Սա Հայաստա՛ն Է Եւ Վերջ

 Խմբագրական «Ապառաժ»-ի

Հայաստանի Ազգային ժողովի քարոզարշաւի ընթացքում Լեւոն Տէր Պետրոսեանի միջոցով առաջ քաշուած զիջողական մօտեցումները, հնչեցրած մեղադրանքները եւ պարտուողական ու յուսահատական մօտեցումներն իրենց հետեւանքներն են թողել նաեւ յետընտրական քաղաքական-հասարակական բանավէճերի եւ վերլուծութիւնների վրայ:

Դեռեւս 2008թ. Հայաստանի նախագահական ընտրութիւնների թէ՛ նախապատրաստական եւ թէ՛ քարոզչութեան ընթացքում Հայաստանի առաջին նախագահն արթնացրեց անցեալ դարում թողնուած «ղարաբաղցի-հայաստանցի» անթոյլատրելի եւ ապազգային հասկացութիւնը: Այն ժամանակ քաղաքական բեմում «ղարաբաղեան քլանն» էր խնդրոյ առարկայ, իսկ այժմ Հայաստանի բոլոր անյաջողութիւնների եւ առկայ յոռի երեւոյթների պատճառն այլ բան չէ, քան Ղարաբաղը: Այս մօտեցումները եւ, դեռ աւելի՛ն, 1992 թուականից սկսած` ԼՏՊ-ի վերաբերմունքը Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի եւ Արցախում ձեւաւորուած իշխանութիւնների հանդէպ`  այլ բան չէր, քան` ազգային երկպառակտման սերմերի տարածում:

Նախ` պէտք է բոլորի համար յստակ եւ անվիճելի դառնայ այն, որ չկայ միմեանցից առանձին Ղարաբաղ եւ Հայաստան: Կայ մէկ Հայաստան, որն իր մէջ պարունակում է թէ՛ Ղարաբաղը, թէ՛ Սիւնիքը, թէ՛ Շիրակը … եւ թէ՛ Վանն ու Սասունը: Դա անվիճելի է: Ուրեմն, ինչպէս չի կարող լինել շիրակցի ու հայաստանցի տարանջատուած հասկացութիւն, այնպէս էլ չի կարող լինել ղարաբաղցի ու հայաստանցի:

Հէնց այստեղից էլ սկսում է բուն խնդիրը: Հայաստանի Հանրապետութեան Շիրակի, Լոռու կամ Գեղարքունիքի բնակչի մօտ սկսում է այն մտայնութիւնը, թէ ինչո՞ւ ինքը, որպէս «հայաստանցի», պէտք է գնայ պաշտպանի «ղարաբաղցու» սահմանները: Հարցը աւելի խորքային է դառնում, երբ որոշ «վերլուծաբաններ» մէջտեղ են բերում մեր հայութեան ներուժին միայն մի ուղղութեամբ կեդրոնացնելու հարցը, յատկապէս տնտեսական ոլորտում: Այսպէս շարունակուելով` հասնում ենք արդէն հերոսութեան ու զոհաբերութեան առ ու տուրի` ո՞վ ինչքան է զոհաբերում, ո՞վ է իրական հերոսը, նողկալի բանավէճերի:

Իսկ այս բոլորը` չարիք սերմանող, ներուժը մսխող, մեզ մեր միջից ուտող, անընդունելի եւ անթոյլատրելի մթնոլորտը ստեղծւում է միայն  այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի դերակատարները պատրաստ չեն յաղթանակը իւրացնել: Պատրաստ չեն յաղթանակի վրայ կառուցել անելիքը: Կարծես թէ անյարմար են զգում յաղթելուց եւ վախենում, որ ահա հիմա մեզնից հզօրը կ՛ոչնչացնի ոչ միայն մեր յաղթանակը, այլ նաեւ` մեզ: Դա շարունակութիւնն է «մեր պաշտպանուածութիւնը մեր անպաշտպան լինելու մէջ է»` բազմիցս ձախողուած եւ պարտուած տէրպետրոսեանական մտայնութեան:

Սթափուել է պէտք, իսկ սթափուելու համար մէկ անգամ եւս յիշենք Լէոնիդ Ազգալդեանի յիշարժան խօսքը. «Սա Հայաստա՛ն է եւ վերջ: Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրաւունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, յանձման դնել, ինչպէս նաեւ` մնացած հայոց հողերը: Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումեանի, Գետաշէնի, Արցախի յանձնումը…»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.