Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ձեւաւորել է համայնքային կազմակերպութիւնների կոալիցիա

Տեւական ժամանակահատուած է, ինչ Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների յանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան բոլոր տեսակներից զրկելու, ինչպէս նաեւ Թուրքիային ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղութիւններով։

Ասուածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչեւ Կոնգրեսի մի քանի յանձնաժողովների, պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտների հետ յարաբերութիւններ եւ այլն։ Խնդիրն աւելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պատճառով։

2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկեան տեխնոլոգիաների կիրառումը, ի դէմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների եւ F-16 կործանիչների, ամերիկեան օրէնսդրութեան կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրէնսդրութեան համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառուել երրորդ երկրի կողմից եւ յատկապէս չի կարող կիրառուել թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը։

Այս եւ պատերազմական յանցագործութիւնների տարրեր պարունակող բազմաթիւ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը երկարատեւ աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակութեանն ու զէնքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղութեամբ։ Յանձնախմբի ջանքերի արդիւնքում փետրուարի սկզբին առաւել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին եւ Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների եւ արդիականացման սարքաւորումների վաճառքը Թուրքիային:

Մարտի սկզբին ԱՄՆ կառավարութեան հաշուետուողականութեան գրասենեակը հրապարակել էր զեկոյց՝ արձանագրելով, որ ԱՄՆ պետական եւ պաշտպանութեան դեպարտամենտները 2014-2020թթ. հաշուի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան աջակցութեան ազդեցութիւնը երկու երկրների միջեւ հաւասարակշռութիւնը չխախտելու համատեքստում։
Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել նաեւ Ադրբեջանին
տրամադրուող ռազմական օժանդակութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ համոզուած չեն եղել, որ տրամադրուող օժանդակութիւնը չի օգտագործուի ընդդէմ Հայաստանի։

Այս եւ սրանց նախորդող բազմաթիւ այլ զարգացումներ, որոնցից, օրինակ, ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննութեան մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցութեան առումով բաւական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երէկ դժգոհել է նաեւ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում յայտարարել է, որ հայկական եւ յունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների եւ արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Հարկ է նշել, որ Թուրքիային եւ Ադրբեջանին վաճառուող/տրամադրուող ամերիկեան ռազմական արտադրանքի վրայ արգելանք դնելու համար Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ձեւաւորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների կոալիցիա, որում ներառուած կազմակերպութիւնների թիւն անցնում է մէկ տասնեակից՝ ներառելով յունական, ասորական, քրդական, հրէական եւ այլ կազմակերպութիւններ։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառմանը եւ «907-րդ յօդուածի» պահանջների վերականգնմանը, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առեւտրի դադարեցմանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

Leave a Comment

You must be logged in to post a comment.