ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայաստանի օրուայ իշխանութիւնն իր ազգադաւ ծրագրերից հանրութեան ուշադրութիւնը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակութեան շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրաւապահ համակարգը կրկին թիրախաւորել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:

Ընդամենն ամիսներ առաջ կուսակցութեան գրասենեակներում և կուսակցութեան անդամների բնակարաններում իրականացուած տասնեակ խուզարկութիւններին, ձերբակալումներին և կալանաւորումներին, այսօր աւելացան նորերը: Այսօր ձերբակալուել են կուսակցութեան Արարատի մարզային կառոյցի անդամներ Գառնիկ Մանուկեանը և Արտաւազդ (Աշոտ) Մարգարեանը, կուսակցութեան համակիր Յունան Մելքոնեանը, ապօրինի հարցաքննութեան է ենթարկուել կուսակցութեան Գերագոյն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը, ինչպես նաև ընդամենը մէկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատութեան մէջ յայտնուած Գերասիմ Վարդանեանը: Այս ընկերների բնակարաններում իրականացուել են նաև խուզարկութիւններ:

Դատախազութեան կողմից կրկին ասպարէզ է նետուել Ազգային ժողովի պատգամաւոր ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Աշոտ Սիմոնեանի նկատմամբ յարուցուած ապօրինի քրէական հետապնդման մասին տեղեկատուութիւնը:

Արձանագրելով Դաշնակցութեան և նրա համակիրների նկատմամբ օրուայ իշխանութեան իրականացուող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրութիւնն ենք հրաւիրում հանգամանքի վրայ, որ օրուայ իշխանութիւնը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:

133 տարուայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժուարութիւնները, կանգնած է եղել Հայոց պետականութեան կերտման և ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.