Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Եւ Դատապարտման Գործընթացը, Հետեւանքների Վերացման Խնդիրները

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի ելոյթը Հայաստան-սփիւռք համահայկական 6-րդ համաժողովին)

Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ որոշ դէպքերում` դատապարտման գործընթացը արդէն տեղի է ունենում շուրջ հինգ տասնամեակ: Այդ ընթացքում, աւելի քան քսանհինգ պետութիւններ, մի շարք միջազգային քաղաքական եւ ոչ քաղաքական կառոյցներ, բազմաթիւ տեղական կամ նահանգային ինքնակառավարման մարմիններ ճանաչել են եւ որոշ դէպքերում` դատապարտել են Հայոց ցեղասպանութիւնը: Փաստ է, որ այն օրուանից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետութիւնը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը դարձրել է իր արտաքին քաղաքականութեան մասը` մեծացել է թիւը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող պետութիւնների ու միջազգային կառոյցների:

Այստեղ անհրաժեշտ է, որ մենք ճիշդ գնահատենք այս ճանաչումները: Նրանք, մեծաւ մասամբ, չունեն իրաւական արժէք, այլ` ունեն առաւելաբար քաղաքական նշանակութիւն: Իսկ այդ քաղաքական քայլերի արժէքը ակամայից որոշել է հէնց ինքը` Թուրքիան. ինչքան ուժեղ է հակադարձել նա այդ ճանաչումներին, այնքան բարձրացել է նրանց քաղաքական արժէքը: Իսկ Թուրքիան, գրեթէ առանց բացառութեան, միշտ էլ ուժեղ հակադարձել է:

Ճանաչման այս գործընթացի գլխաւոր նպատակներից մէկը եղել է դիմադրել Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը, մէկ կողմից` արտասահմանում, միւս կողմից` հէնց Թուրքիայի ներսում: Թէեւ արտաքին ճակատում Թուրքիան, կարելի է ասել, տանուլ է տուել կռիւը, բայց նա շարունակում է ժխտողական քաղաքականութիւնը, որոշ փոփոխութիւններ կատարելով իր մարտավարութեան մէջ: Իսկ Թուրքիայի ներսում, այս գործընթացը ունեցել է իր անուրանալի ազդեցութիւնը, թէեւ որոշներ հակառակն են պնդում: Իրականութիւնն այն է, որ ճանաչման այս գործընթացը եղել է հիմնական, բայց` ոչ միակ խթանը, որ մղել է Թուրքիայի հասարակութեանը վերատեսութեան ենթարկելու պետութեան պաշտօնական քաղաքականութեան քարոզածը: Գոյութիւն են ունեցել նաեւ այլ խթանող հանգամանքներ, սկսած` 1975֊1985 թուականներին Թուրքիայի դէմ զինեալ գործողութիւններից, մինչեւ Թուրքիա֊Եւրոմիութիւն մերձեցման գործընթացում ստեղծուած ներքին եւ արտաքին հնարաւորութիւններ` Եւրոխորհրդարանի 1987 թուականի բանաձեւից մինչեւ` Թուրքիայի բնակչութեան տարբեր հատուածների ինքնութեան փնտռտուքի համատեքստում գիտաժողովներ, քննարկումներ, հրապարակումներ ու հրատարակութիւններ:

Թուրքիայում իրադրութիւնը հասել է նրան, որ 2014 թուականից սկսած, ապրիլի 24-ի առիթով, Թուրքիայի այն ժամանակուայ վարչապետն ու ներկայիս նախագահը մաղթում է, որ «20-րդ դարի սկզբին իրենց կեանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղութեամբ, իսկ նրանց թոռներին յայտնում է իր ցաւակցութիւնը»: Թէեւ մէկ առիթով Թուրքիայի ղեկավարը խօսում է «տեղահանութեան» մասին, բայց «ցաւակցութիւնը» այնպիսի ձեւով է յայտնում, որ կարծէք հայերը բնական աղէտի զոհ են գնացել, կամ` նոյն ձեւի կորուստներ են ունեցել նաեւ Թուրքիայի միւս ժողովուրդները` թուրքեր, քրտեր, արաբներ եւ այլն: Բնականաբար, Թուրքիայի ղեկավարի այս յայտարարութիւնները չի կարելի համարել Հայոց ցեղասպանութեան ճանաչում Թուրքիայի կողմից. ընդհակառակը, այդ յայտարարութիւնները Ցեղասպանութեան ժխտման աւելի նուրբ մօտեցման դրսեւորում են: Ժխտողական քաղաքականութեան այս նոր մարտավարութեան գլխաւոր յատկանիշն ու նպատակը Թուրքիայի պատասխանատուութիւնից խուսափելն է: Առանց տուրք տալու Թուրքիայի այս նոր մարտավարութեանը, պէտք է արձանագրել, որ Թուրքիան այս մարտավարութիւնը որդեգրել է հարկադրաբար, փորձելով մեղմել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ճանապարհով իր վրայ աւելացող ճնշումը:

Շուրջ երեք տասնեակ պետութիւնների եւ միջազգային կառոյցների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը պատճառ չէ, որ այլ պետութիւնների կողմից եւս ճանաչման ուղղութեամբ աշխատանք պէտք չէ տանել. ընդհակառակը, պէտք է շարունակել այդ ուղղութեամբ աշխատանքները, որովհետեւ, ինչպէս ասուեց, այդ ճանաչումները տալիս են իրենց դրական ազդեցութիւնը` Թուրքիայում Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի վրայ: Առաւել, Թուրքիան փորձ է անում, որ մի շարք պետութիւններ կամ նոյնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր ճանաչել են Ցեղասպանութիւնը, փոխեն իրենց այդ կեցուածքը. պէտք է ձախողութեան մատնել այս փորձերը եւս:

Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւններում կամ նահանգային ու տեղական մարմիններում, անհրաժեշտ է առնել տրամաբանական յաջորդ քայլերը, որոնց շարքին` Հայոց ցեղասպանութեան մասին ուսուցումը դարձնել կրթական ծրագրերի մաս, որպէս համաշխարհային պատմութիւնում գրանցուած մարդկութեան դէմ առաջին յանցագործութիւն:

Վերջին 10-15 տարիներին, հայերս փորձել ենք նաեւ, այնտեղ որտեղ կարելի է նման օրէնքներ որդեգրել, Հայոց ցեղասպանութեան ժխտումը դարձնել քրէօրէն պատժելի արարք: Այս տարիների փորձը` Ֆրանսիայից, մինչեւ Պելճիքա, մինչեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, յուշում է, որ անհրաժեշտ է այս դէպքում մենք մեր մօտեցումներում մտցնենք որոշ փոփոխութիւններ: Նախ պէտք է ճշտենք, ճշգրտենք այն, թէ ի՞նչն ենք ուզում քրէօրէն պատժել, հայութիւնը բնաջնջելու պետական ծրագիրը եւ այդ ծրագրի գործադրութեան փորձը, թէ` այդ ծրագրի ու փորձի որակումը որպէս ցեղասպանութիւն: Հաշուի առնելով այլ նման դէպքերի ժխտման վերաբերեալ օրէնքներն ու ՄԻԵԴ-ի ծանօթ որոշումը (Փերինչէք), կարծում եմ անհրաժեշտ է նախապատուութիւնը տալ պետական ծրագիրը եւ փորձը ժխտող արարքներին, յատուկ ուշադրութիւն դարձնելով նաեւ հէնց Թուրքիայում, Թուրքիայի իսկ օրէնքների հիման վրայ, ռազմական դատարաններում 1919-1920-ին տեղի ունեցած դատավարութիւններին: Այդ դատավարութիւնները, որոնք տեղի են ունեցել Ցեղասպանութեան գործադրութեան ընթացքում, հետեւաբար ունեն նաեւ թերութիւններ, հաստատում են պետութեան պատասխանատուութիւնը կատարուածի համար:

Թէեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը սկսուեց շուրջ 50 տարի առաջ` նաեւ որպէս նախապատրաստութիւն` հատուցման հարցը բարձրացնելու, հայութիւնը հաւաքաբար ընդամէնը մի քանի տարի առաջ սկսեց հատուցման ուղղութեամբ աշխատանքների: Մինչ այդ, չհաշուած Առաջին աշխարհամարտի աւարտին` 1919-ի Խաղաղութեան վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան կողմից ներկայացուած հատուցման պահանջագիրը, հայկական տարբեր կազմակերպութիւնների կողմից Ցեղասպանութեան հատուցում ասելով ընդհանրապէս կամ նախ եւ առաջ հասկացուել է տարածքների վերադարձ: Զուգահեռաբար, եղել են անհատների կողմից ուսումնասիրութիւններ հատուցման չափի մասին:

2015 թուականի յունուարի 29-ին հրապարակուած Համահայկական հռչակագիրը «արտայայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար` դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկէ:

Հայաստանի կառավարութեան 2017-2022 թուականների ծրագիրը այս ուղղութեամբ քաղաքական ուղեգիծ է ճշտում «Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, դատապարտումը եւ ցեղասպանութեան յանցագործութեան կ՛անխարգելումը», թէեւ կառավարութիւնը ձեւաւորած երկու կուսակցութիւններն էլ` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իրենց առանձին նախընտրական ծրագրերում խօսել են աւելիի մասին: ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը ասում է. «շարունակուելու են ջանքերը ցեղասպանութեան յանցագործութիւնների կանխարգելման ու դատապարտման, ինչպէս նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչուող խնդիրները միջազգային հանրութեան օրակարգում պահելու համար»: Իսկ ՀՅԴ-ը նախընտրական ծրագիրը` «ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման հարցերը»:

Առկայ են տարբեր նախաձեռնութիւններ հատուցման խնդրի ե՛ւ ուսումնասիրութիւն կատարելու, եւ` ինչ-որ գործընթացներ սկսելու ուղղութեամբ: Կենսական է դարձել, այդ ուղղութեամբ բոլոր աշխատանքների համադրումը եւ կոնկրէտ քայլեր ձեռնարկելը: Պէտք է արձանագրել, որ հատուցման հարցը միայն իրաւական գործընթաց չի ենթադրում: Այն ունի նաեւ քաղաքական երես. քաղաքական եւ այլ աշխատանքներով անհրաժեշտ է հատուցման հարցը դարձնել միջազգային հանրութեան օրակարգի նիւթ, սկսելով նրանից, թէ ի՛նչ ենք հասկանում Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչում ասելով: Այն կը ներառի նաեւ Թուրքիայի կողմից իր պատասխանատուութեան ճանաչում:

Հատուցման ուղղութեամբ կարեւոր քայլ կը լինի, պէտք է լինի, Հայաստանի Հանրապետութեան կողմից 2009 թուականի հոկտեմբերի 10-ի Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան յետ կանչելը, ինչպէս նաեւ` 2019 թուականի մայիսի 28-ին, պետական մակարդակով նշումը 1919 թուականի մայիսի 28-ի` Միացեալ Հայաստանի հռչակման 100-ամեակի նշումը:

Ցեղասպանութիւնների կանխարգելման ամենաազդու միջոցը` Ցեղասպանութիւն գործած պետութիւններին համապատասխան պատիժի ենթարկելն է: Սա, նաեւ միջազգային հանրութեան պատասխանատուութիւնն է. իսկ միջազգային հանրութեան օրակարգին այն մաս դարձնելը` մեր` հայութեան պարտականութիւնն է:

Leave a Comment

You must be logged in to post a comment.