ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն անմիջական պատասխանատուութիւն են կրում ՀՀ սահմաններին ծաւալուող իրադարձութիւնների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ աւելի լկտիանայ ու սանձարձակ գործողութիւնների դիմի: Նիկոլ Փաշինեանը դեռեւս 2020 թ. նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափոյթ Հայաստան վերադարձնել գերեվարուած անձանց: Այս խոստումից յետոյ ադրբեջանական գերութեան մէջ յայտնուեցին նոր քաղաքացիներ:           Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհուեց ՀՀ զինուած ուժերի զինծառայող: Սահմանադրութեամբ ամրագրուած իրենց պարտականութիւնները կատարելու փոխարէն, Հայաստանի իշխանութիւնները զբաղուած են ստեղծուած իրավիճակի համար Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մեղաւորներ նշանակելով:

Վերջին օրերին տեղի ունեցած դէպքերը մէկ անգամ եւս փաստում են, որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւն գոյութիւն չունի, եւ ամէն օրը սպառնալիք է պետութեան գոյութեան համար:

Ազգային արժանապատուութիւնը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների եւ հայրենիքի անվտանգութիւնն ու պաշտպանւածութիւնը ապահովելու լուծումը ընտրութիւնների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին եւ անձանց փոխանցելն է: Սակայն, մինչեւ նոր իշխանութեան ձեւաւորումը, անյետաձգելի անհրաժշտութիւն է թշնամու կասեցումը:

Ըստ այդմ՝

  1. պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ փաստացի հեռացում եւ Հայաստանի կառավարութեան ժամանակաւոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարութեան անդամների եւ իրաւապահ մարմինների անգործութիւնը նրանց դարձնում է յանցակից, եւ նրանցից իւրաքանչիւրն անհատական պատասխանատուութիւն է կրում երկրի անվտանգային եւ դիւանագիտական ձախողումների համար,
  2. կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական յանցագործութիւնները, ձեռնարկել գործողութիւններ՝ զսպելու վերջինիս:

Հ. Յ. Դաշնակցութեան

Հայաստանի Գերագոյն մարմին

27.05.2021 թ.

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.