Հայոց պատմութեան դասագիրքը թրքական շահերի պաշտպան

«Յաճախ կաշառւում են պատմաբանները, պատմութիւնը՝ երբեք»:
Գ. Նժդեհ

Անի Մելքոնեան

Իւրաքանչիւր ժողովրդի համար թէ՛ սերնդի դաստիարակութեան, թէ՛ պետականութեան կերտման գործում չափազանց կարեւոր է ազգային պատմութեան դերը։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ժողովուրդներ, ինչպէս օրինակ, թուրքերը իրենց համար փորձում են ստեղծել գրեթէ իտէալական պատմութիւն՝ յաճախ կեղծելով պատմական փաստերը:

Մե՛նք՝ հայերս, բաւականին հարուստ պատմութիւն ունենալով, երբեք նոր պատմութիւն յօրինելու կարիք չենք ունեցել, թէեւ օտարներն ու օտարի շահերը սպասարկողները յաճախ են փորձել կեղծել կամ խեղաթիւրել մեր պատմութիւնը:

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ սկսուեց խորհրդային կեղծիքներից հայոց պատմութեան մաքրման գործընթացը։ Թւում էր, որ այսուհետ պայքարը միայն թուրքական պատմակեղծարարութեան դէմ է լինելու, սակայն 2018 թ․ «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ իւրայատուկ գրոհ սկսուեց ազգային արժեհամակարգի դէմ․ թիրախ դարձան յատկապէս հայոց լեզուն եւ հայոց պատմութիւնը:

2019 թ․ առաջարկուած կրթական նոր չափորոշիչները(1) նախատեսում էին հայոց լեզուի եւ հայոց պատմութեան դասաժամերի կրճատում բուհերում, գրականութեան դասագրքերից հայ միջնադարեան գրականութեան դուրս բերում, հայոց պատմութեան դասագրքերի խմբագրում եւ թուրքերի տեսանկիւնից «թշնամական կերպարների» հեռացում, ինչպէս նաեւ պատմական փաստերի խեղաթիւրում:

Այսպէս կոչուած, «կրթական նոր չափորոշիչները» առաջ բերեցին գիտական հանրութեան, մի շարք ուսուցիչների եւ ուսանողների դժգոհութիւնը, մասնաւորապէս ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի հայոց պատմութեան ամպիոնի վարիչ, փրոֆեսոր Արտակ Մովսիսեանը, Պատմութեան ինստիտուտի տնօրէն, փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը եւ բազմաթիւ յարգուած գիտնականներ մատնանշեցին չափորոշիչների եւ դրանց հիման վրայ ստեղծուող դասագրքերի վտանգները(2): Բողոքի ակցիաներ սկսեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը, որին միացան բազմաթիւ ուսանողներ: Չափորոշիչների կիրառումը եւ դրանց հիման վրայ դասագրքերի տպագրումը յետաձգուեց նախ՝ քորոնավիրուսի, յետոյ՝ պատերազմի, դաւաճանական կապիտուլիացիայի եւ դրան յաջորդած իրադարձութիւնների հետեւանքով։

2023 թ․ տպագրուեց 7-րդ դասարանի հայոց պատմութեան նոր դասագիրքը։ Այս «վայ» դասագիրքն իսկական աղէտ է նոր սերնդի համար եւ աննկարագրելի աւեր հայոց պատմագիտութեան ասպարէզում:

Դասագրքի հեղինակը ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի համաշխարհային պատմութեան ամպիոնի դոցենտ Սմբատ Յովհաննիսեանն է, որը չի խորշել պատմութեան ակնյայտ կեղծումից:

Այժմ կը փորձենք հնարաւորինս հակիրճ քննարկել դասագրքում տեղ գտած առաւել ակնյայտ կեղծիքները եւ բացայայտել դրանց վտանգները՝ սկսելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերաբերեալ յիշատակութիւններից:
Այսպէս՝ ըստ դասագրքի՝ Հայկական լեռնաշխարհը «… գտնւում է Իրանական եւ Փոքրասիական (Անատոլիական) բարձրաւանդակների, Միջագետքի հարթավայրի եւ Սեւ ծովի միջեւ»(3)։ Առաջին հայացքից թւում է, թէ ամէն ինչ կարգին է, բայց 7-րդ դասարանի երեխային սովորեցնում են Փոքր Ասիան եւ Փոքրասիական բարձրաւանդակը կոչել միայն 13-րդ դարում այստեղ յայտնուած քոչուոր թուրքերի տուած «Անատոլիա» եւ «Անատոլիական բարձրաւանդակ» անունով: Ինչո՞ւ, եթէ ակնյայտ է, որ այլոց հայրենիքները զաւթելու նպատակով են թուրքերը Փոքրասիական բարձրաւանդակին կցել այդ արհեստական անունը:

«Արեւելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչեւ Ուրմիա (Կապուտան) լիճ…»(4)։ Հետաքրքիր է՝ Ս. Յովհաննիսեանն իրօ՞ք չգիտի Հայկական լեռնաշխարհի արեւելեան սահմանը։ «Քարտէսագրութիւնից անտեղեակ մարդն անգամ անմիջապէս կը նկատի, որ Հայկական լեռնաշխարհի արեւելեան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիա լիճը գտնւում է լեռնաշխարհի հարաւ-արեւելքում»(5)։ Ուրեմն հեղինակն ակնյայտօրէն կեղծում է՝ գուցէ ատրպէյճանցիներին չնեղացնելու համա՞ր:

Հետաքրքիր է, որ հայոց պատմական հայրենիքի մասին խօսելիս Ս. Յովհաննիսեանը «մոռացել» է տեղեկութիւններ յայտնել նաեւ Փոքր Հայքի մասին:

Մէկ այլ ուշագրաւ դիտարկում․ դասագրքում նշւում է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը գտնւում է Հայկական լեռնաշխարհի հիւսիսարեւելեան մասում եւ հիմնականում (ոչ ամբողջութեամբ) ընդգրկում է Այրարատ, Սիւնիք եւ Գուգարք նահանգները»(6)։ Այս դէպքում հարց է ծագում․ ո՞ր նահանգի մի մասի տարածքում է գտնւում ՀՀ Տաւուշի մարզը, եթէ այն ո՛չ Գուգարքում է, ո՛չ Այրարատում, ո՛չ էլ Սիւնիքում։ Այս դէպքում էլ դասագրքի հեղինակը «մոռացել» է Ուտիք նահանգը, որի մեծ մասը զաւթած Ատրպէյճանը այդ տարածքով սահմանակցում է Տաւուշի մարզին եւ վերջինիս նկատմամբ զաւթողական նկրտումներ ունի: Ինչպիսի՜ համերաշխութիւն «հարեւան» ատրպէյճանցիների հետ:

«…․Մարդկութեան նախապատմութեան վերաբերեալ գրաւոր նիւթեր չկան»(7),—ասում է այն պատմաբանը, որի երկիրը լիքն է ժայռապատկերներով, որոնց միայն մի մասն է ուսումնասիրուած։ Ի՞նչ են դրանք, եթէ ոչ գրաւոր նիւթեր, որոնք պատկերացում են տալիս վաղնջագոյն ժամանակներում Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ մեր նախնիների մասին:

Ինչեւէ, անցնենք առաջ:

«…Ամէնից վճռորոշ գաղթը կատարեց հոմօ սապիենսը, որը սնունդ փնտռելու նպատակով մօտ 80.000 տարի առաջ Արեւելեան Ափրիկէից շարժուեց դէպի հիւսիս: Գաղթականները հասան Արեւմտեան Ասիա, այդպիսով նաեւ Հայկական լեռնաշխարհ»(8)։ Պատմաբան-հնագէտները զարմացած կարող են հարցնել՝ այդ դէպքում ովքե՞ր էին ապրում Գուգարքում յայտնաբերուած, շուրջ 1,8 միլիոն տարուայ թուագրում ունեցող բնակատեղիում, կամ Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Ազոխ գիւղի քարայրում յայտնաբերուած 300.000 տարեկան մարդկային մնացորդները ո՞ւմ էին պատկանում, եթէ դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհի բնակիչներին Ափրիկէից է բերում, այն էլ 80.000 տարի առաջ՝ շատ նրբօրէն առաջ տանելով «հայերի եկուորութեան» չարչրկուած, բայց վտանգաւոր տեսութիւնը (այս տեսութեան մասին առաւել մանրամասն աւելի ուշ կը խօսենք այլ յօդուածներում): Սա «հայերի եկուորութեան» տեսութիւնը նրբօրէն պաշտպանելու միակ դրսեւորումը չէ. «Պալքանեան տեսութեան համաձայն՝ հայերի նախնիներն են Պալքաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռիւգացի գաղութարարները»(9)։

Դրա փոխարէն՝ պատմահայր Խորենացու հաղորդած տեղեկութիւնները հայերի տեղաբնիկութեան վերաբերեալ Ս. Յովհաննիսեանը առասպելական է որակում: Դասագրքում, փաստօրէն, միայն հպանցիկ նշւում է, որ Մովսէս Խորենացին հայերին վերագրում է տեղական ծագում, այն էլ առասպելի հիման վրայ, եւ ոչ մի խօսք հնագիտական գտածոների, ինչպէս նաեւ Աստուածաշնչի վկայութիւնների մասին, որոնց համաձայն՝ Աստուած մարդկութիւնն արարել է եդեմ-դրախտում, որը գտնւում էր Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Արաքս) եւ Փիսոն (Ճորոխ) գետերի ակունքների շրջանում, ասել է թէ՝ Հայկական լեռնաշխարհում եւ, ի հարկէ, ոչ մի յիշատակութիւն համաշխարհային ջրհեղեղի, Արարատի վրայ Նոյեան տապանի հանգրուանելու եւ Հայկական լեռնաշխարհից մարդկութեան վերասկզբնաւորման մասին….:

Փաստօրէն, հայերի տեղաբնիկ լինելն «առասպել» է: «Առասպել», որը հաստատւում է հնագիտական պեղումների շնորհիւ, շումերական, աքքատական, խեթական սեպագրերով, Աստուածաշնչի վկայութեամբ եւ հայ ժողովրդի ծագման վերաբերեալ արաբական ու վրացական աղբիւրներով, որոնց մասին, ի հարկէ, Սմբատ Յովհաննիսեանը «մոռացել» է։ Այն դէպքում, երբ այս տարածաշրջանում միայն 13-րդ դարում յայտնուած քոչուոր թուրքերն իրենց համարում են այս տարածաշրջանի բնիկները:

Այսպիսով՝ «Հնարաւորինս հերքւում է հայերի տեղաբնիկ լինելու տեսութիւնը, եւ կասկածի տակ է դրւում Հայկական լեռնաշխարհի՝ հնդեւրոպական նախահայրենիքի մաս լինելը»(10)։ Շատ նրբօրէն առաջ է տարւում թէ՛ գիտականօրէն եւ թէ՛ Աստուածաշնչի միջոցով վաղուց հերքուած «հայերի եկուորութեան տեսութիւնը» այն դէպքում, երբ գո՛նէ հնդեւրոպական ժողովուրդների նախնիներն իրենց ապագայ հայրենիքներ գնացել են հենց Հայկական լեռնաշխարհից․ խօսքը միայն բասկերի մասին չէ, այլ նաեւ հիքսոսների, բրիտների, բաւարների, դասկոնների եւ այլն….

Թւում է՝ այսքանը բաւարար էր դասագիրքը մերժելու համար, բայց մերժելի, անհասկանալի ու առնուազն տարօրինակ գաղափարներ այս դասագրքում շատ կան:

Դասագրքի պնդումներից է. «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմաւորումներից յայտնի են Արատտան, Հայասան, Նայիրին, Արմէ-Շուպրիան եւ Ուրուատրին»(11)։ Նախ՝ որտեղի՞ց է վերցրել Ս. Յովհաննիսեանը «Ուրուատրի» տարօրինակ եզրոյթը, եթէ վաղ պետական կազմաւորումների թւում նման միաւոր չի յիշատակւում:

Երկրորդ՝ ոչ մի յիշատակութիւն չկայ առաջին հայկական պետական կազմաւորման՝ Արատտայի պետական կառուցուածքի մասին, իսկ տեղայնացումը համարւում է վարկածային: Մինչդեռ յայտնի է, որ միջագետքեան աղբիւրներում Սուբուր (Սուբարտու, Շուպրիա) ձեւով յիշատակուող Արատտան գտնւում էր Վանայ լճի աւազանում: Ինչպէս տեսնում ենք, Շուպրիան կամ Արմէ-Շուպրիան (Սուբուր-Հայա) օտար (միջագետքեան) աղբիւրներում Արատտային տրուած անուանումն է, ոչ թէ առանձին պետական կազմաւորում:

Ոչ մի խօսք չկայ «Հայկ եւ Բել» «առասպելի» պատմական հիմքը հանդիսացող Արմանի (Արմանում) պետական կազմաւորման մասին, որի մասին խօսելիս Միջագետքի առաջին բռնակալ Սարգօն Աքքատացու թոռ, աքքատական արքայ Նարամ-Սուէնը (Սին) նշել է. «Մարդկութեան արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նուաճել Արման(ում) երկիրը»(12)։ Ինքը՝ Նարամ-Սուէնը, որն իրեն հռչակել էր «Աստուած», սպանուեց հայկական զօրքերի դէմ պատերազմում՝ Ք. ա. մօտ 21-րդ դարում (Ալիշանի թուագրմամբ՝ 2492 թ․):

Նոյնպիսի լռութիւն է նաեւ Միտաննի պետական կազմաւորման շուրջ, որի արքայադուստրերը մի քանի սերունդ շարունակ դառնում էին Եգիպտոսի թագուհիներ (նրանցից ամենայայտնին Նեֆերտիտին էր)։ Եգիպտական աղբիւրներում Միտաննին յիշատակւում է Նահարինա ձեւով, այն թուագրւում է Ք. ա. 14-13-րդ դարերով եւ տեղագրւում է Հայաստանի հարաւ եւ Միջագետքի հիւսիս ընկած տարածքներում: Յատկանշական է, որ քրտերը Միտաննին համարում են քրտական, իսկ թուրքերը՝ թուրքական պետական կազմաւորում: Արդեօ՞ք Միտաննիի մասին մոռանալով՝ Ս. Յովհաննիսեանը իր համերաշխութիւնն է յայտնում թուրքերին ու քրտերին:

Դասագրքում մի քանի հպանցիկ խօսք է իր ժամանակի համար ահռելի ռազմական ուժ՝ 700 մարտակառք եւ 10.000 հետեւազօր(13) մարտադաշտ դուրս բերող Հայասսա երկրի մասին, ոչ մի խօսք Հայասայի տեղագրման մասին (Հայկական լեռնաշխարհի արեւմտեան շրջան՝ Բարձր Հայք, Փոքր Հայք, Սեւ ծովի հարաւարեւելեան ափի, Հայկական Տաւրոս լեռների, Եփրատ գետի եւ Վանայ լճի միջեւ): Սա թուրք «հարեւաններին» չնեղացնելու միտումով մոռացուած փա՞ստ է, թէ՞ համաշխարհային պատմութեան մասնագէտ Սմբատ Յովհաննիսեանը չի տիրապետում հայոց պատմութեանը… Նոյնպիսի հպանցիկ ձեւով էլ յիշատակւում է Նայիրի երկիրը (Վանայ լճի շրջանում եւ նրանից դէպի հարաւ ու արեւմուտք ընկած տարածքներում-Ա.Մ.), որն ըստ ասորեստանեան արքաների՝ ունեցել է 250 քաղաք՝ զօրաւոր պարիսպներով, դարձել հայկական մէկ-միասնական պետութեան հիմքը:

Մի քանի դիտարկում էլ Վանի (Արարատեան) թագաւորութեան մասին: Ցանկանում ենք յատուկ ուշադրութիւն հրաւիրել Վանի թագաւորութեան վերաբերեալ հետեւեալ ձեւակերպման վրայ. «Այն առաւել յայտնի է իր ասորեստանեան Ուրարտու (Արարատ) անունով»(14)։ Սա կա՛մ քերականական սխալ շարադրանք է, որից տպաւորութիւն է ստեղծւում, որ Արարատը ասորեստանեան անուանում է, կա՛մ դիտաւորութեամբ կատարուած կեղծիք է, որովհետեւ ««Արարատ» կամ «Արարատեան թագաւորութիւն» տերմիններն աստուածաշնչեան են»(15):

Ճիշդ է այն, որ Ք. ա. 782 թ․, Արգիշտի Ա.-ի օրօք կառուցուեց Էրեբունի ամրոցը, բայց ոչ մի ակնարկ այն մասին, որ Էրեբունին Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երեւանն է (նախորդ տարիների դասագրքերում դրւում էր անգամ Էրեբունի-Երեւանի հիմնադրման արձանագրութիւնը) եւ սա այն դէպքում, երբ թշնամի Ատրպէյճանը կեղծում է պատմութիւնը՝ Երեւանի հիմնադրումը կապելով Ռեւան Ղուլի խանի անուան հետ(16) (17-րդ դարի պարսիկ խան), իսկ Հայաստանում հայ պատմաբանը վախենո՞ւմ է ասել, որ Երեւանի հիմնադիրը հայոց արքայ Արգիշտի Ա.-ն է, իսկ մի գուցէ այս փաստը եւս դիտաւորութեամբ է անտեսուել:

«Վանի թագաւորութեան անուան յիշատակութիւնն ենք գտնում նաեւ Բեհիսթունեան եռալեզու արձանագրութեան մէջ: Այն անուանւում է Ուրաշտու՝ բաբելոներէն, Արմինա՝ պարսկերէն եւ Հարմինույա՝ էլամերէն»(17)։ Նշենք, որ Բեհիսթունեան արձանագրութեան բաբելոներէն հատուածում ոչ թէ «Վանի թագաւորութեան անուան յիշատակութիւնն է», այլ Հայաստանի՛, առհասարակ, որովհետեւ ասուրա-բաբելոներէն սեպագրերում Հայաստանը կոչւում էր Ուրարտու, հետեւաբար արձանագրութիւնում Հայաստանը յիշատակւում է ոչ թէ Ուրաշտու, այլ Ուրարտու ձեւով, իսկ Ուրաշտուն սխալ կամ դիտաւորութեամբ աղաւաղուած ձեւն է:

Հեղինակը նշում է. «Վանի արքաներն ունեցել են հարեմ: Մենուան իր արձանագրութեան մէջ իրեն գովաբանում է որպէս թագաւոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք, Տուշպայի հարեմ»(18)։ Հետաքրքիր է, թէ որտեղի՞ց է նման տեղեկութիւն վերցրել Ս. Յովհաննիսեանը, եթէ ինչպէս նշում է ուրարտագէտ, «Էրեբունի» թանգարանի տնօրէն Միքայէլ Պատալեանը․ «Նման սկզբնաղբիւր չկայ: Ուրարտական սեպագիր տեքստերում կան բազմաթիւ վկայութիւններ կանանց գերեվարելու մասին, սակայն մեզ յայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել»(19)։ Բացի այդ՝ կարծում ենք՝ արժեհամակարգը խեղաթիւրող անհիմն յօրինուածքների փոխարէն՝ 7-րդ դասարանի երեխային նո՛յն Մենուա արքայի մասին աւելի հետաքրքիր եւ օգտակար տեղեկութիւններ կարելի է փոխանցել: Զաւեշտալի է անգամ պատկերացնել, որ ժամանակի հզօրագոյն արքաներից մէկը, որի անուան հետ է կապուած Վանի թագաւորութեան մէջ Հայկական լեռնաշխարհի մեծագոյն մասի միաւորումը (ասել է թէ՝ Վանի թագաւորութիւնը առաջին համահայկական պետութիւնն էր) եւ Վանի թագաւորութեան վերածուելը տարածաշրջանի հզօրագոյն տէրութեան, թագաւոր, որը յաղթանակներ է տանում Առաջաւոր Ասիայի հզօրագոյն տէրութեան՝ Ասորեստանի նկատմամբ եւ վերահսկողութիւն հաստատում դէպի Փոքր Ասիա տանող գլխաւոր ճանապարհների վրայ, իրեն գովաբանում է «որպէս թագաւոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք Տուշպայի հարեմ»: Այնինչ կարելի էր նշել Վանայ լճի արեւելքում Մենուա արքայի կառուցած 72 քլմ. երկարութեամբ ջրանցքի, ինչպէս նաեւ նրա անուան հետ կապուող մի հետաքրքիր իրադարձութեան մասին․ արքան իր Արծիբէ անունը կրող նժոյգով ցատկի ժամանակ սահմանել է ռեկորդ, որը չեն գերազանցել 28 դար (մինչեւ 1975 թ․)՝ ցատկելով 11 մ. 39 սմ.։ Սա, կարծում ենք, աւելի հետաքրքիր է, քան քրիստոնեայ հայ երեխային գոյութիւն չունեցող հարեմի մասին յօրինուածքներ հրամցնելը: Իսկ մի գուցէ հարեմի մասին յիշատակութիւնը նպատակ ունի հայ երեխային համոզել, որ Վանի թագաւորութիւնը (Ուրարտուն) թուրքական պետութի՞ւն էր, նրա արքաներն էլ՝ թո՞ւրք, դրա համար էլ հարեմը ընդունուած երեւոյթ էր: Թուրքական պատմակեղծարարութեան ինչպիսի՜ լեգիտիմացում Ս. Յովհաննիսեանի եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:

Այս ամէնից բացի՝ ինչպէս իրաւացիօրէն նշում է Միքայէլ Պատալեանը․ «Նշուած է Արարատ լեռը եւ փակագծում նշուած է Ուրուրուտ: Վանի թագաւորութեան որեւէ սեպագրում չկայ որեւէ նման սկզբնաղբիւր»(20)։ Հետեւաբար որտեղի՞ց է Ս. Յովհաննիսեանը վերցրել Արարատ-Ուրուրուտ վտանգաւոր զուգորդումը, ի՞նչ հիմքով, ո՞ր սկզբնաղբիւրների հիման վրայ է Արարատ-Մասիսը դարձել Արարատ-Ուրուրուտ… Ոչ մի ողջամիտ բացատրութիւն կամ փաստ:

Միայն Վանի թագաւորութեան մասին բազմաթիւ աչքի ընկնող կեղծիքներ ու խեղաթիւրումներ կան, որոնց անդրադառնալու համար էջերը չեն բաւարարի, բայց գնանք առաջ ու խօսենք անգամ պատմութիւնից վատատեղեակ մարդկանց զայրոյթը շարժած ակնյայտ ստի մասին․ խօսքը Տիգրան Մեծի ժամանակաշրջանին վերաբերող քարտէսի մասին է, որտեղ անհասկանալի «հրաշքով» Ս. Յովհաննիսեանը նկարել է միայն 1918 թ․ ստեղծուած Ատրպէյճանը, Արցախն էլ՝ «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպմամբ, Ատրպէյճանի կազմում է տեղաւորել(21): Համաշխարհային պատմութեան մասնագէտ Ս. Յովհաննիսեանը գուցէ պարզաբանէ՞ր, թէ համաշխարհային պատմութեանը մինչեւ 1918 թ․ յայտնի հեղինակներից ո՞վ է երբեւէ խօսել Ատրպէյճան պետութեան մասին, որն էլ իրեն հիմք է տուել Տիգրան Մեծի նուաճումներն արտացոլող քարտէսում (սրանից աւելի քան 2000 տարի առաջ) նկարել թշնամի Ատրպէյճանը՝ այն էլ փաստացի անկախ հանրապետութիւն Արցախը դրա կազմ խցկելով…. ի՞նչ է սա, եթէ ոչ բացայայտ դաւաճանութիւն, ակնյայտ սուտ եւ պատուիրուած կեղծիք:

Մի փոքր էլ առաջ գնանք: Քրիստոնէութեան ընդունումը որպէս պետական կրօն թերի է ներկայացուած, ազգային, մշակութային, կրթական կեանքում հայոց եկեղեցու դերի մասին ոչ մի արժեւորող խօսք:

Հեթանոսական մշակոյթի մասին խօսելիս յիշատակւում է միայն Գառնու տաճարը, բայց ո՞վ է կառուցել, ե՞րբ, ո՞ւմ է նուիրուած եղել, ոչ մի խօսք, ոչ մի յիշատակութիւն Նեմրութի սրբավայրի, Արդինի-Մուսասիրի Խալդիի տաճարի, «Մհերի դրան» արձանագրութիւնների, Բագարանի, որպէս սրբավայր քաղաքի, կառուցման մասին…

Հայոց բազմահազարամեայ պատմութեան ընթացքում մեր ազգի խոշորագոյն նուաճումներից մէկը թերեւս հայոց գրերի գիւտն է։ Դարակազմիկ այդ իրադարձութեան մասին Ս. Յովհաննիսեանի հեղինակած դասագրքում կարդում ենք. «405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, եւ դպրոցներ բացուեցին թէ՛ պարսկական, թէ՛ հռոմէական (բիւզանդական) Հայաստաններում»(22)։ Միայն այսքանը․ ոչ մի խօսք Սահակ Պարթեւի, «դանիէլեան նշանագրերի», գրերի ստեղծման գործընթացի, մեսրոպատառ դպրութեան առաջին դպրոց Ամարասի, Վաղարշապատի վարդապետարանի, հայ գրականութեան ոսկէ դարի, թարգմանչական գործի, կրթամշակութային կեանքի վերելքի մասին:

Արշակունեաց կրօնի մասին խօսելիս երկարաշունչ ու անիմաստ տեքստ է տեղադրուել զրադաշտականութեան մասին… որտեղի՞ց է Ս. Յովհաննիսեանը վերցրել այն ենթադրութիւնը, որ զրադաշտականութիւնը եղել է Արշակունեաց կրօնը։ Եթէ անգամ պարթեւ Արշակունիների կրօնը չի եղել զրադաշտականութիւնը, այն Սասանեան Պարսկաստանի կրօնն էր (իսկ Սասանեանները Արշակունիների տոհմական թշնամիներն էին), մինչդեռ որեւէ խօսք չկայ ո՛չ հայկական հեթանոսական կրօնի, ո՛չ էլ 301 թ․ քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու մասին:

7-րդ դարի իրադարձութիւնները նկարագրելիս օգտագործուել է «Հարաւային Կովկաս» տերմինը: Այնինչ հայտնի է, որ արհեստականօրէն ստեղծուած սոյն տերմինը, որը նոյնքան արհեստականօրէն տարածում են նաեւ Հայաստանի վրայ (նպատակը՝ զրկել ՀՀ-ին Արեւմտեան Հայաստանի հանդէպ իր անժամանցելի իրաւունքներից (տե՛ս փրոֆ. Էդուարդ Լ. Դանիէլեան եւ ուրիշներ)), աւելի ուշ է կիրառուել գիտական գրականութեան մէջ եւ աւելի շատ օգտագործւում է արդի ժամանակների համար(23)։

Հայոց պետականութեան առանցքային դերակատարների շատ պատուանուններ, որոնք ազգային հպարտութեան, ակնածանքի զգացում կարող են առաջացնել սովորողի մօտ միտումնաւոր չեն յիշատակւում, օրինակ՝ Արտաշէս 1-ինի՝ «Բարի», «Բարեպաշտ», «Աշխարհակալ» կամ Արտավազդ 2-ի՝ «Աստուածային», Աշոտ 3-րդի՝ «Ողորմած», Սմբատ 2-րդի՝ «Տիեզերակալ» եւ այլն(24)։ Ժամանակագրութեան խախտման, սխալ տարեթուերի, Բագրատունեաց թագաւորութեան թերի, ոչ պատշաճ, կիսատ-պռատ ներկայացմանը չենք անդրադառնայ՝ նիւթը շատ չծանրաբեռնելու համար:

Ամփոփելով՝ նշենք միայն, որ բազմաթիւ կեղծիքների ու խեղաթիւրումների հետ մէկտեղ Արցախն ու հայ առաքելական եկեղեցին, «ազգ», «հայրենիք», «հայրենասիրութիւն» եզրոյթները գրեթէ վտարուած են հայոց պատմութեան այս «վայ» դասագրքից:
Որպէս հետեւանք ստացուել է դժուարամատչելի, անհասկանալի, ազգային նկարագրից զուրկ, անարժէք, ձանձրալի, ստերի կոյտի հիման վրայ ստեղծուած մի ցափռտուք, որը հայոց պատմութեան դասագիրք անուանելն անգամ աններելի յանցագործութիւն կը լինի հայոց պատմութեան եւ մեր նոր սերնդի հանդէպ։ Այդ «դասագիրքը», որքան հնարաւոր է, պէտք է հեռու պահել դպրոցներից, քանի դեռ չի խեղուել ու չի փճացել մի ողջ սերնդի արժեհամակարգը:

Ծանօթագրութիւններ
1.https://www.tert.am/am/news/2020/07/24/Live/3352803?fbclid=IwAR2m82Ro6tOwyTkdev0kpva9fJTblur3x6EhnKuMSjK5geBG2IY90P9hMpQ#.Xxs1EATIkFZ.facebook (մուտք՝ 20.12. 2023 թ.)։
2. Նոյն տեղում։
3. Յովհաննիսեան Ս., Հայոց պատմութիւն 7, Եր., 2023, էջ 12։
4. Նոյն տեղում։
5.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
6. Յովհաննիսեան Ս., նշու. աշխ., էջ 16։
7. Նոյնը, էջ 20։
8. Նոյնը, էջ 21։
9. Նոյնը, էջ 28։
10.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
11. Յովհաննիսեան Ս., նշու. աշխ., էջ 31։
12. Մովսիսեան Ա., Հայոց 5000-ամեայ պետականութիւնը., Եր., 2016, էջ 12։
13. Նոյնը, էջ 19։
14. Յովհաննիսեան Ս., նշու. աշխ., էջ 34։
15.https://yerkir.am/hy/article/2023/10/19/19741?fbclid=IwAR0FpJclDSsnctBXSi_eTK2DNBdfAvDdrwa8JqIYmk48ZpGsGAY3s_wYoJc(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
16. https://www.youtube.com/watch?v=AvnTAKc25mE(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
17. Յովհաննիսեան Ս., նշու. աշխ., էջ 43։
18. Նոյնը, էջ 46։
19.https://yerkir.am/hy/article/2023/10/08/19180?fbclid=IwAR3DeabQAYvdE1sMXjUIXickFEG9s69ZCAvvpQKOdwKCCeFAE895h94d5Y4(մուտք՝20.12. 2023 թ.)։
20. Նոյն տեղում։
21. Յովհաննիսեան Ս., նշու. աշխ., էջ 80։
22. Նոյնը., էջ 120։
23.https://yerkir.am/hy/article/2023/10/21/19855?fbclid=IwAR2CfIIWIeB71oC44M90-PaJzIr-uM-tYEtHib9NojTx8atzxMSX0emcl3E(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
24. Նոյն տեղում։

Անի Մելքոնեան
«Դրօշակ» թիւ 12 2024 թ.

Comments are closed.