168.am-ը Գանատայում հայկական լոբբինգի աշխատանքների և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՅԴ Գանատայի ԿԿ ներկայացուցիչ Մհեր Գարագաշեանի հետ

Գանատայում հայկական լոբբինգի աշխատանքը տասնամեակների պատմութիւն ունի, այն, սկսած 1980-ականներից, ուժեղ թափ էր առել: Եւ հէնց այդ ժամանակներից, ըստ էութեան, Գանատայի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ փորձեր են կատարուել: Մասնաւորապէս, 2002թ․ յունիսի 13-ին Գանատայի Սենատը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւ է ընդունել:

Դրանից յետոյ ամէն տարի մինչ օրս Գանատայի վարչապետները հաւատարիմ են մնացել այդ որոշմանը: 2015-ին, որով հաստատուեց 2002 թուականի յունիսին ընդունուած Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձևը, կատարուեց նաև մի շատ կարևոր քայլ, այն է՝ ապրիլի երրորդ շաբաթը ճանաչուեց Ցեղասպանութեան կանխարգելման շաբաթ, իսկ ապրիլի 24-ը՝ իբրև յիշատակի օր:

Արցախի ազատագրական պայքարից, Հայաստանի անկախացումից և Արցախի անկախութիւնից ի վեր, բնականաբար, աշխատանքներ տարուեցին նաև այս ուղղութեամբ, որում քիչ-քիչ, քայլ առ քայլ առաջ գնացինք՝ սերտացնելու ՀՀ-ի հետ Գանատայի յարաբերութիւնները: Այսօր Գանատան ինքն է յայտարարում, որ ունի ՀՀ-ի հետ սերտ կապեր, և ոչ միայն պաշտօնական՝ people to people: Երկրորդ ուղղութիւնը, թէ ինչպէս կարող ենք խթանել տնտեսական և առևտրային կապերը ՀՀ-ի և Գանատայի միջև: Եւ վերջապէս՝ ինչպէս կարող ենք հասնել ՀՀ-ում Գանատական դեսպանատան բացմանը: Իսկ Արցախի հետ կապուած, բնականաբար, ինքնորոշման խնդիրն է, որի ուղղութեամբ աշխատանքներ են տարուել:

Նշեմ, որ Հայ դատի ջանքերով ստեղծուեց Հայաստան-Գանատա բարեկամութեան խորհրդարանական խումբ, իսկ աւելի ուշ բարեկամութեան խումբ ստեղծուեց Գանատայի և Արցախի ժողովուրդների միջև: Այս ընդհանուր համատեքստում կարող եմ ասել, որ պատերազմից յետոյ մեր բոլոր ուժերը փորձաքարի բախուեցին, հետպատերազմեան իրավիճակում փորձեցինք գնահատել մեր արածը, կարողականութիւնը: Ըստ այդմ՝ ռազմավարական, մարտավարական, մարդուժի առումով ճշգրտումների գնացինք, որպէսզի կարողանանք դիմակայել ներկայի մարտահրաւէրները: Այսինքն՝ ծանրութեթև արեցինք, թէ ինչ պէտք է աւելացնենք մեր գործիքակազմում, մարտավարական ինչ նոր մօտեցումներ պիտի ունենանք, և այլն:

Հայ դատի ամբողջ համակարգը՝ լինի նահանգային թէ շրջանային յանձնախմբերը, 99/9 տոկոսով կամաւորական ձևաչափով են: Մենք ունենք նաև մեր ժողովրդի աջակցութիւնը, և մեր համայնքի շնորհիւ է նաև, որ առաջ ենք շարժւում:

Ինչ վերաբերում է հայկական լոբբինգի խնդիրներին Գանատայում, ապա այն նախևառաջ նիւթական ոչ բաւարար ռեսուրսների հետ է կապուած, քանի որ ամէն ինչ հիմնուած է նուիրատուութիւնների վրայ: Իհարկէ, երբ դիմում ենք ժողովրդին, նրանք իրենց նիւթական զօրակցութիւնը յայտնում են, բայց մեր դիմացը թուրք-ադրբեջանական տանդեմն է, որոնք թէպէտ աւելի ուշ ակտիւացան, բայց բաւականին գումարներ ծախսեցին, ծախսում են: Եւ վերջին տարիներին, երբ մենք ապրիլի 24-ին գնում ենք Օթթաուա և նախ մեր հանդիսութիւնն ենք անում Պառլամենտի շէնքի առջև, ապա շարժւում դէպի թրքական դեսպանատուն, միշտ հանդիպում ենք ադրբեջանաթուրքական հակահայկական ցոյցի՝ լոզունգներով, կարգախօսերով:

Ի դէպ, 2020-ի պատերազմի ընթացքում ևս մեր կամաւորները, մեր համայնքի անդամները ուժերի բացառիկ գերլարում ցոյց տուեցին՝ նիւթական օգնութեան, ցոյցերի կազմակերպման տեսքով:

Տեղեկացնեմ, որ Եւրոպայում Գանատայի յատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ, որը եկել էր Հայաստան և լիազօրուած է ՀՀ-ում ամրապնդել ժողովրդավարական դրոյթները, Հայ դատի յանձնախումբը երեք հանդիպում է ունեցել: Մենք նշել ենք՝ ժողովրդավարութիւնը լաւ բան է, բայց նախևառաջ մեր խնդիրն անվտանգութիւնն է, և եթէ այդ անվտանգութիւնը հարցականի տակ է դրւում, ՀՀ-ում ժողովրդավարութիւնը չի կարող բնականոն կերպով զարգանալ: Դիոնի հետ Հայաստան այցից յետոյ չենք հանդիպել, չգիտենք՝ ինչ տպաւորութիւններով է վերադարձել, ինչ պիտի արուի: Սակայն մենք իր հետ եղած հանդիպումներում շեշտել ենք նաև, որ ՀՀ-ում Գանատան պէտք է դիւանագիտական ներկայացուցչութիւն ունենայ՝ գոնէ դիւանագիտական գրասենեակի մակարդակով: Տեսնենք՝ ուր կը հասնենք այս հարցում:

– Ինչո՞վ է պայմանաւորուած Սփիւռքի պասիւութիւնը կամ գոնէ ոչ ակտիւ պահուածքը, երբ Արցախի անկախ գոյութիւնը վտանգուած է, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը և տարածքային ամբողջականութիւնը՝ ևս:

– Պէտք է ասեմ, որ, այո, պատերազմի օրերին կամ դրանից առաջ դանդաղութիւն կար, բայց պասիւութիւն՝ ոչ, քանի որ աշխատանքները միանշանակ շարունակւում են, թէպէտ ցուցադրական չկան: Գոնէ դաշնակցական երիտասարդները տարբեր առիթներով դուրս են եկել Սումգայիթի խնդրով, ռազմագերիների հարցով: Իսկ նուազ ակտիւ վիճակը պայմանաւորուած է ահաւոր խորը հիասթափութեամբ: 44-օրեայ պատերազմի ելքը նաև Սփիւռքի համար էր ցնցում:

Յիասթափութեան թիւ մէկ պատճառը խաբուած լինելն էր, 44 օր մեզ համոզեցին՝ յաղթելու ենք, յաղթելու ենք, և վերջում տեսանք, որ խաբուել ենք, դրան չենք գնում: Նոյեմբերի 9-ի պարտուողական, ամօթալի համաձայնագրի ստորագրումն ամբողջութեամբ ցնցեց մեզ, Սփիւռքի այն աշխարհը, որի շուրջ մենք՝ որպէս հայ մարդ, ստեղծել էինք մեր հոգեկերտուածքը: Մենք գիտէինք, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակը բանակը, և այս յիասթափութիւններին աւելացաւ նաև պոպուլիստ, մանիպուլյատիւ իշխանութիւնների վերընտրութիւնը: Սա շատ սփիւռքահայերի համար երկրորդ ապտակն էր, և ոմանց մօտ նոյնիսկ, այսպէս ասած, հակաՀայաստան դիրքորոշումներ առաջացան, թէ այս մարդկանց չի կարելի վստահել, նրանք վտանգաւոր են՝ գոնէ Դաշնակցութեան համար: Կուսակցութիւնը, որ հաւատում է մէկ Հայաստանի, մէկ տեսլականի, պէտք է նախևառաջ այդ ուղղութեամբ աշխատանք տանի, բայց տակաւին այդ վէրքը բուժուած չէ: Ըստ այդմ՝ շատերն այս պատճառով քաշուած են իրենց պատեանի մէջ, չեն ուզում ոչ մի բան անել, թէպէտ իրենց զգացողութիւնը, էութիւնը հայրենիքի կողմն է: Երկրորդ՝ կայ գիտակցում, որ ՀՀ-ում գոյութիւն ունի մեծ ծրագիր՝ հայ-թուրքական, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորում, բանակցութիւններ, դելիմիտացիա, դեմարկացիա:

Մինչդեռ Արցախեան առաջին պատերազմում և Արցախի անկախութիւնից յետոյ եղած զոհողութիւնները Սփիւռքի համար առաջին նախանշաններն էին, որ հայրենիքը նոյնիսկ իրենց հեռակայ օժանդակութեամբ օրեցօր ոտքի կը կանգնի, և կ’ունենանք այն Հայաստանը, որը բոլորս երազել ենք: Եւ եթէ այս ամէնն աւազէ դղեակի պէս մէկ օրում փուլ է գալիս, բնականաբար, պիտի լինէր այն, ինչ ունենք այսօր: Մենք այսօր փորձում ենք մեր համայնքին, ժողովրդին բացատրել, որ պէտք է պետութիւնն իշխանութիւնից զատել: Մեր սկզբունքը նոյնն է՝ հայրենիքը յաւերժ է, ռեժիմներն ու իշխանութիւնները՝ անցողիկ: Եւ մի օր ազգակործան իշխանութիւնները դատաստանին պիտի յանձնուեն: Այդ օրը պիտի գայ, մենք հաւատում ենք, բայց մարդիկ կան, որ չեն ուզում դա տեսնել: Բայց մենք չպէտք է թողնենք, որ կտրուի այդ կապը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան:

Մեր վէրքերը կ’առողջանան, բայց սա կ’արագանայ, եթէ ՀՀ-ն ունենայ ազգային արժէքներ դաւանող, Արցախին հաւատացող, ՀՀ ժողովրդի անվանգութիւնն ու բարեկեցութիւնն ապահովող իշխանութիւն, որը կ’իմանայ՝ ինչպէս դիմակայել աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ոչ թէ կեղծ արժէքներ դաւանող և պոպուլիստ:

– Վերևում խօսեցինք, բայց որպէս լրացում՝ Գանատան ինչով կարող է աջակցել ՀՀ-ին, որի վարչապետը թէպէտ լաւ յարաբերութիւններ ունի Նիկոլ Փաշինեանի հետ, բայց Գանատան, ըստ էութեան, լաւ յարաբերութիւններ ունի նաև Թուրքիայի հետ, մասնաւորապէս, ռազմական առումով:

– Մենք բարձրացրել ենք հայ ռազմագերիների, ՀՀ սուվեներութեան խախտման հարցը, Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի պատմամշակութային կոթողների ապագայի, թուրքական բարբարոսութիւնների հարցերը: Այս հարցերի լուծումը դանդաղում է, որովհետև Գանատան և Թուրքիան նատօ-ական դաշնակիցներ են, և Գանատան «ձեռքերն ազատելուց» և այս կամ այն ուղղութեամբ Հայաստանի համար կամ հայանպաստ ինչ-որ քայլ անելուց առաջ, այդ փաստը պէտք է միշտ նկատի ունենայ, նաև՝ ԱՄՆ-ի հետ «հարևանութիւնը»:

Տեսէք՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրինակը, երբ ամբողջ ՆԱՏՕ-ն զօրաշարժի ենթարկուեց, այդ թւում՝ քաղաքական: Եւ նոյնիսկ աւելին արուեց, քանի որ, օրինակ, Գանատայում մօտ 1.5 միլիոն ուկրաինացի է ապրում, և քուէի խնդիր կայ: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ ուկրաինական պատերազմի թոհուբոհից յետոյ, երբ Արցախի ինքնորոշման հարցն առաջ գայ, Գանատան բռնի այն դիրքը, որը պիտի բռնի: Այսօր, քան երբևէ, Արցախի ինքնորոշման իրաւունքն առաջնային է, և այս ուղղութեամբ պայքարը շարունակւում է: Որքան պնդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հարցը, առաւել շեշտակի կը դնենք արցախահայութեան գոյութեան վտանգի տակ լինելու հարցը: Սա պէտք է նաև Գանատան նկատի ունենայ և չարտօնի, և դառնայ միջազգային խօսափող՝ որպէս մարդու իրաւունքների ջահակիր երկիր: Արցախի կարգավիճակի հարցը չպէտք է լինի ՄԽ խմբի ֆորմատից դուրս, քանի որ կայ նաև թուրքական լուծում՝ 3+3: Արցախի ինքնորոշումն Արցախի ժողովրդի անվտանգութեան և գոյութեան երաշխիքն է: Այս բանաձևով ենք ներկայանում Գանատայի տարբեր օղակներում:

– Պատերազմի օրերին
յայտնի դարձաւ, որ Գանատական արտադրութեան WESCAM CMX-15D օպտիկական համակարգերը տեղադրուել էին Արցախում կիրառուած թուրքական Bayraktar TB2 հարուածային ԱԹՍ-ների վրայ, ինչի շնորհիւ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստացել էին շատ խորը ու լաւ պատկերներ: Արդէն հոկտեմբերի 6-ին Գանատայի Կառավարութիւնը, Գանատան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ հետաքննելու էր դրանց՝ հակամարտութեան ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործուելու փաստը: Մեզ հասած տեղեկութիւններով՝ ՀՀ-ը չի արձագանքել Գանատայի՝ այս փաստի հետաքննութեանն աջակցելու առաջարկին: Ամէն դէպքում, 2021-ի ապրիլի 12–ին Գանատայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն էր տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն՝ ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման արտօնագրերը չեղարկելու մասին։

Ինչ-որ ստուերային գործարք կար, որը հնչեղութիւն հաղորդեց սրան: Այս հարցում մեզ օգնեցին հետաքննող լրագրողները, պարզուեց, որ տակից գործարքներ են եղել Թուրքիայի հետ: Պատերազմը սկսուեց, և մենք աղմուկ բարձրացրեցինք, և Գանատան դադարեցրեց Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը: Այնուհետ հետաքննութիւն եղաւ, մանրամասներ յայտնի չեն, բայց ընդհանուր եզրակացութիւն ներկայացուեց, որի համաձայն՝ արգելուեց այդ սարքերի վաճառքը Թուրքիա: Բայց սա եղաւ նաև մեր և մեզ հետ համագործակցող հետաքննող լրագրողների ճնշման շնորհիւ: Նուազագոյնը կարողացանք դադարեցնել այդ օպտիկական սարքերի մատակարարումը Թուրքիային: Իհարկէ, սա մեծ ընդվզում առաջացրեց Թուրքիայում, նոյնիսկ Էրդողանը փորձել է հարցն ի նպաստ իրենց լուծել, բայց չյաջողուեց: Այսինքն՝ քաղաքական որոշում կայացուեց հայ համայնքի պայքարի շնորհիւ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.