Սահմանամերձ Եղցահող Գիւղը

Սեպտեմբերի 30-էն ետք, երբ թշնամիին յանձնուեցաւ Աղաւնոն, Ներքին Սուսը, Բերձոր քաղաքն ու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի մէկ մասը, այս նոր գծուած սահմանի մէկը կողմը, Մեծ Շէնի դէմ դիմաց բլուրներոը վրայ կանգուն մնաց Շուշիի շրջանի` Արցախի տիրապետութեան տակ մնացած Եղցահող գիւղը: Հոն հասնելու համար պէտք է Ստեփանակերտ-Գորիս մայրուղիի նոր կառուցուած ճանապարհի` Մեծ Ծէն տանող խաչմէրուկէն անցնիլ 5 քլմ․ (3.1 մղոն), իսկ ճանապարհին տեղակայուած խաղաղապահներն ալ կը տեղեկացնեն, թէ որտեղէն պէտք է թեքուիլ դէպի Եղցահող:

Աշխարհագրականօրէն Եղցահողը կը գտնուի Արցախի լեռնաշղթայի կեդրոնական հատուածի արեւելեան լեռներու հարթավայրային մասին մէջ, Շուշի-Բերձոր մայրուղիէն 1,5 քլմ․ հիւսիս` Մեծ Շէն բնակավայրի դէմ դիմաց` մօտ 2,5-3 քլմ․ հեռաւորութեան վրայ:

 

Տասը Վերստ եւ Կանաչ Թալա գիւղերու հետ միասին կազմուած է Եղցահողի համայնքը:
Ասսպէս, Արցախի հարաւարեւմտեան հատուածին մէջ, Եղցահողը Շուշիէն 30 քլմ․ հեռաւորութեան վրայ կը գտնուի, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն` 45 քլմ․ հեռաւորութեան վրայ:
Եղցահողի մօտակայքէն կը հոսի Հագարի գետի վտակը: Բնակավայրի անունը կը ստուգաբանուի որպէս եկեղեցական հող:

Պատմութիեան էջերը կը տեղեկացնէն, թէ 15-19-րդ դարաշրջաններուն, Եղցահողի տարածքը խիտ բնակեցուած է: Իսկ Խորհրդային Միութեան տարիներուն, Խորհրդային Ատրպէյճանի իշխանութիւնների վարած հակահայ քաղաքականութեան հետեւանքով Եղցահողի յարակից Մեծ Խերխան, Փոքր Խերխան, Դաշտահող, Կանաչ Թալա գիւղերը լիովին հայաթափուած են: 1970-ական թուականներուն Լաչինի շրջանի ատրպէյճանցիները եւ քիւրտերը տեղափոխուած եւ բնակութիւն հաստատել են Կանաչ Թալայի հայկական տուները, սակայն Եղցահողի բնակչութիւնը միշտ ալ մնացած է հայկական:
Բերդաձորի գումարտակի զոհուած ազատամարտիկներու յիշատակին նուիրուած յուշահամալիր մը կառուցուած է Եղցահող գիւղի մօտ։Եղցահող եւ Կանաչ թալա կոչուող գիւղերի միջեւ գտնուող տարածքին մէջ կան հին բնակատեղիներու եւ գերեզմանոցներու հետքեր: Մասնակի պեղումներու եւ գիւղատնտեսական աշխատանքներու ընթացքին յայտնաբերուած են կենցաղային իրեր, զարդեր, որոնց մէկ մասը կը գտնուի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին մէջ: Այլ պատմամշակութային յուշարձաններու կարգին են` Սուրբ Աստուածածին եկեղեցի (18-19-րդ դար) եւ Սուրբ Սարգիս եկեղեցի (2003)։
Եղցահողի տարածքին կը գտնուին Մուղտամ, Քռած Նով, Ցորտ, Չօբանանց, Թաբունց, Մելիքանց, Սաւալասարուն, եւ Թթու Ջուր աղբիւրները:Վերջերս Ստեփանակերտի «Ապառաժ»-ի խմնբագրութիւնը այցելեց Եղցահող եւ աշխատակից Վահագն Խաչատրեան հարցազրոյց մը կատարեց համայնքի ղեկավար Արտակ Յակոբեանի եւ դպրոցի տնօրէն Լենա Իշխանեանի հետ, որոնք ներկայացուցին գիւղում ստեղծուած իրավիճակն ու կատարուած աշխատանքները: Ստորեւ, յապաւումով լոյս կ՛ընծայենք այս հարցազրոյցը․-

Հ- Պարոն Յակոբեան, ինչպիսի՞ իրավիճակ է տիրում գիւղում, ինչպիսի՞ն է գիւղացիների տրամադրուածութիւնը:
Պ- Ինչպէս Արցախի այլ բնակավայրերում, արդէն նաեւ Հայաստանի Հանրապետութեան համայնքներում մարդկանց մօտ նկատւում է մտավախութիւն` կապուած ստեղծուած անորոշ կացութեան հետ, բայց, այնուամենայնիւ, մարդիկ ապրում են իրենց առօրեայ հոգսերով, խնդիրներով, զուաղւում են անասնապահութեամբ, մեղուաբուծութեամբ, որն այս տարի բաւականին բարձր բերքատուութիւն է արձանագրել համայնքում: Գիւղի բնակչութեան թիւը, 2020-ի պատերազմի նախորդող ցուցանիշների համեմատ, աճել է: Գիւղից տեղահանութիւն չի եղել, մարդիկ գիւղը չեն լքել անգամ պատերազմի թէժ օրերին. թե՛ կանայք, թե՛ երեխաները գիւղում են եղել: Պատերազմից յետոյ տեղահանուած ընտանիքներից վեց ընտանիք` մէկը Հատրութի շրջանի Արեւշատ, Մէկը Շուշիի շրջանի Քիրսաւան եւ չորս ընտանիք Բերձոր համայնքներից բնակութիւն են հաստատել Եղցահողում:

Հ- Ինչպիսի՞ կորուստնէր է կրել համայնքը պատերազմի ընթացքում:
Պ- Տարածքների առումով համայնքի վարչական տարածքի 65 տոկոսից աւելին անցել է թշնամու տիրապետութեան տակ, ինչը դժուարացրել է անասնապահութեամբ զբաղուելը: Այս պահի դրութեամբ, օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատուածում ադրբեջանական առաջխաղացումներով պայմանաւորուած` նրանց դիրքը մեր բնակելի հատուածից հեռու է ընդամէնը 500-600 մեթր: Այս ընթացքում արդէն արձանագրուել է անասնագողութեան վեց դէպք եւ ձիերի` չորս, որոնց մասին տեղեկացրել ենք մեր իշխանութիւններին: Իմ ունեցած տեղեկութիւններով` ձիերի պահով երեւի աշխատանքները դրական արդիւնք կը տան եւ հետ կը վերադարձուեն:

Հ- Իսկ նախքան առաջխաղացումը որքա՞ն հեռու էին տեղակայուած թշնամու դիրքերը:
Պ- Նախքան առաջխաղացումը նրանք գիւղից հեռու էին շուրջ 5 քլմ․: Այս դէպքերից յետոյ նրանք աւելացրել են 7-8 դիրք: Ընդհանրապէս, նոյնիսկ Հայաստանում կատարուած ռազմական գործողութիւնների ժամանակ գիւղում խուճապային տրամադրութիւներ չեն նկատուել: Իհարկէ, անհանգստութիւն միշտ էլ կայ, սակայն կեանքը համայնքում շարունակուել է բնականոն հունով: Դպրոցը գործում է, համայնքում շարունակւում են առանձնատների վերանորոգման աշխատանքները, կապիտալ վերանորոգւում է նաեւ համայնքապետարանի շէնքը, որն աւարտելուց յետոյ կը սկսուի նաեւ մշակոյթի տան վերանորոգման աշխատանքները: Գիւղում կատարւում է նաեւ ներքին ցանցի եւ ջրամբարի վերանորոգման աշխատանքներ:

Հ- Առանձնատները տեղահանուածների համա՞ր է, թե՞ նաեւ տեղի բնակիչների:
Պ- Հիմնականում տեղահանուածների համար է, բայց նշեմ, որ նախագահի հետ հանդիպումից յետոյ, համայնքում բնակելի տների 70 տոկոսը ենթարկուել է վերանորոգման: Նախագահը խոստացել է, որ այդ աշխատանքները պէտք է կատարուեն 100 տոկոսով: Տեղահանուածներին բնակարաններ են յատկացուել համայնքի բնակարանային ազատ ֆոնտից:

Հ- Խախտումներ լինո՞ւմ են թշնամու կողմից` նոր դիրքերում տեղակայուելուց յետոյ:
Պ- Այս պահի դրութեամբ, իրենց առաջխաղացումից յետոյ բացարձակապէս ոչ մի կրակոց չի արձանագրուել: Միայն թէ, թուրքը չի փոխում իր ձեռագիրը` զբաղւում են գողութեամբ: Անասնագողութիւնը նրանց մօտ միշտ էլ կար, դեռեւս մինչեւ Արցախեան առաջին պատերազմը, նրանց մօտ այդ զբաղմունքը հոպիի էր վերածուել: Այդ ժամանակներում եւս անասնապահութեամբ զբաղուելը մեր գիւղացիների համար խնդիր էր: Ամէն ինչ փոխուեց առաջին պատերազմում ունեցած յաղթանակից յետոյ. մեր գիւղացիներն արդէն ազատ կարողանում էին զբաղուել անասնապահութեամբ, մինչեւ 2020-ի պատերազմն ու դրա թողած հետեւանքները:
Այնուամենայնիւ, անասնապահութեան համար գիւղում ստեղծուած ոչ բարուոք պայմանները չեն խանգարում գիւղացիներին զբաղուել այդ աշխատանքներով. վերջերս նկատւում է խոզերի, հաւերի, խոշոր եղջերաւոր անասունների գլխաքանակի հետ, իսկ քանի որ Բերդաձորի ենթաշրջանը նպաստաւոր է մեղուաբուծութեան համար, գիւղում սկսել են շատ զբաղուել նաեւ մեղուաբուծութեամբ:

Հ- Այսօր ինչպե՞ս էք պատկերացնում Արցախի ապագան, մասնաւորապէս` Ձեր գիւղի համար ստեղծուած նոր կացութեան պարագայում:
Պ- Մեր գիւղի առումով պէտք է նշեմ, որ մշտապէս գտնւում ենք Արցախի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում, իսկ ինչ վերաբերւում է Արցախի ճակատագրին, ապա ես լաւատես եմ, որովհետեւ այսքան կորուստներից յետոյ նորից աւելի վատ լինել չի կարող: Մեզ մնում է միայն համախմբուել, միասնական լինել եւ աշխատանքներ կատարել դիւանագիտական դաշտում. դիւանագիտութիւնը մեր ռուս բարեկամների հետ պէտք է տարուի, քանի որ խաղաղութիւնն այսօր նրանք են պաշտպանում, որտեղ սակայն ինչ-ինչ պատճառներով թերացումներ եմ նկատում:
Գիւղում առաջինը մեզ հանդիպեցին դպրոցի բակում խաղացող երեխաները: Ինչպէս գիւղը, այնպէս էլ գործող գիւղի դպրոցը մեծ ուշադրութեան են արժանանում: Այս մասին «ապառաժե-ի հետ զրոյցում նշել է դպրոցի տնօրէն Լենայ Իշխանեանը:

Հ- Տիկին Իշխանեան, ի՞նչ խնդիրներ կան այսօր դպրոցում:
Պ- Արդէն 5 տարի է` դպրոցում տնօրէն եմ աշխատում : Փառք Աստծոյ, դպրոցը մեծ ուշադրութեան կենտրոնում է եւ առանձնապէս խնդիրներ չկան: Այս պահի դրութեամբ` միակ խնդիրը կազի բացակայութեան խնդիրն է: Իսկ ճանապարհի փոփոխութիւնից յետոյ գիւղը զրկուել է կազի մատակարարումից, ուստի այս վիճակը խնդիր է ստեղծում դպրոցի համար: Պատկան մարմինները խոստացել են, որ շուտով կը լուծուի հարցը: Այժմ աշխատանքներ են տարւում գազամատակարարման հին գիծը նորոգելու ուղղութեամբ:

Հ- Ո՞րքան է դպրոցում սովորող աշակերտների թիւը:
Պ- Դպրոցում սովորում է 15 աշակերտ: Պատերազմից առաջ 22 աշակերտ ունէինք, բայց պատերազմից յետոյ 7 աշակերտ տեղափոխուել եւ մնացել են Հայաստանի Հանրապետութիւնում:

Հ- Դպրոցում կա՞ն ուսուցիչների ազատ հաստիքներ:
Պ- Դպրոցն ապահովուած է մասնագէտներով, ընդ որում` բոլորը տեղացի են. դրսից հրաւիրեալ մասնագէտներ չունենք:

Հ- Այս իրավիճակի հետ կապուած` ինչպիսի՞ն են տրամադրութիւնները դպրոցում:
Պ- Ներքին մտավախութիւն, անհանգստութիւն կայ, բայց խուճապ չկայ. այն չի խոչընդոտում մեր դպրոցի բնականոն աշխատանքներին:

Հ- Իսկ գիւղի մօտակայ դիրքերը, որոնք անգամ անզէն աչքով են տեսանելի դպրոցականների համար, չի ազդում դպրոցի աշակերտների հոգեբանութեան վրայ:
Պ- Ոչ, նոյնիսկ երբ փորձում եմ երեխաների տրամադրութիւնները ստուգել, նրանք ասում են. «Ո՛չ, ինչի՞ց վախենամ, նրանք ո՞վ են, որ մենք նրանցից վախենանք»: Դէ, երեխաներ են, շատ յաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար են մօտենում հարցին, բայց նրանց մօտ ոգեւորութիւն կայ. նոյնիսկ պատերազմի օրերին մեր երեխաները ընկճուած չէին:

Հ- Ո՞րպԷս մանկավարժ` ո՞րն էք համարում Ձեր առաքելութիւնը:
Պ- Այս պահին իմ առաքելութիւնը համարում եմ մեր գիւղում ապրելը: Այդպէս թշնամուն ապացուցում ենք, որ նրանք մեզանից ուժեղ չեն:

Leave a Comment

You must be logged in to post a comment.