն անելու, այլ նաեւ սեփական կենսամակարդակը փրկելու խնդրի առջեւ: Իսկ եթէ հաշուի առնենք կորցրած տարիները եւ տնտեսական զարգացման սխալ ուղղութիւնը, ապա կորուստները շատ աւելի ցաւալի են լինելու: Պետութեանը եւ բնակչութեանը ծառայող նոր կենսաթոշակային համակարգի ձեւաւորումը եւ ներկայիս խայտառակ համակարգից հրաժարուելը պահանջելու է տարիներ, մասնագիտական մեծածաւալ աշխատանք, ինչպէս նաեւ` քաղաքական կամք եւ վճռակամութիւն:

Աղքատութիւն եւ զբաղուածութիւն:

Յայտնի է, որ հեշտ է անցնել պարզունակ համահարթ հարկահաւաքմանը եւ բազմակի անգամ բարդ` անցնել իրականում առաջադիմական եւ ճիշդ առաջընթացիկ հարկմանը` եկամուտների գրագէտ վերաբաշխմամբ ու տնտեսութիւնում ֆինանսական հոսքերի արդիւնաւէտ կարգաւորմամբ: Հարկային վերջին համահարթեցումը միանշանակ առաջիկայ տարիների կտրուածքով խորացնելու է անդունդը բնակչութեան ապահով եւ անապահով խաւերի, հարուստների եւ աղքատների միջեւ` բոլոր իր հետեւանքներով: Իսկ զբաղուածութեան խնդրի լուծումը առանց պետական ներդրումային քաղաքականութեան, ապաւինելով բացառապէս ազատ շուկայական յարաբերութիւններին եւ մասնաւոր ներդրումներին, դա տիպիկ պարզամիտ նէօլիպերալիզմ է, որը բնորոշ է մեր քաղաքական դաշտի գրեթէ բոլոր մասնակիցներին անկախութեան առաջին օրերից մինչ օրս: Այս ամէնի մասին նոյնպէս կարծես թէ հանրային բանավէճ չկայ:

Գիւղատնտեսութիւն եւ պարէնային անվտանգութիւն:

Որքան խոցելի ենք որպէս պետութիւն պարէնային անվտանգութեան մասով եւ որքան խնդիրներ են կուտակուած գիւղատնտեսութեան ոլորտում, որտեղ զբաղուած է (կամ աւելի ճիշտ` գոյատեւում է) բնակչութեան մէկ երրորդը, ի յայտ է գալիս ամէն օր: Իսկ ոռոգման համակարգի ծանրագոյն խնդիրը իր կորուստներով, արդիւնաւէտութեան բարձրացման եւ մեծածաւալ ներդրումների անհրաժեշտութեամբ եւ այլն, պահանջում է տարիների երկարաժամկէտ աշխատանք, մեծ գումարներ, համբերութիւն եւ խնդրի կատարեալ տիրապետում: Գիւղատնտեսութիւնը նոյնպէս այն ոլորտներից է, որտեղ մէկ կամ երկու տարում շօշափելի եւ որակական փոփոխութիւններ չեն լինելու:

Իսկ տասը տարի յետոյ արդիւնք ունենալու համար հարկաւոր է աշխատել արդէն այսօր: Բնապահպանութիւնը աւելի լայն խնդիր է, քան` բնութեան պարզ պահպանութիւն: Սա մարդու կենսագործունէութեան եւ երկարաժամկէտ կտրուածքով տուեալ տարածքում բնութեան հետ ներդաշնակ ապրելու ունակութիւնն է: Եւ տուեալ ոլորտի խնդիրները տարածւում են առողջապահութիւնից մինչեւ քաղաքաշինութիւն եւ հանքարդիւնաբերութիւն: Այստեղ արդիւնաւէտ քաղաքականութիւնների իրագործումը նոյնպէս պահանջում է պետական մտածելակերպի առկայութիւն եւ յաջորդ սերունդների մասին մտածելու ունակութիւն: Բնապահպանական ցածր գիտակցութիւնը, նիւթապաշտութիւնը եւ ապագայով ապրելու փոխարէն բացառապէս այսօրուայ մասին մտածելով մայրաքաղաքը շարունակելու ենք դարձնել բնակութեան համար անբարենպաստ քաղաք, իսկ մարզերը` աւելի ու աւելի ոչ գրաւիչ շարքային քաղաքացու համար:

Իրական մարտահրաւէրները շա՜տ շա՛տ են: Յատուկ վերը նշուած ցանկում չեն աւելացուել տեղեկատուական անվտանգութեան խնդիրը` հանրութեան խոցելիութիւնը լաւագոյնս ապացուցուեց վերջին տարիներին, ինչպէս նաեւ ռազմական եւ անվտանգութեանն առնչուող այլ հարցեր, ենթադրելով, որ միայն իրականութիւնից կտրուածը կարող է մտածել, որ նման հարցեր չկան: Եթէ այս ամէնին գումարենք Թուրքիայի անթաքոյց ցանկութիւնը աւարտին հասցնել կիսատ գործը եւ հայ ժողովրդին վերացնել սեփական հայրենիքում, ապա ակնյայտ է, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները ոչ միայն պահանջում են հէնց այսօրուանից ամէնօրեայ քրտնաջան ու հետեւողական աշխատանք, այլ նաեւ` երկարաժամկէտ ռազմավարութիւնների իրականացում, որոնց արդիւնքը լինելու է 10, 15 կամ 20 տարի անց: Սակայն իրավիճակի անհեթեթութիւնը կայանում է նրանում, որ նոյնիսկ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն օրակարգերի վերաբերեալ իսպառ բացակայում են համակարգային լուծումները եւ դրանց շուրջ հանրային բանավէճը: Եւ խօսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ: Վերջինս այն հասարակութեան արտացոլումն է, որն իր հերթին համահունչ չի երկրի մարտահրաւէրներին եւ ժամանակակից ու արդիւնաւէտ պետութիւն ունենալու հրամայականին: Անշուշտ իրաւացիօրէն կ՛ասեն, որ այս հիմնախնդիրները մեծամասամբ ժառանգուել են նախկիններից կամ կուտակուել են նախկինում դրանք չլուծելու պատճառով: Դա իսկապէս այդպէս է: Բայց նաեւ փաստ է, որ այսօր նոյնպէս շարունակում ենք գտնուել նոյն` պետական իրական կառավարումից եւ պետութեան իրական հոգսերից կտրուած վիճակում: Եւ նախկինից կուտակուած կամ լուծուած չլինելու հանգամանքի արձանագրումից այս խնդիրները չեն դադարում գոյութիւն ունենալ:

Ապագայի բանավէճը եւ երկրի իշխանութեան ձեւաւորումը պէտք է կայանայ բացառապէս այս եւ բազմաթիւ այլ խնդիրների լուծման հարցի շուրջ: Կարելի է քաղաքական պայքարի յայտ ներկայացնել քննադատելով: Նոյնիսկ քաղաքական պայքարի յայտ կարելի է ներկայացնել պարբերաբար խրոխտ սթաթիւսներ գրելով կամ ինսթակրամեան ոճի լուսանկարներ հրապարակելով: Այս ամէնը գուցէ շատ հետաքրքիր է լրահոսը կամ շարքային քաղաքացու առօրեան լցնելու համար, սակայն ամենակարեւոր հարցն այն է, թէ ինչ են առաջարկում կամ պատրաստւում անել յաւակնութիւններ ներկայացնողները: Ինչի՞ համար են այդ յաւակնութիւնները: Ինչի՞ համար են մարդիկ ուզում գալ իշխանութեան:

Քաղաքացիները միշտ մտածել են «կարեւորը սրանց փոխենք»: Սակայն 2018-ը հերթական անգամ ապացուցեց այն, ինչը շատերը չեն գիտակցում` կարեւոր է ոչ միայն իշխանափոխութիւնը, այլ նաեւ այն, թէ ո՛վ է լինելու յաջորդ իշխանութիւնը եւ ի՛նչ է այն անելու: Եթէ կարեւորագոյն հարցերի պատասխանները չկան, ապա «քաղաքական պայքար» կոչուող այս երեւոյթը պարզապէս կը նշանակի հերթական անթաքոյց մոլուցքը ամէն գնով հասնել պետութեան հաշուին առանձնատանը ապրելու եւ պետական պիւտճէն վատնելու հնարաւորութեանը: Իսկ նման շռայլութիւն մեզ թոյլ տալ այլեւս չենք կարող:

10-15 տարիները նոյնպէս արագ թռչելու են, իսկ մենք կանգնած ենք լինելու բոլորովին այլ` արդէն լինելիութեան եզրին: Անշուշտ, 2040 թուականին սերունդները նոյնպէս կարող են ասել, որ բազմաթիւ խնդիրներ ծնունդ են առել առաջին նախագահի իշխանութեան տարիներին, մատնանշել երկրորդ կամ երրորդ նախագահների տարիների սխալներն ու կորցրած հնարաւորութիւնները, չորրորդ իշխանութեան մանկամտութեան ու ամբարտաւան կիսագրագիտութեան պատճառով բարեփոխումներ իրականացնելու միջոցների մսխումը եւ այլն: Եւ ճիշդ են լինելու: Ասեմ աւելի՛ն. քսան տարի յետոյ նոյնիսկ կարող են որոշել, թէ ո՛վ է արժանի գնդակահարութեան կուտակային կենսաթոշակային ձախողման համար` Կենտրոնական դրամատան այն խմբա՞կը, որը նախաձեռնեց, սակայն դիմադրութեան հանդիպելով` չկարողացաւ ամբողջութեամբ ներդնել կուտակային համակարգը, թէ՞ «յեղափոխական» խմբակը, որն ամբողջութեամբ ներդրեց եւ իրագործեց իր կողմից «յանցաւոր» բնութագրուող վարչակարգի խիստ վիճայարոյց ծրագիրը:

Շատ մարդկանց վրայ կարելի է մեղքը բարդել 2040-ին, բայց դրանից ո՛չ երկրի վիճակն է լաւանալու, ո՛չ էլ այդ խնդիրներն են լուծուելու: Մարդիկ, լաւ, թէ վատ, ինչ-որ բան անում են եւ դուրս գալիս ասպարէզից: Սա է ժամանակի եւ պատմութեան օրէնքը: Բոլոր մեր նախկին ղեկավարների օրօք ունեցել ենք թէ՛ նուաճումներ, թէ՛ սխալներ, թէ՛ յաղթանակներ, թէ՛ կորուստներ:

Բայց այդ ամէնն այլեւս պատմութիւն է: Գուցէ արդէն ժամանա՞կն է մտածել ապագայի մասին, որը գալու է շատ աւելի արագ, քան կարծում ենք: Թէեւ չեմ բացառում, որ յաջորդ սերունդները, այնուամենայնիւ, կը դիմեն գնդակահարութեան մեթոտին` առանց անկախութեան յիսունամեակի կապակցութեամբ համաներում կիրառելու: Չէ՞ որ ի վերջոյ իսկական յեղափոխութիւնն այլ կերպ չի լինում:

«Առաւօտ» օրաթերթ

Leave a Comment

You must be logged in to post a comment.